Грант Матевосян

Այսքան երկարատև լռություն

- Ձեր վերջին երկու գրքերը՝ «Խումհարը» և «Տերը» համարյա միաժամանակ լույս ընծայվեցին անցյալ տարի «Սավետսկիյ պիսատել» և «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչություն֊ներում: Նոր դժվար է անվանել, որովհետև բացի «Մեծամորից», որ առաջին անգամ է ռուսերեն տպագրվում, մնացած գործերը հայտնի էին արդեն ռուս ընթերցողին (օրինակ՝ «Տերը» տպագրվել է 1987 թ. «Дружба народов» ամսագրում): Ակներևաբար այդ երկու ժողովա֊ծուների բովանդակած նյութը պատահական չէ՝ արդյունք է Ձեր լռության, ոչ թե խմբագիրների չարակամության: Որքա՞ն տևեց այս անգամ Ձեր լռությունն ու ինչո՞վ էր լցված:
- Ահա արդեն երկար ժամանակ ոչինչ չեմ գրում՝ հուրախություն իմ ոչբարեկամների: Գրողի համար դա կյանք չէ: Հավանաբար, նույնիսկ սեփական մահը նկարագրելու համար մարդը պիտի իրեն առողջ զգա և գրի ստեղծագործելու համար տանելի պայման֊ներում, այսինքն՝ ունենա նվազագույն հանգիստ, նվազագույն հարմարություններ, առանձնանալու հնարավորություն: Այո, այո, սեփական չարորակ ուռուցքը նկարագրելու համար անհրաժեշտ է նախ առողջ լինել:
- Ո՞ր առողջությունը նկատի ունեք:
- Բոլոր: Բայց այս պարագայում՝ ամբողջ հասարակության առողջությունն ու ամբողջ հասարակության հանգստությունը: Եթե հիմա ամբողջ երկրում խաղաղություն հաստատվեր, ես թեթևացած շունչ կքաշեի: Ավաղ, մենք առաջվա նման փնթփնթում ենք ու անհամբերություն ենք դրսևորում, պահանջում ենք վճռական միջոցներ ու վճռական փոփոխություններ, չենք հանդուրժում ու լսել չենք ուզում ուրիշի կարծիքը, և որ ամենաանհասկանալին է՝ տենչում ենք ոչ թե բարին, այլ վրեժ ու արյուն: Դա պետք էր սպասել: Երբ առնչվում ես ուրիշ երկրների բարեկեցության հետ, ակնհայտ է դառնում, որ դա ձեռք է բերվել հաշտվողականության ու հանդուրժողականության քաղաքականության շնորհիվ: Եկեք իրերին իրենց անունները տանք՝ աղքատությունն իրեն բնորոշ բոլոր բարդույթներով այսօր մեր երկրում զորահանդեսի հրամանատարն է: Իսկ աղքատությունն անխուսափելիորեն իր հետ բերում է արյուն, արյուն ու արյուն:
- Ինչպե՞ս խուսափել արյունից:
- Հիվանդ մարդը ձգտում է թաքցնել իր խոցերն ու ցավերը, չշփվել ուրիշների հետ, որ հանկարծ չվարակի: Մենք դեռ չենք հասել այդ նրբանկատությանն ու խստապահանջությանը միմյանց հետ հարաբերություններում, ժողովուրդների հետ հարաբերություն֊ներում: Մինչդեռ կարելի է ինչ-որ բան զսպել քո ներսում, վեհանձնություն դրսևորել, եթե պետք է, նույնիսկ հնազանդություն, ուրիշին ներել այն, ինչ քեզ չէիր ների: Մենք ոչ թե ներել, մերձավորին լսել իսկ չենք փորձում: Ապրում ենք միմյանց մասին ունեցած պատկերացումների վակուումում: Օրինակ՝ ինչ գիտի այսօր միջին խորհրդային քաղքենին այսորների կամ ադրբե֊ջանական հրեաների, սև թաթարների կամ միջինասիական հանրապետությունների, Վրաստանի կամ Հայաստանի, կամ Մերձբալթիկայի մասին: Նա տարբերություն չի դնում լատիշի ու էստոնացու միջև, նրա համար բոլորն էլ մերձբալթիկացիներ են, որոնց նույն քաղքենին, թեպետ նախանձում է, վերաբերվում է զգուշությամբ, այնուամենայնիվ հարգում է, ինչ-որ դեպքերում նրա առաջ իր թուլությունն է զգում, կամ ինչ-որ նման բան: Իսկ անդրկովկասցիները նույն քաղքենու տեսակետով, մի բառով՝ չարչիներ են, նրանց հետ ինչ հարաբերություններ կարող են լինել: Լրագրողների անպատասխանատվության պատճառով օրեցօր ամրապնդվում է էքստրեմիստների ու սևշապիկավորների կերպարը, և երեկ նրանց, ում առանց ազգային պատկանելության տարբերակման, անվանում էին վրացի, այսօր իրենցից էլ աննկատ վերանվանեցին հայեր: Անտեղյակության այս մթնոլորտում իրենց կարող են դրսևորել միայն շատ խոշոր ազգային միավորները: Բնականաբար այս իրավիճակում ես միանգամայն կարեկցանքով եմ վերաբերվում մերձբալթյան յուրաքանչյուր հանրապետության կենտրոնախույս ձգտումներին, որ ի վիճակի չեն այս ամենից գլուխ հանել ու այդ պատճառով ձգտում են դեպի իրենց հյուսիսային հարևանները՝ ավելի հանգիստ ու արժանապատիվ կյանքի հույս ունենալով, քան այստեղ է: Հասկանալի է, որ եթե ես մերձբալթիկացի լինեի և տեսնեի, որ ոչ մի կերպ չի հաջողվում հարթել հայ-ադրբեջանական հակամարտությունը, ոչ մի կերպ չի հաջողվում ճշմարտության ու արդարության, քաղաքակրթության ու մարդասիրության ճանապարհը հարթել, կջանայի ինձ պաշտպանել այդ գլխացավանքից: Յուրաքանչյուրը փնտրում է փրկության իր ճանապարհը:
- Մի անգամ՝ «Ինչո՞ւ բացախոսության ծաղկման պահին լռեցին շատ արձակագիրներ ու դրամատուրգներ» հարցին Վլադիմիր Արրոուն պատասխանեց՝ հավանաբար կատարվողն իմաստավորելու համար...
- Ես, անկեղծ ասած, այլ կերպ կպատասխանեի: Չգիտեմ, որքան եմ բանաստեղծականացնում ասվածը, բայց «Անդրեյ Ռուբլյովում»՝ իմ ամենասիրելի ֆիլմերից մեկում, կա մի այսպիսի նովել՝ ինչպես է Ռուբլյովը սկսում աշխատել «Ահեղ դատաստանի» վրա: Պատկերացրեք որմնանկարի համար նախապատրաստված պատը՝ կարելի է նկարազարդումը սկսել, բայց Ռուբլյովը պատին չի դիպչում: Ինձ թվում է՝ Տարկովսկին ուզում է ասել, որ Ռուբլյովը «Ահեղ դատաստանը» չի որմնանկարում, որ իրականություն չդառնա: Այսինքն՝ նա լռությամբ փորձում է կանխել այն, ինչ կարող է կատարվել: Սակայն չնայած նրա լռությանը, Ահեղ դատաստանը տեղի է ունենում: Կարծում եմ՝ ամբողջ սովետական գրակա֊նությունը հիմա նման է համրացած Ռուբլյովին՝ խոսքում չմարմնավորելով այսօր կատարվողը, մենք վախենում ենք, որ խոսքի հետքով կարող է լույս աշխարհ ելնել արյունն ու չարի դիվական ուժը: Մենք վախենում ենք այդ Ահեղ դատաստանից մեր գրքերում, որովհետև իրոք մեծ մարդասիրություն կա լռության մեջ, լռության մատնելու, թաքցնելու մեջ: Եթե բացահայտես ճշմարտության բոլոր շերտերը, ստիպված ես ոչնչացնել ամբողջ կյանքը: Ես պահպանողական եմ: Գուցե սխալվում եմ, բայց ես պատկանում եմ մի ժողովրդի, որ չափազանց շատ արյուն է տեսել, զրկվել է ինքնուրույն պետություն ունենալու հնարավորությունից, դարերով, մինչ այսօր ենթարկվել է հալածանքների, հետա֊պնդումների, կոտորածների, և այդ պատճառով ես իսկապես թանկ եմ գնահատում կյանքի ավանդական ընթացքը պահպանելու յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի հնարավորինս քիչ լինեն ցնցումները: Իսկ դրա համար մենք պիտի հանդուրժող լինենք սեփական ու այլոց մեղքերի նկատմամբ, պիտի ջանանք հասկանալ ու ներել միմյանց: Ես վախենում եմ հեղափոխություններից, վախենում եմ մաքսիմալիստական կարգախոսներից: Ես կարծում եմ, որ ամենակործան հեղափոխության կոչ անող մարդը դուստր չունի, որին փողոցում կարող են բռնաբարել մարտականորեն տրամադրված ջարդարարները, ընտանիք չունի, որին կարող են տանիքից զրկել, կամ ընտանիքն ինչ-որ տեղ Ամերիկայում է, իսկ նա այստեղ ճամարտակում է իր մտքի ինտելեկտուալ ճախրանքով:
Վերջերս ամերիկյան լսարաններից մեկում ես հանդիպեցի իմ հայրենակիցներին, որ ներկայացնում էին Դաշնակցություն կուսակցությունը: Սովետական մամուլում նրանց միշտ մեղադրում էին ահաբեկչության ու այլ մեղքերի մեջ ու ներկայացնում էին իբրև խրտվիլակ: Հանդիպման ընթացքում ես անսպասելիորեն հաս֊կացա, որ այդ մարդիկ նույնպիսի պահպանողականներ են, ինչպես ես, որ նրանք նույնքան վախենում են անարխիստական տրամադրություններից Խորհրդային Միությունում, որքան ես: Ժամանակն է, որ մենք էլ վերջապես գիտակցենք, որ պետությանը պետք է ոչ թե հեղափոխություն, հեղաշրջում, այլ անշտապ, մանրակրկիտ, դժվարին վերափոխող աշխատանք:
- Համարյա ինչպես Մանդելշտամի մոտ՝ «Բայց զոհերը չեն ցանկանում կույր երկինք, // Աշխատանքն ու կայունությունը նախընտրելի են»:
- Քանի տարի ենք մենք անարժանորեն հաց կերել, հիմա պիտի արժանապատվորեն քաղցենք: Մենք արժանի ենք այս աղքա֊տությանը և հիմա միայն մի ելք ունենք՝ վերադառնալ խաղաղ աշխատանքի, որ լցնենք այն դատարկությունը, որին ինքներս ենք նպաստել:
- Մենք հիմա զրուցում ենք, իսկ ներքին խմբագիրը՝ գրողի առաջին թշնամին, իմ մեջ զզվելիորեն ծանրութեթև է անում. «Սա կանցնի, իսկ սա հազիվ թե տպեն նույնիսկ մեր ժամանակներում»... Սովորույթ է: Դուք նկատե՞լ եք Ձեր մեջ սեփական խոսքը խեղդողին: Վերջին տասնամյակների հայ գրականության մեջ չափազանց քիչ չէ՞ անկեղծությունը, որովհետև ինքներս մեր թևերը կտրում էինք:
- Վերջիվերջո մեզ բարի կամեցողների ջանքերով ներքին գրաքննիչը հայտնվեց: Սկսում ես ինքդ քեզ հետ մուկն ու կատու խաղալ: Գրում ես կոնկրետ գործ, որտեղ որոշակի դրամատիզմ կա, կրքերի շիկացում, պայթյուն: Ասենք հերոսներից մեկը հայ է, մյուսը՝ թուրք, ամեն մեկն իր խնդիրներն ունի: Բայց ներքին գրաքննիչը պնդում է, որ դա թուրքի տեղը չէ, ոչ էլ հայն է այդ պահին իր խնդիրներով պետք: Եվ ահա պատմվածքը կործանման եզրին է, և այդ ժամանակ ակամա անցնում ես եզոպոսյան լեզվին: Արդյունքում դու ինչ-որ բան գրել ես, բայց կարծես թե չես գրել: Այնուհանդերձ. կարծում եմ, որ գեղարվեստական կատարե֊լությունն այն գեղեցիկն է, որի առաջ նահանջում է նույնիսկ ոչ բարեկամի ձեռքը: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն ուզում է սրբագրումներ անել քո գրածի մեջ, թերևս ինքդ ես այդ հնարավորությունը տալիս քո խոսքի անկատարությամբ: Սակայն մենք գիտենք, որ նման անբնական իրավիճակներում գրվել ու ստեղծվել է իսկական, պինդ գրականություն: Ինչ վերաբերում է հայ գրողներին, կարծում եմ, որ մենք ենթագիտակցորեն երբեք մեզ չենք զգացել այս երկրի լիարժեք տերեր և այդ պատճառով գլոբալ հարցերում մեզնից ոչ մեկը չէր հակառակվում հետընթացին՝ այդ իրավունքը թողնելով ռուս մտավորականներին: Ասենք, մեզանում չէր կարող ծնվել Սոլժենիցին թեկուզ այն պատճառով, որ նրան երկրից չէին արտաքսի, այլ ուղղակի ֆիզիկապես կոչնչացնեին:
- Գրականության մեջ իրավիճակը կտրականապես փոխվել է: Մենք շատ նոր անուններ ենք իմացել: Բայց լռության գոտին հաղթահարել են գերազանցապես ռուս գրողները: Այն տպավորությունն է, որ հանրապետություններում ոչ ոք անտիպ գործեր չուներ:
- Դա բարդ հարց է: Գործնականում մեր բոլոր հանրա֊պետությունները հայտնվել են մի վիճակում, երբ դեռ նոր պիտի ի հայտ գան սեփական Բերդյաևները և Գումիլյովները: Իրենց գրականությունները վերադառնալուց և ինքնահաստատվելուց հետո միայն այդ գրողները կարող են վերադառնալ համամիու֊թենական ընթերցողին: Բացի այդ՝ Սոլժենիցինից հետո հանկարծ արժեզրկվեցին ու իմաստը կորցրին մեծ թվով ստեղծագործու֊թյուններ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, վերջին տարիների ողբերգու֊թյունները մի քանի տասնամյակով մեզ ետ շպրտեցին: Մենք պիտի կորցրածը վերադարձնենք ոչ միայն տնտեսության, այլև մշակույթի մեջ: Ճիշտ է, հայ սփյուռքն արտասահմանում ստեղծել է բավականաչափ հետաքրքիր ու ինքնատիպ մշակութային շերտ պատմագրության, արվեստի մի քանի ոլորտներում, շատ գործեր միջազգային շրջանառության մեջ են մտել: Բայց մենք, նույնիսկ մեզ մոտ՝ հանրապետությունում, ամբողջ երկիրը դեռ մի կողմ, գործնականում զրկված ենք այդ հարստությանը հարաբերվելու հնարավորությունից: Մենք հայտնվել ենք առեղծվածային իրավիճակում, երբ Հայաստանի պատմությունը գոյություն ունի երկու հարթություններում՝ մեկը սովետական մեկնաբանությամբ, մյուսը՝ առանց աղավաղումների, հայտնի է ամբողջ աշխարհին: Մեզ այնքան է ճշմարտության սուռոգատ մատուցվել, որ մենք աղքատացել ենք ոչ միայն նյութապես, այլև հոգեպես:
- Ի՞նչ հարաբերություններ ունեիք խմբագիրների հետ:
- Մենք բոլորս Տոլստոյներ ենք և, համապատասխանաբար, ի դեմս խմբագիրների ցանկանում ենք ունենալ մեր Մակովեցկի֊ներին: Մեզ մոտ խմբագիրը, իբրև օրենք, քո չարագույն թշնամին է, սկսած երեկվա աղջնակից, որ իրեն երևակայում է ոչ այն է գրաքննիչ, ոչ այն է խմբագիր, որ ինձ պաշտպանում է իմ սեփական տեքստից: Ես ոչ միայն հիասթափված եմ իմ խմբագիրներից, ես տհաճություն էի զգում նրանց մասին մտածելուց: Խմբագիրը կոչված է բացահայտել քո մեջ թաքնված Մոցարտին, այլ ոչ թե դահիճ լինել կիսագրագետ մերձգրական տիկնոջ տեսքով կամ այն օրիորդների, որ անթիվ բազմությամբ հայտնվել են հրատարակչու֊թյուններում:
- Գրաքննության և խմբագրական կամայականության վերացումով սուտը չվերացավ: Եվ առայժմ մենք դրանից ոչ մի կերպ պաշտպանված չենք: Աքսյոնովի դիպուկ արտահայտությամբ՝ «խոսակցության ոլորտների ընդլայնումով ընդլայնվեց և ստի ոլորտը»: Գործնականում վիթխարի երկիրը զրկված է ամեն ինչի մասին լիակատար տեղեկատվությունից: Ինչպե՞ս ապրել այդ ստի մեջ: Ես հասկանում եմ, որ դա լավագույն թեման չէ գրականության մասին զրույցի համար, բայց վերադառնալով լռության թեմային, կարծում եմ, որ այս իրավիճակում լռությունը ավելի լավ է այն ոչ ճշմարտությունից, որ ներկայացվում էր իբրև ճշմարտություն:
- Այդ հերթական սուտը նորից կստեղծի կեղծ գրականություն, որն արդեն վաղը, ոչ՝ այսօր, ոչ մեկին պետք չի լինելու: Ոչ այնքան վաղ անցյալի գրականությունը, որ ոչ քիչ ջանքեր էր պահանջում, կոչված էր փոխարինելու իսկական մշակույթին: Ավաղ, մեր առաջ կուրացուցիչ դատարկություն է: Գրվել են վեպերի կույտեր, որ այսօր դարձել են մակուլատուրա: Ահա այսօր էլ ստեղծվում է կիսաճշմարտություն, կեղծիք: Ես նույնիսկ չգիտեմ ինչպես պայքարել նման կեղծարարության ու նմանակումների դեմ: Նոր այբուբե՞ն, ճշմարտություն որսող սա՞րք ստեղծենք: Մի՞թե մենք նույնիսկ ի զորու չենք ճշմարտությունը ստից տարբերել:
- Դե ոչ, մենք ամեն ինչ հիանալի գիտենք...
- Իսկ եթե չգիտե՞նք: Մի բան է իմանալ և լռել, մի բան է իմանալ և խոսել: Բառը մերկացնում է մեր գիտելիքների իսկական չափը: Իրո՞ք մենք ամեն ինչ գիտենք: Չեմ կարծում: Պարզապես ես հույս ունեմ, որ մենք՝ հայերս, ժողովուրդների շարքում ամենավերջինը չենք: Կարելի է շարունակել մեզ խոչընդոտել, վախեցնել ու արգելել, բայց Հայաստանն ավելին է տեսել, և ինչպես գիտենք՝ վերապրել է ու ապրելու է: Եվ մեր կապերը արտաքին աշխարհի հետ ընդլայնվելու են, ինչքան էլ, կրկնեմ, դրան խանգարեն հնարավոր բարեկամ կամ չարակամ, որ քիչ չեն ամենատարբեր ատյաններում: Մեկն այդպես է վարվում առանց չարակամության, ինքնաբերաբար, հին-բարի ավանդույթով, որովհետև այլ կերպ չի կարող, մեկն էլ ունի բավականին հեռահար նպատակներ և թշնամանքն էլ համարյա չի թաքցնում: Դա կարող է լինել ինչ-որ սեփական չինովնիկ, հարազատ հոգի՝ փտած ապարատում, որ տեղավորվել է այնտեղ ինչպես ծույլ, փսլնքոտ կատուն տաք անկյունում, և ոչ մի գնով այդ անկյունից նրան չես քշի: Բայց ուր կկորչի նա, ինչի՞ է նա պետք, եթե իշխանությունը նրա համար միակ հնարավորությունն է իր պատառը պոկելու, և իր իշխանությունը նա ոչ մեկին ոչ մի դեպքում չի զիջի: Հաճախ բացահայտորեն զգում եմ մեկ այլ դիմադրություն ևս՝ կենտրոնական իշխանության, որի համար, ակնհայտորեն, դժվար է հասկանալ մեր խնդիրները, որի համար մենք փոքրիկ զինվորիկ ենք քաղաքական մեծ խաղում և այդ զինվորիկին կարելի է նաև զոհաբերել: Չէի ուզում այդ մասին խոսել, բայց երևի պիտի ասեմ՝ իշխանություն ունեցողները մի տրամաբանություն ունեն՝ ենթակա է, ուրեմն ինչ-որ բանում մեղավոր է: Քանզի ենթարկեցնել կարելի է մեղավորին: Հրեշտակների ամբոխը նրան պետք չէ, պետք են մեղսագործներ, անբաններ, դավաճաններ, գանձագողեր: Դրանց հեշտ է կառա֊վարել: Առավել ևս՝ միշտ կարելի է պատճառի ու հետևանքի տեղերը փոխել: Իսկ մեղքը կգտնվի, եթե մեղավոր կա: Անցած երկու տարում մենք հաճախ ենք բախվել նման փաստերի:
Բոլորին ցնցեցին Վրաստանի ողբերգական դեպքերը: Բայց առաջին բեմականացումը, որտեղ մեղավորի դերը հատկացված էր ժողովրդին, մեր «Զվարթնոց» օդանավակայանում էր: Ցավոք, չստեղծվեց երևանյան օդանավակայանում «անկարգությունները» հետաքննող հանձնաժողով, բայց առանց դրա էլ ակնհայտ է միասնական սցենարը, որով զորքերը կամ ուշանում են, կամ չափազանց շտապում են օգնություն ցույց տալ: Իսկ կատարվածը նկարահանող պատանին զոհվեց: Վստահ եմ, որ չէին լինի ոչ թուրք-մեսխեթցիների խնդիրը, ոչ զանգվածային սպանությունները Բաք֊վում ու Սումգայիթում, եթե իշխանության տերերին անհրաժեշտ չլիներ ապացուցել իրենց անփոխարինելիությունը: Ահա տեսեք, ասում են նրանք, ինչ անարխիա կտիրի երկրում, եթե մեզ իշխանությունից հեռացնեք:
- Հիշում եք՝ մի քանի տարի առաջ Ձեզ բերեցին 1915 թվականի թուրքական կոտորածների ականատեսի գրառումները, որ Ձեզ ցնցել էին իրենց բնականությամբ: Երբևէ կարո՞ղ էիք պատկերացնել, որ նման բանի ականատես կդառնաք: Թեպետ դա բոլո֊րովին Ձեր թեման չէ, Դուք ունեք Ձեր աշխարհը, և հանկարծ... Իբրև գրող Դուք երբևէ կնկարագրե՞ք այն ամենը, ինչ մենք ապրել ենք այս ընթացքում:
- Սոցիալական աղետների ոլորտին ես անդրադարձել եմ իմ գրքերում, բայց, խոստովանում եմ, այդ արել եմ մեծագույն տհաճությամբ, որովհետև նեխվածության հոտը անընդհատ խփում էր քթիս ու ստիպում էր ցնցվել: Իմ հետագա կյանքը ես պատկերացնում էի ոչ թե իմ նախկին հերոսների կողքին, այլ շատ ավելի վաղ անցյալում: Ինչ վերաբերում է այսօրվա ցնցումների նկարագրությանը, թերևս կգտնվեն ինձնից երիտասարդ և ամուր նյարդերով գրողներ: Վերջերս հրատարակվեց Սամվել Շահմու֊րադյանի փաստագրական գիրքը սումգայիթյան ողբերգության մասին, և նա, փառք Աստծո, առաջվա պես պինդ է:
- Իսկ Դուք երբեք ցանկություն չե՞ք ունեցել զբաղվել զուտ հրապարակախոսությամբ: Չէ որ այնքան ուզում ես ճչալ, բոլոր զանգերը խփել, որ մարդիկ լսեն ճշմարտությունը:
- Ինձ համար արձակը բնական վիճակ է: Իմ վերջին վիպակում ես նկարագրել եմ կոնկրետ իրավիճակ, ինձ թվում էր, որ դա միայն թեթևակի շեղում է մի կողմի վրա, նահանջ է մի կողմ, ոչ մեծ էքսկուրս դեպի անցյալը, որից ես արագ կանցնեմ իմ թեմային: Բայց քանի որ նույնիսկ հպանցիկ չէի ցանկանում լինել մակերեսային, ոչ ճշգրիտ, մոտավոր՝ մանրամասներում, այդ էքսկուրսը հավելվեց մանրամասներով: Այդտեղ և՛ սպանություն կար (իրադարձություն֊ները տեղի էին ունենում 1918 թվականի ամռանը, երիտթուրքերի արշավանքի ժամանակ, որոնց առաջնորդում էր Վեհիբ բեյը), և ես հանկարծ, ինքս էլ դա չցանկանալով, մարգարեացա՝ կանխագուշա֊կելով այսօրվա աղետները: Վիպակի վրա աշխատելիս ես չէի ցանկանում խոսքով մերկացնել այն, ինչ աչքիս առաջ էր: Իսկ ես տեսնում էի վախկոտություն, դավաճանություն, մարդկային ամբողջ կեղտը, որ կարելի է պատկերացնել: Բայց հենց հասա սպանության նկարագրությանը, գրիչը վայր դրեցի, ես ֆիզիկապես չէի կարող դա գրել, ձեռքս բառացիորեն հրաժարվում էր գրիչ պահել: Խոսելով Ռուբլյովի մասին, այն մասին, որ ի սկզբանե ԲԱՆՆ էր, ես ինձ էլ նկատի ունեի... Սումգայիթի իրադարձությունները ինձ կանխեցին: Հիմա ես նորից ցանկանում եմ շարունակել վիպակը, բայց այս անգամ, դժբախտաբար, ես իբրև «մունետիկ-պատմաբան» դժվա֊րությամբ եմ հասնում ադրբեջանահայկական իրադարձությունների հետևից:
- Այս պահին ի՞նչ ելք եք տեսնում հանրապետության ու ժողովրդի համար:
- Այն, ինչ կասեմ, կարող է աբսուրդ թվալ, բայց ելքը հենց այս անելք վիճակի մեջ է, ուր հայտնվել ենք: Կյանքը շարունակվում է, ժողովուրդը ուշքի կգա, ոտքի կկանգնի, կզբաղվի իր գործերով: Բացասական շատ երևույթներ ջրի երես կելնեն՝ ամեն ինչ կլինի՝ առնել-ծախել, տարբեր մեքենայություններ: Գնացողը կգնա (վստահ եմ՝ արտագաղթը կտրուկ կաճի), մնացողը կմնա: Անհրաժեշտությունը կպարտադրի մաքրել ոչ միայն ավերվածը, այլև ամեն տեսակի աղբ: Մեր աչքի առաջ է ներկա քաղաքակիրթ աշխարհի բարեկեցիկ օրինակը, որ թույլ չի տա վերադառնալ անցյալ՝ ոչ դեպի Ստալին, ոչ դեպի Մաո: Ինչ էլ մենք ասենք, մեր կյանքը ձգտում է այդ փորձը փոխանակել, սկզբում իբրև սուռոգատ, որ մեզ նյարդայնացնում է իր խղճուկ ձևերով ու հնարավորություններով, իսկ հետո իբրև ինքնուրույն քաղաքակիրթ կյանք: Աստված մեզ առողջություն տա, որ կարողանանք այդ ամենին մասնակցել:

Զրույցը վարեց Ռ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«Լիտերատուրնոյե օբոզրենիե»
N 10, 1990 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Кафе Питтореск
Кафе Питтореск
Играть онлайн