Ваан Тотовенц

Ներման աղոթքը

Ա

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցորեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը, և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։

Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես
կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմակվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

Քրիստոս հարյավ ի մեռելոց… իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Բ

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։

Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ
աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Գ

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

Ա՛չքդ նայիմ, ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ, հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար, ըսավ, Աստված կը ներե գողությունդ։

1916 թ.
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Серенада
Лазарос Сарьян

Серенада

Водопад 1943
Водопад 1943
Играть онлайн