Александр Ширванзаде
Հսկան և թզուկը
(Դիալոգ)
Հսկա. Էյ, թզուկ, խոնարհվիր իմ առջև, ապա թե ոչ՝ տեսնո՞ւմ ես այս մտրակը:
Թզուկ. Խոնարհվում եմ, մեծդ հսկա, արդեն վաղուց եմ խոնարհվել. բայց ինչո՞ւ համար ես դու այդ կրկնում ամեն օր, ամեն ժամ։
Հսկա. Կրկնում եմ, որ չմոռանաս։ Քեզ նման ոչնչությունները երախտամոռ են լինում շատ անգամ։ Իսկ ես ախորժակս կորցնում եմ, երբ երախտիքս մոռանում են։
Թզուկ. Ունես իրավունք, բայց մի՞թե ես մոռացել եմ երբևէ քո երախտիքը:
Հսկա. Չես մոռացել, բայց կարող է պատահել, որ մոռանաս: Այ, ինչպես մոռացավ քո ընկերներից մեկը, որին ազատել եմ ավազակների ձեռքից։ Այդ գարշելին մի մեծ տան մեջ թաքնված լուսամուտից քարեր է արձակում ինձ վրա:
Թզուկ. Արդարև իմ րնկերոջ վարմունքը գարշելի է, բայց արդյոք չե՞ս նեղանա, եթե թույլ տամ ինձ խոնարհաբար մի հարց առաջարկել քեզ:
Հսկա. Առաջարկիր։
Թզուկ. Արդյոք ի՞նչ երախտիք ունես ինձ վրա, որ վախենում ես մոռանամ: Հսկա. (Մտածելով): Ի՞նչ, երախտի՞ք։ Սպասիր, թող որ մտաբերեմ։ Հա, հիշեցի, ես քեզ թույլ եմ տալիս աշխարհի երեսին ապրելու։
Թզուկ. Շնորհակալ եմ, մեծդ բարերար, բայց, ներիր, չէ՞ որ ապրելու իրավունք ես աստծուց եմ ստացել, այլ ոչ քեզանից։ Եվ այն էլ ե՛րբ եմ ստացել. քո աշխարհ գալուց շատ և շատ առաջ. որովհետև թեև ես մարմնով փոքր եմ, բայց տարիքով քեզնից երկու անգամ մեծ։
Հսկա. Ես տարիների հաշիվը չեմ պահում և ոչ մի խրոնոլոգիա կամ պատմություն չեմ ընդունում։ Ես գիտեմ միայն, որ եթե ուզենամ, մի հարվածով կարող եմ քեզ ոչնչացնել։ Չեմ ոչնչացնում, ուրեմն քո բարերարն եմ։ Ահա իմ երախտիքը։
Թզուկ. Է՛հ, թող քո ասածը լինի. ես աշխարհի երեսին գոյություն ունեմ քո բարության և վեհանձնության շնորհիվ: Բայց ինչո՞ւ չես ընդարձակում քո բարությունն ու վեհանձնությունն այնչափ, որ ես կարողանամ մի քիչ ավելի մարդավարի ապրել։ Ինչո՞ւ օր ու գիշեր այդ հսկայական բռունցքդ բանեցնում ես իմ փոքրիկ գլխի վրա։ Չէ՞ որ ես էլ մի քիչ պատվասիրություն ունեմ։
Հսկա. Ի՞նչ, պատվասիրությո՞ւն։ Ի՛նչպես ես համարձակվում խոսել պատվասիրության մասին, անիծյալ։ (Մտրակով զարկում է թզուկի գլխին): Դու չունե՛ս իրավունք։
Թզուկ. (Ճակատից հոսող արյունը սրբելով): Հարվածդ այս անգամ շատ աջող էր, բայց կարելի՞ է իմանալ, թե ինչու ես չունիմ իրավունք պատվասիրության մասին ակնարկելու։
Հսկա. Որովհետև աստված պատվի զգացումը միայն ինձ նման մեծերին է պարգևել, իսկ քեզ նման թզուկները չեն կարող գաղափար ունենալ նրա մասին։
Թզուկ. Թույլ եմ տալիս ինձ, պատվելի հսկա, ասելու, որ աստծու հետ ես քեզնից մի քիչ ավելի եմ ծանոթ, քանի որ քեզնից ավելի շատ տարիներ եմ աղոթել նրան։ Կարող եմ ասել, որ նրա մասին ես եմ շատերին գաղափար տվել։ Ուստի որքան ինձ հայտնի է աստվածաշնչից և ավետարանից, աստված մեծերին էլ, փոքրերին էլ օժտել է մարդկային միևնույն զգացումներով։ Գուցե մեկին ավելի, մյուսին պակաս, բայց ամենքին օժտել է։ Ես թույլ եմ տալիս կարծելու, որ իմ և քո միջև եղած տարբերությունը միայն մեր ֆիզիկական չափերի մեջ է։ Դու խոշոր ես ծնվել, ես մանր, բայց դու էլ երկու աչք ունես ու մի բերան, ես էլ, դու էլ մի գլուխ ունես, ես էլ։ Դեռ հարց է, թե քո՞ գլուխն է ավելի լավ մտածում, թե՞ իմը, կամ քո՞ աչքերն են ավելի լավ տեսնում, թե՞ իմը։
Հսկա. Գիտե՞ս, ես ատելով ատում եմ, երբ թզուկները սկսում են դատողություններ անել։ Ես առհասարակ դատողություններ չեմ սիրում և զզվում եմ փիլիսոփայությունից։ Դա իմ մարսողությանը վնաս է։
Թզուկ. Ներիր, մեծդ խոշորություն, ես փիլիսոփայություն չեմ անում, քավ լիցի: Ես միայն կամենում եմ ամենախոնարհաբար իմ մարդկային իրավունքներն ապացուցանել, որպեսզի հաստատեմ, որ ես էլ բացի մարմնավոր ցավից՝ զգում եմ հոգեկան ցավ։
Հսկա. (Բռունցքով զարկելով թզուկի գլխին): Դե, եթե կարող ես, ապացուցիր։
Թզուկ. (Հարվածից թեքվելով դեպի գետին): Շնորհակալ եմ երկրորդ հարվածիդ համար, բայց հուսով եմ, որ երրորդից կազատես ինձ։
Հսկա. (Մի անգամ ևս զարկելով): Ահա քեզ և երրորդը, չորրորդը, հինգերորդը։
Թզուկ. (Ընկնելով գետնի վրա՝ ճչում է)։ Այ, վա՜յ։
Հսկա. Դու համարձակվում ես գոռա՞լ, գարշելի,որ դրացիներս լսեն։ Էյ, ծառաներ, կապեցեք այդ ապստամբի, այդ ըմբոստի, այդ հեղափոխականի բերանը, տարեք ներքնատուն և 250 ճիպոտի հարվածներ տվեք։ Հետո երեք օր և երեք գիշեր սոված պահեք։