Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ Նա անձամբ չէր տեսել Ակսել Բակունցին։1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941) որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Դուք հոր նման խիստ եք եղել,

Ու հոր նման ներող,

Ձեր խորհուրդը խորն է եղել

Ու խրատը՝ գերող։


Պատերազմից հետո աշխատել է «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965)։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

Նրա մասին արտահայտվել է Հրանտ Մաթևոսյանը, Վահագն Դավթյանը, Կայսին Կուլիևը (բալկար բանաստեղծ), Ալլա Մանչերկոն ( ռուս քննադատ), Լև Օզերովը ( ռուս բանաստեղծ)։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Գրական գործունեություն

Առաջին շրջան

Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա…

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Երկրորդ շրջան

Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։ Այդ նույն բանաստեղծության մեջ Սահյանը բերում է երդման խոսքը.

…Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ

Ինչ կանչերով էլ ականջս շահեն,

Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն,

Ինչ համերով էլ կաշառեն լեզուս,

Շաղոտ շուրթերով՝ շարականաշուք

Քո շշուկներն են կրկնելու նորից…


Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։

1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1989 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Այդ ժողովածուներով Սահյանը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը։