Армине Мурадян
Պարտված երկրի տղամարդկանց աչքերը
Պարտված երկրի
տղամարդկանց աչքերը
դիակիզարաններ են վառվող,
ու հողե բիբերում
դեգերում է մաղձը դառնահամ,
իսկ սրտերը նրանց ցամաքել են արդեն,
ու ջրերը վերջին
պոկել ու տարել են սերերը մամռոտ։
Պարտված երկրի
տղամարդկանց հիշողությունը
վերք է արնահոս,
ու ոչ մի կերպ
այդ մաշկի տակ էլ զգաստ չի շարվում
ծիրը անմահ աստղերի…
իսկ «խաղաղության» օրացույցից
չի պոկվել արդեն
վրեժի 771 փամփուշտ՝
գուժելով չգոյությունն իրենց կյանքի,
օրերում այս բարակ ու անհասցե:
Պարտված երկրի
կանանց ձեռքերը
ամեն առավոտ լվանում են
սավաններ մղձավանջե
ու կտրում
ձախ փողքը հերթական շալվարի՝
սրտերում դարսելով
օրերն այս՝ չարդուկած ու անսեր։
Պարտված երկրի
կանանց շուրթերին
թափառում են բառեր անժպիտ,
իսկ մարմինները նրանց
լեռների փեշերից վտարված
անմշակ դաշտերի նման
հրկիզվում են դանդաղ…
Ու կանայք այս ցնորված երկրի,
որ դարձել են հարալեզներ
անհոգի մարմինների համար,
մտորում են անդադար.
«Ի՜նչ դժվար է սիրել
պարտված երկրի տղամարդկանց»,
երբ ամեն գիշեր
իրենց գրկելու փոխարեն
երկրի ու երկնքի դռների արանքում
նրանք լռում են բարձրաձայն…