Уильям Сароян

Ծիծաղ

- Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:
- Այո:
Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:
- Ծիծաղի՛ր:
Աճող էլեկտրական լարվածությունը, ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:
- Ախր ինչու՞:
Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:
- Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:
Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն:
- Ներեցեք, որ ծիծաղեցի:
Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:
- Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:
Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել:
- Չեմ ուզում ծիծաղել:
Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: - «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:
Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:
Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր:
- Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս:
Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:
Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:
Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:
Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:
- Բե՛ն:
Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:
- Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ:
- Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
- Այո:
Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ:
- Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
- Տասը:
- Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…
- Չգիտեմ:
- Ո՞վ է հայրդ:
- Դերձակ է:
- Այստեղ քեզ դու՞ր է գալիս:
- Երևի, այո:
- Եղբայներ, քույրեր ունե՞ս:
- Երեք եղբայր, երկու քույր:
- Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:
- Այո:
- Ու՞ր:
- Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
- Հին երկի՞րը:
- Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
- Օհ:
Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:
- Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:
Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:
- Բեն, հիմա կարող ես գնալ:
Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան:
- Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
- Մնաս բարով, Բեն:
Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:
Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած:
Ապա կրկին սկսեց լալ:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Гаяне - Колыбельная
Арам Хачатрян

Гаяне - Колыбельная

18 марта 1963 г., Нью-Йорк.
18 марта 1963 г., Нью-Йорк.
Играть онлайн