Даниэль Варужан
Օրհնութիւն
Ափ մը ցորյան ափերուդ մեջ
Թող լեցնեմ, կտրիճ Որդիս,
Կտրիճ Որդիս, գոտի՛ն մեջքիս.
Թող մաճակալ բազուկներեդ
Քսան ցուլի արյուն անցնի,
Եվ եղևնի քո հասակեդ
Քսան տունի սյունը կանգնի.
Ու երբ թիվովը մատերուդ
Սերմանես քու սերմնըցուն՝
Հնձես թիվո՜վն աստղերուն:
Ափ մը ցորյան գլուխդ ի վար
Թող որ թափեմ, թոռնի՛կ սիրված,
Թոռնիկ սիրված, ցո՛ւպս ծաղկած.
Թող ճակատիդ վրա գրվի
Հարյուր սաղմոս իմաստության,
Եվ ուսերուդ վրա դրվի
Տապանակը ըզգաստության.
Ու երբ հոտիդ օր մ’այցելես՝
Թող քու ափիդ գարիին
Հազար ոչխա՜ր երկարին:
Ափ մը ցորյան մազերուդ մեջ
Թող որ տեղամ, վա՛րդ թոռնուհիս,
Վարդ թոռնուհիս, պսա՛կ շիրմիս.
Թող այտերուդ վրա շողան
Ամեն գարուն նո՛ր կակաչներ,
Եվ աչքերուդ մեջ լողան
Ամեն ամառ նո՛ր ճաճանչներ.
Ու երբ տնկես ճյուղ մ’ուռիի՝
Ամեն ապրիլ դուն տեսնես
Իր շուքին տակ կանա՜նչ քեզ:
Ափ մը ցորյան ծոցերուդ մեջ
Թող որ ցանեմ, Հա՛րսս աղվոր,
Հարսս աղվոր, սե՜րս հեռավոր.
Թող անկողնիդ ակոսին մեջ
Հասկ մը ծլի՝ լման շարքով,
Եվ օրորած օրոցքիդ մեջ
Արշալույսնե՜ր ննջեն փառքով,
Ու երբ կթես քառսուն երինջ՝
Դույլերուդ մեջ մակրդի
Կաթը՝ արծաթ, դալն՝ ոսկի:
Ափ մը ցորյան, ափ մը ցորյան,
Ա՜յ իմ պառավ, ա՜յ իմ Աննա,
Մեր գլխուն ալ թող որ տեղա.-
Թող չսառի՜ արևն աշնան
Մեր մազերուն ձյուններուն մեջ,
Չմարի՜ մեր մոմն իրիկվան
Ժամուն մարմար սյուներուն մեջ.
Ու երբ դրվինք ա՛լ գերեզման՝
Մեր ներքևը հո՛ղը, Աննա՛,
Քիչ մը կակո՜ւղ թող ըլլա: