Аветик Исаакян

Նորից եկան գարնան անո˜ւշ օրերը,

Նորից եկան գարնան անո˜ւշ օրերը,
Ցուպս առնիմ, ընկնիմ սար ու ձորերը. –
Սիրտըս կուզե հեռո˜ւները սավառնել,
Նո՛ր ուղիներ, նո՛ր աշխարհներ թափառել:

Սեգ ժայռերի վայրի, խոլոր բարձունքեն
Վարդեր քաղեմ ու ճակատըս պըսակեմ.
Սարերն ի վեր ամպերի պես բարձրանամ,
Արծըվի հետ այրված կուրծքըս հովին տամ:

Արևն ելավ ոսկի հուսքերն ուսերին,
Զառ հավքերը իրար անո՛ւշ ձեն տվին.
Սիրտըս զվարթ` արտուտի պես թըռվռուն`
Դեպի արև, դեպի ճամփա է թըռնում:

Եղնիկները ցողաշաղաղ սարն ելան,
Նրանց հետքից թռչկոտելով սարն երթամ.
Խարույկի շուրջ, հովիվների, հոտի քով,
Սերըս երգեմ` քաղցր շըվին ծոր տալով:

Որտեղ մըթնի, այնտեղ քնիմ միայնակ,
Վառ աստղերի, կապույտ երկնի ծածկի տակ.
Ուռիները հովերի հետ միասին
Ինձ գուրգուրող օրոր կասեն` որ քնիմ:

Եվ ծեգը ինձ համբուրելով ձեն կըտա.
Կուրծքըս լիքը թարմ բուրմունքով կըթնդա.
Ու կարկաչուն աղբյուրների ցողերով
Կըլվացվիմ և կըճախրեմ նոր ճամփով:

Կերթամ հեռո˜ւ անապատներ ու ծովեր,
Կըթափառեմ անհայտ վայրեր, աշխարհնե˜ր,
Ուրիշ ազգեր, ուրիշ սըրտեր տեսնելու
Եվ ամենը հասկանալու, երգելու:

Եվ բընության հըրաշքները կըտեսնեմ,
Նըրա լեզուն, հազար տեսակ, կըլսեմ.
Ուրիշ երկինք, ուրիշ աստղեր գրկելու…
Եվ ամենը խորն զգալու, երգելու…

- է˜յ դու, անգին, թափառական, վսեմ կյանք,
Հեռուների, անհունների իմ տենչանք.
Քո շնորհիվ հըրեղե˜ն եմ, թևավոր,
Աշխարհն իմս է, գըլխիս տերն եմ ու հզոր…

1903

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Симфоническое Панель "Армения"
Лазарос Сарьян

Симфоническое Панель "Армения"

Ожидающий
Ожидающий
Играть онлайн