Оганес Туманян

Շունը

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Լավ չեմ հիշում՝ երկրորդ, թե երրորդ դասարանի աշակերտ էի։ Մի ուսումնական ծանոթ ունեինք, օտար մարդ էր, մե-մեն մեր տունն էր գալիս, մերոնց հետ զրույց էր անում։

Էդ ժամանակները մի էսպես դեպք պատահեց։ Մեր հարևան հովիվը մեռավ։ Նա երեք շուն ուներ։ Էս երեք շունը իրենց տիրոջ մեռնելուց մի քանի օր առաջ անդադար ոռնում էին էնքան ողբալի ու չարագուշակ, որ ահ ու սարսափ էին գցել ամենքի սիրտը։

Չո՜ռ, չո՜ռ, ձեր գլուխն ուտեք, քա՞նի ոռնաք, կանչում էր երիտասարդ հովվի մերն ու փետով զարկում շներին։ Շները կլանչկլանչելով էս կողմ, էն կողմ էին փախչում ու մի քանի րոպեից հետո նորից սկսում ոռնալ։ Հովիվը մեռավ թե չէ՝ բոլոր հարևանները բացականչեցին․

Ա՛յ, ընչի համար էին շները ոռնում․․․

Սրանից հետո մի անգամ էլ, երբ մեր ուսումնական ծանոթն եկել էր զրույց անելու, մերոնք էս դեպքը պատմեցին ու խոսքն ընկավ շան վրա։

Օ՜, չգիտեք թե ինչ տեսակ կենդանի է շունը, լուրջ ու խորհրդավոր խոսեց նա։

Շունը իմաստուն կենդանի է, նույն լրջությամբ վրա բերեց հերս։

Այո՛, շունը իմաստուն կենդանի է, լավ է նկատել ժողովուրդը,– ասավ մեր ծանոթն ու ավելացրեց․

Մարդկային կյանքի զարգացումը շան վրա է հիմնած։ Մենք դեռ լավ չգիտենք, թե ինչ կենդանի է շունը, դեռ լավ չի ուսումնասիրված շունը․․․ Հակառակի նման իմ դասն էլ շունն էր, ու լավ էլ անգիր էի արել։ Իսկույն մեջ մտա։ Ասի․ Ես գիտեմ։ Մենք շունը սովորել ենք։

Չէ՛, էն քու սովորածը շունը չի, մեղմ ու բարի ժպտալով նկատեց մեր բարեկամը։ Ես վիրավորվեցի։ Ո՞նց թե իմ սովորածը շունը չի․․․ Ինքն ասում է՝ լավ չգիտենք․․․ իսկ մեր ուսուցիչն էնտեղ․․․ իմ տետրակն էնտեղ․․․ ես էլ գրեթե անգիր գիտեմ․․․ և առանց լսելու ասում է՝ քու սովորածը շունը չի․․․

Լա՛վ, լա՛վ, նեղանալ մի՛, դե ասա տեսնենք ո՞րն է քու սովորած շունը, նույն մեղմ ժպիտով հարցրեց նա ու թևիցս բռնեց, իրեն մոտ քաշեց։

Ես սկսեցի.

«Շունը, չորքոտանի, կաթնասուն, մսակեր, ընտանի կենդանի է։ Նա ունի մի գլուխ, երկու աչք, մի քիթ, մի պոչ, երեսունչորս ատամ։ Նրա մորթին ծածկված է մազով։ Նա ծնում է սովորաբար 4 6 ձագ, բայց պատահում է, որ մինչև 12 էլ է ծնում։ Շան ձագերը ծնում են առաջին ատամներով, բայց կույր են լինում և միայն 10 12 օրից հետո են աչքները բաց անում։ Շունը ապրում է 15 20 տարի։ Նա մարդուն շատ օգուտ է տալիս․․․»։

Մեր ծանոթը շարունակ ժպտում էր։ Ես սկսեցի շփոթվել, մանավանդ, գիտեցածս էլ հատնում էր։

Այո՛, այո՛, ճիշտ ես ասում, սիրելի՛ս, վրա հասավ նա։ Դասդ լավ ես սովորել, բայց․․․ Էդ շունը չի։

Ո՞նց թե էս շունը չի։ Հապա էլ ո՞րն է շունը․․․ Դուք հիմի մեր վարժապետիցը լավ գիտե՞ք․․․

Սո՛ւս, բարկացավ վրես հերս։

Հա՛, սո՛ւս․․․ իրենք չգիտեն ու՝ սո՛ւս․․․

Եվ, հիշում եմ՝ էն որը բավական անհամություն արի, մինչև որ վերջապես ինձ լռեցրին։ Այնինչ մեր ծանոթը շարունակ ժպտում էր։

Վաղուցվա խոսք եմ ասում, մեր էն բարի, ուսումնական ծանոթն էլ վաղուց է մեռել։ Նրանից հետո ես մեծացա, զանազան գրքեր կարդացի, նոր-նոր բաներ իմացա, ու սովորեցի։ Ու ինչքան սովորեցի՝ էնքան էլ տեսա, որ ես շատ ու շատ քիչ բան գիտեմ։ Շան մասին էլ կարդացի։ Համ կարդացի, համ լսեցի, համ կյանքում տեսա, և ահա էդ բոլորից հետո հիմի գրում եմ շան մասին։ Բայց համ գրում եմ, համ մտածում, թե ո՞վ գիտի, դեռ ի՜նչքան բան կա, որ ես չգիտեմ։

Այժմ առանձին սիրով եմ հիշում մեր հին ծանոթին ու տեսնում եմ՝ ճիշտ որ, էն, ինչ որ ինձ ու իմ ընկերներին սովորեցրել էին՝ իսկի շունը չէր։ Շունը շատ ավելի մեծ բան է եղել, քան թե ես էի կարծում էն ժամանակ, և դեռ ո՞վ գիտի, մեզանից հետո էլ գիտությունն ինչեր է բաց անելու։

I

Գիտությունը դեռ չի կարողացել որոշի, թե ո՞ր ժամանակից է շունը մարդուն ընկերացել, միայն կարծիք կա, որ ձեռնասուն կենդանիների մեջ շունը մարդու ամենահին ընկերն է։

Քրիստոնեությունից առաջ եղած հին կրոնները իրենց հոգևոր երգերի մեջ փառաբանում էին շան հավատարմությունն ու մարդուն արած ծառայությունները։

Ասորական ու բաբելական պալատների վրա քանդակած են ասորական ու բաբելական թագավորները իրենց որսի շների հետ։

Նրանից էլ դենը, Քրիստոսից հինգ հազար տարի առաջ՝ եգիպտական հին հիշատակարանների վրա զանազան տեսակի շների պատկերներ կան փորագրած։

Նրանից էլ դենը գնանք, նախապատմական ժամանակների քարե շրջանի մարդկային բնակարանների շուրջը գտնված մնացորդների մեջ շան ոսկորներ են գտնվում։

Նրանից էլ ավելի խորը գնանք, արդեն մարդը ինքը վայրենի է։ Ճշմարիտ է, էսօր էլ կան աշխարհքի զանազան մասերում վայրենի ցեղեր, բայց մի ժամանակ, շատ հազար տարի առաջ, մարդը վայրենի է եղել ամեն տեղ։

Նայած թե որտեղ է գտնվել վայրենի մարդը՝ բաց լեռներում, թե խոր անտառներում, գետափերին ու ծովափերին, թե լերկ, ընդարձակ տափաստաններում, ամեն տեղ էլ հարմարվել է իրեն շրջապատող պայմաններին։ Կերել Է ինչ որ կարողացել է ճանկել՝ վայրենի պտուղներ ու բույսեր, սերմահատիկներ ու արմտիքներ, կամ թե չէ՝ քարով կամ նիզակով որս է արել, հում որսի միս է կերել։ Բայց երաշտ կա, ցուրտ կա, կարկուտ կա, մորեխ կա, պատահում է, որ բուսեղենն ու պտուղը փչանում են, վերջապես ձմեռ կա, ձմեռը հո՛ արդեն վերջանում են։ Կենդանի որսալն էլ հեշտ բան չի, որսը ամեն անգամ ձեռ չի ընկնում։ Եվ ահա հայտնվում է սովը։ Իսկ մենք լավ ենք իմանում ինչ բան է սովը։ Սովը մեր լուսավոր դարում ու ամենաքաղաքակիրթ երկրներում էլ ստիպում է մարդուն ուտել ամեն բան, մինչև անգամ մարդու միս ուտել, նույնիսկ իրեն մոտիկների միսն ուտել։ Հենց մեր մոտիկ ժամանակներում ամեն մի ժողովրդի պատմության մեջ էդ տեսակ դեպքեր շատ են եղել։ Եվ եթե մեր ժամանակներում լուսավոր ժողովուրդների մեջ մարդը կարող է մարդ ուտի, էն խոր ու խավար ժամանակներում հո կուտեր ու կուտեր։ Եվ էն ժամանակները մարդակերությունը ընդունված սովորություն էր։ Մարդը ինչպես գնում էր մի որևէ կենդանի որսալու, որ բերի ուտի, էնպես էլ գնում էր մարդ որսում բերում ուտում կամ մարդազոհ էր անում, մատաղ էր անում իր կուռքի առջև։ Մի խոսքով, ճիշտ էնպես, ինչպես էսօր մեզանում սովորություն է՝ անասունի միս ենք ուտում կամ անասունը մատաղ ենք անում մեր խաչերի ու սուրբերի առջև։

Էսպես էլ մարդակերության սովորությունը շարունակվեց երկար ժամանակ, մինչև որ մարդը ընկերացավ շան հետ։ Շան հետ ընկերանալով՝ մարդը նրա հետ միասին որս էր անում, էնպես, ինչպես էսօր էլ երկու գիշատիչ գազան իրար երբեմն օգնում են մի որևէ կենդանու բռնելու կամ ժայռից գցելու, բայց գլխավորը որսը չէր։ Գլխավորն էն է, որ շանը ձեռնասուն անելուց, տանու անելուց հետո, գամփռ ունենալուց հետո մարդը կարողացավ հոտ ու նախիր կազմել։ Հոտ ու նախիր կազմելուց հետո ունեցավ և՛ պատրաստի միս, և՛ կաթնեղեն, և՛ հագուստի ու այլ գործվածքների համար բուրդ ու կաշի, ապա թե վար ու ցանք անելու, ծանրություններ տեղափոխելու լծկան։ Նրանից հետո էլ կարողացավ ապահով ապրուստ ունենալ, հանգիստ ապրել, պարապել խաշնարածությամբ, երկրագործությամբ, զանազան արհեստներով ու արվեստներով, սկսեց իր շուրջը դիտել, ուսումնասիրել, զարգանալ ու բարձրանալ, ստեղծել գիտություններ ու գրականություններ։

Մին էլ ետ նայեց, տեսավ՝ վաղուց էր մարդակերության սովորությունը վերացել, էն օրվանից, ինչ օրվանից շան օգնությամբ հոտ էր կազմել ու ստեղծել պատրաստի ապրուստ։

Թե շունն է մարդակերության վերանալու և մարդկային կյանքի զարգացման գլխավոր պատճառը՝ դրա համար էսօր էլ աշխարհքը լիքն է ապացույցներով։ Արևելքն է շան հայրենիքը, արևելքն էլ համարվում է մարդկային ցեղի լուսավորության, քաղաքակրթության հայրենիքը։ Եվ արևելքն էլ նրա համար է համարվում լուսավորության ու քաղաքակրթության հայրենիք, որովհետև արևելքի ազգերը անհիշելի ժամանակներից ի վեր շուն են ունեցել, հոտ ու նախիր են կազմել, պարապել են խաշնարածությունով, երկրագործությունով ու արհեստներով Ու զարգացել։ Եվ հետք ու հիշատակություն չկա, թե արևելքի խաշնարած ժողովուրդների մեջ երբևիցե եղած լինի մարդակերության սովորությունը։ Էսպես էլ բոլոր էն երկիրներում, որտեղ շունը վաղ է մարդուն ընկերացել, ինչքան էլ թեկուզ աղքատ ու անբերրի երկիրներ լինեն էն բոլոր տեղերը մարդակերություն չկա։ Իսկ, ընդհակառակը, էն երկիրներում, որտեղ շուն չկա, ինչքան էլ թեկուզ լիքն ու բարելի երկիրներ լինեն, էն երկիրներում մինչև էսօր էլ շարունակվում է մարդակերությունը։ Օրինակ՝ հյուսիսային մշտական ձյունի ու սառնամանիքի մեջ ապրող լոպարները (լապլանդացիք), օստյակներն ու սամոյեդները չգիտեին, թե ինչ բան է մարդակերությունը, որովհետև շուն են ունեցել, եղջերուների հոտեր են կազմել ու միշտ պատրաստի ապրուստ են ունեցել։ Իսկ միջօրեականի կլիմայի տակ գտնվող Բորնեոյի, Ցելեբեսի ու Տիմորի կղզիների նման տաք ու բարելի երկիրներում, որտեղ շուն չի եղել ու չկա, մնացել են մարդակեր։

Գիտությունը մինչև էսօր դեռ չի կարողացել հաստատ որոշի և շան ծագումը։ Ոմանք ասում են տանու շունը առաջ է եկել մի վայրենի տեսակից, որ այժմ անհետացած է, ոմանք ասում են գիլից է առաջ եկել, ոմանք ասում են շնագիլից (չախկալից), ոմանք էլ աղվեսից։ Գիտնականներ էլ կան, որ ասում են և՛ գիլից է առաջ եկել, և՛ շնագիլից, և՛ մարդագիլից, և՛ աղվեսից, դրա համար էլ շուն կա, որ գիլի է նման, շուն կա՝ շնագիլի, շուն կա՝ մարդագիլի, շուն կա՝ աղվեսի, և հասցնում են մինչև սկզբնական յոթը տեսակի, որոնք էլ շան անունով ընդհանրապես կոչվում են շան ցեղ։

Ասում են էդ յոթը տեսակից էլ հետո տարբեր կլիմաների, տարբեր կուլտուրաների ու խառնուրդների ազդեցության տակ առաջ են եկել եղած բազմազան տեսակները, որ հասնում են մինչև իննսունի և ցրված են ամբողջ աշխարհքում, բացի մեծ Անտիլյան կղզիներից (Կուբա, Հայիթի կամ Ս. Դոմինո, Յամայկա, Պորտո-Ռիկո և այլն), Մադագասկարից, Նոր Զելանդիայից, Բորնեոյից, Ցելեբեսից, Տիմորից և Ավստրալիայից։ Ճշմարիտ Է, Ավստրալիայում մի տեսակ շուն կա, որ կոչվում է դինգո, բայց էն էլ տանու չի, վայրենի է։

Ինչպես աշխարհագրական ու կլիմայական, էնպես էլ կուլտուրական պայմանները, մարդու պարապմունքն ու ապրելու եղանակը ահագին ազդեցություն են արել շան թե՛ ֆիզիկական կազմվածքի, թե՛ մտավոր ընդունակությունների ու բնավորության վրա։ Ժողովրդական առածն ասում է՝ ապրանքը եթե տիրոջը չգցի, այսինքն՝ տիրոջ նման չլինի, գողանովի է։ Եթե էսպես է, ապրանքը տիրոջ նման է լինում, որովհետև նրա հետ ու նրա մոտ է լինում և ամեն կերպ ազդվում է նրանից, էն ժամանակ շունը հո էն ապրանքն է, որ բոլոր ապրանքներից ամենից շատ է լինում իր տիրոջ հետ ու մոտ։ Եվ որովհետև ապրանքներից կամ անասուններից գրեթե ամենից ընդունակն է կամ, ինչպես ժողովուրդն է ասում, իմաստուն կենդանի է, միշտ ազդվում է, կրթվում է, սովորում է և յուրացնում է իր տիրոջ բնավորության առանձնահատկությունները։ Առանց մանրամասնությունների մեջ մտնելու՝ նկատված է ընդհանրապես, որ գյուղացու շունը կոպիտ ու անճոռնի է լինում, բայց հավատարիմ. հովվի գամփռը ժիր ու մտացի է լինում, որսկանի շունը ճարպիկ ու հնարագետ, անբան, պարապ-սարապ պարոնի շունը՝ ծույլ ու քմապաշտ և գյուղացու անկիրթ շանից էլ ավելի կոպիտ, փակ, անհյուրասեր մարդու շունը՝ տխուր ու մռայլ։

Մեր հովիվների մեջ սովորություն է՝ հաճախ իրենց հոտը թողնել շների հսկողությանը։ Ամեն մի հովիվ հաստատ գիտի, որ իր շունը միանգամայն կփոխարինի իրեն։ Պատահում է, որ մթնագիշերով գելը կամ գողը վրա է տալիս, հարձակվում է, հոտը ցրվում է, կարկան է անում ոչխարի մի մասն ու քշում։ Աակայն հովիվը չի հուսահատվում, նա լավ գիտի, որ իր շները կփրկեն։ Միմիայն շներն են իր հույսը և միմիայն նրանց է աղաղակում։ Էդ ժամանակ շների մի մասը ցրված ոչխարն է հավաքում, մյուս մասը կամ մինը ընկնում է թշնամու տարածի, կարկանի ետևից՝ անդադար բարձր հաչելով ու կլանչելով, որ տերն իմանա որ կողմն է գնում և ազատում է թշնամու ճանկից, հավաքում ու պահում, չորս կողմը պտտում, մինչև տերը վրա է հասնում։ Եվ էդպես ժամանակը ոչ մի սպառնալիքով ու ոչ մի զենքով չի կարելի ետ դարձնել հովվի շանը։

Իսկ սովորական գիշերը հո նա անշարժ նստած է իր տեղը, իր թևում, հոտի կողքին և ոչ մի բանով, ոչ մի ուտելիքով չի կարելի նրան հրապուրել, տեղահան անել, մինչև վտանգ չլինի, կամ տերը չկանչի։ Կպատահի, որ հոտի մի կողմը մի որևէ կասկածելի շարժում նկատի, էն ժամանակ էլ թաքուն կերթա, կստուգի, կրկին կգա իր թևը։ Հովվի շունը հովիվն ինքն է որ կա, և դրա համար էլ հովիվը իր շանը սիրում է իր անձի նման։ Հիմի դուք նայեցեք մուրացկանի շանը։

Ելիազար Բլազ անունով մի եվրոպացի գրում է․ ասում է՝ կառքում, դիլիժանսում, նստած էի, մի շուն մոտեցավ՝ թաթերը բարձրացրեց դրեց առջևս ու աղաչավոր աչքերը ձգեց երեսիս։ Կառապանը, որ ճանաչում էր շանը, ասավ, «Մանր փող կունենաք, տվեք իրեն, պարոն, տեսեք ինչ է անում»։

Մի սև փող ձգեցի իրեն, վեր կալավ, վազեց մոտիկ հացթուխի խանութը, փողը տվեց, հաց առավ ու մի կողմ քաշվեց, սկսեց ուտել։ Բանից դուրս եկավ, որ մի մուրացկանի շուն էր, տերը նոր էր մեռել, մնացել էր անտեր ու իր տիրոջ նման ողորմություն ուզելով ապրում էր։

Հիմի էլ մի ուրիշ շուն։

Մենք հո լավ գիտենք բարձրաստիճան մարդկանց բնավորությունը։ Նրանք առհասարակ խոժոռ են ու կոպիտ դեպի ամեն մի մարդ, որ ներկայացրած չի իրենց։ Ահա էս տեսակ մարդկանցից մեկը, կոմս Բոասիե (Անդրեչի) 1774 թվին մի մեծ շուն ուներ, անունը Պլուտոն։ Շատ էլ սիրում էր։ Պլուտոնը տանել չէր կարող ոչ մի օտար մարդու, ու կոմսի հյուրերը միշտ վտանգի մեջ էին։ Սրա առաջն առնելու համար կոմսը սկսեց իր հյուրերին ամենից առաջ ներկայացնել Պլուտոնին ու ասել․ Պլուտոն, ահա էսինչ պարոնը, իմ բարեկամն է, և միայն էսպես՝ Պլուտոնին ներկայանալուց ու ծանոթանալուց հետո մարդիկ կարող էին ազատ ելումուտք ունենալ կոմսի տանը։ Ճիշտ իր տիրոջ նման։

Լոնդոնի հայտնի վիրաբույժ Բելկանին էլ իր շանից հետևյալ պատմությունն է անում։ Ասում է՝ մի փոքրիկ շուն ունեի, որ միշտ հետս հիվանդանոց էի տանում ու միշտ կողքիս աթոռին նստած ներկա էր լինում անդամահատություններին։ Մի անգամ էլ հիվանդանոց մտնելիս, չէի նկատել, թե շունս ետ է մնացել, Հանկարծ դուռն ամուր զարկեցի, ու շանս թաթը մնաց դռան տակը։ Շունս սկսեց աղիողորմ կլանչել ու կլանչելով էլ, կաղին տալով վազեց, բարձրացավ աթոռին, աթոռից էլ թռավ անդամահատության սեղանին, սեղանի վրա մեկնվեց ու կոնծկոնծալով թաթը մեկնեց ինձ։ Նայեցի, տեսա ոտի մի մատը ջարդվել է, իսկույն փաթաթեցի, կապեցի, ու մի քիչ անց հանգստացավ, ու իր աթոռի վրա կծիկ եկավ քնեց։ Մյուս օրն էլ եկավ իրան-իրան նույնն արավ ու էսպես ամեն օր, մինչև որ լավացավ։

1881 թվին Մոսկվայում երաժիշտ Բենետտու շունը էնքան վարժ էր նվագում, որ մասնակցում էր երաժշտական խմբի մեջ և իր տիրոջ երգելու ժամանակ նվագակցում էր նրան։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Прийти
Давид Баласанян

Прийти

Константинополь
Константинополь
Играть онлайн