Егише Чаренц
Բրոնզե քո՛ւյր իմ...
Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հա՛րս,
Լուսավոր դու, հրասիրտ ու հրավարս,
Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս։
Դու վառվել ես օրերի մեջ ու հրում,
Դու վառվել ես կարմրավառ այս օրերում,
Դու վառել ես գալիքները ու հեռուն։
Եվ քո սիրտը մի խարույկ է ճարճատուն,
Ու հրում քո այրըվում ես հիմա դու,
Ու կարմիր են կրակները քո հատու։
Բայց գրկել է քեզ խավարը անսփոփ,
Արնոտել են կրակներդ հիմա որբ,
Օ, երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ հրասուրբ։
Ու խավար է, շուրջդ ահ է ու մշուշ,
Արնոտել են կրակները քո անուշ
Շուրջդ ա՛հ է, շուրջդ մահ է ու մշուշ։
Քեզ խաչել են ու թքել են երեսիդ,
Օ, երկի՛ր իմ, հրադեմ ու հրասիրտ,
Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս իմ երազի։
Քեզ խաչել են ու թքել են երեսիդ,
Քրքջացել են լուսավոր քո երազին,
Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս իմ երազի։
Ու վերքերը կարմըրել են երեսիդ,
Արնոտել են շուշանները երազի,
Բայց քո ճիչը Ամոքիչը կլսի։
Եվ հողմերը կճչան ու կշաչեն,
Եվ զենքերը մեր զվարթ կշառաչեն,
Որ հառնե քո երազանքը լուսաճեմ։
Ու հրում, հողմերում մեր երազի
Կկորչեն քո դահիճները անբասիր,
Ոսոխները, ոսոխները քո զազիր։
Եվ նրանք, որ թքեցին քո երեսին
Պետք է մահը ու դժոխը երազեն
Գայլերի ու ցիների հետ միասին։
Եվ նրանք, որ լրբացել են էլ հիմա
Անկումից քո, խարխափից քո ակամա
Գտնելու են միայն մեգ ու միայն մահ։
Կխառնես դու, հրասիրտ ու հրավարս,
Կվառվես դու խնդասիրտ ու կխնդաս,
Օ, երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հա՛րս։