Шушаник Кургинян
Վաղ առավոտյան, երբ ես բաց արի․․․
Վաղ առավոտյան, երբ ես բաց արի
Տխուր սենյակիս միակ պատուհան,
Երբ ներս շողացին կարմիր արևի
Ճաճանչ շողերը նետերի նման
Իմ ծաղիկները այնպես տենչանքով
Պարզած թերթիկներ ժպտացին նրան,
Ու զով զեփյուռից մեղմ տատանվելով՝
Օրհնե՛րգ երգեցին կենսատու գարնան։
Երբ մտքիս խավար բացվեցին աչքեր,
Տեսա ես աշխարհ լայն ու ընդարձակ․
Չարքաշ գոյության անվերջ կռիվներ,
Բարբարոսության քայլերն համարձակ։
Ես վարակվեցի վշտով ամենքի,
Կայտառ մտքերիս թախիծը տիրեց,
Անհոգ ծիծաղս փոխվեց սուգ-լացի,
Հուսախաբ սիրտս ոչ ոքին սիրեց։
Անվերջ տրտունջը ինձ արհեստ դարձավ․
Երգեր հյուսեցի լալկան մրմունջով,
Ու միտքս մոլոր որպես կորած հավ
Դես ու դեն շրջեց՝ հանգիստ փնտրելով։
Գիտակցությունը շուտ վրա հասավ,
Եվ հույսը փարվեց իմ հիվանդ հոգուն,
Սրտիս հոգեվարք իսպառ վերացավ՝
Իսկ ցնորքները անհուն-երազուն․․․
Հույս․․․ լոկ դո՛ւ կարապետ կարմիր օրերի,
Կեցի՛ր միշտ ինձ մոտ, շնչի՛ր երեսիս․
Քեզ մոտ չկա տեր, ոչ ստրուկ, գերի,
Քեզ հետ առողջ և կանգուն է հոգիս․․․
1906 թ․