Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։

Կրթություն

Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։

1958-1962 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ, որպես սրբագրիչ, աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

1965-1967 թվականներին Մոսկվայում անցել է բարձրագույն սցենարական դասընթացներ։

Գրական գործունեություն

Առաջին տպագիր գործը «Տափաստանում» ակնարկն էր (1959)։ Առավել հայտնի է դարձել 1961 թվականին լույս տեսած «Ահնիձոր» ակնարկով։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Նրա հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։

Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։