Ваан Тотовенц
Սստվերները
Գեղեցկությունները ծածկված են ստվերներով. ստվեր կա կյանքի ամեն երևույթի վրա։
Արշալույսները ստվերներու ծոցեն կպատռին, ինչպես շուշանները՝ կոկոններեն։
Սրտերը կծկված են թանձր ստվերներու տակ, ինչպես երազող աչքերը, որոնք գոցված են, բայց կտեսնեն։
Կյանքը շատ տափակ և կյանքի երգը շատ գռեհիկ պիտի ըլլար, եթե ստվերներու խորհուրդը չըլլար։ Լեռները, անտառները այնքան հավիտենական և աստվածային չպիտի ըլլային, եթե մեծության ստվերը չըլլար անոնց վրա։
Ահավասիկ ոսկեսափորը ուսերնին՝ հարսներ, որոնք դեպի արշալույսը կքալեն, անոնք երկրպագելի չպիտի ըլլային, եթե համեստության ստվերը չծածկեր անոնց կուրծքերը, եթե ոչ՝ անոնց վարդակարմիր ժպիտը պիտի ըլլար փրփուրը զզվանքի և ատելության։
Միայն մահը ստվեր չունի։ Մթությունը ստվեր չունի։ Մահը ինքնին ստվերն է կյանքին։
Ստվեր կա հանճարի ճակատին, ստվեր կա մանկան անբծության վրա։
Տիեզերքի բոլոր գանձերը ծածկված են հող ստվերին տակ։ Ծովերը ստվերներ են անհուն հարստությանց։ Կյանքի հսկա մտածումները ծածկված են գանգերու մեջ։ Սուրը պատյան ունի։ Վրեժը կաճի լռության ստվերներուն մեջ։ Սերը խորն է սրտերուն։ Կույսերը կճառագայթին սրսկապաններու ետին։ Օ՜, գեղեցկությունը՝ քողերու խորհրդավորությանը մեջ…Աշխարհը ծածկված է անհունության ստվերով։
Ժամանակը մեծ ստվերն է սերունդներու պատմության։