Оганес Туманян

Հոգեհան

(Լեգենդա)


Փոցխովի ձորում ծաղկում էր Շամոն,
Կուսական գարուն ու սեր շընչելով,
Փոցխովի ձորում թոշնում էր Համոն,
Ծաղիկ աղջըկա սիրուց տանջվելով:

Չէ՛, չեմ հավատում իսկի քո սերին,
Դու սուտ ես ասում, դու չես սիրում ինձ…
Ասում էր Շամոն սիրահար տըղին
Ու հեռո՜ւ-հեռու հըրում իրանից:

Ու դարձյալ գընաց տըղան սիրակեզ.

Ո՞ր կըրակն ընկնեմ, Շամո, որ գըթաս.
Սիրտս չեմ կարող, թե հանեմ տեսնես
Ի՞նչ անեմ ուրիշ, որ ինձ հավատաս:

Տեսնո՞ւմ ես, ահա, ասավ աղջիկը,
Ցույց տալով լերան գագաթը ահեղ.

Ինձ դիր քո ուսին, սըրինգըդ փըչիր,
Ու վե՜ր, պարելով՝ տար մինչև այնտեղ:

Երբ որ կըհասնենք էն սարի գըլխին,
Այնժամ կիմանամ, որ սիրում ես ինձ,
Այնտեղ կըլինեմ ես քո սիրուհին,

Ու սիրով կապված կիջնենք այնտեղից:

Ու դըրավ ուսին սիրած աղջըկան,
Սրինգը հընչեց, ըսկըսեց պարը,
Ճանապարհ ընկավ սիրահար տըղան
Դեպի ամպամած լերան կատարը:

Գընում է, գընո՜ւմ սեպ ժայռերն ի վեր,
Ու պար է գալի, և անվերջ ածում.
Դեռ շա՜տ է հեռու… որտե՜ղ ես դու դեռ…
Դու ինձ չես սիրում, դու սուտ ես ասում…

Ծալվում են հոգնած ծընկները տակին,

Քըրտինքը վազում ճակատից ներքև,
Բերանն է հասել թըռչում է հոգին,
Աչքերը մթնում, շընչում հևիհև:

Չէ՛, չեմ հավատում ես դեռ քո սերին,
Դեռ շատ է հեռու գագաթը լերան…

Ասում է Շամոն նըստած ուսերին,
Ճըգնում է նորից ուժասպառ տըղան:

Արդեն ամպերի տակին է պարում:
Մոտիկ է արդեն գագաթը ձյունոտ,
Վերջին ուժերը հավաքում, լարում,

Դարձյալ մի պըտույտ, դարձյալ մի ոլորտ…

Մի քիչ էլ… քիչ էլ… վերջապես հասավ,
Վայր դըրավ ուսից սարի կատարին.
Հոգիս հանեցիր, օ՜ֆ Շամո… ասավ,
Ասավ ու ընկավ սըրինգը ձեռին:

Այժմ քո սերին հավատում եմ ես,
Այս ժամից ահա քոնն եմ հավիտյան,
Ճըչաց աղջիկը, գըրկեց վերջապես,
Գըրկեց Համոյի… դիակն անկենդան:

Այժըմ էլ ժեռուտ սարի գագաթին

Դեռ ցույց են տալի մի հին գերեզման,
Պատմում, ափսոսում անբախտ իգիթին,
Ու սարի անունն ասում Հոգեհան…

1901
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Алмаст - Персидский марш
Александр Спендиарян

Алмаст - Персидский марш

Красная лошадь
Красная лошадь
Играть онлайн