Оганес Туманян
Կիկոսի մահը
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն իրեն միտք է անում․
Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի․․․
Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ․․․
Տեղնուտեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ անել։
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է․
Գնա՛ մի տես, քույրդ ընչի ուշացավ։
Միջնեկ աղջիկն է գնում։
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։ Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։
Ի՞նչ Կիկոս։
Բա չես ասիլ․
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․
Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ, գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է․
Աղջի, մի գնա տես քույրերդ ինչ եղան։ Գնացին ետ չեկան։
Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում երկու քույրն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։
Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։
Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ․
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․
Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ, սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն ձենի տալիս։ Մերն սպասում է, սպասում, տեսնում է՝ աղջիկները չեկան, ինքն է գնում։
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են․
Արի՛, արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եղել։
Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր․
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․
Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան, մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։
Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից, ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ՝ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։
Վեր է կենում գնում։
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի․
Արի՛, արի՛, անբախտ պապի, արի տես՝ քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել․․․ վա՛յ քու Կիկոսին․․․
Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր․
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․
Վա՜յ, Կիկոս ջա՜ն, ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք։
Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է․
Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։
Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած չունեցած չորսոտնանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ՝ մի քթոց ալյուր։
Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։