Ваан Тотовенц

Հո՛, հո՛, հո՛․․․

Ա

Իսոն մեծ վարպետ էր, մկրատը որ բռներ, կարող էր խոսք հասկցնել։ Բայց գեշ բնավորություն մ՝ուներ, կը խմեր և շատ կը խմեր։

Քոռ Իսոն մեծ վարպետ է, անոր նմանը Սթամպուլի մեջ ալ չիկա, կ՛ըսեին բոլոր խարբերդցիները։

Բայց դերձակ Իսոն քոռ չէր։ Բժիշկին համար անոր աչքերուն մեջ բնավ տկարություն չիկար: Քոռ մակդիրն անոր անունին կպած էր երկար տարիներե ի վեր, որովհետև օղին ազդեցության տակ՝ երբեք աչքերը շիտակ չէին նայեր: Օղին այնքան երկարեցավ և իր ավերիչ դերը կատարեց, որ Իսոյի աչքերը ծռեցան, քիթը բերանը խառնվեցան իրարու։

Այս անունը այնքան հարազատ դարձավ Իսրայելի համար և այնքան շրջագայության ելավ, որ ինքն ալ վարժվեցավ։


Երբ աշկերտը տեղ մը ղրկեր գործով՝ կը պատվիրեր անոր.

Գնա, ըսե որ Քոո Իսոն այսպես կըսե։

Իսոն այնքան մոլին էր ոգելից ըմպելիի, որ չափը կիսատ կըթողուր, ումպ մը կը քաշեր, թևովը բերանը կը սրբեր ու ապա կը շարունակեր չափը առնելը։

Հանելուկ էր դարձեր շատերուն համար՝ թե Իսոն ի՞նչպես կրնար իր դողդոջուն ձեռքերով թելը ասեղին ծակեն անցնել:

Եթե ուզե ինքն ալ կրնա ասեղին ծակեն անցնիլ, կ՛ըսեին աշկերտները։

Բայց առհասարակ հանելուկ մը չէր, որ գինով մարդը իր վարպետության նրբությունները չէր կորսնցներ։ Իսրայելի ձևած ԲԱՆԹԱԼՈՆ-ին վրա ոչ մեկ խոսք կարելի չէր կտրել։

Անիկա վարպետ էր։

Բ

Դերձակ Իսրայելի կյանքը անտանելի էր խանութե դուրս, իր իսկ տանը մեջ։ Տղան ու աղջիկը արդեն ժմներ էին, իրենց մորը հետ ԵԱՐ էին, ամեն կիրակի ժողովարան կերթային աստուծո խոսքը լսելու և ամեն իրիկուն ալ եղբայրական ժողովի կը հրավիրվեին։

Անհամ ու անտանելի էր աստուծո խոսքով սնանող տան անդամներուն միջև ապրիլ՝ Իսոյի համար։

Օղիի շիշը կառներ, տուն կուգար միայն հանդիպելու համար իր կնոջ և զավակներուն արհամարհանքին ու գարշանքին։

Կինը ու զավակները կը խրատեին, ամեն օր միևնույն անտանելի առակներով և Սաղմոսի մեջբերումներով, ժողովարան հաճախել ու մասնակից ըլլալ Քրիստոսի խաղաղության։

Ես իմ խաղաղությունս գտեր եմ, կը պատասխաներ Իսոն իր հարազատներուն, ես իմ ճամբան կերթամ, դուք ալ՝ ձերը, ի՞նչ կուզեք ինձմե, և գավաթը կը տաներ բերանը, կո՜ւո՜ւռթ՝ կը քաշեր, երեսները կը թթվեցներ և աչքերուն մեկը մեկ պատին, մյուսն ալ մյուս պատին հառած՝ կը կենար։

Իսոն լավ գիտեր, որ իր հարազատները, ըստ քրիստոնեության, բռնի ուժի պիտի չդիմեին, բայց շատ անգամներ պատահեցավ, որ մեծ տղան մոոցավ ամեն բան և հարձակեցավ իր գինով հոր վրա՝ ծեծելու, բայց մայրը և քույրը դեմը ելան, տարին ուրիշ սենյակ մը, բացին ավետարանը, կարդացին, խաղաղեցուցին, և այդպես խնդիրը վերջացավ:

Իսոն ուրիշ զենք մըն ալ ուներ, կրնար տանը տնտեսականին սպառնալ։ Քրիստոսի աշակերտները ամեն բանի հետ կրնային հաշտվիլ, բայց այդ մեկը շատ ծանր կուգար իրենց։

Եթե ստիպված ըլլամ աշխատիլ, կըսեր մեծ տղան, ես կը զրկվիմ Քրիստոսիս ծառայելու իմ պարտականաթյուններես:

Այսպես կը տրամաբաներ ծույլ և անպետք երիտասարդը:

Ես՝ իմ խանութս ու արաղս, դուք ալ ձեր ժողովարանն ու Քրիստոսը, կը վերջացներ Իսոն:

Գ

Սակայն Հոգին Սուրբ եկավ այդ բոլոր փաստերն ու իրողությունները տակն ու վրա ընելու:

Խարբերդ հասավ Սկովտիո ծայրերեն խորհրդավոր ծերուհի մը, որ իբրև միակ սեփականություն ուներ իր սև ըզգեստնեբը վրան և ձեռքը Սուրբ Գիրք մը: Այս խորհրդավոր ծերունին ինքզինք կը կոչեր վերջին Առաքյալը, որ եկած էր Սուրբ Հոգի բաշխելու հավատացյալներուն:

Կիրակի մը Խարբերդի ժողովարանին մեջ ասեղ ձգելու տեղ չկար, ամեն մարդ փութացած էր այնտեղ՝ լսելու այս ճիզվիթ Սկովտիացին:

«Ես եմ աջը այս երկրին» խոսքը առնելով իբրև բնաբան, քարոզ խոսեցավ ոգևորված և հավատքով բոցավառ։ Իր քարոզեն հետո ծերունին հայտարարեց խո՜ր լռություն, աչքերը գոցեց, թևերը տարածեց օդին մեջ և կեցավ բավական երկար: Շշուկ չկար, բոլորն ալ աչքերնին գոցեցին և տեսակ մը վախի մեջ էին։ Հանկարծ ծերունին աչքերը բացավ և խոր ձայնով մը արտասանեց.

Ով որ Սուրբ Հոգին առավ՝ թող ոտքի կանգնի:

Ճնշիչ լռութենե և անշարժութենե մը հետո, հեռավոր մեկ անկյունեն ոտքի ելավ եղբայր Մարգարը: Բոլորն ալ երկյուղածությամբ հաոեցան Մարգարին:

Մարգարը Սուրբ Հոգին իր մեջ ընդունելե վերջ բարձրաձայն աղոթեց.

Տե՛ր, եղբայր ճէյքըպի միջոցով դուն եկար և բնակեցար իմ մեջս և քու Սուրբ Հոգիիդ գազյադիովը իմ սիրտս վառեցիր, Տե՜ր, կը խնդրեմ մեր մյուս բոլոր եղբայրներուն և քույրերունն ալ վառես-թափես, ամե՛ն...

Դարձյալ լռություն:

Այս անգամ Ամերիկացի մըստըր Ճանն ալ ոտքի ելավ, կամաց–կամաց սկսան չանաչ սարի հղողները, և տասնհինգ վայրկյանե հետո ոչ ոք նստած չի մնաց։

Սուրբ Հոգին ստացվեր էր բոլոր ներկա եղողներեն:

- Քրիստոսի խաղաղությունը բոլորիդ հետ ըլլա, ամե՛ն...

Կամաց – կամաց բոլորը մեկնեցան: Իսրայելի հարազատներն ալ հասան տուն Սուրբ Հոգիով ծանրակիր: ճամփան ոչ մեկ խոսք չփոխանակեցին իրարու։

Հասան տուն:

Քո՜ւյր...

Եղբա՜յր...

Իմ գառնուկնե՜րս...

Կարծես կը մրմնջեին, չէին խոսեր, այնքա՜ն մեղմություն, այնքա՜ն խաղաղություն կար անոնց լեզուներուն վրա։

Նստեցան, գլուխ մը ավետարան կարդացին և լուռ մրմնջացին: Կամաց-կամաց տխրություն մը տիրեց անոնց վրա:

Մեծ քույրը սկսավ դառնորեն արտասվել:

Ինչո՞ւ կուլաս, անուշիկս, հարց տվավ մայրը իր աղջկան։

Մենք փրկվեցանք, բայց հայրիկը ամբարիշտներուն մեջ մնաց։

Մայրն ալ, տղան ալ խաոնվեցան այդ լացին։

Մայրը աոաջարկեց գլուխ մը Սուրբ Գիրք ևս կարդալ իր ամուսնու հոգիի փրկության համար։ Եվ կարդացին, հետո երգեցին ու լռեցին...

Իսոն տուն վերադարձավ, ոտքերը իրար կը փաթթվեին, աչքերը ալ չէին տեսներ, լեզուն դուրս էր կախվեր։

Ճա՜շ բերեք ուտեմ, գոոաց Իսոն։

Ճաշ չկա, կը խնդրեմ, մի գոռար, մենք Սուրբ Հոգի առինք, ալ ճաշի մասին չենք մտածեր։

Սուրբ Հոգի, մուրբ հոգի չեմ գիտեր, ճա՛շ բերեք, եթե ոչ այդ Սուրբ Հոգիիդ...

Իսրայելի հարազատները շիվան մը փրցուցին տանը մեջ, սկսան լալ և աղաղակել.

Տե՛ր, մի հիշեր մեր մեղքերը։

Աղաղակները այնպես լսելի դարձան, որ դրացիները ներս եկան և Իսոն առին իրենց տունը տարին չարը խափանելու համար։

Դ

Իսոն զզված և այլևս անկարող դիմանալու տանը մեջ գոյություն ունեցող անհամություն՝ որոշեց տանեն հեռանալ:

Մեկ քանի օր իրարու ետևե խմեց, կանչեց իր կինն ու զավակները և ըսավ.

Ահա իմ ունեցածս-չունեցածս՝ հարյուր ոսկի, երեսունը ինձ, յոթանասունը ձեզ, կեցեք բարով, ես կերթամ, իմ երեսս ալ չեք տեսներ։ Ինձ Քրիստոս-մըրիստոս պետք չէ։

Իր հարազատները փորձեցին խրատել, բայց Իսոն անմիջապես խոսքերնին կտրեց.

Մինչև բերանս եկեր հասեր է ձեր խրատը, պետք չկա:

Իսոն երկրորդ օրը ճամբա ինկավ դեպի Ամերիկա։

Ամերիկայեն ալ ձեոքես եկածին չափով ձեզի դրամ կղրկեմ, անհոգ ըլլաք, հայտարարեց անիկա։

Մեծ աղջիկը ոսկեզօծ Ս. Գիրք մը տվավ հորը իբրև նվեր և ըսավ.

Եթե նեղություն ունենաս, ասոր դիմե, և քու նեղությունդ պիտի թեթևնա։

Բայց հայրը ձեռքով ետ հրեց և արտասվալից աչքերով հեկեկաց.

- Այդ Ս. Գիրքն էր, որ ինձ իմ հարազատներես կը բաժնե, չեմ ուզեր։

Իսրայելի կնոջ և երկու զավակներուն համար այնքան ցավ չի պատճառեց անոր մեկնիլը, որքան Ս. Գիրքը մերժելը։

Ե

Իսոն հասավ Ամերիկա և հաստատվեցավ Պոսթոնի մեջ։

Անիկա հանդիպեցավ իր վաղեմի բարեկամներեն՝ Զաքարին։ Իրենց նախկին բարեկամությունը վերանորոգեցին։ Զաքարը համեստ դրամագլուխ մը բերավ և Իսրայելի հետ դերձակության խանութ մը բացին։ Զաքարը վաղուց ծանոթ էր Իսոյի վարպետության և գիտեր, որ մոտ ժամանակեն անուն կրնար հանել և հաճախորդներ վաստկիլ:

Այդպես ալ եղավ։ Զաքարը և Իսոն խմելիքի ավազանին մեջ մկրտված էին։ Մեկ մորմե ծնած երկու եղբայրներն անգամ իրարու հետ այնպես նուշ ու շաքար չէին կրնար ըլլալ:

Խանութին ետև սենյակ մը ունեին Քոլոմպոս էվընյուի վրա, իրիկունը՝ խանութը գոցելե հետո, կը քաշվեին սենյակը և կը խմեին։

Զաքա՛ր, դրախտի պես երկիր է, ազա՜տ, ո՛վ կըսե քի աչքիդ վրա ունք կա, խմե, տունեանըն...

Իսո՛, ինծի կուգա քի էս ուսկին (վիսկի) որ չըլլար, մինչև հիմա նե ես կայի, նե դուն։

Հը՛, խե՞նթ ես, ինչ գործ ունեի էս աշխարհը, ու կավելցներ, Զաքար, դուն շատոնց է էս երկիրն ես, ըսե, էս ուսկին ո՞վ է պատրաստեր առաջին անգամ:

Ի՞նչ պիտի ընես, չեմ գիտեր։

Այ վա՜խ...

Ինչու կափսոսաս. ի՞նչ պիտի ընեիր։

Պիտի երթայի գերեզմանին վրա մոմ վառեի, մո՛մ։

Հա՛, հա՛, հա՛, Իսո, ուսկի, ը՛, կընիկդ ի՞նչ կըսեր,– հարց կուտար Զաքարը։

Սուրբ Գիրք, Քրիստոս, ես ի՞նչ գիտեմ: Ա՛ռ, հատ մը քաշե:

Հոգուդ ղուրբան։

Անուշներ։

Էվալլա՜...

Այս էր անոնց կյանքը իրիկվան խանութը գոցելեն ետք։ Միայն երբեմն Զաքարը խոսք կըներ ցորեկը գործի ատեն խմելուն համար։

Դուն ըլ կխմես, Զաքարին երեսին կուտար Իսոն։

Հա՛, ես ըլ կը խմեմ ամմա, մկրատը բռնողը դուն ես։

Շատ մի հաչե՜ր... երեսուն տարի է այդ մկրատը ձեռքս է։

Այս տեսակ պատասխանելը Զաքարին համար կոպտություն չէր նկատվեր, ընդհակառակը մտերմության, խոր բարեկամության քնքշություններ էին։

Իսոն ու Զաքարը իրենց մեջ ստեղծած էին հատուկ բարբառ, այնպես՝ որ իրենցմե դուրս ոչ ոք չէր հասկնար։ Օրինակի համար՝ «խազ է» կըսեին, խազը ուրիշ բան չէր, եթե ոչ միամիտ հաճախորդ մը, որուն համար իրենց քով խիղճը կը քնանար: Գինետունը կը կոչվեր «Ալմաս դուռ», հանրային տունը կանվանվեր «Սամարացի», փողոցային կինը՝ «մկրտություն»:

Զաքար, «ժամուն խաչը» բարձիս տակն է, կըսեր Իսոն, ըսել կուզեր՝ դրամը բարձիս տակն է:

Զ

Անցան տարիներ։ Իսրայելի «քոռ»–ությունը գրեթե իրականացավ, հազիվ կը տեսներ, ձեռքերը կը դողային, զլխուն գագաթի մազերը թափեցան, մնացածը ճերմկցավ. կռնակը կզեցավ, կը հազար և պալղամ կը թքեր։ Զաքարին միայն աչքերը տեղն էին, մնացածը միայն կենդանի էր առանց ձևի և շնորհքի։

Խանութեն այնքան դրամ շահեցան, որ սկսան ուրիշներու ձեռքով դարձնել գործը։

Օր մըն ալ Իսոն Զաքարին լուրջ խոսակցություն մը բացավ.

Զաքա՛ր, սկսավ անիկա, կը մտածեմ մերինները Ամերիկա ձգել, անցածը մոռցած, ծեր օրերուո գան զիս խնամեն, տղաս ալ խանութին տերը կը դառնա, դուն ալ մարդ չունիս, ո՞վդ պիտի ժառանգե, տղաս ամերիկացիներուն հետ անգլերեն ալ լավ սովրեցավ:

Զաքարը հավնեցավ Իսրայելի լուրջ մտքին.

Մինչև հիմա այդպես լավ բան չէիր մտածեր, իշու գլոխ, մինչև հիմա անոնք այստեղ ըլլալու էին, քիթերնին ալ գետինը քսված կըլլար, ավելցուց Զաքարը։

Քիթերնի՜ն, ա՜յնպես գետինը քսվավ որ...

Է

Իսրայելի հարազատները երկու տարվան գուլած էին Ամերիկա։ Գալերնուն պես Իսոն արդեն գտան անկողնու մեջ։ Հազիվ կը շարժեր, երբեմն-երրեմն ում կունենար ելլելու պառկած տեղեն և պտտելու սենյակին մեջ, մեկ վար, մեկ վեր և ալ ուժը կը հատներ, կը մտներ անկողին: Հե՜յ, հե՜յ, ի՜նչ օրեր էին, ի՜նչ մարդ էի, կը հառաչեր Իսոն։

Իր կինը ձեոքերովը կուտար խմելիքի լեցուն գավաթը, որովհետև բժիշկներ ըսած էին, որ ոգելից ըմպելին չի կտրես, եթե ոչ` ավելի շուտ կը մեռնի։

Ալ Ս. Գրքի և Քրիստոսի մասին չէին խոսեր, որպեսզի հայհոյանքի պատճառ չըլլային, միայն քնացած ատեն աղջիկն ու կինը գաղտնի, լռելյայն Սաղմոս կը կարդային, մեկ քանի անգամ ալ պատվելին կանչեցին և սնարին վերև աղոթք ընել տվին։

Տղան արդեն գործին գլուխն էր. գործին բոլոր «փյուֆեերիները» սորվեցավ, բայց Զաքարին հետ հարաբերությունները լավ չէին։

Ճըլլոզ է, կըսեր Իսոն Զաքարին, կարևորություն մի տար։

Ի՛նչ կարևորություն պիտի տամ, կը պատասխաներ Զաքարը։

Ը

Իսրայելի վերջին ժամը հնչեց։ Բոլորը ձեռք քաշեցին։ Իսոն հոգեվարքի մեջ էր, բայց տղան գնաց և նոր բժիշկ մը բերավ։

Նո հոփ, հայտարարեց ամերիկացի բժիշկը։

Իսոն կապրեր իր վերջին ժամերը։

Դեմքը զզվելի ձևեր կառներ, բերանը կը բացվեր ու կը գոցվեր, աչքերուն ալ չէր կրնար հրամայել, հառած էր տարածության վրա։

Միայն երբեմն լսելի կ՝ըլլար իր կոկորդի խորութենեն ձայնի մը խուլ և խռպոտ թրթռացումը Հո՜, հո՜, հո՜...

Կինը մոտեցավ իր հոգեվարող ամուսնուն.

Իսրայե՛լ, ի՞նչ է, ի՜նչ ունիս, ի՞նչ կ՝ըսես, հորաքույրդ, հորեղբայրդ...

Հո՜, հո՜, հո՜...

Մոտեցավ իր մեծ աղջիկը և իբր թե հասկցավ. Հով կ'ուզե: Հովահարը բերին, սկսան հով տալ, բայց Իսոն դժկամակության արտահայտություններ ըրավ և շարունակեց.

Հո՜, հո՜, հո՜...

Դարձյալ կինը մոտեցավ, ականջը տվավ բերնին.

Հոգի կըսե, հոգիի փրկության համար է, ըսավ ու լացավ։

Բայց Ւսոն համառորեն բան ուզելու պես՝ կը կրկներ անընդհատ.

Հո՜, հո՜, հո՜...

Կինը հուսահատած էր ամուսնու վերջին բաղձանքը կատարելու տենչեն.

Տղա՛ս,- ըսավ անիկա իր աղուն, գնա, պ. Զա֊քարը կանչե, թերևս անիկա հասկնա:

Տղան վազեց և բերավ պ. Զաքարը: Զաքարը լացակումած աչքերով, դողդոջուն քայլերով, ինքն ալ արդեն մոտիկ գերեզմանին, մոտեցավ իր վաղեմի բարեկամի սնարին վերև, ականջը դրավ բերնին և լսեց.

Հո, հո, հո...

Վա՜յ, ղուրպան քեզ, Իսո՛, աղաղակեց Զաքարը, ես քո բերանիդ ու «հո»–իդ մեոնիմ, դաոնալով Ւսրայելի կնոջը, տիկի՛ն, ուսկի կուզե, գավաթ մը ուսկի տվեք, ապա Իսրայելին,- հա՛, հա՛, հիմա կը բերեմ, Իսո, «հո» կը բերեմ։

«Հո»–ն իրենց բարբաոով ուսկի էր: Բերին գավաթ մը «հո». Զաքարը առավ, մոտեցուց Իսրայելի դժգույն, անկենդան շրթունքներուն, պարպեց «հո»–ի րաղձանքեն բաց խոռոչին մեջ։

Ւսոն խեղդոտվեցավ, կեսը թափեց բերնին երկու կողմերեն վար, լեզուն հանեց դուրս, թաթխեց «հո»–ի համեցող կաթիլներուն մեջ։

Իսո՛, հոգուդ ղուրպան, հո է, յա՜, մրմնջեց Զաքարը մեռնող մարդուն ականջն ի վար։ Իսոն ոչ մեկ շարժում չի փորձեց, ոչ ալ այլևս «հո»-ն լսվեցավ: Լեզուն դուրս ձգած՝ լիզեց կաթիլները, ապա երեք անգամ ցնցվեցավ ու մեռավ:

1921 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Самария
Элен Йолчян

Самария

Без названия
Без названия
Играть онлайн