Вано Сирадегян
Վարչապետաց Վարչապետ
Երկրորդ փետրվարյան ավանտյուրայի «հոբելյանական» հոդվածներից մեկը նվիրված է Հայաստանի 10 վարչապետերին: Ավելի ճիշտ, բոլորին ոչնչացնելուն, բացի... երկուսից:
Հոդվածը օրիգինալ չէր լինի, եթե անթաքույց լիբերալ արժեքների դիրքերից անակնկալ չհանգեր Քոչարյանին ու Սերժին գովելուն: Ճիշտ է, համակրության մի չնչին դոզա էլ տրվում է առաջին վարչապետին: Եւ այսպես, Գագիկ Հարությունյանը մեղադրված է պրոֆեսիոնալ անկարողության հանգամանքով, ինչի պատճառով, ասում է, Տեր-Պետրոսյանը նրան «ազատեց պաշտոնից»: Եթե ոչ պատմության, գոնե անձի հանդեպ արդար լինելը պահանջում է ասել, որ Գ. Հարությունյանը, ընտրված փոխնախագահ լինելով, ստանձնել էր (հետո պարզ դարձավ, որ դժկամությամբ) վարչապետությունը՝ որոշակի ժամկետով, եւ այդ ժամկետը լրանալուց հետո մեկ օր անգամ ավելի չմնաց ու վերադարձավ իր ընտրովի պաշտոնի պարտականությունների կատարմանը: Եւ «ազատել» բառը բոլորովին անտեղի է, եթե հատուկ չես ուզում մարդուն վիրավորել: Բայց հոդվածագիրը այդքան չի սիրում Հարությունյանին: Հարությունյանին ուրիշ չսիրողներ էլ կան, բայց այս մեկը հետաքրքիր է համակրությունների ու հակակրությունների այն փնջի մեջ, որը մատուցվում է այն ծավալուն հոդվածում, որի վերնագիրը խոստանում էր, որ այն կլինի Անդրանիկ Մարգարյանի մասին, բայց վերջինիս անձն ու գործը բնորոշվում են որպես չեղած մարդու: Սրամիտ է, բայց արդեն անհետաքրքիր, որովհետեւ այս ընթացքում Անդրանիկի վրա ման են գալիս մեծ ու փոքր՝ օրվա պարտադիր զբոսանքի գնալու նման: Խոսրով Հարությունյանի մասին ասվում է, թե չզգաց քաղաքական պահը եւ դեմ խոսեց իր իսկ ծրագրին ու պաշտոնանկ եղավ: Դարձյալ հանուն արդարության պիտի ասեմ, որ այդ ծրագիրը Խոսրով Հարությունյանինը չէր, այլ ՀՀՇ-ի տնտեսական ծրագիրը, եւ դժվար է ասել, թե նա քաղաքական պահը չզգաց, որովհետեւ այդ ծանրագույն պահին, չունենալով թիկունքին ոչ կուսակցություն, ո´չ պառլամենտական մեծամասնություն, խեղդված լինելով նախկին վարչապետերից ժառանգություն ստացած կառավարության նախագահության (այն ժամանակ կար «փոքր կաբինետ», այդ հետո է վարչապետը դառնալու միահեծան) ամբիցիոզ կազմով, գերադասեց չկործանվել այդ պահին եւ հետագայում ունեցավ բարեհաջող կարիերա:
Հեղինակը Բագրատյանին գնահատում է բարձր, միաժամանակ հիշեցնելով, որ իրեն նախորդածների տնտեսական փաթեթներն էլ ինքն էր պատրաստում, եւ որ ՀՀՇ-ի պարագլուխները շատ էին խառնվում նրա կադրային եւ սեփականաշնորհման գործերին: Այսինքն, սեփականաշնորհման այլանդակությունների մեղավորներ էլ կան: Անցնելով Արմեն Սարգսյանին՝ հեղինակը այն աստիճան կորցնում է սառնասրտությունը, որ պնդում է, թե նա միայն ժպտում էր եւ եթե մնար էլ, ոչինչ չէր անելու: Քոչարյանի վարչապետության մասին այն է ասվում մոտավորապես, թե ինքը հո վարչապետ մնալու համար չէր եկել: Ինքներդ դատեցեք, կարծիքը դրակա՞ն է, չեզո՞ք, թե՞ բացասական: Արմեն Դարբինյանի մասին՝ գործը իմացող վարչապետ էր (այսինքն՝ արհեստավարժ), բայց որ կար Վ.Սարգսյանը՝ իր թիմով, Քոչարյանը չէր կարող բավարար չափով պաշտպանել: Մոտավորապես Բագրատյանի վիճակում: Այսինքն, հոդվածագիրը Դարբինյանին էլ է բարձր գնահատում՝ չանդրադառնալով այն հանգամանքին, որ նա երկու ընտրությունների արանքում նշանակված էր, որ վարչապետի աթոռը պարզապես թափուր չմնա: Վազգեն Սարգսյանի դեպքում խոստովանում է, որ դժվար է բան ասել, բայց արձանագրում է, թե Վազգենը «ուզում էր ձեռքը վերցնել պետական կառավարման լծակները», բայց քանի որ կար նաեւ նախագահ, եւ հարցը «Սահմանադրորեն լուծում չուներ»: Կռահո՞ւմ եք, ինչ անելանելի վիճակի առաջ էր կանգնած Քոչարյանը: Այսինքն, հրաժարական տալը, Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն ու լիազորությունների վերաբաժանումը եւ այլ հնարավորությունները հեղինակին թվում են ոչ Սահմանադրական: Եւ միայն այս էպիզոդում է, որ հեղինակը դադարում է պնդել՝ չգիտես որտեղի՞ց ծնված՝ այն միտքը, թե Հայաստանի Սահմանադրությամբ վարչապետը ահռելի իշխանական լծակների է տիրապետում եւ նույնիսկ նախագահին «գրեթե հավասար» լիազորություններ ունի: Ու նաեւ «երկրորդ մարդն է պետության մեջ»:Բայց ո՞ւր մնաց Ազգային ժողովի նախագահը, որ երկրորդ մարդն է պետության մեջ թեկուզեւ այն հանգամանքով, որ նրան են անցնում նախագահի լիազորությունները՝ արտահերթ ընտրությունների ժամանակամիջոցում: Բայց շարունակենք դիտարկել վարչապետաց պատկերաշարքը: Արամի վրայով թեթեւ է անցնում հոդվածագիրը, իսկ Մարգարյանի վրա, առհասարակ, կանգ չի առնում՝ ասելով, որ քանի որ Վազգենից ու Արամից հետո Քոչարյանին վարչապետ պետք չէր, չլինելու ձեւը, ուրեմն, Մարգարյանն էր: Այսինքն՝ եղած-չեղած: Միջանկյալ հետեւությունից առաջ հոդվածագիրը հասցնում է գովել Սերժին: Ի՞նչ կապ ունի, կհարցնի ընթերցողը: Ունենա-չունենա, կարող է պատասխանել հոդվածագիրը, բայց ոչ, հոդվածի գլխավոր խնդիրը նոր է արծածվում, եւ արժանին մատուցելով Սերժի համեստությանը, որը խոստովանում է, թե Անդրանիկ Մարգարյանի «ներկայացմամբ է ինքը նշանակվել հայ-ռուսական հանձնաժողովի նախագահ», հիշեցնում է, որ ոչ միայն ՀՀՇ-ի պարագլուխներն էին խառնվում կադրային ու սեփականաշնորհման գործերին (կնշանակի՝ Բագրատյանի ժամանակ), այլեւ նախկին «երկու ուժայինները արհամարհում էին վարչապետին եւ կառավարության նիստերին չէին գնում»: Ի տարբերություն, իհարկե, Սերժի, որն այն ժամանակ էլ գնում էր: (Սերժը ինչպե՞ս կարող էր չգնալ մի տեղ, որտեղ սեփականաշնորհում էր գնում:) Իսկ նախագահը աշխատում էր ոչ մի կողմին «չնեղացնել», ասում է հեղինակը: Եւ պատկերացրեք, որ այսպիսի խեղդված վիճակում անգամ (երբ նախագահը միայն այն էր անում, որ ոչ մեկին «չէր նեղացնում»), ահա այդ վիճակում կառավարությունը հաջողությամբ իրագործում է տնտեսական բարեփոխումները:
Ընթերցողին թողնելով այն հարցի պատասխանը, թե ինչպես մի կառավարություն՝ իրար արհամարհելով՝ կարող էր ոչ միայն 8 տարի գոյատեւել, այլեւ երկիրը ներքին մեծ ցնցումներից հեռու պահել ու պատերազմում էլ հաղթել,-մի քանի տասնամյակ ետ գնանք՝ այն միակ պատերազմի ժամանակները, որը ի տարբերություն Ղարաբաղյան պատերազմի, հայությունը հիշում է՝ երկրորդ համաշխարհային պատերազմի: Կարծեմ, ոչ ոք չի կասկածում, որ Ստալինը դահիճ լինելուց բացի, նաեւ ապարատային կառավարման հանճար էր եւ ոչ մի խնդիր չուներ կառավարման ասպարեզում: Որտեղ ծուլանում էր խարդավանքներ հյուսել, գնդակահարում էր կամ բանտում փտեցնում: Բայց նույնիսկ Ստալինը, ճակատագրերի տնօրինողն ու խարդավանքի վիրտուոզը, պատերազմի տարիներին անձամբ հանձն առավ կառավարության ղեկավարությունը՝ իրեն տեղակալներ նշանակելով «ուժայիններին», իր եւ նրանց արանքում այդ վիճակում չկարողանալով տեսնել «վարչապետի» պաշտոն: Իհարկե, Ստալինի գործը ավելի հեշտ էր, պատերազմին զուգահեռ սեփականաշնորհում չէր գնում: Շարունակենք հետեւել հոդվածի ասելիքին, որի կարեւոր պահերից մեկն արձանագրումն է այն փաստի, որ վարչապետ Ա. Մարգարյանի չեղած պայմաններում աճ է արձանագրվում, նշանակում է, չէ՞, դա նախագահի շնորհքն է: Ընթերցողիս համար այլ եզրակացության հնարավորություն պարզապես չի թողնվում: Ճիշտ է, որպեսզի հոռետես ընթերցողս չընդվզի լիբերալի այս գնահատականից, «մեղմում է» տնտեսական աճը մինչեւ 3-4 տոկոս: Ինչից պիտի եզրակացնել, որ եթե Անդրանիկի տեղը իսկական վարչապետ լիներ, հնարավոր է, որ աճը 9-ի էլ հասներ: Այսինքն, Քոչարյանը, ըստ էության, սուտ չի ասում, թե երկիրը ոչ միայն ծաղկում է, այլեւ առավել ծաղկելու հնարավորություններ ունի, եւ ոչ մի բլոկադա դրան խանգարել չի կարող: Հետեւապես, Ղարաբաղի հարցը Հայաստանի ապագայի հետ կապ չունի: Պարզապես, Վազգենի եւ եղբոր վարչապետությունից Քոչարյանի աչքը որ վախեցել էր, գերադասեց (հավանաբար, առաջին հերթին երկրի կայունությունը ապահովելու համար) վարչապետ չունենալ:
Հաջորդ էտապում (կայունությունը արդեն ապահովված է) առանց վարչապետի չի լինի, եզրակացնում է ինքը՝ հոդվածագիրը: Այսինքն, հենց որ Անդոյին հանեցին, Հայաստանի կատաղած աճի դեմը այլեւս առնել չի լինի: Բայց պարզվում է (այստեղ արդեն մոտեցանք հոդվածի մեխին), որ լիարժեք վարչապետ չունենալու սովորություն ունեցել է նախ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանը, պարզվում է, վախից թե ինչից չի թողել, որ վարչապետերը գործեն Սահմանադրական լիազորությունների ողջ ծավալով: Եւ հոդվածագիրը, ինչպես վերը հիշատակեցինք, փորձում է մեզ համոզել (առանց, ի դեպ, գոնե մեկ հոդված նշելու), թե մեր Սահմանադրությամբ վարչապետը նախագահին «գրեթե հավասար» լծակներ ունի: Սահմանադրությունը չկարդացածների համար ասենք, որ մեր քաղաքական համակարգը նախագահական է: Ու չնայած մեր Սահմանադրությունը արտագրված է ֆրանսիականից, արտագրված է՝ տեղ-տեղ, եւ Ֆրանսիայի վարչապետի լիազորությունների հետքն էլ չկա մեր Սահմանադրության մեջ: Լավ է թե վատ, դա ուրիշ հարց է, փաստն է մնում փաստ: Մեր երկրում վարչապետը նշանակվում եւ ազատվում է նախագահի հրամանագրով, գրեթե ինչպես նախագահի աշխատակազմի ղեկավարը: Մեր պառլամենտի ընտրությունները կառավարություն կազմելու խնդրում չնչին դեր են խաղում, որովհետեւ օրենսդրորեն երաշխավորված չէ ընտրություններում մեծամասնություն ստանալ եւ այն պահպանել պառլամենտի գործունեության ընթացքում: Ասել է թե՝ նախագահի քմահաճույքից վարչապետին չի պաշտպանում ո´չ օրենքը, ո´չ, առավել եւս, քաղաքական տրադիցիան: Եւ այնտեղ, որտեղ պառլամենտական մեծամասնություն կարող է ձեւավորվել առանց ընտրությունների, այսինքն՝ վերբովկայի միջոցով, ի՞նչ պառլամենտական մեծամասնության մասին կարող է լինել խոսքը, եւ, հետեւաբար՝ վարչապետության կամ վարչապետի ինքնուրույնության մասին է խոսքը: Եւ եթե կառավարության որոշումը ընդամենը թուղթ է՝ քանի դեռ նախագահը չի ստորագրել որոշումը, սա չի՞ նշանակում, որ վարչապետը մեզանում ավելին չէ, քան նախագահի գրասենյակի պետը:
Վազգեն Սարգսյանի կաբինետի դեպքը այն դեպքն էր, երբ պառլամենտական մեծամասնության թիկունքին բանակն էր կանգնած: Եւ Սահմանադրությունը չէր, որ աշխատում էր: Ինչպես Սահմանադրությունը չաշխատեց Հանրապետական միավորման մեծամասնության պայմաններում 97-98-ի հեղաշրջման ժամանակ, քանի որ բանակը հակառակ կողմում էր կանգնած, եւ պառլամենտական մեծամասնությունը մեկ օրում, առանց ընտրությունների, դարձավ փոքրամասնություն: Իսկ 99- ից հետո զոհված վարչապետի մեծամասնությունը դարձավ չզոհված նախագահի մեծամասնությունը: Եւ վարչապետությունը ընկավ Սահմանադրական իր տեղը: Իր չորրորդական տեղը, չմոռանանք ասել: Իհարկե, կարելի էր նաեւ, այսքան երկար-բարակ բացատրելու փոխարեն, մի պարզ հարց տալ. եթե մի երկրում վարչապետը նախագահին «գրեթե հավասար» լիազորություններ ունի Սահմանադրությամբ, ինչպե՞ս կարող էր պատահել, որ նախագահները 10 տարում 10 վարչապետ փոխեին: Իրենց «կես» լիազորությունով: Բայց եւս մեկ անգամ Սահմանադրությանը անդրադառնալը երբեք ավելորդ չէ: (Այստեղ անհրաժեշտություն կա շունչ քաշել եւ անդրադառնալ մեզ անծանոթ հեղինակին, կամ ավելի ճիշտ՝ այն հարցին, թե ինչպես կբնութագրեինք նրան: Հավատացեք, որ դրա կարիքը կա: Կարիքը չէր լինի, եթե գրողը լիներ դաշնակ կամ կոմունիստ: Այսպես, ուրեմն, հեղինակը, իմ տրամաբանությամբ, տնտեսական ռեֆորմների կողմնակից է, սիսիանցի է կամ ղարաբաղցի, լավ է ճանաչում Սահմանադրությունը արտագրողներին, համենայն դեպս, նրանց, ովքեր մերթ Եգորյանին են Սահմանադրության հայր ասում, մերթ Նազարյանին... չնայած պատմությանը հայտնի չէ ոչ մի երկրի ղեկավար, որը այդ «ծնողական իրավունքը» ուրիշին զիջած լինի: Բայց մարդկության փորձը ի՞նչ նշանակություն ունի հայերիս համար): Մենք չենք հասկանում լիբերալի կողմից Սահմանադրության այսքան վայրիվերո մեկնաբանությունը՝ մի պարզ պատճառով, որ խնդիրը նայում ենք կոնտեքստից դուրս: Իսկ երբ նայում ենք կոնտեքստում, հանկարծ պարզ է դառնում, որ երգը ծանոթ է: Բառերն են տարբեր, բայց եղանակը նույնն է: Կամ, պարզապես երգի այս երկրորդ տունը մենք չգիտեինք: Առաջին տունը այն մասին էր, որ պատերազմը կրել են Ռոբն ու Սերժը: Բայց պարզվում է, որ դա ամբողջը չէ: Որ՝ չնայած «երկու ուժայինների» սաբոտաժի, չնայած ՀՀՇ-ի պարագլուխների խառնակչություններին, թիկունքի հաղթանակներն էլ (բարեփոխումները) գլուխ եկան, ամենայն հավանականությամբ, շնորհիվ այն բանի, որ վարչապետը մեր Սահմանադրությամբ «երկրորդ մարդն է պետության մեջ»: Իսկ ինչո՞վ էր զբաղվում Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնին այդ 8 տարիներին, եթե տնտեսական բարեփոխումները կառավարությունն է իրականացրել՝ նախագահի կիսատ-պռատ օժանդակության պայմաններում, իսկ պատերազմն էլ, արդեն գիտենք, Ռոբն ու Սերժն են կրել... Այ, անտեղյակ մարդուս այս հարցն էլ կրկներգն է այն երգի, որը վերջապես ամբողջական դարձավ այս չորս տարվա մեջ:
27.02.2002