Tsov alizé Banuchyan

Պատերազմի նախորդ օրը

Պատերազմի նախորդ օրը,

երբ անձրևից թրջվելը երջանկություն էր,

և հնարավոր էր ուրախանալ չնչին բանից,

երևի ես դարձյալ տխուր էի

ինչ-որ հիմար պատճառով․․․

Իսկ հետո ժամանակը կանգ առավ,

իսկ հետո ականապատվեց սիրտս,

իսկ հետո պարզվեց, որ քնելը մեղք է,

երբ ամբողջ գիշեր հրետակոծվում է

քո բաժին տիեզերքը․․․

երբ նշան են բռնում լուսնի վրա,

որին նայելու իրավունք

պատսպարված երեխան չունի․․․

Իսկ հետո պարզվեց, որ պատերազմը այնքան

մեղավոր չէ, որքան խաղաղությունը, որը

դիտավորյալ, թե ոչ, բայց չի գալիս․․․

իսկ հետո պարզվեց, որ բոլորը,

բոլորը սպասում են

վերադարձի․․․

Եվ երբ ես իմացա, որ դու եկել ես, լաց եղա ուրախությունից,

որովհետև պատերազմի ժամանակ

հիշողությունը թակում է

նույնիսկ մեկընդմիշտ փակված դուռը՝

համոզվելու համար, որ ետևում կյանք կա․․․

Բայց այդ դռները բազմապատկվել են,

մենք թակում ենք նույնիսկ նրանց դռները, ում չենք ճանաչում․․․

և այդ դռների ետևում միշտ սպասում է․․․

իսկ պատերազմի նախորդ օրը՝ կորցրած երազանք․․․

Վաղը, երբ այս ամենն ավարտվի,

երբ խաղաղությունը բարեհաճի գալ,

ես ուզում եմ թրջվել անձրևից

և մինչև վերջին կաթիլը արցունք դառնալ

ու խաղաղվել․․․

ու խաղաղվել․․․

ու խաղաղվել․․․

02.11.2020

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Симфонические образы
Лазарос Сарьян

Симфонические образы

Крепость Мхитара Спарапета в Старом Хндзореске. 1980 год
Крепость Мхитара Спарапета в Старом Хндзореске. 1980 год
Играть онлайн