Егише Чаренц

Անքուն գիշերներին

Քնել չի լինում...
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս՝ անփակ՝ թափառում են լուռ

Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:

Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես...
Մեկը բախում է դռներն անցածի
Ու հիշում եմ քեզ:

Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ:

Այնտեղ, մութի մեջ հայտնվում է ահա
Տեսիլդ գունատ ու տխրադալուկ,
Օրերի անհայտ մշուշից ելած
Գունատ այցելու:

Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր
Մի հին իրիկուն.
Հեռու երգերի խանդավառ օրոր,
Հարսանքի հանդես,
Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես...

Է՜, քնե՜լ, քնել...
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին...
Ա՜խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում՝ գիշերն անց կացավ...
Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ...

Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.
Դու երբեք, երբե՛ք ինձ չես ժպտացել

Քո ժպիտն անգամ ցա՛վ է թվացել
Իմ հոգուն տկար...
Ես քեզ կանչեցի երկա՜ր ու երկա՜ր
Դու չեկար, չեկար,
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի...

Օտա՜ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր
Ու կարմի՜ր, կարմի՜ր խաշխաշներ ցավի,
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,

Որ քո կույս հոգին իմի հետ ցավի...
Ու ես չեմ հիշում, թե ի՞նչպես մի օր
Օտար, անմեկին
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին...

Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ
Ապրել չէ՛ր լինի:
Չէ՜ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև գմա ես չեմ մոռացել...

Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չէ՞ որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել.
Սերը մեզ համար արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,

Իսկ կնոջ համար հրճվանքի գինի...
Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ա՛խ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար...

Դրա համա՞ր ես դու այստեղ եկել
Օ, նենգոտ տեսիլ...
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել...
Օ, զզվելի՛ կին,
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս...
Ուզո՞ւմ ես՝ պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան
Եվ ես կորցրի երազի ճամփան...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում:
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար...

Երկա՜ր քայլեցի.
Եվ իմ դեմ ահա մի երկա՜ր փողոց:
Հեռևում դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՜ն լուր բերին...

Մի հին լուր՝ հոգուս մեջ պահված ծածուկ
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ...
Ու... այս եմ հիշում՝
Մի հին անկողին թաղված մշուշում,
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ...
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի,
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի...
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՛, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի
Էլ ո՛չ մի զղջում իմ երազը հին
Հետ չի դարձնի...
Գնա՛, սիրելիս,
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ,
Ուզում եմ քնեմ ա՜խ, ինչպե՞ս քնեմ...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Mечты
Арно Бабаджанян

Mечты

Горные виноградники
Горные виноградники
Играть онлайн