Сипил

Աղբյուրը

Մեր պուրակին մեջ, մորջ տերևներու, խոտի տակ թաքուն
Աղբյուր մը կա զով
Որ ջինջ ջուրերուն ծըփանքեն գինով,
Կը խնդա, կ՚երգե առտու իրիկուն։

Վազքն իր քերթված մ՚է. իր ալյակները ծալ-ծալ ծիրանի
Ծիածաններ են,
Մերթ արծաթ թելեր հարսի մը քողքեն՝
Զոր գաղտուկ խըլած քամին կը տանի:

Ո՜հ, ցոլցըլանքը շողակի, ծաղկի, ձյունի խառնուրդին
Իր կայլակներուն
Ճաճանչ երազի տեսիլքով ցնծուն.
Ո՜հ, փայփայանքը իր գողտրիկ ձայնին…

Եղեգնելու հետ չի հեծեր երբեք. լուսնին հոտ չի լար,
Խաղաղ ու անդորր
Խըղճի մը ձայնն է որ կ՚երգե բոլոր
Լըքված, մոռացըված սիրտերուն համար:

Գիշերվան թախծոտ ժամերուն՝ երբեք ես առանձին չեմ.
Թե շանթեր թափին,
Թե ծովն ալեսաստ ըսպառնա ափին,
Ես հովին մեջեն իրեն կ՚ունկնդրեմ:

Ան չի ձայնակցիր տարրերու կիրքին որով կ՝որոտան.
Չ՚ըմբռներ լեզուն

Հուզման փոթորկին մոլուցքով զեղուն
Երբ անոնք կայծեր, բոցեր կը տեղան:

Իսկ երբ դառնորեն կը հեգնեն լլկանքն իր կյանքն խոնարհ
Որ միշտ կը սողա
Փապարներու տակ, տիղմերու վըրա,
Կրկնելով իր երգն անդուլ անդադար.

«Ես կ՚երգեմ, կ՚ըսև աղբյուրն անվրդով, ու կանցնիմ կերթամ
«Ծերպերու խորեն,
«Երբ քայլերուս տակ մութ փոսեր փորեն,
«Կամ պատվար կանգնի հաղթ ծառեր փարթամ.

«Զի վիհին մեջեն զոր կը պարուրե գիշեր խավար,
«Կը նայիմ հեռուն
«Ու միշտ կ՚երազեմ հին ծաղիկներուն
«Որոնք հևասպառ ինծի կ՚սպասեն:

«Բյուրեղ ալիքներս վախ չունին, կեղտեն ու ժահրեն,
«Տարրերն այդ բոլոր
«Չեն կարող սրսկել կաթիլ մ՚ինձ պղտոր.
«Իմ ջուրերս են որ զանոնք կը մաքրեն:

«Ու ես միշտ կ՚երգեմ ու միշտ կը խնդամ անփույթ՝ վիշտերուն
«Սին և վաղանցուկ.
«Զի նըպատակս է իմ հույս ու նեցուկ.
«Կյանք պիտի տանիմ ծարավ...»

1924

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Kруговой
Давид Баласанян

Kруговой

К источнику
К источнику
Играть онлайн