Егише Чаренц

Երեքը

Մի հին դղյակում ապրում էին գոց
Երեքը նրանք. դղյակում այդ հին:
Երկուսն էլ նրանք այդ երազ կնոջ
Ասպետներն էին:
Ու ապրում էին փակված ու մենակ,
Աշխարհից հեռու, դղյակի միգում:
Ու հին դղյակի կամարների տակ
Հոսում էր նրանց կյանքը անանուն:
Ի՞նչ էին անում այդ երեքը միշտ,
Այդ հին դղյակում ի՞նչ էին անում:
Կյանքը դղյակում երա՞զ էր, թե վիշտ
Ոչ-ոք չգիտեր ու չէր իմանում:
Որպես մի հեքիաթ, որպես հինավուրց
Դարերում ապրած լեգենդի կտոր
Կյանքը դղյակում դարձել էր անուրջ:
Ապրեցին անձայն ու անցան մի о՜ր:

Մեկը դղյակում մենակ էր առաջ
Երազ կնոջ հետ: Մենակ էր ու գոհ:
Թվում էր նրան աշխարհը երազ,
Ու լույս էր այնպես. կապույտ երեկո:
Նստում էր մենակ և հսկում էր նա:
Կինը դղյակում և կար, և չկար:
Նստում էր մարմար սանդուխտի վրա`
Աչքերը վճիտ ու սիրտը պայծառ:
Եվ մի իրիկուն հրոտ, հրավառ
Արևը մտավ գիրկը լեռների:
Կինը դղյակում և կար, և չկար.
Նա նստած էր լուռ՝ երազին գերի:
Արևը մտավ խորշը լեռների
Ու թվաց նրանց գիշերի միգում,
Որ ո՜չ մի հրաշք էլ ետ չի բերի
Անցած արևի հուրը ոսկեգույն...
Անշշուկ նստած լսեց, որ անցան,
Անդարձ հեռացան... Մի՞թե չգտավ:
Եվ նա չտեսավ, թե ինչպես, անձայն,
Մյուսն այն գիշեր դղյակը մտավ...

«Դու կանչե՞լ էիր, շշնջաց նրան.
Հեռու դաշտերից, արևի երկրից:
Արևը անցավ ու ժպտաց միայն:
Արևի երկրից կանչել էիր ինձ»: -
Երբ գիշերն իջավ դղյակի միգում
Երեքը նրանք կրակ չունեին:
Ու թվաց, որ դեռ երեկ իրիկուն
Երեքն էլ, նրանք, դղյակում էին:
Նայեցին իրար ու թվաց, թե դեռ
Դարերի միգում, սկզբի օրից
Երեքն էլ, նրանք, այստեղ են եղել
Մի՜շտ իրար կապված` հեռու բոլորից...

Ասաց շշուկով կինը երկուսին.
«Գիշերը հազար հրաշքներ ունի.
Գիշերի գրկում ընկնում է հոգին
Հազարաստղանի գիրկը անհունի՚:
Նայեցին իրար, նայեցին նրան:
Վառվում էր ոսկի հայացքը կնոջ
Կարծես ասելու ոչինչ չգտան:
Կարծես դողացին շրթերը դողդոջ:
Եվ մեկը հանկարծ հեծկլտաց մթում...
Մյուսը ժպտաց: Ու տեսան իրար:
Նվում էր մի տեղ դղյակի կատուն:
Ու դուրսը քամին խնդում էր խելառ:

Ու կինը, հիվանդ, մտավ անկողին:
Հսկում էին լուռ երկուսը նրան:
Ու գրկել էր մութ լռությունը հին
Նրանց երեքին: Ու լուռ էր միայն:
Ու մութ էր այնպես: Ու հիվանդ էր նա:
Եվ երկուսն էլ, լուռ, անկողնի առաջ
Երազում էին պատկերը նրա
Հեռավոր նրա հմայքը երազ:
Երազում էին: Երկուսն էլ կային:
Այնքա՛ն հարազատ ու մոտիկ այնքան:
Եվ սուրբ խոսքերով օրորում էին
Կնոջը հեռու: Երկուսն էլ նրան:

Ու լուռ էր այնպես: Ու լուռ էր: Ու գոլ
Լռության գրկում թվում էր նրանց,
Որ կյանքը մահից անհուն է ու խոր,
Մահու պես գաղտնի, անթափանց, անանց:
Ու հիվանդ էր նա: Բայց մահը չկար:
Միայն մշուշում երկու կրակներ
Կարծես բռնկվող, կարծես հոգեվար,
Երազի նման ժպտում էին դեռ:

Եվ մեկը հանկարծ ասաց մյուսին.
«Արևը երեկ անցավ ո՞ւր գնաց...»:
Մյուսը նայեց ու ժպտաց կրկին.
«Արևը չկա: Արևը - երազ...»:
Եվ մեկը ուզեց անդարձ հեծկլտալ,
Բայց բարձր ճչաց. «Օ, ցո՛ւրտ է այնքան...»:
Մյուսը ժպտաց: Ու երկա՛ր երկա՛ր
Լռեցին նրանք` անբարբառ, կարկամ:
Եվ երկուսն էլ լուռ նայեցին նրան:
Լուռ քնել էր նա: Լուռ էր ու լռին:
Եվ վերջին միգում վերջին լռության
Երկուսն էլ հլու սպասում էին:

Եվ մյուսն հանկարծ բարձրացավ տեղից
Ու սուր, լռության դղյակում կարկամ,
Ուր իջել էր մի անսահման կսկիծ
Ճչաց ու կանչեց տասներկու անգամ:
Տասներկու անգամ կանչեց, բայց չկար:
Արնոտ էր նրա ձայնը մշուշում:
Տասներկու անգամ կանչեց, խելագար
Ու դուրսը ոռնաց հուսահատ մի շուն:
Լուսնի երեսին ոռնաց ու լռեց:
Եվ վերջին անգամ նա կանչեց նրան:
Կինը բարձրացավ, ժպտաց, համբուրեց -
Ու մշուշի մեջ երկուսն էլ կորան...

Իսկ մեկը, նստած անկողնի առաջ,
Սպասում էր դեռ: Կարծում էր, որ նա
Դեռ պառկած է իր անկողնի վրա,
Որպես լույս-ցնորք ու հոգու երազ:
Չտեսավ, կարծես, որ ջահը հանգավ:
Չտեսավ, կարծես, որ անդարձ ընկավ,
Անդարձ փշրվեց բաժակը հոգու,
Որ զրնգում էր դեռ երեկ երեկո:
Մի՞թե չլսեց կանչը խելագար.
Տասներկու անգամ կանչեց ու տարավ:
Մի՞թե չտեսավ, որ ջահը չկար,
Որ ջահը հանկարծ արյունվեց մարավ:
Լուռ նստած էր նա անլույս սենյակում,
Աղոթում էր դեռ ու հսկում էր նա:
Եվ կամաց-կամաց տագնապը թաքուն
Իջնում էր նրա կարոտի վրա...

«Դու ի՞նձ ես ուզում. այստեղ եմ ահա:
Նստել եմ քեզ մոտ մի՞թե չգիտես:
Լռության գրկում սպասում է նա:
Շրթերդ հրոտ համբուրում եմ ես»:
Եվ կինը գրկեց, համբուրեց նրան:
Ջահերը նորից դղյակի միգում
Արնավուն լուսով բռնկված կորան:
Եվ խավարն իջավ անդուռ դղյակում:
Եվ կինը կարծես չտեսավ, որ լուռ,
Որպես մի ուրու, որ կա ու չկա -
Մոտեցավ հանկարծ լուսավոր, տխուր,
Տխրորեն վճիտ երազը նրա...
Մյուսը կարծես չիմացավ ինքն էլ,
Թե ինչո՞ւ հանկարծ թվաց, որ միգում
Մեկը, անանուն, անտես մոտեցել
Ու խուլ տագնապով դռներն է թակում...

Ու լուռ կանգնեցին իրարու դիմաց
Երկուսը կարծես առաջին անգամ:
Կինը հեծկլտաց ու նորից ժպտաց
Ժպիտն էլ, լացն էլ - օտա՛ր էր այնքան:
Ու կանգնած էին նրանք դեմ ու դեմ
Ու չգիտեին՝ ի՞նչ էին ուզում:
Բայց զգում էին, որ մի լուր գիտեն
Երկուսն էլ հոգու անլուր երազում:
Եվ զգում էին որ ճամփա չկա:
Եվ զգում էին, հոգնած ու տխուր,
Որ կընկնի՛, կընկնի՛ լույսը հեռակա
Վերջին խավարի գիրկը ահավոր:
Եվ զգում էին. վերջին անհունում,
Արևից հետո ու լույսից հետո
Երկուսն էլ նրանք` անդեմ, անանուն
Կդառնան հլու ողջակեզ ու զոհ...

Ու վերջին անգամ նայեցին իրար...
Ծանո՛թ էր այնքան աչքերի հեռուն...
Այն ո՞ւր է տանում հորձանքը վարար
Լույսը հոգեվար մարող աչքերում:
Դու ի՞նչ ես ուզում... Դու մրսե՞լ ես, հա՞:
Իսկ դո՜ւ, դո՜ւ, որ միշտ արևի բովում
Այրվում էիր եկել ես հիմա
Ու փնտրում ես իմ լուսնային հեռուն...
Ու աչքերը, խոր, խորունկ խորացան
Մյուս աչքերի խորության մեջ խոր:
Կարծես հիշեցին, կարծես մոռացան,
Որ եղել են, կան, ապրում են մի օր:
Եվ կինը խնդաց արնոտ մշուշում
Ու եկավ, կանգնեց երկուսի առաջ:
Միթե նա՞ է նա: Միթե չի՞ հիշում
Աստղերը վառած, աստղերը մարած:
Թե՞ ուրու է նա: Եկավ ու չկա:
Կանգնած են նրանք դեմ առ դեմ էլի:
Վերջին պարտության վայրկյանը հիմա
Կհնչե անդարձ... Եվ ուշ կլինի:

...Ու վայրկյանը, քար, ընկավ անողոք:
Հնամյա մի կամք, անդարձ ու տոկուն,
Որպես դարերի վիթխարի բողոք
Խտացավ նրանց աչքերի միգում:
Եվ մյուսն հանկարծ ճչաց քարացավ,
Կույր, զգաց հանկարծ, որ սառցե մի սուր
Մեխվեց իր սրտում: Սառցի պես մի ցավ
Կաշկանդեց նրա էությունը հուր:
Բայց վերջին միգում տեսավ, որ նա է՜լ -
Մեկը, հուսահատ, տասներկու անգամ
Ճչաց ու կանչեց վանդակում անել -
Եվ նույնպես ընկավ...

Խավարի գրկում դղյակը այն հին
Երերաց հանկարծ: Ու երկա՛ր, երկա՛ր
Գայլերը դաշտում դեռ ոռնում էին:
Ու լուռ էր այնպես: Ու ոչինչ չկար:

Կարս-Մոսկվա, 1915-1916թթ

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Fides Tua
Тигран Амасян

Fides Tua

Цветы Востока
Цветы Востока
Играть онлайн