Анна Давтян
KONJELAZIA
– Ընկեր Դասատու, կարո՞ղ եք ինձ սիրել:
Թեեւ պատմվածքը Էլվինա Մակարյանի մասին էր, բայց դասատուն հասկացավ ասելիքը, գովասանական խոսքեր գրեց տղային, կարծես ինչ-որ բաներ էլ խոստացավ, հիշեց նրա պայծառ, մաքուր խարտյաշությունը, ժպիտից բացվող, հետ գնացող ականջները, խորամուխ հարցերը, հետո շեղվեց, ընկավ մյուս աշակերտներով, մոռացավ:
Հետո նամակ ստացավ.
– Ընկեր Դասատու, կարո՞ղ ենք հանդիպել:
Օրերով ձգձգեց, հանդիպման օրը դես-դեն արեց, հոգնած էր, ուժ չուներ: Ուժ չուներ դիմանալու նրանց՝ ճշմարտություն փնտրող դեռահասությանը:
Օրերը անցան, հանդիպումը սկսեց տանելի թվալ, ու հանդիպեցին Ակումբ ակումբում՝ աթարներով արվեստի գործի ու հին պաստառների արանքում: Դասատուն մարած էր հոգնածությունից, անպատրաստ ու գեղեցիկ այդ օրը: Չգիտեր՝ ինչ էին խոսելու, ինչ են ծամծմում աշակերտի հետ, որ հանդիպումը համարվի կայացած: Սուրճ պատվիրեց, զգեստը քաշեց ծնկներին, որ վագրանախշ սեւ զուգագուլպան շատ բաց չլինի, նախապես ձանձրացավ սպասվող խոսակցությունից, ծխեց:
Տղան սկսեց ասել, որ Վիոլետի «Քաղաքը» անգիր գիտի ու եղել է Երեւանի բոլոր հիսունվեց, թե հիսուներեք թանգարաններում: Դասատուն չխնայեց՝ ասելով, որ դա առանձնապես գլուխ գովալու բան չի, որ անգիր անելու ու թանգարաններ այցելելու մեջ ընդհանրապես պետք է կոռեկտ լինել:
– Երբ Դուք իմ տարիքին էիք, ի՞նչ էիք երազում:
– Չգիտեմ, չեմ հիշում:
Երբ խոսքը գնաց գրքերից, տղային հանձնարարեց քիչ կարդալ: Նա չէր փորձում խելացի երեւալ, պարզապես անկեղծորեն հետաքրքրված էր ու հարցեր ուներ, որոնց պատասխանները դասատուն փորձում էր կարճ կապել:
– Գրքերը ասեղի ծակով հետդ չեն անցնելու,- ասաց: Հետո նայեց նրա ճերմակ, սիրուն վերնաշապիկին, գնահատեց այն ջանքը, որ թափված էր դրա կոկիկության վրա:
Ինչ-որ պահի դասատուն ինքն իր մեջ ընկավ, պատասխանները սկսեցին հնչել այնտեղից, իր սեփական փորձից ու ձախողումներից, ու տղան կարծես դրանք ավելի լավ հասկացավ, աչքերից սկսեց թափվել մտածելու ճիգը:
Հետո խոսակցությունը սկսեց հետաքրքրանալ, որովհետեւ ծավալվեց այնպես, որ տղան թողեց իր նախապես պատրաստած հարցերն ու հետաքրքրվեց բաներով, որոնց հասու չէր եղել: Դասատուն դարձավ անկոտրում: Ներսը դուրս արեց: Եռանդ լցվեց խոսքի մեջ: Բաներն սկսեցին ժամանել հայտարարության ձեւով: Կռահումները խոսքի վերածվեցին ու բարձրացան աթարներն ի վեր: Տղայի հարցերը գնալով ճյուղավորվեցին, ու դասատուն սկսեց փայլատակել, ինքն իր վրա քեֆ-քեֆ անել: Ոգեւորված էր ինքն իրենով: Կյանքի վկա էր գտել, որին շշմեցրել էր, որն առանց այդ էլ կարիքի մեջ էր: Տղայի ճակատը բացվել, ու մազերը հետ էին գնացել: Մտքերը խռնվել էին ճակատի լույսի հետեւում: Հետո ասաց.
– Երբ առաջին անգամ մտա դասարան, տեսա Ձեզ, անտանելի վատ տպավորություն գործեցիք՝ Ձեր կանաչ կաշվե շալվարով ու մանուշակագույն անգորա սվիտրով: Մազերն էլ թափված էին, ես այդպիսի մազեր չեմ սիրում:
Դասատուն անակնկալի եկավ, ու թեեւ բացատրում էր՝ ռաբիզին վերադարձած ճաշակը դրա վերաիմաստավորումն է, բայց փորձում էր հիշել, թե երբվանից սկսեց մազերը հավաքել:
– Բայց մի անգամ՝ երրորդ կամ չորրորդ դասին, հագել էիք կարմիր շալվար ու մոխրագույն բրդոտ սվիտր, որը բարձր կանգնած էր վզի վրա: Մազերը հավաքել էիք ու կոպերին քսել էիք կարմիր ստվերաներկ՝ համադրված մուգ վարդագույն շրթներկի հետ: Եկաք, կռացաք համակարգչիս վրա, կարդացիք պատմվածքս, հետո ներքեւ՝ էկրանին հակված աչքերը բաձրացրիք, ու քանի որ լույսի մեջ էիք կանգնած, կարմիր կոպերի տակից վառվեցին Ձեր աչքերը՝ կանաչ-կանաչ, մի քիչ ներքեւ վարդագույն շրթներկը: Ես փակեցի աչքերս ու հոտ քաշեցի: Օծանելիքի տակից գալիս էր թարմ շամպունի հոտը, որը ես այնքան սիրում եմ: Ուղղորդումներ տվեցիք, գնացիք:
Դասատուն ձեռքը տարավ վզին: Այդ պահին չէ, բայց հետո մտածելու էր, թե ինչ էր նշանակում այս ամենը:
– Ես մայր չունեմ,- ասաց տղան,- ես ընկերուհուս ասեցի, որ գտել եմ իմ մորը:
Դասատուն ապշած նայեց:
– Կարո՞ղ եք ինձ սիրել:
Հապճեպորեն ասաց՝ հա: Ժամանակ չունեցավ խոսքերին հետեւելու, երբ նկատեց, որ արդեն փորփրում է նրա կյանքի մանրամասները: Ուշքի եկավ այն պահին, երբ տղան պատմում էր, որ մոր մահից հետո, երբ հայրն էլ արդեն լքել էր իրենց ու գնացել երկրից, եղբայրներով ապրում էին Չարբախի մի խրճիթում, որտեղ սկեսուրը կացինով սպանել էր իր հարսին: Պատերից թափվող ծեփոնների տակից, երբ փորում էր մանր մատներով, բացվում էին արյան բծերը: Դասատուն, երբ անդրադարձավ ինքն իրեն, նստել էր՝ ձախ ձեռքով բերանը բռնած, աջով մոխրամանի մեջ էր ճզմում արդեն տափակած գլանակը: Հետո տղան ցույց էր տալիս նվաղած պատկերներ մորից. ոնց էր շալը ճանապարհին ընկել, ու նա շաքարից չաղության պատճառով չէր կարողացել վերցնել, թողել էր այդպես մայթին ընկած, ու տղան էր գտել դպրոցից տուն դառնալու ճանապարհին:
Հետո մատը դրեց նրա ճեփ-ճերմակ, օձիքը ձիգ վերնաշապիկին, ու տղան ասաց՝ ես եմ արդուկել:
Գրպանից հանեց զինկոմ ներկայանալու ծանուցագիրը: – Բանակ եմ գնում: Դասատուի սիրտը ճմլվեց: Աչքերը փակեց, գլուխը հետ գցեց ու միանգամից ասաց.
– Էլ ինձ ընկեր չասես ու դուքով չխոսես:
– Լավ:
– Հայհոյել գիտե՞ս:
– Էն էլ ոնց: Ախպերներս ամեն օր ծծցնում են իմ էփած փլավը:
Դասատուն վատ զգաց նրա հայհոյանքից, կուզեր լսած չլինել, թեեւ այնքան սազում էր նրա մաքուր, բարձր ճակատին:
Երբ մեքենայի մոտ գրկեց, սիրտը խառն էր, զգաց նրա՝ գրկելուն վարժ թեւերը: Չիմացավ՝ ինչպես է դա սովորել առանց մոր գգվանքների:
– Դուռ-լուսամուտ բաց կքնես, ես պոստի եմ:
Գրկի մեջ ավելի սեղմեց նրան:
Գնաց տուն հուսահատված ու մոլոր:
Մարիամենց շեմից ներս կարմիր նայում է նեոնե ֆլամինգոն, ու տունն այնքան տարօրինակ է, որ ամեն անցորդ ներս է մտնում՝ տեսնելով դռան կողքի ցուցանակը, որի վրա գրված է՝ KONJELAZIA: Կոնջելար՝ իտալերեն սառեցնելն է, ու Մաքսը՝ Մարիամի ամուսինը, փորձելով ռուսացնել բառը՝ կոլեգաներին հասկացնելու համար, ավելացրել է ռուսերեն գոյականակերտ ածանցը ու սարքել konjelazia. Բառը դարձել է ընտանեկան, հետո կպնելով տան բաց դռների հղացքին՝ դառել է դրա անունը՝ հղացքի նման որսալի ու անորսալի:
Բացվում են երկու ավերակ դռները մի այնպիսի միջանցքի վրա, որը լցված է մոմերով, տուրիստներին վաճառվելիք իրերով, գրքերով, հին ձայնապնակով, որտեղ Մաքսը դուդուկի հին ձայներիզներ է դնում:
Երբ նստած են լինում սրճելով, միշտ էլ դռան կողքով անցնող մեկը վիզը երկարացրած փորձում է գուշակություններ անել, թե ինչ տեղ է, ու Մարիամը հազր բարեւով ներս է կանչում անցնողին այնպես, որ ընկեր դասատուն ուզում է Մարիամին ասել՝ you are too nice to people. Չգիտես ինչու՝ ուզում է անգլերեն հանդիմանել նրան: Հետո մտածում է, որ դա նրա ապրելու ձեւն է, որ պետք չէ խաթարել մարդու գտած ձեւը, ու լռում է:
Մտքի բոլոր ալիքներով տնտղում է Գյումրիի հեռու թաղամասերը, երբ Մարիամի տան լույսի մեջ նստած զրուցում են գործընկերներով: Ինչ-որ տեղ, ինչ-որ մի տեղ կամ բզզում է, կամ արդեն քնած է զորանոցը, որտեղ իրեն հասանելիք անկողնում քնած է տղան: Զորամասը տեղադրում է քաղաքի տարբեր ծայրերում՝ ինչպես համակարգչային մարտավարական խաղերում: Հետո տեղը տարրալուծվում է, ու պարզապես զգում է տղայի ներկայությունը՝ ցրված քաղաքում, առանց կոնկրետացող կետի: Անդրադառնում է իրեն, կարծես Մաքսի սարքած գոյականի նման ավերակ լինի՝ միաժամանակ սառած ու ժայթքուն:
Երբ գործից հետո Գյումրի գործուղման եկած կոլեգաներով հերթական անգամ մտնում են Մարիամենց տուն՝ երեկոն անցկացնելու, երկու անծանոթ տղամարդիկ են նստած՝ մեկը բավականին առաջացած տարիքի: Մարիամը իր բուխ ձեւով ներկայացնում է նրանց, ու Մաքսը սկսում է սենյակներից աթոռներ կրել, որ բոլորը տեղավորվեն:
– Թենք յու, Մաքս:
– Քնդրեմ:
Տղամարդկանցից ավելի տարեցը Կումայրի արգելոցի ինչ-որ պաշտոնյա է, որ քար առ քար գիտի Գյումրու բոլոր շինությունները: Ինչ Մարիամենք Երեւանից տեղափոխվել են Գյումրի, նրանց տան այցելուն է: Այնպիսի մարդ է, որ ոչ փողոցի պատի տակ կկանգներ զրույցի, ոչ փաբ ու բար կգնար, իսկ տանն էլ կինը մահացել է, այնպես որ հավանաբար սփոփանք է նրա համար դուռը բաց այս տունը: Խոսում է Գյումրվա գլխով անցած ինչ-որ պատմություններից, տարեթվեր է ասում, որոնք Անդոն արագ գուգլում է ու տղամարդու գնալուց հետո զարմացած կասի, որ բոլոր տարեթվերը ճշգրիտ էր ասում:
Մարիամի արհեստական բեգոնիաների, ժանյակների, կայծկլտուն փայլիկների, մոմերի ու լույսերի արանքում տղամարդը խոսում է օջախից, ու կամաց-կամաց խոսքը գնում է դեպի կնոջ դերը, կնոջ տեղը, կնոջ անելիքը այնպես, ինչպես միշտ իմացել են տղամարդիկ: Ընկեր դասատուն, չդիմանալով, հեռանում է դեպի տան խորքերում ծվարած փոքրիկ զուգարանը, որ ստիպված չլինի խառնվել խոսակցությանը: Երբ հետ է գալիս, խոսակցությունը դեռ շարունակվում է, ու նա դիտմամբ ծխախոտ է վառում ու հայացքը գցում է դռան վանդակաճաղ լուսամուտի մեջ խորացող մայրամուտին: Գործընկեր տղամարդիկ հարցական նայում են նրա դեմքին, ու Դավիթը վրա է բերում.
– Բա ինչո՞ւ չես խոսում, քո թեմաներն են, թե՞ ուժդ մենակ մեր վրա ա պատում:
Մայրամուտից հետ է գալիս, հավաքում է հեռվում թափառող մտքերը:
– Դավիթ, երբեմն պետք է հաշվի առնել տարիքը, տարիքի հետ եկող եզրակացությունները…
Ընկեր դասատուն փորձում է խոսքեր գտնել, փորձում է ներսից հավաքել, ի մի բերել մտքերը, երբ տարեց տղամարդն ասում է.
– Այսինքն դուրս է գալիս՝ ես հետամնա՞ց եմ:
Խոսքն այնքան հակառակին հավատալով է ասում, որ ընկեր դասատուն միանգամից վրա է բերում.
– Մի քիչ:
Մի ակնթարթի չափ լռություն է տիրում, Մարիամը, կողքին նստած, սառում է, ու ընկեր դասատուն շարունակում է՝ ասելով, որ չի ուզում մայր լինել միայն իրենից ծնված երեխայի համար, որ իր տղան բանակում է: Բոլորը ծիծաղում են: Մաքսն ասում է՝ never fight with my hopar again. Հետո զրույցը թեքվում է ու թեժանում, խոսքը գնում է նոր հեղափոխության ու այլ բաների մասին, ու ընկեր դասատուն կամաց-կամաց ընկղմվում է իր մեջ: Կարծես ջրե վարագույրի հետեւից տեսնում է դիմացը նստած փխրուն տղամարդուն՝ մեծ, կեռ քթով ու ծանրացած, մաշված ուսերով, հագին կոկիկ, մաքուր վերնաշապիկ, ու անտանելի ափսոսում է իր սրության համար, իր կնությունն իրեն չթողնող նրա վարմունքի համար: Մտածում է՝ գոնե երբ ասաց՝ հետամնաց, կարող էր միանգամից չասել՝ մի քիչ, կարող էր ասել՝ ես կասեի ոչ թե հետամնաց, այլ հետադեմ, ինչ-որ ձեւով թիավարել խոսակցության միջով, որ համ իր ասելիքը տեղ հասցներ, համ նրան չխոցեր: Այդպես էր միշտ. կատաղում էր, վրա էր տալիս, հետո խղճում էր ու հետ քաշվում: Չէր սիրում կոպիտ լինել:
Ամբողջ գիշեր ամեն զարթնելիս Գյումրվա մթություններում հածող մտքի մեջ մեկ էլ զնգում էր իր ասած խոսքը՝ մի քիչ, ու տեսնում էր նրա ծերացող, հեռացող մարմինը՝ անկին փաթաթված ինչ-որ անկողնու լաթերի մեջ: Հետո միտքը գնում էր ջահելությանը, ծեր ծածկոցների տակ փաթաթված մատղաշ հույսին, զորամասի երեկոյան անվանականչին, ուր հնչում էր տղայի անունը:
Հաջորդ օրը երեկոյան Մարիամը հաղորդագրություն գրեց` estegh Erku axchik En, ari, uzum em gas: Ընկեր դասատուն փորձում էր գլուխ հանել գործընկերոջ նկարած երկու մատ քարտեզից, որը ցույց էր տալիս տղայի զորամասի տեղը: Հիմա մոտավոր պատկերացնում էր դրա տեղադրությունը, ավտոկայանից այնկողմ՝ նրա հերթապահ գիշերը: Ժամը ուշ էր, բայց Մարիամենց տունը շատ մոտ էր, երկու քայլի վրա: Վերցրեց նրա համար գնած գազարագույն էլեկտրական թեյնիկն ու գնաց:
Հենց հայտնվեց շեմին, երկու անծանոթ աղջիկները ուրախության ճիչեր արձակեցին ու ծափ տվեցին: Մարիամը, հավանաբար, հասցրել էր նրանց գլուխը լցնել եկողի մասին պատմություններով: Մեկը հայ էր՝ Նոնան, մյուսը՝ գերմանացի, Միլան: Մարիամը ձեռքներն էր տվել թաթար բորակու ափսեներն, ու նրանք համով-համով ուտում էին: Հավանաբար շատ փոքր էին, տասնինը-քսան տարեկան: Նոնան անմիջապես հիշեց, որ տեսել է ընկեր դասատուին դաս տալիս: Հիշեց, որ հիացած պատմել է Միլային այդ մասին եւ ուզել է գրկել ընկեր դասատուին ու շնորհակալություն հայտնել: Ինչ-որ թեմաներ էր ասում, որ ընկեր դասատուն չէր հիշում, թե երբ է խոսել:
Երբ զրույցը ծավալվեց ու խոսակցությունն առաջ գնաց, ակնհայտ դարձավ աղջիկների՝ հոգով ու մարմնով անդադար իրար փարվելը: Նոնան՝ դեղին, նուրբ, կարճ մազերով, այնպիսի աչքերով էր նայում Միլային, նրա՝ զրույցի ընթացքում անընդհատ ծափ զարկող ու ափերն իրար քսող ուրախությանը, որ ընկեր դասատուն մտքերի մեջ ընկավ, կարկամեց նրանց որոշումի հաստատակամության վրա, որով խոսեցնում էին իրենց սերը, իրենց պատմությունները, իրենց կարոտը՝ երկրե երկիր: Չորս հովերուն ցրվիլ, սպասել, սպասել, վախենալ ու սիրել, սիրել: Այս ամենը մտքում՝ տասնյակներով նախադասություն կապեց, ասաց, որ տղա կա: Պատմեց ու ասաց, որ տխրել է երեկվա տղամարդու համար:
Մարիամն իր սուրճի բաժակը շուռ էր տվել, ու Նոնան պատկերներից հոգեբանություն ու ապագա հանող բաներ գուշակեց, Մարիամին պտտեց Գյումրվա փողոցներով, ու Մարիամն այնքան հավատաց նրա ասածներին, որ ընկեր դասատուին էլ սուրճ խմել տվեց:
Նոնան աստծո պատկերը տեսավ նրա բաժակում, հարցրեց, ու ընկեր դասատուն ասաց, որ այնքան չի մտածում աստծո հարցի շուրջ, որ չի կարող անգամ ասել, որ աթեիստ է: Ընկեր դասատուն ոչ մի ճանապարհ չուներ գնալու, թեեւ Նոնան անընդհատ ճանապարհ էր տեսնում նրա բաժակում, հետո մտածեց, որ գուցե տղայի մոտ գնալու ճանապարհն է, որ թեեւ կարճ է, բայց անցնում է իր սրտի կենտրոնով:
Երբ գրկեց նրան, ոտքը դեռ արգելակող ոտնակի վրա էր, մեքենան դրված չէր կանգի ռեժիմ, ու գիրկն այնքան երկար տեւեց, որ վախենում էր, որ մեքենան կփախնի տեղից, եթե ոտքը մի փոքր թուլացնի: Շրթներկ էր քսել ու համբուրեց նրա այտերը, ձեռքերը, թեւերը: Հետո լռեցին ու նայեցին իրար: Չգիտեին՝ իրար ինչ են գալիս: Նորից գրկեցին, ընկեր դասատուն ձեռքը տարավ նրա զինվորական գլխարկին, հանեց ու շոյեց սափրած գլուխը: Հետո, ավելի ուշ, երբ տանն էր արդեն, մտածեց, որ գուցե լավ չէր գլխարկը հանելը, կարծես նրա զինվորությունը, նրա այդ պահի կյանքը զանց առնել լիներ:
Ինչ-որ բան էր հասունացել ժամանակի մեջ: Հոգու ինչ-որ մոտիվ զգացնել էր տալիս ինքն իրեն, որը չէին ուզում սահմանել:
Շատ արագ քշեց մինչեւ քաղաքի հրապարակ՝ տանելով իր թանկ բեռը: Մեքենայի ռադիոյով իննսունականների դիսկո ոճով ինչ-որ երգ էր հնչում: Մայա, մայա նեզեմնայա, կակ տի մենյա նաշլա: Տղան լսում էր ու նայում կողքի՝ լուսամուտից դուրս տարածվող հում եղանակին: Այդ նեզեմնայան ընկեր դասատուին տարավ անհողեղեն բառին, մտաբերեց հողը՝ մարդկանց վրա քաշված, քաշված հին ու նոր մեռելների վրա, տղայի մոր վրա, ու ինքն էլ իրեն զգաց հողի տակ ու հողի տակից դուրս եկած նրան նորից ծնողը, նրան իր մարմնից բաժին հանողը, նրան հռչակողը:
Երբ նստեցին բալագույն բարի կաշվե աթոռներին, ընկեր դասատուն խնդրեց նրան մոտ նստել: Ու նա իր հրեղեն աթոռը գռգռալեն մոտ քաշեց ու պատվիրված ամերիկանոյից կում արեց: Զինվորական գլխարկը թարս դրված էր սեղանին՝ մեջը ընկեր դասատուի՝ տղայի մոտ գնալու քարտեզը, որ երկու անճարակ գիծ էր պարունակում: Տղան ուզեց քարտեզի քառանկյուն թերթիկը վերցնել հետը, ու ընկեր դասատուն հապաղելով տվեց, որովհետեւ ուզում էր իրեն պահել: Կարծես ռազմական մեծ օպերացիայի ծրագիր լիներ:
Չգիտեին ինչից խոսել: Լռում էին, ոչինչ չունեին իրար ասելու: Նայում էին իրենց դիմաց դրված բաժակներին ու ժպտում: – Ուզում եմ քեզ կուլ տալ, վերացնել,- ասաց դասատուն: Ձեռքը տարավ տղայի ենթաօձիքին, որ ինքնապատրաստման ժամին ինքն էր կարել իր ձեռքով, ու զարմացավ, որ օձիքը մարմնագույն էր, ոչ սպիտակ: Հիշում էր՝ ինչպես էին քրոջ հետ լվանում մորաքրոջ տղայի զինվորական համազգեստն ու օձիքները, մի ժամանակ դրանք ճեփ-ճերմակ գույն ունեին: Տղան ասաց, որ համազգեստը փոխվել է: Մթան մեջ այդ սպիտակ ենթաօձիքը հեշտ թիրախ էր, մի քիչ վերեւ ու՝ գլխին: Ընկեր դասատուն ձեռքը տարավ նրա ճակատին՝ փամփուշտի տեղը, ճակատը ողորկ էր ու անթերի:
Հետո տղան սկսեց պատմել իր զինվորական առօրյայից, որից գոհ էր մարդկայնորեն, երիտասարդորեն: Կարծել էին, որ դրսից է եկել, այնքան որ խարտյաշ ու տարօրինակ էր: Ամեն ինչից էր նրա սիրտը լցվում ու թռնում, ասում էր, թեեւ դասի ժամին արցունքները կարող էին հոսել տետրի վրա, ու զինվորական սպան կարող էր հարցնել՝ Պետրոսյա՛ն, լացում ե՞ս:
– Հա՛:
Բայց կային Գյումրվա լավ քամիները, ասում էր:
Նայում էր ընկեր դասատուին ու երազում էր, դժվար էր ասել, թե ինչ: Միեւնույն է, չէր մոռացել Վիոլետի «Քաղաքը» ու մի օր արտասանել էր տղաների համար, որ շշկռված լսել էին ու անունը դրել Զվյոզդ: Բանակը շատ սեր ա տալիս մարդուն, ասում էր, բայց ընկեր դասատուն գիտեր, որ դա բանակից չէ: Բոլորի մոտ, ասում էր, ընկալումն այն է, որ իր ճակատին իբր գրված է՝ ընծայեք ինձ ձեր կյանքի պատմությունը: Ու լսում էր բոլորին:
Երբ դուրս էին գալիս զինվորական հրապարակը մաքրելու, մաքրելու բան էլ չկար, ամեն օր էին ավլում, ինքը մի երկու-երեք տերեւ էր գտնում, ավելով տշտշում էր մի մասից մյուսը, խաղում էր հետները, կյանք տալիս, քշում, հետ էր բերում, հետո՝ վերջ հրամանին, վերցնում էր այդ երկուսին, երեքին ու տանում, գցում էր աղբարկղը: Ոնց էլ լինի, տերեւ միշտ գտնվում էր:
Ընկեր դասատուն նայում էր նրա արձակման թերթիկին, երբ ասաց՝ արի քայլենք: Դուրս եկան, բացեցին անձրեւանոցը, քայլեցին Կիրով փողոցով: Տղան չէր մրսում, բայց դողում էր: Ընկեր դասատուն հետեւից մի ձեռքով գրկեց նրա ամբողջ թիկունքը, սեղմվեց ու նայեց նրան, տղան հաստատեց, որ դողում է: Միլիոնավոր սալարկված փողոցներ անցան, միլիոնավոր սեւ ու հին տների կողքով տարան իրենց դողացող ներկայությունը, համարյա բան չխոսեցին, անձրեւանոցից անձրեւը կաթաց նրա զինվորական փայլեցրած սապոգներին ու փշրվեց: Ժամանակը սպառվեց, արձակման թերթիկը ջուր դառավ:
Մեքենայի մեջ նստած հաշվում էին վերջին վայրկյանները միասին, երբ պատուհանի ապակուց կիսով չափ ներս խցկվեց մի մարդ ու սկսեց գորովանքով քաշքշել տղայի այտերը, համբույրներ տեղալ ու բարեմաղթանքներ ասել: Ափով խփեց դոշին, տնտղեց թեւերը, հազարումի խոսքեր թափեց, հետո նայեց ընկեր դասատուին:
– Տղեդ է՞:
– Հա,- ասաց նա, ու չգիտես՝ որսա՞ց, թե՞ չորսաց տղայի արձագանքը: Չկողմնորոշվեց, չիմացավ: Տղամարդն այդ ընթացքում հանել էր ինչ-որ դեղատոմս ու բաներ էր ցույց տալիս, ընկեր դասատուի ձեռքն ակամա գնացել էր դրամապանակին, որտեղից հազար դրամ հանեց ու մեկնեց տղամարդուն: Նա ասաց՝ քիչ է: Զարմացավ, չուզեց տալ, բայց մի հազար էլ տվեց: Տղամարդը վերջին համբույրները տեղաց ու հեռացավ:
Արդեն մեքենան գործի էր գցված, երբ նրա երկու բարակ, բայց խոշոր ձեռքերը տղայի պատուհանից ներս խցկեցին մի անհավանական գզգզված աղավնի, որից տղան սարսափելի վեր թռավ: – Տար հետդ, մեռնիմ ջանիդ: Մորդ խաթեր կուդամ: Հրաժարվելու ու զորամասում դրա անթույլատրելիության մասին պնդելու արանքում՝ ընկեր դասատուն արդեն հետ էր տալիս մեքենան, նոր տղամարդը դուրս քաշեց խեղճ, բարակ, փետրաթափ կենդանուն ու մնաց հետեւում գլխահակ կանգնած կաթացող անձրեւի տակ:
Մեքենայի մեջ գրկեց տղային կապեպեի մոտ, համարյա լացում էր: Երկար մնացին, հետո տղան ասաց՝ շամպունդ չես փոխել: Նրա այտի վրայից մաքրեց շրթներկից մնացած հետքը, որից մի հատը կար նաեւ ձեռքի երեսին: Տղան չթողեց այդ մեկը մաքրել: Հետո դուրս եկավ մեքենայից ու գնաց: Հայելու միջից երկար նայեց նրա դեպի պատերազմներ ու մեծ հույսեր հեռացող կերպարանքին:
Երբ հետ էր քշում՝ թուլացած ու դատարկ, Աստծու առաջ մտովի մորթեց այն խեղճ, բզկտված աղունիկին, շրջանցեց փոսերն ու պատեց նրա ճանապարհը դրա փետուրներով ու արյունով: