Сипил
Անցնելու մոտ
Լույսի փունջ մը, շող շյուղերու կուռ հյուսկեն,
Հորիզոնեն վար հուր և բոց կը թափե,
Լերան ծայրը ցոլքեր մութը կը պըրկեն
Ցանցի մը մեջ լայն վերտերով սատափե:
Քունեն զարթնած կ՚երգե մարին՝ վարուժան,
Ոստերն ի վար կախված բույնին մեջ տամուկ,
Դաշտերուն մեջ հույլ-հույլ գառներ կը խըժան
Շաղով օծված մարմանդներուն մեջ ճամուկ:
Շամբերուն հոծ շուքին տակեն դողդոջուն՝
Դեպի ծովուն ափերն ի վար ավազե,
Ուր փըրփուրին կը նշմարես վախկոտ շուն,
Լուսածիծաղ առուն վետ-վետ կը վազե:
Ոչ հըմայքեն առվին տենդոտ կարկաչին,
Շողին, ցողին լույս ծիծաղեն արծաթի,
Ոչ ալ այգուն ջերմ համբույրեն առաջին
Մեր սրտին մեջ վարդ անուրջ մը կը ծաթի.
Մենք չենք սիրեր կյանքն հորդաշունչ, կեդանի,
Անցնելու մոտ իրերն ըզմեզ կը կարթեն.
Ու կը ցավինք, երբ բախտն հեռու կը տանի,
Ինչ որ երեկ արհամարհած ենք արդեն:
Մենք կը սիրենք, երբ արևը ծիրանի՝
Հալած, հատած մոմի նըման ոգեվար՝
Ալիքներուն գոգն իյնալով շիջանի
Սողոսկելով խարակներեն զառ ի վար:
Ծաղիկները, զոր կը թողունք որ ցամքին
Թոնուտ օդին, ցուրտ արևուն տակ աշնան,
Ծառաներու հանձնած կոպիտ խընամքին,
Թոռմելու մոտ՝ կարծես հանկարծ կ՚անուշնան:
Սըրվակները, որոնց բույրը կը հատնի,
Ա՛լ ավելի մեղ սիրելի կը դառնան,
Ինչպես դեղնած սիրո թըղթիկ մը գաղտնի,
Զոր կը պահենք գուրգուրանքով անսահման:
Եվ մեր սերը, ոսկեփետուր թըռչուն բիլ,
Զոր անսըվաղ կը լըքանենք շատ հեղ մենք,
Երբ թև կ՚առնե կ՚ուզե մեզմե խուսափիլ,
Դողդըղալով մեր հոգվույն մեջ կը սեղմենք:
Մըրմունջները որոնք հեռուն կը մարին՝
Կոչնակները, հաչյունն անգամ շուներուն,
Գորշ ամպերն իսկ փակած կապույտ կամարին,
Մեկնելու մոտ՝ հըմայք մ՚ունի օրորուն:
Հուզմունքներեն ալ կը վըրդովե՞ն մեր հոգին
Եթե չըլլան երազի պես թևավոր.
Եվ կյանքն արդյոք կ՚ըլլա՞ այնքան թանկագին,
Այնքա՜ն անուշ,երբ չըսպառնա մահն անոր:
1900