Шушаник Кургинян

Պրոլետարիատին բոլոր երկրների

Ձեզ կը մնա
Կյա՛նքն էլ, բա՛խտն էլ․
Աշխատանքի արդյունքն արդար
Ու հավասար․․․
Դուք կը դառնաք
Տերը երկրի,
Որ չլինեն իշխող ու ճորտ,
Կամ վաճառքը մարդավայել
Տենչանքների, մարմնի, խղճի,
Մտքի, խոսքի․․․

Թող ավերվի,
Քանդվի հինը գեհենական
Իր դավերով․․․
Սովը, քաղցը, ցավը, ցուրտը,
Ախտն ու մահը լափե մարդկանց
Բյուր շարքերից անբավ զոհեր․․․
Թող գալարվի
Հառաչանքը երկրի մեջ,
Սիրտ չմնա թաղ անկսկիծ․․․
Ատելության խարույկ վառվի
Հոգիներում։
Թշնամանան մարդիկ իրար,
Եվ ուրանան
Անմեռ սուտը կրոնների․․․
Թող հեծկլտան գիշերների
Մթության մեջ,
Ոչ մի ելքի հույս չշողա
Կարոտ սրտում․․․
Կորուստներից
Թող բթանան ու մոլորվեն
Տեղ չհասած
Նրա՜նք, նրա՜նք,
Որ դարերով ջանք են թափել
Խանգարել ձեզ,
Խլել ձեզնից,
Որ կույր, անզեն՝
Միշտ խեղճ մնաք․
Որ կույր, անզեն՝
Տրտունջ չհանեք,
Չցանկանաք լինել կուշտ, գոհ,
Մարդու նման․․․
Ձեզ կը մնա
Կյա՛նքն էլ, բա՛խտն էլ․․․
Դո՛ւք կերտեցիք
Տաճարները գեղեցկության, վայելքների՝
Արհամարհած բիրտ ուժերը
Տարերային
Ու տեր դարձած հաղթ բնության։
Դո՛ւք ջնջեցիք սահմանները
Արգելքների,
Ալ չմնաց ոչինչ հեռու,
Ոչինչ անհաս,
Ոչինչ անտես․․․
Որքան արագ,
Որքան ուժգին
Հնչեցրիք ղողանջները ձեր շինարար
Աշխատանքի,
Վեհ աղոթքը մարմինների,
Որքան անդուլ
Ու անտրտունջ
Հոգնեցրիք մկաններդ մտքերիդ հետ,
Այնքան անհայտ,
Արհամարհված
Մնաց կյանքում
Պահանջները ձեր միշտ արդար
Բողոքների․․․
Ձեզ կը մնա
Կյա՛նքն էլ, բա՛խտն էլ․․․
Ով աշխատեg՝
Նա պիտի ուտե․
Ով նվաճեց՝
Պիտ վայելե․․․
Այլ կերպ ապրել չեք կամենա
Ու չեք կարող․․․
Աշխատանքով դուք կխլեք
Կյա՛նքն էլ, բա՛խտն էլ՝
Հանուն սիրո՜,
Եղբայրությա՜ն,
Ազատությա՜ն․․․


1920 թ. 1 մայիսի

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Песня Айсоров
Георгий Гурджиев

Песня Айсоров

Цветы в кувшине
Цветы в кувшине
Играть онлайн