Вано Сирадегян
Էս ո՞վ է եկել տիրացել թաքուն
Պատասխան դաշնակի որդի դաշնակ Վահանին
.
Իմ ««Պարիտետի» ժամը-4» հոդվածի սադրանք-խնդիրը հետեւյալն էր. Դաշնակցության մամուլի արձագանքի միջոցով պարզել - արդյո՞ք որոշում են կայացրել Քոչարյանի վերաբերյալ: «Հայոց Աշխարհի» արձագանքից պարզ դարձավ, որ արդեն կայացնում են:
Ասվածից չի հետեւում, որ ««Պարիտետի» Ժամը-4» հոդվածում Քոչարյանի քաղաքական եւ անձնական կրախի վարկածը առաջ էր քաշվել դաշնակցականներին հիմարացնելու համար: Ամենեւին: Սադրանքի մասը այն էր, որ վարկածը տպագրության հանձնվեց «27»-ի դատավարության մեկնարկին, երբ քաղաքական սպանությունների թեմայի նրանց ընկալումը պիտի լիներ առավելագույնս հիվանդագին եւ ինքն իրեն մատնող: Մեկ տասնյակից ավելի հոդվածները, որ այս 4-5 ամիսներին քարը քարի վրա չեն թողել այն արկածախնդրական քաղաքականությունից, որը 100 տարի պարտությունից պարտություն է տարել մեր ժողովրդին, այդ հոդվածները ոչ մի հակաճառության չհանդիպեցին ոչ միայն այն պատճառով, որ դժվար էր հակափաստարկ գտնել պատմական իրողություններին (հակաճառելու համար դաշնակցականը փաստարկի կարիք չունի), այլ որովհետեւ հաշվենկատորեն խուսափում են ավելորդ անգամ աննպաստ լույսի տակ երեւալուց:
Բայց այս դեպքը ուրիշ էր: Տեռորի թեմայի կողքով նրանք չեն կարող անտարբեր անցնել, ինչպես երեխան չի կարող անցնել պաղպաղակի կողքով: Եւ առաջին միտքս այն էր, որ մեջները խոսեց թասիբը մեկի, որի գործին խփում են: Այդ ո՞վ է առաջ ընկել: Էդ քանի՞ գլուխ ունեն: Էդ ո՞վ է, որ չի հասկանում, թե հայության մեջ որ կազմակերպությունը իրավունք ունի ազգային հողի վրա որոշում ընդունելու՝ ով ապրի-ով չապրի... Մի խոսքով, պրոֆեսիոնալ պատվախնդրության ընդվզման բռնկում: Բայց երբ մեկ արձագանքը դարձավ երկու, հասկանալի դարձավ, որ բանը ավելի լուրջ է: Հետաքրքիր է, չէ՞, դեպքը չպատահած՝ հարց են դրել –ո՞ւմ է ձեռնտու: Նախորդ անգամ, պառլամենտի գնդակահարության առիթով, այդ հարցը դրել էին դեպքից հետո եւ, բնականաբար, եզրակացրել, որ ձեռնտու է ուրիշներին, նախկիններին: Այդպես վարվում են սկսած Արծրուն Մարգարյանի ոտքերին կրակելուց: Եւ մեկը չկա այդ նախկիններից, վեր կենա ասի՝ լսեք, է´յ, իշխանություն եք –ի՜ նչ եք, պարազիտությունն էլ չափ կունենա, ամեն սպանվողի դեպքում ասում եք՝ մեզ է ձեռնտու, բայց օգուտը մի անգամ չտեսանք: Ամոթն էլ լավ բան է, տարին էդքան մարդ, մեկ է, խփվում է, ձեզ համար մի ի՞նչ դժվար բան է այնպես անել, որ տասից մեկ դեպքից մեզ, իրոք, օգուտ լինի: Համ էլ քաղաքականապես կշահարկեք: Թե չէ, շատ է անլրջանում, որովհետեւ դուրս է գալիս, որ մի գլուխ ձեր օգտին են զոհվում: Ճիշտ է, խելառի բախտ լինում է, բայց դուք ձեզ արդեն գժի տեղ եք դրել...
Առհասարակ, չքմեղանալը դաշնակցական գիծ չէ: Հակառակը, նույնիսկ կենցաղային սպանությունների պարագային (երբ ակնհայտ է, որ մատները խառը չէ) նման դեպքերում անգամ այնպիսի երկիմաստ կեցվածք են ընդունում, որ ով կասկածվի-չկասկածվի, իրենք թեթեւակի կասկածվեն: Իբր, իրենք այդպես աջուձախ խփող տղերք են: Իրականում, իրենց տերություններից թույլտվություն չունենան՝ չեն խփի, որովհետեւ գլուխներն այնտեղ վրեքից կպոկեն: Բայց լրացուցիչ վախի մթնոլորտը խանգարող հանգամանք չէ ռեկետի գործում: Չքմեղացող չեն, բայց 99-ի հոկտեմբերի վերջին խիստ վախեցած էին: Այնքան, որ մի քանի օր փակ էին պահում իրենց գրասենյակները եւ աշխատում էին փողոց դուրս չգալ: Այդ վախի օրերի համար նրանք դեռ վրեժխնդիր կլինեն փալաս երկրապահներից, մանավանդ, եթե մի հրաշքով ավելի լուրջ լծակներ ձեռք գցեն: Նրանք Սահմանադրություն ու կայունություն կդնեն (ճիշտ է նկատել Թադեւոս Խաչատրյանը) Բազեյանի ու երկրապահի բուռը: Երեկ մեկ, էսօր երկու պառլամենտ մտել, ուզում էին սատանի մայլում քյանդրբազություն-քաղաքականություն անել, «չապակայունացնել երկիրը», որ երրորդ ուժը չօգտվի, որ Ռոբերտը կայունացած երկրում հրաժարական տա, ոչ թե անկայուն: Նույնիսկ իմպիչմենտը շատ համարեցին, այնքան որ կայունության ղշեր էին դարձել:
... Հիմա իրենց ուզած հունի մեջ կդնեն այս պրոցեսը, այ, այն ժամանակ ետ կդառնան ու ցույց կտան երկրապահին, թե ինչ տեսք ունի կայունությունը ըստ դաշնակցության եւ Քոչարյանի: Դաշնակցությունը, այո, այն օրերին սաստիկ էր վախեցած եւ մի կերպ պտտում էր «ում է ձեռնտու» տաղտկալի սերիալը: Եւ մինչեւ կամազուրկ սպասում էին գլխների գալիքին, Արամը՝ այդ ժամանակվա բանակի, իրադրության, երկրի փաստական տերը, Ծաղկաձորում Ազգի Հոր դիրքերից մի այնպիսի կենաց ճառ ասաց դաշնակցության մասին, որ դաշնակցականները հիմա էլ անակնկալի´ց ուշքի չեն գալիս: Առաջին սթափվողը Հրանտ Մարգարյանը եղավ եւ տեղնուտեղը հայտարարեց, որ բենզինով շշերը պատրաստ են: Անմիջապես էլ դադարեցին «27»-ի դեպքով չքմեղանալ: Համարեցին, որ անմեղ երեւալու աստիճան նվաստանալը իրենց վայել չէ: Այդ գծի վրա այնքան հոռացան, որ արդեն կես տարի անց չէին էլ թաքցնում իրենց համակրանքը մարդասպանների հանդեպ: Հիմա այնքան են ինքնավստահ դարձել, որ հրապարակային քննարկման են դրել Քոչարյանի լինել-չլինելու հարցը: Անունը դրել են, թե անհանգստացած են Քոչարյանի կյանքի համար: Նաեւ հոգիներին մեղք են առնում՝ ասելով, թե տեսեք, ինչ հրահանգներ են տալիս Քոչարյանի կյանքի վերաբերյալ: Ով-ով, դաշնակցությունը հո լավ գիտի, որ նման բաները չեն անում հոդվածով: Իսկ եթե բանը հասել է թերթով հրահանգ տալուն, արժե, որ «27»-ի տուժողներին դատարանում ներկայացնող մեկը դատավորի ուշադրությունը հրավիրի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի առավոտը լույս տեսած «Երկիր» թերթի այն էջին, որտեղ ամեն անգամ հայհոյական ոտանավորներ էին տպագրվում նախորդ իշխանությունից մեկնումեկի հասցեին: Այդ օրը նույն էջի նույն տեղում կառավարական շենքի լուսանկարն է եւ դեմը՝ ասֆալտին, դիակ կամ դիակի սիլուետով փռած՝ «կամուֆլյաժ»: Դա սովորական քաղաքային բնանկար չէ, որ կարելի լիներ տպվելը պատահականությամբ բացատրել, այլ ֆոտոմոնտաժ: Սպանությունից 10 ժամ առաջ տպագրված այդ լուսանկարը ի՞նչ է նշանակում՝ արդյո՞ք հրաման: Թե՞ միայն ազդանշան: Եւ ի՞նչ է նշանակում այդ լուսանկարին կից Քոչարյանի փոքր դիմանկարը՝ որ համաձայնեցվա՞ծ է: Քննիչներից մեկնումեկը հարցրե՞լ է խմբագրին, թե տարվա 365 օրերից ինչո՞ւ հատկապես այդ օրն է տպագրվել ֆոտոմոնտաժը:
Հնարավոր է, որ թերթն ու կուսակցությունը կապ չունեն այդ «զուգադիպության» հետ, բայց ինչ-որ մեկը կա, չէ՞, որ կապ ունի: Եվ ուրեմն, ի՞նչ կա զարմանալու, որ դաշնակցական մամուլը լկտիացել ու բացահայտ ձեռ է առնում «27»-ի տուժողներին: Եվ հիմա էլ համաժողովրդական քննարկման է դրել հետքոչարյանական շրջանի անելիքները: Չէ՞ որ շուտով իրենց պետք չի լինելու նաեւ Քոչարյանը: Շատ էլ, թե հիմա պաշտոններ են ստանում, լավից-վատից կարողության տեր են դառնում Հայաստանի տղերքը, բայց հո Հայաստանում չե՞ն որոշում՝ ում պաշտպանեն-ում չպաշտպանեն: Հայաստանի Սահմանադրությունը էսօրվա համար էր ասում, որ պետք չէ դրսից ֆինանսավորվել եւ դրսից ղեկավարվել: Քոչարյանը պետք չէր կուսակցությանը՝ սկսած Ստամբուլի վեհաժողովից, բայց Եվրոպայի հանդեպ (ինչո՞ւ չէ, նաեւ Հայ դատով զբաղվող կազմակերպությունների) դեռ պարտավորություն կար կատարելու՝ Թուրքիային դատապարտելու իմաստով: Քոչարյանը իր դերը այդ մասով կատարեց: Դրսում նաեւ հասկանում են, որ այդ գործը շարունակություն կունենա, թե ոչ, դա մեզանից կախված չէ: Քոչարյանի միակ անելիքը մնում է Ղարաբաղը հանձնելը, իսկ այդպիսի նախագահ դաշնակցությանը հարկավոր չէ: Վահանի հայրը «Իրավունքում» սպառնաց, չէ՞, որ այդ դեպքում դաշնակցությունը ապստամբության կդիմի: Իսկ այդ ապստամբության ժամանակ ի՞նչ պիտի իմացվի ով է ում խփել: Դրության տերը իրենք լինեն, կասեն՝ Ղարաբաղը ստորագրում էր՝ խփեցինք, իրենք չեն լինի, կասեն՝ բա որ ասո՞ւմ էինք...
Եվ ի՞նչն է այդ քննարկման մեջ հատկանշականը. որ այնքա՜ ն են տղերքը հուզախռով, այնպե՜ ս են բորբոքված հեռանկարից, որ չեն քաշվում, կենդանի մարդու ներկայությամբ քննարկում են նրա լինել-չլինելու հարցը: Կողքի մարդը, ընդդիմադիրը կարող է նրբանկատ չլինել, բայց կուսակիցը, գաղափարակիցը... Շեֆն է վերջին հաշվով, ինչո՞ւ են այդպես գլխիցը անցել ու խառնվել իրար: Չլինի՞ բան է ասվել, որ չպիտի ասվեր: Թե՞ կարծում են Քոչարյանը Վազգենի չափ միամիտ է, որ չիմանա ումից զգուշանա: Հայի տանը ո՞նց է լինում. հենց որ ամուսիններից մեկը անկապ սկսում է սեր խոստովանել, մյուսի առաջին միտքը այն է լինում, որ, ուրեմն, մի ղալաթ արել է: Այնպես որ, Քոչարյանի առաջին միտքը վատն է լինելու: Եվ ուրեմն, եթե աշխարհում թեկուզ մեկ ղարաբաղցի մնացած լինի, բայց ուժային նախարարի թեկուզ 3 թափուր տեղ, նա´ կդառնա այդ բոլորի ղեկավարը, միայն թե տեղ չմնա տեռորը քաղաքական պայքարի ձեւ համարողի որդի Վահանին: Մանավանդ, եթե հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների ֆոնի վրա մտաբերենք, որ երբ Էդ. Հովհաննիսյանը ժամանակին գործուղվել էր («փախել էր») Գերմանիա՝ ներդրվելու դաշնակցության շարքերում, նրա որդի Վահանը որպես պատանդ Հայաստանից տեղափոխվել էր Մոսկվա՝ սովորելու... Չար լեզուները ասում են՝ Կենտկոմի քարտուղար Դեմիրճյանի դասախոս տիկնոջ երաշխավորությամբ:
Հե՜ յ գիտի աշխարհ:
.
2.03.2001
«Հայկական Ժամանակի» խմբագրության կողմից՝
.
Հեղինակի կողմից «Երկիր» թերթի 1999 թվականի հոկտեմբերի 27-իհամարի մատնանշումը միտք առաջացրեց: Իսկ ի՞նչ է գրված 1999 թվականի հոկտեմբերի 13-ի համարում: Եթե հիշում եք, նախաքննությունը պարզել է, որ ի սկզբանե այդ օրն էր նախատեսվում կատարել սպանդը, բայց այն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է: Իսկ հոկտեմբերի 13-ի համարում, վերը նշված լուսանկարի տեղում մեկ այլ լուսանկար է տեղադրված: Լուսանկարում դուռ է պատկերված, որից ցուցանակ է փակցված, իսկ ցուցանակի վրա գրված է.»Վարպետ Էդիկը տեղափոխվել է դիմացը»: Նկարի մակագրությունը շատ ինքնատիպ է, որը ներկայացնում ենք նույնությամբ. «Դատելով ազդագրի շեշտադրումներից եւ տարադրամի փոխանակման վահանակի տխուր վիճակից՝ մնում է ենթադրել, որ անակնկալ «դիմացը» տեղափոխված վարպետը մինչեւ իշխանափոխությունը լուրջ գործեր է արել նաեւ երկրիս ֆինանսական ետնաբեմում»: Սա, իմիջիայլոց, որպես օրվա զավեշտ: