Анна Давтян
Արարատ
Դաշտի միջից բացվում է ինչպես միֆ, ինչպես ճանապարհն հսկող ալֆա՝ երկու գագաթների պարանոցին ամպի միֆական ծվենը, լանջերը` ձյունից փայլուն ու տաք, հայելային, քանդող, անդավան, հրահրող, գիտի ուր, ասում է՝ գնա, հասիր, ետ մի նայիր, գտիր, ջնջխիր, պոռթկա: Ցուրտ է, խավար է հեռվում եւ անժպիտ. հեռվում՝ մեկ այլ տեղ, բայց հիմա այստեղ՝ Արարատի իմ փեշերին սլացող այս ճանապարհի վրա բացում եմ, ասում է, քո առաջ արեւը:
Արեւը բացվում է աշնանային ճեպընթաց այգիների վրա՝ գույներից ծանրաբեռն, ու կարմիր ծառաստանը ենթարկվում է բոցերին ու տապին: Մայրուղին` E117, գնում է ուղիղ, անփոս, հարթ՝ ճղելով միջոցը, կապույտ ընթանալով եղեգների փրփուրե գլուխների միջով: Ամենուր եղեգներ են՝ կորցրած իրենց ամառային թարմությունը ու աշնան մեջ վերածված լուսագլուխ առասպելների: Խաղողի այգիներն արդեն թաղված են՝ ընկողմանած հողի ծանր գուղձերի ու սարի շնչի տակ:
E117-ը դուրս է գալիս երիտասարդ լուսանկարիչ կնոջ ուղիղ սրտից ու փռվում է մեքենայի դիմաց՝ իր հրավիրող ասֆալտ-բետոնով: Լուսանկարչական խցիկը դրված է կողքին՝ մեջը Արարատի երկու՝ ոչինչ չփոխանցող պատկեր: Գրեթե չգիտի, թե ուր է գնում: Հեռախոսի Գուգլ քարտեզը ցույց է տալիս ճանապարհը՝ բացարձակ անվրեպ, բայց չի ասում՝ ինչ է տեղի ունենալու ճանապարհի վերջում:
Գնում է տղային լուսանկարելու, որի անունը Սպարտակ է: Նրա կերպարը խորանում է ճանապարհն ի վեր, իր լուսանկարչական շարքի արժանի բնորդն է, ում հետ հասցրել է երկու բառ փոխանակել: Տնտղում է նրան մտքում, տեղադրում տեսարանների մեջ, որոնք պիտի պատմեն տղամարդկային սեռականության մասին, որոնցից, ենթադրում է լուսանկարիչ կինը, տղամարդիկ իրենք անգամ տեղյակ չեն: Ամեն դեպքում նրանք, ում ինքն է ընտրում լուսանկարելու: Գնում է որպես հայտնագործող, նրա վրա իր տեսախցիկի աչքը գցող, նրան` իրենից առաջ ճանաչող, նրա նոր առնականությունը չափագրող: Իրենից հեռացնում է շահագործման մասին մտքերը, լուսանկարը միայն տեսանելու համար է:
Մայրուղուց պիտի թեքվի Արտաշատ տանող ճանապարհով, հետո այնտեղից էլ հասնի Օձասարի տակ պառկած գյուղը: Հերթով կարդում է հանդիպող բոլոր ցուցանակները, սիրտը լույսից զարկում է: Կարո՞ղ է նկարել այն, ինչ ուզում է: Ինչո՞ւ է քշում դեպի այս անծանոթ աշխարհով հովիտը:
After three hundred meters turn right, ասում է կանացի ձայնը հեռախոսի միջից: Թեքվում է: Ճանապարհը ոլոր գալով մտնում է Արտաշատ:
Քաղաք մտնող փողոցը բարեկարգ է, ճանապարհի հանդիպակաց երթուղիների արանքում կլորիկ ծառերով մայթուղի է, որի ծառերը դեռ կանաչ-կանաչ են: Ինչ-որ տեղ աչքին է ընկնում ոչ էն է ջրավազան, ոչ էն է շատրվան, բայց ինչ-որ ջրային մակերեւույթ մնում է տեսողական հիշողության մեջ: Տեսարանն այնուհետեւ լքվում է քաղաքայնությունից, սկսվում է ծայրամասային փնթի շենքերի հերթագայող շարքը, կրպակները, փողոցն ամեն տեղից հատող մարդիկ: Անցնում է ինչ-որ թաղման թափորի միջով՝ փնտրելով դագաղը:
Երբ դուրս է գալիս գյուղ տանող ճանապարհ, ռադիո Եվրոպան սկսում է խշշալ, բայց կան էլի եղեգներ՝ իրենց բարձր ճոճվող իրաններով: CD է դնում: Ճոճվում է նրանց հետ: Անցնում է գյուղական գերեզմանոցի կողքով: Տափակ, չներշնչող գերեզմանոց է՝ առանց ստվերների: Սրբատաշ քարերի կղզյակ ընդամենը:
Գյուղի գլխին կամար է կապել գյուղի երկար անունը` կարմիր տառերով: Կանգ է առնում ծխելու: Հասավ:
Զանգում է՝ Սպարտա՞կ: Ես արդեն ձեր գյուղում եմ: – Ճանապարհով ուղիղ եկեք:
Ասֆալտի պառկած ոստիկաններն այնքան շատ են ու այնքան անփույթ-լայն են սարքված, որ ստիպված է քսան մետրը մեկ արգելակել մեքենան, հետո թողնել, որ եղած արագության հաշվին ինքնիրեն բարձրանա թմբին ու դխկալով ընկնի մյուս կողմում: Մտքում հայհոյում է սարքողներին:
Սպարտակը կանգնած է ճանապարհի եզրին՝ ոչ սպասողի նման: Կարծես ձանձրացող եղանակ լինի, որ անշտապ սպասում է սեզոնային իր հերթին: Ձեռքերը կապույտ սպորտային համազգեստի գրպանում են, ոտքերին՝ մուգ կապույտ տնային հողաթափեր: Անջանք ցույց է տալիս տունը, քայլում է մեքենայի հետեւից: Լուսանկարիչը անճարակ տեղավորում է մեքենան՝ մի քանի անգամ հետ-առաջ անելով, սեղմված ծառի ու ավազե թմբի արանքում: Կարծում է՝ որ իջնի, պիտի գրկի նրան, բայց տղան գլուխը կախ բարձրանում է տան աստիճաններով: Հարցական հետեւում է նրան:
Խոհանոցից ընդառաջ է գալիս տղայի մայրը, սիրալիր ողջունում է: Լուսանկարիչը բառեր է ասում, իրերը տեղավորում է աթոռին, ժպտալով մեկնում է ձեռքը: Խոհանոցի դռնից հայտնվում է տատը՝ ձիգ, կապույտ, խարտյաշ ռուս կին, ու լուսանկարիչ կինը վախով հայտնաբերում է, որ լինելու է ռուսերեն խոսելու անհրաժեշտություն: Տղան բոլորովին չի խառնվում կատարվողին, հարեւանցիորեն կանգնած է՝ հենված խոհանոցի անգաջ պատին: Ծանոթանալը, իրար լավ խոսքեր ասելը նրանց հոգսն է, որը նա բոլորովին չի կիսում: Կանգնած նայում է հոնքերի տակից՝ պարզապես սպասելով:
Սուրճի պատրաստությունը միանգամից է սկսվում, ու երիտասարդ կինը խնդրում է նայել տունը՝ նկարելու անկյուն գտնելու համար: Սպարտակն անցնում է առաջ՝ ձեռքերը միշտ գրպանում: Անցնում են հյուրասրահի կողքով, քրոջ սենյակի կողքով, եղբոր սենյակի կողքով ու կանգնում են տղայի սենյակի գլխին: Միայն մի հայացք է հասցնում գցել. անկողինը թափված է, բոթասները շուռ են եկած իրար վրա, նեղ փոքր սենյակ է, դրված է համակարգիչ, սավանն ու ծածկոցները կապույտ են, ճմռթված: Տղան անտարբեր է իր սենյակի թափթփվածությանը:
– Գնանք բակ,- ասում է:
Քայլում է կնոջ առջեւից: Բակում շները վանդակի միջից իրար են կոտորում՝ ուրախացած հյուրի գալով: Լուսանկարիչ կինը մոտենում է, ցանցի արանքից մատը դնում է նրանցից մեկի անհանգիստ քթին, ու շունը սկսում է լափլիզել ճաղերը: – Հավերը: Կինն իբր հետաքրքրված է, նայում է հավերի ու հնդկահավերի խառը խմբին, որ աննպատակ թափառում են՝ քսմսվելով իրար ու հողի մեջ ոսկի ման գալով: – Գնանք տանիք: Երբ քայլում է հետեւից, նայում է նրա բաց կոճերին, որ կրունկի ոսկորի վրա կարմիր հետքեր ունեն՝ կոշիկներից մնացած:
Տանիքի աստիճանները թեք, կլոր երկաթե ձողեր են, բավականին վտանգավոր: Տղան բարձրանում է առանց հետ նայելու, առանց օգնության փորձի, ինքն իր համար՝ վերացած հետեւից եկող կնոջ քրթմնջացող ճիգից: Շուրջը ամեն բան թափթփված է՝ երկաթեղեն, փայտումայտ, լարեր, ու կինը տեսնում է, որ նա կարծես օտարական լինի այս տան մեջ, նրան չի վերաբերում իրերի անշիտակ դրությունը: – Աղավնիներն են: Թի՜ռ, թռնում են, ներս են լցվում տանիքի բացվածքից, մի վայրկյան նստում, կերի են սպասում, հետո էլի թի՜ռ, հեռանում են կտուրից բացվող երկնքի մեջ: – Դու ես կերակրո՞ւմ: – Չէ:
– Չրերը,- ցույց է տալիս այնպես, ասես ձանձրացող ուղեվար է՝ անտարբեր տուրիստի հուզումներին:
Տանիքի անհաստատ սյուների մեջ կանգնած է Արարատը՝ հարեւան կտուրի գլխին: Փռել է իր նեոնե լանջը ու վառվում է գյուղի դեմ: Լուսանկարիչ կինը շրջվում է ու տեսնում, որ տղան դուրս է եկել ու հայտնվել հարեւան տան արեւոտ կտուրին, որի տակ արծաթին է տալիս փոքրիկ մատուռի գագաթը: – Հանվի,- ասում է տղային: Տղան ձեռքը գլխի հետեւից տանում է թիկունքին ու վերեւ է քաշում շապիկի մեջքը: Տեսախցիկն անդադար աշխատում է՝ ֆիքսելով նրա բոլոր շարժումները: Շապիկը՝ թըք, թըք, թըք, դուրս է թողնում նրա լցվող, մկան կապող մարմինը: Ուսերի վրա ստվերներ են առնում մկանների պիրկ գլուխները: Տղան պառկում է տանիքին, գլուխն հետ է գցում, գիտի ինչպես անել: Ոտքը դնում է ոտքին: – Ոտքդ իջեցրու: Ենթարկվում է: Թըք, թըք, թըք: Տանիքի վրա ծավալվում է նրա մարմնի երկիմաստությունը, մատուռը ներքեւից հորանջում է՝ անտարբեր լցվող, տեսարան հագնող միջոցին: Մազերը նոր են պատում որովայնը, որ ներքեւում՝ պորտի շուրջը արդեն մուգ, սեւ շերտ են գոյացրել: Կողերի կարմիր տարիքային բծերն ու ցանը նայում են Արարատին: Մկանները երեւում են ստվերների միջով: Դրանց ամեն մի թրթռոցը կարեւոր է: Նկարում է անկշտորեն: Շահագործում է նրա վեշտասնամյա մարմինը՝ բոլոր հնարավոր ձեւերով, բայց ներսում արդեն հասունանում է մոտիվը, որ շահագործվողը նա չէ: Շփոթված է ինչ-որ բանից, շփոթված է իր տեսախցիկի անկարողությունից, օդի մեջ անկարողության զգացողություն կա: Հանկարծակի հայտնված փոքր եղբայրը մերկ մարմնի վրա գոռում է, որ մաման ասում է, որ սուրճը պատրաստ է: Իջնում են, կինը՝ դողալով աստիճանների վրա:
Սպարտակը բացում է ֆանտայի շիշը: Հայացքով հարցնում է՝ լցնի՞: Մերժում ստանալով՝ հանգիստ լցնում է իր բաժակը, տատին ու մորը չի առաջարկում: Լուսանկարիչ կինը ծխում է՝ սուրճի հետ խառնելով գլուխը լցվող տարօրինակ մտքերը: Խոսում է մոր հետ՝ նկատելով, որ փորձում է հաճոյանալ տղային: Փորձում է նրան դեմքով դեպի իրեն շրջել: Տղան պատառաքաղով ճզմում է տորթի բաց մանուշակագույն վարդն ու տորթից իր համար կտոր պոկում: Ուտում է ծաղկամանի հետեւը նստած՝ սքողված երեք կենտ վարդերի ցողունների ու տերեւների հետեւում: Անխոս: Միայն երբեմնակի հայացք տակից՝ կապույտ-մոխրագուն աչքերի, որոնց վրա իրենց հատուկ դերն ունեն հոնքերը:
Երբ հեռախոսը զնգում է, ու Սպարտակն հեռանում է խոսելու, մայրն ու տատը, իրար հերթ չտալով, հայտնում են իրենց անհանգստությունը տղայի համար՝ ոչ մեկին նման չէ: Լուսանկարիչ կինն ասում է՝ դե, դեռահաս է, պադռոստըկ,- ասում է տատին, կանցնի երեւի: Ինքն էլ չի հավատում իր ասածին: Տատը չգիտի, որ նկարել է թոռանը մերկ՝ տանիքի վրա:
Գնում են այգի: Սպարտակը կես բերան հրահանգում է տատին նստել մեքենայի դիմացը: – Տուտ, Լյուբա: Նախ այդ անսպասելի պարկեշտությունը, որով տատին զիջում է իր տեղը, հետո այդ ռուսերենը՝ կորած այդ գյուղի հողակտորների մեջ: Որով ավելի կապվում է տատին ու ետ է թողնում մորը, որ հազիվ է կապում ռուսերեն բառերը: Հետո բերանի այդ հնչեղ ապարատը, շրթունքների ձեւը, որոնցից ռուսերենը դուրս է գալիս արտասովոր գեղեցիկ, կտրուկ, աներկբա: Մտքի մեջ մարսված, սովոր, անխոց:
Տատը ենթարկվում է հրամանին՝ բոլորովին չլինելով խեղճ մեկը: Ինչ-որ բանով, ինչ-որ մի բանով թոռը անցնում է, գերազանցում է տատին, որի մեջ վստահ է նախ ինքը՝ տղան, ու տատը մաքառում է այդ ուրիշության դեմ՝ փորձելով երես-երեսի գալ նրա հետ, խոսեցնել հետը, ուղղորդել: Ինչ-որ կռիվ ունեն իրար հետ, որ բառերով չէ, այլ ավելի շատ նրանց հոգիների մեջ է, ու հիմա այս ամենին խառնվում է լուսանկարիչ կինը՝ դառնալով երրորդ կողմ, տատի նման չուզելով, բայց գերեվարվելով, տրվելով նրա հանգստավետ համրությանը, որով տարածում է իր ինքնավստահությունը, իր կախարդանքը նրա վրա՝ շփոթեցնելով ու անկարության մատնելով: – Սպարտակ, դու հատուկենտ բառերից բացի, երբեւէ խոսո՞ւմ ես,- փորձում է վրա լինել կինը: – Հա:
Քշեց: Տատը դիք նստած էր կողքին, ցույց էր տալիս ճանապարհը: Մայրը լռում էր՝ կողքին տղան, որ միացրել էր տեսախցիկն ու նայում էր տանիքին արված լուսանկարները: Բնությունը նման էր ինքն իրեն՝ ուզելով լուսանկարներ պոկել տեսախցիկից, որոնք երբեւէ պետք չէին գալու: Պարզապես բնությունն էր, որ այլ ճար չէր թողնում, քան նկարել ու որոշել, որ հոգիդ ազատեցիր նրանից: Ծառերը՝ անթարգմանելի գույներով իրար հերթագայող, դարուփոս ճանապարհը, տերեւների դեղին հանգրվանը ծիրանենիների տակ, դեղձիների կարմիրն ու սեւը, առուները՝ խոտերի մեջ ծպտված, հանդիպակաց սարերի ճմռթված գոգերը, Օձասարը՝ իր քարոտ գլխով, հեռու ծխնելույզների ծվատվող ծուխը, մոտեցած մի բանի ներկայությունը: Հուզանք ու զանգ:
Կանգնեց եղեգների երամի մոտ, տղային իջնել տվեց մեքենայից, նկարեց նրան՝ պարզապես կանգնած դրանց դեմ հանդիման՝ իր աչքում աճող նրա ահագնացող էությամբ: Հետո տղան ինքը մտավ եղեգների մեջ, շոյեց դրանց գալարուն մարմինները այնպես, ասես շնորհ աներ նրանց: Ոչ ակնհայտ, ոչ երեւալի, այլ այնպես՝ ներսում իմանալով: Ամբողջովին իր մարմնի տերն էր, տեղյակ էր դրանից, որը ցավ էր պատճառում կնոջը, չէր տրվում լուսանկարին, չէր սահմանվում, անգամ մայրն ու տատն ավելի էին նրա մարմնի տերը, քան ինքը, որ թվացյալ կերպով խոսեցնում էր այդ մարմինը: Նույնիսկ այդ մարմնի ապրելն էր միֆական, սնվելը, աճելը, բջիջների կիսվելը, դրա հնարավոր լինելը:
Կինը նման էր եղեգներին՝ կորցրած իր գարուն-ամառը, երիտասարդությունից համարյա վտարվող, կորսնցնող իր ջահել շուքը: Ինքնախաբեություն էր լուսանկարը, կուզեր դալար լինել ինքն էլ, կուզեր ելնել իր տարիներից ու փախչել դեպի այդ անհաս աշխարհը, դեպի բան չիմանալը, անփորձությունը: Դեպի նրա տունը, որտեղ իմացողը կլիներ նա, ինքնավստահը կլիներ նա: Տղան սպանում էր իր չտրվելով, չտեսնելով, իր ինքնատիրապետմամբ, իր լռությամբ: Կամ չէր հասկանում, կամ չէր ուզում հասկանալ: Սիրում էր ինքն իրեն:
Տատն իրենց այգում իջավ: Գնաց, խորացավ ծառերի մեջ, ձուլվեց գույներին: Շարունակեցին ճանապարհն առանց տատի: Մորը չհրավիրեց նստել դիմացը, ինքը նստեց: Կինը նրան փոխանցեց տեսախցիկը, ու մատները զգալով քսվեցին նրա մատներին: Հպման զգացողությունը մնաց, դրանից դուրս ձեռքերը կարծես մոխրի մեջ լինեին: Մեքենան կանգնեցրեց ինչ-որ այգում, առվի վրա:
Այգին ծփում էր աշունից: Տղան սկսեց ման գալ ծառերի տակ՝ անուշադիր մոր ու լուսանկարչի փոխանակած մի քանի բառին: Մայրը մանրամասներով պատմում էր, թե ում այգին է, ոնց են ոռոգում, առուն ոնց են փորում, մինչ կինը հետեւում էր ծառերի մեջ տղայի կերպարանքին: Չէր կարողանում ընտելացնել նրան, չէր կարողանում հասկանալ իր դերը: Ախոյան էին: Մոտեցավ տղային: Նայում էր աչքերի մեջ՝ փորձելով չվրիպել: – Պառկի փորի վրա,- ասաց նրան: Տղան ենթարկվեց: – Ժիմ արա: Մայրը կանգնած նայում էր: – Էլի: Տղան սկսեց դժվար շնչել: – Էլի: Նրանից սկսեց տարածվել ծանր, բարկ, արբեցնող քրտնահոտը:
Սանձում էր նրան, ցույց էր տալիս իր տեղը: Հաստատում էր իր իշխանությունը: Կտրում էր նրան դեռահասության պաշտպանիչ քողից: Հաստատում էր տղամարդուն նրա մեջ` գյամերը քաշելով: Բաներ էր հաստատում նաեւ իր համար, որոնց մասին հետո կմտածեր: Տղան վեր կացավ, ասաց՝ հերիք է, գնաց: Կինը նայեց տրորված գետնին: Ծիրանի տերեւների մեջ դեռ մնում էր նրա հոտը:
Երբ նրանց հետ՝ տուն էր տանում, նստած էր կողքին անձայն: Եղել էին խնձորի՝ պտուղներից ճկռած այգում, նկարել էր նրան ծառերի բերրի փորերի տակ, արեւի մեջ, արեւը աչքի ծիածանաթաղանթից ներս, խնձորներով ճյուղերը թեւերից կախ, նրանց հետ թափված ու շաղ եկած գետնին, բայց ավելի ու ավելի էր հուսահատվել: Կարծես սպառված էր իր ժամանակը, բայց ցավը միայն դա չէր. պարզապես չէր հետաքրքրում նրան, նրա անմեկնելի ժամանակին, նրա ընթացքին, նրա սքողված մտքերին:
Երբ չհիշելով տուն թեքվող ճանապարհը՝ առաջ քշեց, մայրը հետեւից աղաղակեց, որ տունն անցան: Թեքվեց ու նայեց կողքին նստած տղային. անհաղորդ էր ու ցուցադրում էր իր անհաղորդությունը: Չգիտեր՝ վերագրո՞ւմ էր նրան, թե՞ իսկապես ուներ այդ խորությունը:
– Չի կարելի տենց կտրուկ արգելակել,- ասաց հանկարծ:
Երբ հետ էր քշում, որ մտնի տան ճանապարհը, տղան դիմացի սարին նայելով ասաց՝ հերիք է:
Հեռացավ անգրկել: Պարզապես թողեց իր բարկ հոտն ու գնաց: Մայրը մնաց ձեռքով անելու ու հրաժեշտի բառեր գոռալու:
Գյուղից դուրս գալով՝ կանգնեց, ծխեց: Արարատը քաշվել էր ստվերի մեջ, պրկվել էր գորշության տակ, թիթեղ էր դառել, չուներ առավոտվա հուշումները: Իր մեջ էր հավաքել ամբողջ փայլուն մակերեւույթը, կանգնած էր ինչպես երկչափ պաստառ՝ լալ հորիզոնի վրա: Մեքենայի կողքին վշվշում էր եղեգների դարս-դարս խուրձը, որոնցից մեկի խոնարհված գլուխը թափահարվում էր դիմապակու առջեւ: Նայեց այնքան, մինչեւ այլեւս ոչինչ չկար անելու: