Раффи

Հողագործին

Դե՜, դու ժիր մշակ, լծե՜ քո արոր,
Հասավ գործելու քեզ փառավոր օր,
Ժա՜մ է քեզ հիմա արտը մշակել,
Բարեբեր սերմանց պտուղ ճաշակել:

Անցավ ձմեռը դառնաշունչ, խոնավ,
Բքաբեր մրրիկ չէ փչում բնավ.
Գարնան տաք օրեր, անուշիկ, պայծառ,
Ուրախ ճռվռով ավետե ծիծառ:

Սոխակը յուր վարդին տա նախկին բարև,
Քաղցր ժպտելով ծագում է արև,
Անաղոտ լուսով երկնից դիցուհին,
Փայլում է շողեր Հայոց աշխարհին:

Յուր անուշ հոտով բուրե մանիշակ,
Ի՛նչ հըրճվանք այժմ քեզ գործի, մշակ.
Դե՜, լծե՜, դու քո արոր և գութան,
Ցանել պտղավետ սերմունք գիտության:

Հայոց կոշտացած, անմշակ դաշտում,
Վարե՜ քո արտը ուրախ, անտրտում,
Խոր ակոս ձգե հողում արգավանդ,
Պատառե՜ նորա կուսական արգանդ:

Եվ արշալույսի ցողաբեր պահուն,
Երբ օրհնի աստված թռչունքը անհուն,
Երբ ծագե յուր լույս երկնքեն ֆերոս,
Եվ ծաղկունք խնկեն բուրմունք և ամբրոս:

Հնչեցո՜ւր, մշակ, անուշիկ քո երգ,
Եվ առա՜ջ վարե օրավար քո հերկ,
Քո ժիր, գործունյա եզներիդ ուժեղ
Կըտա զորություն մեր աստված шնեղ:

Ցանե՜, դու մշակ, բարեբեր սերմունք.
Օրհնե՜ քո տեր հունձիդ արդյունք.
Կըգա քեզ ամառ, ջերմին եղանակ,
Կըհասնի ցանքը քո այն ժամանակ:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Маркос и Маркос
Тигран Амасян

Маркос и Маркос