Раффи

Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ․․․

Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ․․․

Ձա՛յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
Շարժեցե՛ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ։

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ, ինձ ասա՛.
Մի՞թե միշտ այսպես կը մնա Հայաստան՝
Փշալից անապատ, երբեմն բուրաստան։

Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կը լինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե Աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն եւ հայի որդին։

Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ իրենց սիրուն հայրենիք։

Դժվար այդ. միայն, տեսուչըդ վերին,
Կենդանացրո՛ւ հայության հոգին,
Ծագի՛ր նոցա դու քո լոյս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական,
Կը ճանչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կը լինին գործովք տիրոջ փառաբան։

―――――――――――――――――――――――――

Հանկա՛րծ ծովակի երեսին մի լույս.
Ջրից դուրս եկավ նազելի մի կույս,
Մի ձեռնում ուներ նա վառած լապտեր,
Իսկ մյուսում՝ քընար փայլուն փըղոսկեր։
Արդյոք հուրի՞ էր, հրեշտակ աննշան,―
Ո՞չ, հայ մուզաների տիպ համանման։
― Հայոց ճակատագիրը կարդա՛, ով մուզա,
Ներկա և գալոց գուշակիր, ասա´։
(Ասաց երկնային այն ոգի քաղցրիկ)։

― Ավետիք տամ քե՛զ, նժդեհ պատանի.
Սրբի՛ր աչքերից արտասուքդ աղի։
Կըգան նոր օրեր, օրեր երջանիկ,―
Երբ Տիրոջ կամքը, ազատ ու արդար
Կը թագավորե – կրկին ոսկեդար։

― Հայոց մուզայքը կզարթնուն կրկին.
Հայոց պառնասը կը ծաղկի վերստին,
Եվ Ապողոնյան կառքը լուսարար,
Կըբոլորե Հայոց թուխ երկնակամար։

― Մենք ևս քո պես, ― երբ խորին գիշեր
Պատեց Հայաստան, ― սգավոր օրեր
Շատ ենք անցուցել. այժմ սիրելի,
Մենք ևս Հաշտության ստացանք ձիթենի։
Սիրեցե՛ք քնարի լարերը ժանգոտ.
Ելե՛ք Հայաստան երգով եռանդոտ,
Զարթեցրեք Հայոց աշխոյժը մեռած,
Լցվեցավ կամքը, հասավ ժամանակ,
Օրը կըբացվի, ― ահա՛ Արուսյակ
Ձեզ հայտնի նշան, ասում է Աստված։
Կրկին մթնացավ։ Չքացավ պատկերը։
Երկար ժամանակ դյութական ձայնը
Լըսվում էր խառն ալիքների հետ,
Օդին տիրել էր բուրումն հոտավետ։

Ախորժելի՜ լուր, ավետիք քաղցրիկ,
Որպեսզի՜ հըրճվանք. մուզայդ գեղեցիկ,
Ասա մեզ, մեկնիր, արդյոք հնարի՞ն
Մի մեռած մարմնի զարթնող վերստին․․․

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Симфония N3
Авет Тертерян

Симфония N3

Гора Сипан с острова Ктуц
Гора Сипан с острова Ктуц
Играть онлайн