Грант Матевосян
Դեմք, որ դարձել է լեգենդ
Հաղպատի հռչակավոր վանքի վանահայր Հարություն քահանա Երզնկյանն ուներ չորս արու զավակ: Ահա, ընտանյոք, քահանան կանգնել է լուսանկարվելու: Ահա քահանայի տունը, ահա քահանայի գյուղը, ահա քահանայի վանքը:
Եվ ահա Մետեխի բանտը:
Վանքն աղոթելու համար է, տունն ապրելու համար է, գյուղը մեր նախնիների ու մեր բնակատեղին է, իսկ ինչի՞ համար է Մետեխի բանտը: Մետեխի բանտը նրա համար է, որ այնտեղ բանտարկվեն քահանայի չորս արու զավակները և Հարություն Երզնկյան քահանան ինքը:
Քահանան չորս արու զավակ ուներ և նրանց սովորեցնում էր - Այբ, Բեն, Գիմ, Դա, Եչ, Զա, Է, Ըթ, Թո… Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քոյ… էս կյանք չի, որ մենք ապրում ենք… Եկեսցե արքայություն քոյ… Էսպես չի լինի… - և քահանան, որ ընտանիքի հետ համերաշխ այսպես կանգնել է լուսանկարվելու, պոկվեց ու գնաց անցնելու 1904 թվականի հաղպատյան նշանավոր խռովության գլուխը: Այնտեղից՝ Մետեխ: Ահա թե ինչի համար էր Մետեխի գեղեցիկ բանտը: Քննիչների սենյակում տեր-մեղադրյալը համեմատում էր Տեր-Աստծու ցանկացած աշխարհը հողատեր Զառ-Բարաթով-Աբդուլաշվիլու իրական աշխարհի հետ և տեսնում էր, որ դա իր հավատացյալների աշխարհը չէ:
Մինչև այդ, 1888 թվականին ինը տարեկան Արամայիսն ուղարկվել էր Ներսիսյան դպրոցում սովորելու հայերեն, ռուսերեն, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, աստվածաբանություն, հափշտակությամբ թե կասկածանքով լսելու, որ մենք՝ հայերս, եղել ենք մեկ ազգ, ունեցել ենք հզոր թագավորություններ ու թագավորներ, որ մենք հիմա միայն թրքական վիլայեթներ ու ռուսական ծայրամասային մի նահանգ ենք և ցանկանում ենք լինել դարձյալ հզոր, անկախ, մեծ Հայաստան - ծովից ծով: Գուցե՞ թե, հը՞: Ինչպե՞ս, ինչո՞վ, ո՞ւմ միջոցով, ո՞վ է մեզ օգնելու, ո՞վ է ցանկանում մեր հզորությունը, ինչո՞ւ է ցանկանում, ինչո՞ւ էր ցանկանալու:
Եվ ահա ընկերների նրանց «Ծիածան» խումբը վճռական «ոչ» ասաց այդ ռոմանտիզմին ու ռոմանտիկներին, ովքեր նորօրյա երկաթե հզորությունների դեմ ոգեկոչել էին ուզում մեր հնօրյա այրուձի հզորությունը: Առայժմ միայն «ոչ» ասաց. հայտարարելով, որ «Ծիածան» խումբը կռիվ ունի և սկզբունքային կռիվ, բայց այդ կռիվը Հայ հեղափոխական դաշնակցականների առաջադրած նիզակակռիվը չէ:
Ապա ուսումնառության ճանապարհները խմբի անդամներին տարան տարբեր երկրներ ու քաղաքներ, Ստեփան Շահումյանը հայտնվեց Ռիգայում… Արամայիս Երզնկյանը՝ Ժնևում, Ժնևի համալսարանում և Ռուսական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության շարքերում: Արդ. ուրեմն՝ 1899 թվականն էր: Մենք, այո, կռիվ ունենք և մեծ կռիվ, բայց մենք դուրս չենք բերի հայերին թուրքական ոհմակի դեմ, կկռենք հայ-ռուս-վրացի-թուրք-համաշխարհային պրոլետարիատի միասնական շարքեր. կխտացնենք մեր շարքերը և գրոհի կտանենք հին աշխարհի դեմ: Կեցցե ամենափրկիչ ինտերնացիոնալը, պրոլետարներ բոլոր երկրների, միացեք:
1902 թվականին ստեղծված Հայ սոցիալ-դեմոկրատական միությունը - Երզնկյան, Շահումյան, Կնունյանց, Զուրաբյան, Խանոյան, Խումարյան, Շահվերդյան, Դաշտոյան,- նրա հրատարակած լրագրերը՝ «Պրոլետարիատ», «Կայծ», «Նոր խոսք», «Հոսանք»՝ մեկընդմիշտ դավանեցին պրոլետարական ինտերնացիոնալի սկզբունքը, քանի որ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» կոչը ճիշտ է, ձուլված էր Եվրոպայում, բայց ձուլված էր կարծես հատկապես Կովկասի համար, ուր տնտեսական պայքարը մի զարմանալի աճպարարությամբ դառնում էր ազգամիջյան կռիվ:
Ելք բոլորն էին փնտրում: Ելակետը մեկն էր, ուղիները՝ տարբեր, և շատ դեպքերում նույն ելակետից ճամփակիցներն արդեն հեռավոր խաչուղիներում հանդիպեցին որպես անծանոթներ ու թշնամիներ:
Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը անզոր գտնվեց կանխելու հայ-թաթարական արյունալի ընդհարումները, սակայն կարողացավ մեղմել այդ ընդհարումները և մանավանդ շատ ջանքեր թափեց պատյանների մեջ դնելու մերկացված, հաճախ արդեն արյունոտ սրերը: Արամայիս Երզնկյանը միաբան էր ադրբեջանցի իր գաղափարակից ընկերների հետ, Արամայիս Երզնկյանը միաբան էր Թումանյանի, Շիրվանզադեի և մեր մյուս մեծերի հետ: Նրանց այդ առաքելությունը խաչվում էր ինչ-որ անհայտ մարդկանց նպատակների, և դավադիր գնդակները չգտան Արամայիս Երզնկյանին, բայց գտան նրա ինտերնացիոնալիստ եղբորը:
Բարձրահասակ, սոկրատյան ճակատով, կիրթ, մտացի՝ շատ դեպքերում, դիրքից դիրք անցնելիս, Երզնկյանը ծածանում էր ոչ թե ինտերնացիոնալիստի իր գեղեցիկ դրոշը, այլ՝ իր անձնական առաքինությունը:
Ժնևյան ուսումնառությունը ուսումնառություն էր ինչքան գիտությունների, նույնքան էլ հեղափոխության տեսության մարզում: Տեսությունը տեսություն, բայց կյանքը հետո շատերի առջև էր պատի նման կանգնելու, և դա՝ շատ ավելի իրենց լայնախոհության պակասի, այսպես ասած սկզբունքային նեղմտության պատճառով: Արամայիս Երզնկյանը կարողանում էր խաչված սրերը իջեցնել, անկապելիները կապակցել, հակառակ բևեռները մերձեցնել: Նրա այդ հատկությունը ավելի քան պետք էր իր ժամանակի Հայոց պատմության ամենաարտակարգ պահերին:
Նա կուսակցության Լոնդոնի համագումար տարավ երեկվա թշնամական ուժերի միաբանությունը…
1912 թվականին՝ Մետեխի բանտ, գուցե այն բանտախուցը, ուր մի քանի տարի առաջ փակված էր Հարություն քահանա Երզնկյանը: Բախտը ժպտաց, բանտը լեցուն էր, յուրաքանչյուր քաղաքականի մի բանտախուց չէր հասնում, և նույն տուփի մեջ փակվեցին երկու նշանավորներ՝ սոցիալ-դեմոկրատ Արամայիս Երզնկյանը և իսկրայական Սուրեն Սպանդարյանը: Մի քանի ամիս միասին էին և մտերմացան: Եվ որովհետև զրկված էին գլխավոր նպատակի համար կռվելու հնարավորությունից, սկսեցին ձեռագիր երգիծաթերթ հրատարակել բանտապետի ու հսկիչների դեմ: Ամեն անգամ այդ թերթը տոն էր դառնում բանտարկյալների համար, իսկ այս երկու նշանավորների համար դա կայուն ժամանց էր: Իսկ ահա «Պայքար» լրագրի հիմնադրումը (1916թ.) ժամանց չէր, այլ սկզբունքային մեծ կռվի լուրջ շարունակություն, ինչի համար Արամայիս Երզնկյանը դարձյալ հայտնվեց բանտում: Բանտից նրան ազատեց փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունը։
Լենինը և Պլեխանովը բարձր էին գնահատում ազգային հարցի լուծման խնդրին Արամայիս Երզնկյանի և ընկերների առաջադրած պատասխանները: Նրանք ազգային հարցը և հա՛յ ազգային հարցը տեսականորեն լուծել, ավարտել էին: Բանվորագյուղացիական հեղափոխությունը գալու էր լուծելու գործնականապես: Այնինչ, հայերի ազգովին բնաջնջումը Արևմտահայաստանում և մասնակի բնաջնջումը Արևելահայաստանում, պատմության մեջ այդ աննախադեպ եղեռնը, ոչնչացրեց հայ ազգային հարցի լուծման խնդիրը. և ոչնչացված խնդրի հետ ոչնչացան այնքա՜ն խելացի, այնքա՜ն խելամոտ, հաճախ խելացնոր, հաճախ անմիտ, ոչ մարքսիստական ու մարքսիստական բոլոր լուծումները: Մնաց 12 հազար քառակուսի վերստ հող և յոթ հազար որբ այդ հողի վրա: Թշնամին մոտիկ ու ստույգ էր, բարեկամը հեռու և անորոշ: Խելագարվեցին և հայ գեներալն ու դիվանագետը, և բանաստեղծն ու տեսաբանը: Ստիպված անկախ՝ Ռուսաստանից անջատ դաշնակցությունը ի վերջո դեմ առ դեմ ելավ իր ոխերիմ թշնամուն: Այլ ելք չունենալով հանդերձ, նա չէր շտապում բռնել բարեկամի պարզած ձեռքը: Խոսքը վերաբերում է Մոսկվայից Հայաստանի հարցով Անդրկովկաս եկած Լեգրանի պատգամավորությունը չընդունելուն: Թե՝ որովհետև բանակցությունն իրենց ցանկությունն է, առաջին այցը ինքը Լեգրանը պիտի տա և ոչ թե ես՝ Տիգրան Բեկզադյանս: Թե՝ որովհետև նեղ վիճակի մեջ են՝ իրենք էլ պիտի տան և՛ առաջին այցելությունը, և՛ հարգանքը ինձ՝ Լեգրանիս: Նրանք երկուսն էլ խիստ սկզբունքային էին, չէին շտապում հանդիպել և, ըստ երևույթին, միմյանց շատ էին հարգում այդպիսի սկզբունքայնության համար: Այնինչ ոտքի տակ օր-օրի կորչում էր հնագույն մի ժողովուրդ:
Ծիծաղելին Արամայիս Երզնկյանի վիճակն էր, որ շտապում էր Լեգրանից Բեկզադյանի մոտ, Բեկզադյանից Լեգրանի մոտ, դարձյալ-դարձյալ, և չէր մտածում իր հեղինակության և մանավանդ սկզբունքայնության մասին: Ի վերջո, նա կարողացավ Լեգրանին և Բեկզադյանին հանդիպեցնել իր մոտ, ուրիշների համար չեզոք կոչված, իր համար շատ սկզբունքային գոտում և բանակցությունները վարել այդ որս հին հայ ժողովրդի համար միակ ձեռնտու հունով: Երզնկյանն այդպիսին էր «անսկզբունքային» մանրուքի մեջ և սկբունքային գլխավոր հարցերում: Ահա հենց այդ «անսկզբունքայնությամբ» էր կարողանում հաջողեցնել կազմակերպչական հարյուրավոր հարցեր, ընկերներին ազատում ձերբակալություններից, գլուխ բերում նոր լրագրերի հրատարակման դժվար գործը:
… Կրքերը շատ էին շիկացած, Անդրկովկասյան սեյմի և կառավարության անդամ (աշխատանքի մինիստր), Հայոց ազգային խորհրդի անդամ՝ Արամայիս Երզնկյանը չհրավիրվեց Հայաստանի առաջին հանրապետության հիմնականում դաշնակցական կառավարություն, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար մարմին՝ հեղկոմ, բայց հետո, երբ երկրին հարկավոր էին, Հովհաննես Թումանյանի բառերով՝ տանող, ներող, համբերող, վատը լավ տեսնող գործիչներ, վերաբերմունքը փոխվեց:
Կազմակերպչական նրա վիթխարի եռանդը, նրա անձնական հմայքը անհրաժեշտություն էին վերածնվող Հայաստանի համար, և ահա մենք նրան տեսնում ենք Ալեքսանդր Մյասնիկյանի կառավարության մեջ՝ հողագործության ժողովրդական կոմիսարի պոստում:
- Խորհրդայնացումից հետո հայ աշխատավորության մայիսմեկյան առաջին շքերթի տրիբունայում,
- Լենինականի և Զանգեզուրի երկրաշարժի հետևանքները վերացնող հանձնաժողովները ղեկավարելիս,
- Կուլտուրական հեղափոխությունը անմիջականորեն իրականացնող պարտուսի հանրապետական կոմիտեի նախագահի պոս-տում,
- Սովետահայ առաջին երգիծական հանդեսը՝ «Կարմիր մոծակ»-ը խմբագրելիս,
- Հայաստանի գյուղատնտեսական առաջին համագումարի դահլիճներում,
- Թումանյանի մահից հետո՝ Հայաստանի օգնության կոմիտեի նախագահի պոստում:
Արամայիս Երզնկյանը առաջին պետական գործիչն էր՝ կառավարության անդամը, որ 1924 թվականին այցելեց արտասահման՝ Ֆրանսիա, ներկայացնելով հայրենիքը՝ Խորհրդային Հայաստանը:
Լրագրում՝ որպես ընկերական շարժ.
Կոմիսար է,
շինարար է
անձեռագործ,
մեծ հողագործ,
եթե կուզես՝
գյուղատնտես,
անասնապահ,
անտառապահ:
Ջուր է հանում,
այգի տնկում,
գյուղ ու քաղաք,
կառուցանում:
Ծիծաղերես
ու ժպտերես,
առակախոս,
ճարտարախոս,
շնորհքով է քանց
Եզոպոս:
Տեքստի հեղինակը Եղիշե Չարենցն է:
«Ի պաշտոնե նա ղեկավարում էր Հայաստանի Հայժողկոմատի և Ժողկոմխորհի աշխատանքները.- վկայում է ժամանակակիցը.- բայց գրողներս ու արվեստագետներս Արամայիս Երզնկյանին համարում էինք մի տեսակ «երկրորդ լուսժողկոմ»:
Երկրորդ լուսժողկոմ Արամայիս Երզնկյանը. առաջին լուսժողկոմ Ասքանազ Մռավյանի հետ անց են կացրել անդրկովկասյան երեք ժողովուրդների արվեստագետների հանդիպումը Երևանում և վերջում լուսանկարվել, ահա՛ Իսահակյան, Դեմիրճյան, Սարյան, Ռոմանոս Մելիքյան, Տիցիան Տաբիձե, Հյուսեին Ջավիդ, Զորյան, Շիրվանզադե, Թերլեմեզյան… - բարի ճանապարհ արվեստագետների եղբայրացման այս ցույցին:
Լեոյի բառերով՝ «մեր անչափ սիրելի Արամայիս Երզնկյանի» անձնական հմայքը անսահման էր, և զարմանալի չէ, որ նրան էին ձգվում ժամանակաշրջանի ամենապայծառ դեմքերը՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Հանրի Բարբյուս, Վասիլի Կամենսկի, Նիկոլայ Կոլցով, Տիցիան Տաբիձե, Գրիգոլ Ռոբակիձե, Պաոլո Յաշվիլի, Սեմյոն Գեխտ, Եվգենի Լանսերե… Ահա Երզնկյանի այլազգի մերձավոր բարեկամների ոչ լրիվ ցանկը: Եվ ուշագրավ է, որ վրաց նշանավոր բանաստեղծ Տիցիան Տաբիձեի «Տափաստանի խճուղին» բանաստեղծությունը նշում է չորս դեմք, ովքեր մարմնավորում են Հայաստանը՝ Երզնկյան, Իսահակյան, Սարյան, Չարենց:
Արամայիս Երզնկյանն ինչ-որ նշմարելի չափով հեղինակակից է Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի: Գիրքը մեծ եղեռնի և հայ ժողովրդի մասին է, գրվել է այն բանից հետո, երբ 1925-ին հայ ժողովրդի այդ մեծ բարեկամը եղավ Խորհրդային Հայաստանում: Եվ ահա 1928 թվականին նշանավոր նորվեգացին գրում է. «Ազգերի լիգայի մեր հանձնաժողովի գործունեության արդյունավետության մեջ անչափ մեծ էր հայ ժողովրդի ամենանշանավոր ղեկավարներից մեկի և անկասկած, նրանցից ամենափայլունի՝ Արամայիս Երզնկյանի դերը: Մենք մինչև օրս գտնվում ենք այդ լայնախոհ մտածողության, հազվագյուտ աշխատունակության, բացառիկ սիրալիրության տեր վեհաշուք դեմքի հմայքի տակ»:
«1935-ին.- վկայում է ժամանակակիցը.- երբ ես գտնվում էի Փարիզում և զրուցում Հանրի Բարբյուսի հետ, վերջինս, մի շարք հարցերից հետո, ասաց.
- Ինչպե՞ս է զգում իրեն ժողովրդական կոմիսար Արամայիս Երզնկյանը: Նա շատ նման է Նաբուգոդոնոսոր արքային: Ես նրան շատ հավանեցի, վերակառուցվող Հայաստանին այդպիսի պետական ղեկավարներ են պետք»:
Նա Անդրֆեդերացիայի հողագործության ժողովրդական կոմիսարն է,
Նա ներգաղթի կառավարական հանձնաժողովի նախագահն է,
Նա՝ Ժողկոմխորհի նախագահի առաջին տեղակալը և Երևանի քաղաքային խորհրդի նախագահը, ինչ-որ նշմարելի չափով հեղինակակիցն է Ալեքսանդր Թամանյանի ժողտան և գրեթե գլխավոր ճարտարապետն է կառուցվող Երևան քաղաքի:
«Կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Արխանգելսկից Սահարա պրոլետարական ոճը շինարարության մեջ լինելու է նույնատիպ մի բան: Նրանք նիհիլիստներ կամ մանրբուրժուական տիեզերաքաղաքացիներ են: Արտադրության ընթացքով պայմանավորված ոճը կապված է ներքին բովանդակությանը և կրում է համապատասխան դասակարգի կնիքը՝ միաժամանակ ներառելով իր մեջ կլիմայական պայմանների ազդեցությունը, աշխարհագրական դիրքը, շինանյութերը և այն նրբերանգները, որ կապված են տվյալ շրջանում նյութական արժեքներ ստեղծող աշխատավորության պատկերացումների հետ: Ահա հենց այստեղից էլ «ազգային ձևի» մեր պահանջը»,- գրում ու պահանջում է ճարտարապետության տեսաբան Երզնկյանը և կարգադրում ու կառուցում է քաղխորհրդի նախագահ Երզնկյանը:
«Երևանն էլ, իհարկե, կարող էր այլ տեսք ունենալ և շատ հնարավոր է՝ ոչ այսքան ինքնատիպ: Բայց մի՞թե այսօրվա Երևանի ճարտարապետական անկրկնելիությունը չի խորհրդանշում ստեղծողի (Թամանյանի) և ղեկավարի (Երզնկյանի) արարիչ համագործակցությունը» - Մարտիրոս Սարյան:
«Արամայիս Երզնկյան: Դեմք, որ դարձել էր լեգենդ դեռևս կենդանության օրոք: Հայրենիքի այդ վառ ու ինքնատիպ զավակը, իր ողջ էությամբ հագեցված գերագույն մարդասիրությամբ ժողովրդի հանդեպ, դարձավ պատմական անհրաժեշտություն վերածնված Հայաստանի համար» - Ավետիք Իսահակյան:
Նրա պայծառ կյանքը հիսունութերորդ տարում ողբերգաբար ընդհատվեց 1937 թվականին: Նա էլ անցավ, ինչպես կասեր նրա բարեկամ Հովհաննես Թումանյանը: Մնաց հայ ժողովուրդը, Երևան քաղաքը և մեր երախտագիտությունը՝ Արամայիս Երզնկյանին՝ Հաղպատի վանքի Հարություն ըմբոստ վանահոր չորս որդիներից երեցին՝ կոմիսարին, խմբագրին, հրապարակախոսին, դիվանագետին, շինարարին, եռանդուն հանրագետին:
Մենք չգիտենք՝ Հաղպատի վանքում կամ «Ծիածան» աշակերտական միություն մտնելիս նա երդվե՞լ է, աշակերտները չէ՞ սիրում են երդվել, երդվե՞լ է տեր լինել իր բզկտված ժողովրդի, նրա բզկտված հողի ճակատագրին, երդվե՞լ է ինչ էլ լինի ու ինչպես էլ լինի՝ իմ ժողովուրդն ահա այս է… չգիտենք, բայց նրա կյանքը շատ է նման երդումով սկսած, աշխատած ու երդումով ապրած մարդու կյանքի:
Ընդունված է ասել, թե արվեստագետները անմահանում են իրենց գործերի մեջ: Իսկ հասարակական-քաղաքական գործիչնե՞րը: Հավասար իրավունքով Սարյանի, Չարենցի, Թումանյանի ընկերը՝ Մեծն Արամայիս Երզնկյանը նրանց գործերի մեջ է, նրանց հավասար հեղինակակիցն է, այսօրվա մեր կյանքի հիմնադիրը: