Вано Сирадегян

«Ա1+», Մի բուռ Եվրոպա Ասիայի 4-րդ հարկում

Դա թյուրիմացություն էր Հայաստանի քոսոտ, լափառոշ հասարակական-քաղաքական կյանքում: Ավելի շատ «Ա1+»-ի գոյությունն էր զարմանալի, քան լիկվիդացումը:

Եթե մի պահ ուշադիր նայենք, կտեսնենք, որ այս վերջին տարիներին հեռուստաէկրանին երեւացող գործիչների գլուխները, տարի առ տարի տառացիորեն մեծանում են: Հաստագլուխների այդ ցեղն էլ պայթեցրեց «Ա1+»-ի փոքր, դինամիկ էկրանը: Բայց այդ գլուխները ապահով տեղավորվում են պետական հեռուստականալների տափակ, ջրիկ էկրաններին: Լայն ու անդիմադիր, ինչպես նոր ծնած կովի ամոթք: Երեւի բոլորի էլ առաջին ու մնայուն տպավորությունը «Ա1+»-ից այս է եղել. որտեղի՞ց հայտնվեցին այս ջահելները, որ այսքան գրագետ ճտպտում են, այդքան սառնասիրտ են եւ այդքան հակիրճ: Նրանք մեր անկախության սերունդն են: Ազատության սերունդը:

88 թվականին նրանք նոր դպրոցը ավարտելու վրա էին: Ազատությունը ոչ միայն լեզու է բացում (դա արտածին է), այլեւ արձակում է միտքը կաշկանդանքից: Մենք ունենք ազատության այդ սերունդը՝ մեր գլխավոր նվաճումը, բայց դա քիչ է: Որպեսզի այդ սերունդը պտուղ տա անհատապես եւ խմբովին բոլոր ոլորտներում, հարկավոր են Մովսեսի նման լիդերներ: Ոչ միայն բանիմաց մենեջեր, այլեւ հայրենասեր մարդ: Իրապես հայրենասեր: Ոչ թե սեռական հասունացման շրջանը 50 տարեկանում անգամ չհաղթահարած դեգեներատներ, ոչ թե զառամյալ լակոտներ՝ սովետական պրոֆեսորի կոչումով զինված, որ ավելին չարժեն, քան տրամվայի մշտական (ամսական) տոմսը, այլ իրոք հայրենասեր, ով անհնար է, որ ինտելիգենտ չլինի: Իհարկե, հայրենասեր են լինում նաեւ ոչ ինտելիգենտները, բայց ինտելիգենտի հայրենասերը անգին է: Եթե առիթ ունենաք նայելու Ղարաբաղյան շարժման միտինգների լուսանկարները, ընդհանուր պլանով լուսանկարների առաջին շարքերում հաճախ կտեսնեք Մովսեսի դեմքը (այդ դեմքերից քչերն են մնացել Հայաստանում): Նա այն քչերից եղավ, որ իր բնագավառում ստեղծեց այն նմուշը, ինչը պիտի վայել լիներ քաղաքակրթության կարոտ Հայաստանին: «Ա1+»-ը այսպիսով դարձավ իր ոլորտի ճաշակի օրենսդիր Հայաստանում: Եւ ոչ միայն իր ոլորտի: «Ա1+»-ը եւ մնացած Հայաստանը գնում էին տրամագծորեն հակառակ ուղղություններով՝ հեռուստատեսությունը դեպի քաղաքակրթություն, Հայաստանը՝ դեպի պարսկական տիրապետության ժամանակները: Եւ խզումը տեղի ունեցավ ճայթյունով: Մինչեւ ՀՀ վերադարձը Պարսկաստանի խորքից:

7.06.2002

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт для виолончели
Арно Бабаджанян

Концерт для виолончели

Натюрморт с черепом
Натюрморт с черепом
Играть онлайн