Александр Ширванзаде
Ամենազորը
Ճաշարանը, ուր նրանք զվարճանում էին, ստորերկրյա խոնավ ու կիսախավար մի նկուղ էր։ Ունևորներ էին, կարող էին մի ավելի վայելուչ տեղ գնալ, բայց վարնոց գինետան մթնոլորտը նրանց համար ավելի հաճելի էր։ Այստեղ նրանք ազատ էին իրենց ուզածի չափ գոռգոռալ և հարբելիս ատրճանակ պարպել դեպի հատակը կամ առաստաղը մի բան, որ նրանց սիրեցյալ զվարճությունն էր և որի համար ոչ մի օրենք չէր կարողացել նրանց պատժի ենթարկել։
Խումբն արդեն կերել կշտացել էր, բայց շարունակում էր խմել ու վիճաբանել, երբեմն այնքան աղմկալի, որ խլացնում էին թառի ու քեմանի հնչյունները։
Չորս հոգի էին։ Երկուսը սպա, մեկը խմբապետ, չորրորդը անգործի մեկը, որ շռայլում էր հայրական հարստությունը անիմաստ և աննպատակ։ Սովորաբար նա էր հյուրասիրում իր ընկերներին, ուստի և վայելում էր նրանց շողոքորթ հարգանքը։
Խումբը շատ բաների մասին էր խոսել ու վիճաբանել, այժմ նորեն դարձել էր իրեն սիրած նյութին անհատական քաջագործություններին ու հերոսություններին։ Պատմում էին իրենց կյանքից կամ տեսածներից ու լսածներից պես-պես արկածներ։ Երբեմն իրողություններով չէին բավականանում և պատկերները ներկում էին թանձր գույներով, ավելի զարհուրելի դարձնելու համար։ Դա սովորական մի բան էր այդ միջավայրում, ուստի ոչ ոք չէր փորձում ստուգել որտեղ է վերջանում իրականը և ուր է սկսվում երևակայականը։ Ոմանք պատմելիս այնքան էին հափշտակվում, որ իրենք էլ էին սկսում հավատալ իրենց ասածներին, ինչպես արևելյան դերվիշներն իրենց պատմած առասպելներին։ Այս կողմից ամենից ջանասերը Լևոն Շահնազն էր, նա, որ շռայլում էր իր հայրական հարստությունը, և որն ավելի քիչ բան էր տեսել կյանքում։ Պատմելիս ու վիճաբանելիս նրա սև աչքերը պսպղում էին բոցավառ ածուխի պես և թվում էր, որ կայծեր են արձակում դիմացինի երեսին։ Իր ասածներին ուժ տալու համար նա չէր բավականանում նվիրական երդումներով ու հաճախ բռունցքները զարկում էր սեղանին ուժգին թափով։ Գինու շշերն ու բաժակները օդն էին թռչում։
Գիտեք, պարոննե՛ր, ասաց նա, այն բոլորրը, որ պատմվեց այստեղ, հաստատում են իմ գաղափարի ճշմարտությունը։
Ա՞յն է, հարցրեց խմբապետը։
Որ աշխարհը պատկանում է զորավորներին և որ նրանք միայն ունեն իրավունք կյանքը վայելելու։ Թույլերը ծնված են միայն օդը ապականելու համար, նրանց պետք է ոչնչացնել։
Մա՛հ թույլերին, աղաղակեց սպաներից մեկը, կուրծքն ուռեցնելով իբրև զորության նշան և թրի պատյանը սեղանին զարնելով։
Մյուս սպան բաժակը լեցրեց, ոտքի ելավ և գոչեց․
Կեցցե՛ն զորավորները, խմենք նրանց կենացը, հուռա՛․․․
Հուռա՛, կրկնեցին ամենքը և դատարկեցին շամպայնի բաժակը։
Երաժիշտներն ի պատիվ զորավորների նվագեցին ինչ-որ օպերետից մի ռազմական քայլերգ, նույնպես ուռեցնելով իրենց կրծքերը։ Դափ զարնողը դափը վայրենի աղաղակով զարկեց իր գլխին և պատռեց՝ երևի նույնպես իր ուժը ցույց տալու համար:
Խմբից ոչ այնքան հեռու, առանձին սեղանի քով նստած էր մի մարդ, հնաձև ու հնամաշ հագուստով և ալեխառն, գզգզված մազերով ու մորուքով։ Նա կծկվել ու փոքրացել էր այնպես, որ կարծես վախենում էր ուշքի ընկնել։ Արդարև, ոչ ոք չէր նկատել նրա ներկայությունը, բացի հաստապարանոց և կարմրաերես գինեվաճառ Դարչոյից, որ երբեմն նրա վրա ձգում էր արհամարհական հայացքներ։ Պարզ էր, որ նրա համար այդ մարդու ներկայությունը անախորժ էր։
Մարդը, արմունկները կեղտոտ սեղանին հենած, նայում էր իր առջև դրված շշին։ Կարծես նա ինչ-որ խորհրդավոր բանակցություն ունի գինու հետ։ Մինչ երաժիշտները արևելյան թախծալի երգեր էին նվագում, մարդը գլուխը տխուր շարժում էր, հառաչում և բաժակը դանդաղորեն, կարծես ակամա, մոտեցնում էր շրթունքներին։ Պարզ էր, որ քեմանի և թառի նվագն ալեկոծում էր մի տառապող հոգի և ով գիտե ինչ հիշողություններ էր արթնեցնում այնտեղ։ Բայց երբ խումբը խմեց զորավորների կենացը, մարդը արհամարհական մի հայացք ձգեց նրա վրա և քթի տակ արտասանեց. «Տխմարներ»։ Իսկ երբ երաժիշտները նվագեցին, ի պատիվ զորավորների, աղմկալի քայլելգը, մարդը ցնցվեց, գլուխը բարձրացրեց և, դառնալով նրանց, ասաց.
Բավակա՛ն է, դադարեցե՛ք, անիծվածնե՛ր։ Ո՞վ ձեզ իրավունք տվեց այս աստվածային լարերը պղծել։ Չգիտե՞ք միթե, որ նրանք հնարված են սեր ու վիշտ երգելու: Լսո՞ւմ եք, միայն սեր ու վիշտ, ուրիշ ոչինչ։
Լևոն Շահնազը մի նշանով կանչեց իր մոտ գինեվաճառին ու հարցրեց.
Ո՞վ է այդ մարդը։
Չեմ ճանաչում, պատասխանեց Դարշոն, մեկ-մեկ գալիս է ու հինգ սհաթ նստում մի շիշ գինու մոտ մազերից երևում է, որ կամ դերասան է, կամ գազեթ գրող։
Հրավիրիր նրան մեր սեղանը, մի քիչ ծիծաղենք։
Մարդն առանց տատանվելու վերցրեց իր գինու բաժակը և մոտեցավ խմբին։
Թո՛ւյլ տվեք ներկայանալ, պարոննե՛ր, ասաց նա մաքուր ռուսերեն լեզվով, նախկին մի բան, այժմ ոչնչություն։ Շնորհակալ եմ, մի՛ ածեք, ես շամպայն չեմ խմում, սովոր չեմ։ Այո՛, պարոններ, լսեցի ձեր պատմությունները, ոչինչ, ոչի՛նչ, մի քանի արկածներ զուրկ չէին հերոսությունից: Միայն թույլ տվեք մի բան հարցնել, կարելի՛ է։
Հրամայեցե՛ք, ասաց Լևոն Շահնազը, նշան անելով երաժիշտներին, որ դադարեն նվագը։
Պարոննե՛ր, մի քիչ առաջ դուք փառաբանեցիք ուժը և խմեցիք զորավարների կենացը։ Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ ասել է ուժ կամ զորություն։
Սեղանակիցները նայեցին իրար երեսի, չկարողանալով միանգամայն պատասխանել անսպասելի հարցին։
Այո՛, ի՞նչ ասել է ուժ, կրկնեց մարդը։
Ո՛ւժ նշանակում է մի բան, որ դուք, պարոն, ինչպես երևում է, չունեք, պատասխանեց խմբապետը մի սուր հայացք ձգելով մարդու վրա և կողքին կախած մաուզերն առաջ քաշելով։
Օրինա՞կ, հարցրեց մարդը չնայելով նրա երեսին։
Օրինակ, միջամտեց Լևոն Շահնազը, երիտասարդություն, ամուր բռունցք, իշխանություն։
Համեստություն մի արեք, երիտասարդ պարոն, ավելացրեք և հարստություն։ Ասացե՛ք, մի՛ ամաչեք, որովհեաև եսմ գիտեմ, դուք հարուստ եք։
Շատ լավ, և՛ հարստություն: Մի խոսքով, ամեն բան, ինչ որ մեկին տալիս է միջոց մյուսներին ոչնչացնելու:
Երիտասարդ պարո՛ն, գոչեց մարդն իր կնճռոտ ճակատի տակից մի խոր հայացք ձգելով Լևոն Շահնազի աչքերի մեջ, թույլ տվեք ինձ ասել, որ ձեր ասածներից ոչ մեկը ուժ չի և ոչ էլ խելքը, տաղանդը, գիտությունները։ Այդ բոլորը ուրիշ ոչինչ են, եթե ոչ թույլ գործիքներ ինչ-որ աներևույթ օրենքի ձեռքում։ Պարոննե՛ր, կյանքի մեջ չկան ո՛չ զորավորներ և ո՛չ թույլեր, կան միայն կույր գործիքներ այդ հավիտենական զորության ձեռքում, որ անտեսանելի է, անշոշափելի և անհաղթելի։ Ոչ ոք մինչև այսօր չի կարողացել քննել ու վերլուծել նրա էությունը, ոչ մի գիտնական, ոչ մի փիլիսոփա, այնինչ նա եղել է, կա և պիտի մնա հավիտյան տեր ու իշխան մեր գոյության: Խումբն ազդվելով այդ խոսքերից, դադարեց անհամարհանքով ժպտալ և հետաքրքրվեց մարդով։
Բայց ի՞նչ է այդ ամենահաղթ զորության անունը, հարցրեց Լեոն Շահնազը։
Նա անուն չունի կամ սխալ են այն բոլոր անունները, որ մարդիկ տալիս են նրան։ Բայց ամեն ինչ կախված է նրանից։ Նույնիսկ մեր ծնունդը ուրիշ ոչինչ է, եթե ոչ նրա քմահաճույքը։ Նա և միայն նա է մեզ դարձնում այն, ինչ որ չպիտի լինեինք և երրեմն ա՛յն, ինչ որ հակառակ է բնության օրենքներին։ Մենք ամենքս, ամենքս ենթակա ենք նրա հաճույքներին։ Իսկ այդ քմահաճույքները որքան բազմատեսակ, նույնքան և անքննելի ու անհասկանալի են։ Նա է, որ խորտակում է մեր ամենաիմաստուն ծրագրերը ե ոչնչացնում մեր ամենազգաստ ենթադրությունները: Նա է, որ մեկի կյանքը վարդերով է զարդարում, մյուսինն աղավաղում է և այլանդակում: Նա է, որ ամենազոր համարվածին դրձնում է տկար ու ծիծաղելի և ամենաթույլ համարվածին թելադրում է անել այն, ինչ որ դուք կհամարեիք հերոսություն։ Ա՛հ, պարոննե՛ր, պարոններ, դուք նայում եք ինձ տարակուսանքով և գուցե մտածում եք «այդ մարդու ուղեղը խանգարված է»։ Ո՞վ գիտե, թերևս ունիք իրավունք այդպես մտածելու, բայց, պարոննե՛ր, գիտցե՛ք, որ այս անիրավ կյանքը մի փոս է, ուր ձեր զորավորներից շատ շատերն են կոտրել իրենց ոտքերը։
Մարդը կանգ առավ, մտածեց մի քանի վայրկյան, մի քանի կաթիլ գինի խմեց և շարունակեց.
Պարոննե՛ր, ձեզնից յուրաքանչյուրը իր կյանքից ու տեսած-լսածներից պատմեց մի արկած, կլսե՞ք, եթե մեկն էլ ես պատմեմ իմ կյանքից։ Միայն մեկը, ուրիշը չեմ ունեցել։
Ինչո՞ւ չէ, հետաքրքրական է. կարող եք պատմել, շտապեց ասել Լևոն Շահնազը, և նույնը կրկնեցին մյուսները։
Նախ և առաջ, պարոննե՛ր, թույլ տվեք ասել, որ ձեր առջև նստած է մի ոճրագործ, այո՛, այո, մի զարմանաք։ Ոճրագո՛րծ, այս վտիտ մարմինը, որին ձեզնից մեկն անվանեց զուրկ ուժից։ Լսե՛ք, ես ի ծննդե մի համեստ արարած էի, ո՛չ օգտակար, ո՛չ վնասակար, այլ այնպես, մարդկային ստվեր։ Անվճռական, տատամսոտ, միշտ ձգտում էի ստվերի: մեջ մնալ՝ նման խլուրդին, որ սարսռում է արևի լույսից և հանգիստ է զգում իրեն միայն խոնավ հողի տակ։ Ուսուցիչ էի Հյուսիսային Կովկասի քաղաքներից մեկում։ Սենյակ էի վարձել մի այրի կնոջ տանը։ Նա ուներ 22 տարեկան մի աղջիկ։ Գեղեցիկ չէր, բայց չի էլ կարելի ասել տգեղ էր։ Է՛հ, միջին տեսակի հայ աղջիկ էր, որի նմանը ամեն օր տեսնում եք փողոցներում հարյուրներով, և որոնցից շատ քչերն են անցորդի ուշադրությունը գրավում։ Է՛հ, գիտեք, էլի, ագռավի թևերի պես սև մազեր, թանձր, ինչպես պապուասների մազերը, կարճ պարանոց, երկայն իրան, շատ շուտով գիրանալու ակնհայտ նշաններով։ Նրա միակ հրապույրն էին խոշոր կինամոնագույն աչքերը, ո՛չ, փղոսկրի գույն ունեցող գեղաշար ատամները։ Ա՜խ, այդ անիծյալ ատամները։ Նրանց ամեն մի ժպիտի հետ, կարծես, ոսկյա ճառագայթներ էին արձակվում։ Անտարակույս, նա ինքն էլ զգում էր, թե որն է իր հրապույրը, որովհետև շարունակ ժպտում էր։ Զվարթ, աշխատասեր աղջիկ էր և ոչ հիմար։ Բարի էր անսահման և ձեռքից եկածը չէր խնայի կարիք ունեցողին։ Մայրը, հարկավ, երազում էր նրան ամուսնացնել, բայց փեսացու չէր գտնում։ Այդ անիրավ միջավայրում ապուշներն անգամ օժիտ էին պահանջում, մինչդեռ այրին ոչինչ չուներ իր աղջկանը տալու, բացի ողորմելի տնակից, որի արժեքը չնչին էր։ Ինչ վերաբերում է ինձ, կարո՞ղ էր ամուսնություն երազել մի մարդ, որի համար սեփական կյանքն անգամ մի ծանր լուծ էր։ Ես ատում էի ընտանեկան կյանքը և խղճում էի ամուսնացած մարդկանց։
Սակայն ես ամուսնացա, շարունակեց մարդը, հառաչելով։ Այո՛, այո, ամուսնացա այդ աղջկա հետ։ Այն ամենահաղթ զորության շնորհիվ: Լսեցե՛ք։ Մի օր ես հիվանդացա։ Թեթև բան չէր թոքերի բորբոքում։ Մայր ու աղջիկ ամիսուկես ծառայեցին ինձ զարմանալի հոգածությամբ, այնպես, ինչպես հարազատ մայրս ու քույրս կծառայեին, եթե ունենայի։ Երբ սկսեցի առողջանալ, զգացի, որ կյանքս նրանց եմ պարտական։ Չեք կարող երևակայել, պարոններ, թե ինչպես էի տառապում այն գիտակցությունից, որ չեմ կարող պարտքս վճարել։ Փողո՞վ ամոթ էր և չունեի էլ այնքան միջոց։ Փոխադարձ ծառայությա՞մբ ինչո՞վ կարող էր ինձ նման մեկը։ Մի օր ես այդ մասին խոսեցի այրիի հետ։
Է՛հ, որդի, ասաց նա, ինձ ոչինչ հարկավոր չէ, բացի իմ աղջկա բախտավորությունից։
Ավելի պարզ ակնարկ չէր կարող լինել, այրին փափագում էր, որ ես ամուսնանամ իր դստեր հետ։ Եվ ես զգում էի, որ օրիորդը դեմ չէր մոր ցանկությանը։
Ավելացրեք, պարոննե՛ր, և այն, որ ամիսուկես օր ու գիշեր տեսնելով անկողնիս քով մի հոգատար էակ, իր փայլուն ժպիտներով, այնքան էի ընտելացել նրա մերձավորությանը, որ առողջանալուց հետո էլ պահանջ էի զգում վայելել այդ մերձավորությունը։ Եվ ահա մի ապաբախտ օր ես ամուսնացա ճիշտ այնպես, ինչպես ամեն օր ամուսնանում են ինձ նման շատերը, դարձյալ իմ ասած անհայտ զորության շնորհիվ։
Մարդը նորեն կանգ առավ, նորեն հառաչեց ու շարունակեց.
Զգում էի, որ կինս ինձ չի սիրում, այլ իր մոր լուծը թեթևացնելու համար է իր կյանքը կապել ինձ հետ։ Սակայն հանգիստ էի, վասնզի չէի երևակայում անգամ, թե նա կարող է մի ուրիշին սիրել և ինձ դավաճանել։ Ավանակ էի, ավանակ։ Պաշտոնակիցներս գալիս-գնում էին, և կինս ամենքին վերաբերվում էր հավասարապես․ որպես տանտիկին՝ վերին աստիճսի հյուրընկալ, որպես կին՝ միանգամայն անտարբեր դեպի տղամարդը։
Միայն մեկը կար (Սմբատ էր անունը), որի հետ նա միշտ վիճաբանում էր և շարունակում հակաճառել նրա ասածներին։
Մի օր հարցրի.
Սիրանույշ, ինչո՞ւ ես այդ տղային այդպես հալածում։
Որովհետև ատում եմ նրան։
Ատո՞ւմ ես, ինչո՞ւ։
Չգիտեմ, քո պաշտոնակիցների մեջ նա միակ հակակրելին է, ատում եմ, ատում եմ, ինչպես կարող է ատել մի կին մի տղամարդի, կրկնեց նա կատարյալ մանկական անմեղությամբ։
Տնակը, շարունակեց մարդը մի բաժակ ևս խմելուց հետո, այժմ պատկանում էր ինձ ու կնոջս։ Նրա առջև կարմի փոքրիկ պարտեզ։ Այնտեղ ես սիրում էի ազատ ժամերիս աշխատել։ Բանջարեղեն ու ծաղիկներ էի ցանում, տնկում ու ջրում։ Հաճախ տապարով փայտ էի կոտրում, ձմեռվա համար վառելիք պատրաստում։ Հիանալի տապար էր, թեթև, բայց շատ կտրուկ։ Պարոննե՛ր, միջանկյալ ասեմ, որ այդ տապարը եղավ միակ զենքը, որ երբևէ ունեցել եմ իմ ամբողջ կյանքում։ Սովորեցի նրան գործածել վարպետորեն, մի հարվածով ճեղքում էի ամենաամուր կոճղը։ Դե, իհարկե, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ամենահզորն այդպես էր կարգադրել կանխավ։
Այժմ լսեցեք, պարոննե՛ր, առաջ տարավ մարգն իր խոսքը, ավելի ու ավելի ոգևորվելով։ Ի սեր ձեր սեղանի, ազատեցեք ինձ ձեր շամպայնից, խմել չեմ կարող, սովոր չեմ։ Ամառ էր, պիտի Թիֆլիս գնայի մի ուսուցչական ժողովի մասնակցելու։ Չանթաս վերցրի, կնոջս համբուրեցի և գնացի կայարան։ Ուրախ էի, որ պիտի տեսնվեմ հին բարեկամներիս հետ և մի ամիս վայելեմ նրանց ընկերությունը։Գնացքը պիտի մեկներ երեկոյան վեցուկես ժամին։ Հանկարծ հայտարարեցին, թե գիծն ինչ-որ տեղ ավրվել է ապրանքատար գնացքների ընդհարման հետևանքով, և մեկնումը հետաձգվում է մինչև գիշերվա 12 ժամը։ Իմաստ չուներ 6 7 ժամ պարապ նստել կայարանում։ Բարվոք համարեցի ուղևորությունս հետաձգել հաջորդ օրվան ու վերադարձա տուն։
Երբ մոտեցա պարտիզակի դռնակին, որ մեր տան միակ մուտքն էր, հունիսյան արեգակն արդեն ետ էր ժողովել իր շռայլաբար սփռած ճառագայթները, ինչպես չվացարարը՝ չորացած լվացքը։ Հազիվ մի քանի քայլ անցել էի պարտիզակով, ականջներիս հասավ մի շշուկ։ Չար կասկածի պես մի բան ծագեց իմ մեջ։ Կանգ առա վարդի թփերի ետևում և պարզ ու որոշ լսեցի այս խոոքերը. «Դու ոչ միայն չես սիրում Պողոսին (այսինքն՝ ինձ), դու դեպի նա զգում ես ֆիզիկական զզվանք, ես այդ շատ լավ գիտեմ»։ Ա՛հ, այդ սուր տենորային ձայնը. այսօր էլ նա հնչում է իմ ականջներում։ Դա, պարոններ, իմ այն պաշտոնակիցն էր, որին կինս այնպես «ատում էր»։ Թփերը իրարուց բաժանելով, անցա այն կողմը։ Այնտեղ, այն փայտյա նստարանի վրա, ուր ես շատ երջանիկ ժամեր էի անցուցել, կարդալով լավագույն հեղինակներին և դիտելով իմ սիրուն վարդերը, նստած էին նրանք։ Հանգի՞ստ։ Ո՜չ, այլ գրկախառնված և այնպես ամուր, այնպես ամուր, որ կարծես ձուլվել էին ու մի մարմին դարձել: Ա՛հ, այդ խելացնոր համբույրները, երբեք նմանը չէի ունեցել կյանքումս։ Նրանք թրի մի-մի հարվածներ էին իմ սրտին ուղղված։ Նրանք այնպես էին հալվել բուռն կրքերի բոցերի մեջ, որ ինձ չնշմարեցին։ Գլուխս պատեց, աչքերս արյունակալվեցին, մթագնեցին։ Սակայն ես պարզ տեսնում էի մի բան, միակն ամբողջ տիեզերքի մեջ։ Նա պսպղում էր մայր մտնող արեգակի մատնիչ շողերի ներքո։ Տապարն էր, որ նույն օրը ես մոռացել ու թողել էի նստարանի առջև գնվող սեղանիկի վրա։ Եվ երևակայեցե՛ք, այդ առաջին և միակ անգամն էր, որ մոռացել ու թողել էի այդտեղ, ուրիշ օրերը ես տապարս տանում էի գցում նկուղի մեջ։ Ես ճանկեցի նրան և երկու հարված տվեցի, միայն երկուսը, մեկը դավաճան կնոջս, մյուսը նրան, իմ ընկերոջն ու բարեկամին:
Երկուսն էլ տապալվեցին գետին, մի-մի սուր ճիչ արձակելով…
⁂
Պողոս Նուբարյանը լռեց։ Սեղանակիցները նայեցին իրարու, խորապես ազդված մարդու պատմությունից։
Լևոն Շահնազը հարցրեց.
Ուրեմն դուք սպանել եք երկու հոգի՞։
Երեք: Կինս հղի էր։
Հետո՞։
Մնացյալը հետաքրքրական չէ։ Ուշքի գալով, ես, իհարկե, անմիջապես գնացի և հանձնվեցի ոստիկանությանը։ Երդվյալների դատարանը, իմ ոճիրի մեջ մեղմացուցիչ հանգամանքներ տեսնելով, ինձ դատապարտեց ընդամենը հնգամյա աքսորի։ Այն էլ հետո կրճատվեց։ Բայց խնդիրն այդ չէ։ Դուք տեսա՞ք ամենազոր զորության արածը։ Երկաթուղու գծի ավրվելը, ասաց սպաներից մեկը։
Տապարը սեղանի վրա մոռանալը, ասաց Լևոն Շահնազը։
Ասացի, որ ես նրան միշտ տանում էի նկուղ: Պարոննե՛ր, պարոններ, մի պարծենաք ձեր ուժով, մի՛ պարծենաք։ Դուք ամենքդ, ամենքդ ամենազոր զորության գերիշխանության ներքո եք: Եվ որքա՜ն նա խորամանկ է, որքա՜ն նենգամիտ։ Ո՛ր անկյուններն ասես նա չի մտնում, ո՛ր փոսերի մեջ չի ապրում՝ մեկին թշվառացնելու, մյուսին երջանկացնելու համար։ Ինձ ոճրագործ դարձնելու համար նա մտել էր այդ մի կտոր երկաթի մեջ։ Մի ուրիշ դեպքում դուք նրան կտեսնեք կայծակի մեջ անտառում, փոթորկի մեջ ծովի վրա, խաղարկության տոմսակի մեջ, մի անսպասելի հանդիպման, մի աներևակայելի ընդհարման, մի անզգույշ արտասանված խոսքի, մի ծուռ քայլի, մի կտոր ապակու կամ խնձորի մի կճեպի մեջ։ Նա ամեն տեղ է, ամենուրեք և միշտ տերը մեր ճակատագրի։ Նա ավելի հզոր է, քան բնության օրենքները. Ա՛հ, ահ, եթե նա մի անգամ բարի հրեշտակ է, հազար անգամ չար դև է, միշտ անսպասելի, միշտ անընդդիմադրելի և հավիտյան անքննելի ու անհասկանալի։
Այս է կյանքը, պարոննե՛ր, այն խավար փոսը, ուր ընկել ենք։ Մի՛ պարծենաք ոչնչով, ոչնչով, իսկ այժմ ներեցեք ինձ, որ ընդհատեցի ձեր զվարճությունը։ Մնացեք բարև:
Ասաց մարդը ու, շտապով վճարելով գինեվաճառին իր կերած-խմածի արժեքը, դուրս գնաց։