Александр Цатурян
Մուրացկան
Գիտե՞ս, թե արդյոք ո՞ւմ դուռն ես եկել,
Տառապյալ եղբա՛յր, դու լի հույսերով.
Ո՞ւմ սիրտն ես ուզում գթությամբ լցնել.
Շարժել քո անվերջ ցավ ու վշտերով։
Արքայավայել այդ մեծ փառաշուք
Բազում հարկերով ճոխ պալատներում,
Ուր աչքըդ հառած՝ թափում ես արցունք,
Եվ խեղդված ձայնով չոր հաց աղերսում
Գիտե՞ս, թե արդյոք անհոգ, անտրտում,
Անծանոթ թշվառ, սև աղքատության,
Ո՞վ է այնտեղ միշտ երգում ու խնդում,
Անձնատուր եղած կյանքի փափկության…
Ո՞ւմ կյանքն է այնտեղ ցերեկ ու գիշեր
Եռում, աղմկում մոլի կրքերով,
Ո՞վ է անխնա մաշում յուր օրեր
Հեշտասեր կյանքի զեխություններով…
Փարթամ մեծացած գոռոզ իշխանի
Ապարանքն է դա, խղճո՛ւկ մուրացկան,
Որի ճոխ տեսքով խաբված, երևի,
Եկել ես և՛ դու շատերի նման
Աղի արցունքով կյանքըդ ողբալու
Եվ փարթամասեր իշխանի կրծքում
Ջերմ կարեկցության մի կայծ վառելու։
Բայց, ավա՜ղ, զուր են… զո՛ւր այդ արցունքներ…
Այդտեդ չես գտնիլ մխիթար վըշտիդ,
Անզգա սրտից հուսալ գութ ու սեր
Դեպի աղքատը ցընորք է անմիտ…
Եվ մի՞թե տխուր փորձերը կյանքի
Քեզ չեն համոզել, ո՛վ խղճուկ, թշվառ,
Որ լացն ու վիշտը ցավագար սրտի
Ծաղր ու ծիծաղ են մեծատան համար…
1890, 24 մարտի