Раффи

Դայակ

Մեր մեջ, հայրենի ծածկի տակ,
Դեռ չէ ընկել և ոչ մի
Մարդկային թարմ կյանքի՝
Պտղաբեր սերմը հստակ:
ՆԵԿՐԱՍՈՎ

Ժամն էր կեսօրվա: Շնչավորքն արդեն
Կըհանգստանային արևի տոթեն:
Խրճիթի դռանը ճապուկ ուռենին
Թել-թել ոստերով սփռում էր հովանին:

Այնտեղ նստած էր պառավ դայակը,
Եվ օրորում էր քնած զավակը,
Մերթ հորանջելով և մերթ նիրհելով
Եղանակում էր երգը՝ երգելով.

Քնի՜, քնի՜, սիրուն թռչնակ,
Քնի՜ անուշ դու քնով,
Օրորոցդ հանդարտ կըշարժեմ
Ես մայրական ջերմ սիրով:

Քնի՜, քնի՜ անմեղ հրեշտակ,
Քնի՜ անուշ դու քնով,
Քեզ օ՛ր կասեմ, քաղցրի՛կ о՛ ր... օ՛ր…
Քեզ օ՛ր կերգեմ մեղմ ձայնով:

Աչքդ փակի՜, իմ աղավնյակ,
Այդ աչերդ վառվռուն,
Հանգիստ քունը վերադ կըփռե
Յուր թևիկները նախշուն:

Աչքդ փակի՜, իմ սիրական,
Քնի՜, որ շուտ մեծանաս,
Քո վատաբախտ ծնողաց համար
Խելոք տղա դու դառնաս:

Երբ մեծացար, իմ նազելի,
Մանուկ եղար դու քնքուշ,
Տերտերի մոտ կուղարկենք քեզ,
Սերտել տաղեր, երգ անուշ:

Քեզ կըսորվեցնե տեր հայրիկը՝
Սաղմոս, Ժամագիրք, Նարեկ,
Փառաբանել աստծո անուն,
Ամբողջ գիշեր ու ցերեկ:

Երբ որ ծաղկեն սև մորուքով
Այդ լուսափայլ քո թշեր,
Անապատը կուղարկենք քեզ,
Ճգնիլ անդ օր ու գիշեր:

Քնի՜, քնի՜, սիրուն որդյակ,
Քո մոր սրտին մխիթար,
Քնի՜ և շուտ մեծացի՜ր դու,
Ինձ քո ձեռքով հողը տար:

Այդ հրեշտակի սուրբ լեզվովդ
Աղոթք կարդա ինձ վերա,
Տերը շուտով կըլսե քեզ
Իմ մեղքերու ճարն արա՜…

Երբ որ դու մտնելու լինես
Կյանքի մեջ աշխարհային,
Պատվե՜ ծերի դու ալիքը
Լսե՜ նորա խրատին:

Պահպանի՜ր դու մեր պապերի
Օրենքն ու ավանդություն,
Գլուխդ ծըռե քեզնից մեծին,
Չունենաս հպարտություն:

Դոցանով դու կըվայելես
Օրեր հանգիստ և պայծառ,
Քնի՜, քնի՜, սիրուն թռչնակ,
Քո մոր սրտին մխիթար:

Եվ դայակը օրորելով
Քաղցրիկ երգը երգում էր,
Փոքրիկ տղան աչերը փակած
Անուշ քնով նիրհում էր:

Նոցա մոտեն դանդաղ քայլով
Անցավ հոգնած ուղևոր,
Երիտասարդ էր հասակով,
Դեմքն՝ ազնիվ, փառավոր:

Բայց պառավի երգի ձայնը
Նորա սիրտը գրավեց,
Նա ուռենու շուքի տակին
Հովանելու ըշտապեց:

Թո՜ղ ինձ, դայակ, ես օրորեմ,
Դու հոգնել ես, դու քնի՜:
Բայց դու տըղին նանիկ ասա՜,
Որ քնիցը չըզարթնի:

Նանիկ կասեմ, դու հանգիստ կա՜ց,
Բայց ոչ քո երգի նման:
Պառավը նիրհեց: Ուղևորը
Սկսեց օրորել տղան:

Մի՜ հետևիր դու փտած, հնացած՝
Հիմար պապերիդ ծուռ օրինակին,
Մի՜ հարմարիր քո մանուկ ուժերը,
Դու եռանդամոլ նոցա ճաշակին:

Զի նոցա անշարժ մտքի ծնունդը
Խավար կյանքի է արտադրություն,
Ծաղկի՜ր նոր կյանքով, նոր հոգով, սրտով,
Տո՜ւր նորանց նոր ձև և նոր զորություն:

Մի՜ խեղդիր քո մեջ ձգտողությունքը
Մարդկային ազատ հառաջադիմության,
Տո՜ւր նորանց աճել, ազատ զարգանալ,
Պահանջմունքի հետ ազատ բնության:

Առանց երկյուղի, համարձակ, վստահ,
Սովորե իրական կյանքի պետքերին,
Գիտություն, արհեստ կոչվում են նոքա,
Մի՜ զոհիր նորանց տխմար կրքերին:

Եվ հերոսական դառն ատելությամբ
Նախապաշարմանց դու փշրե՜ շղթան,
Հեռո՜ւ վաղեմի սուտ ցնորքներեն,
Պաշտպան կանգնի՜ր միշտ ճշմարտության:

Կըլինես, այո՜, մի նոր երևույթ
Քո անբախտացած, խեղճ հայրենիքին,
Կըտաս մի նոր զարկ, զա՜րկ դեպի հառաչ,
Թույլ անշարժական նորա կյանքին:

Եվ այն ժամանակ... Ուղևորն յուր
Չավարտեց խոսքը: Հանկարծ երեխան
Ծըվաց ճչալով, զարթեցավ քնեն:
Դայակը կրկին օրորեց նորան,
Կրկին հին երգը սկսավ երգել,
Եվ յուր գոգի մեջ փայփայել, գրկել:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Свинг Бах
Давид Баласанян

Свинг Бах

Без названия
Без названия
Играть онлайн