Ваан Терян

Հայրենիքում

Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին,
Եվ տաղտկալի է այս ուղին մոլոր.
Չըհիշե՛լ, մերժե՛լ տենչերըս բոլոր
Եվ ցնորքներըս, որ ինձ խաբեցին։

Անհուսություն և անվերջ վհատում
Եվ դառնություն է լցված իմ հոգում.
Փռված է խավար, և՛ մահ, և՛ անկում
Ավերվա՛ծ ես դու, հայրենական տուն…

Որքան էլ գիշերն ահավոր իջնի,
Եվ ուր էլ գնամ՝ գլուխ դնելու
Հարազատ մի հող ես չեմ գտնելու
Սև ճանապարհիս օրերում դժնի։

Տանջանք են ու խոց հուշերըս բոլոր,
Մըտքերըս ամեն անամոք ցավեր
Խավար է շուրջըս, և՛ մահ, և՛ ավեր,
Մութով է լցված իմ ուղին մոլոր…

Ու քանի գնում՝ այնքան անհատնո՛ւմ,
Այնքան ցավո՛տ են խոհերըս անհույս,
Դու չըկաս արդեն, դարձել ես զրույց,
Երազ ես դարձել հայրենական տուն…

Ա՜հ, այս ցուրտ երկրի անհայտում անհուն
Ընկնել և՛ կորչել, և՛ ննջել հավետ,
Ոչնչանալ ու մոռացվել քեզ հետ,
Ավերված երազ հայրենական տո՜ւն…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Прийти
Давид Баласанян

Прийти

Армения, 1959 г.
Армения, 1959 г.
Играть онлайн