Раффи

Անի

(տեսիլք)

Ա

Ես քնած էի անհանգիստ քնով,
Երբ երազների գողտրիկ դիցուհին
Յուր կախարդական, օդեղեն կառքով`
Տարավ անծանոթ ինձ կողմն աշխարհին:

Այնտեղ արևն այնպես անսովոր
Ճառագայթում էր թուխ-թուխ ամպերեն,
Աղոտ էր լույսը, ջերմությունն անզոր,
Կարծես տխրություն թափում էր վերեն:

Ուր ծաղիկներն էլ չէին ժպտում,
Եվ մանիշակն այնպես լուռ, տրտում,
Յուր մարգարտացող, կապուտ աչերեն՝
Վշտալի կերպով արտսուք էր ցայտում:

Գերեզմաններով պատած էր դաշտը,
Ուր ողբանվեր, ճապուկ ուռենին,
Գլուխը ծռած (խորին էր վիշտը...)
Տարածում էր յուր սառը հովանին:

Ուռենու ոստին նստած սոխակը,
Որպես սգավոր ոգի գերբնական,
Մրմնջում էր յուր թույլ, մեղմիկ երգը,
Երգը ցավալի և դամբանական:

Այնտեղ մարդկային տեսա էակներ,
Գունաթափ դեմքով, որպես դիակներ,
Մեջքները ծռած, գլխները թեքած,
Կարծես սև բախտի էին զավակներ:

Գիշերաշրջիկ ուրվականի պես
Դանդաղ քայլերով շարժվում են նոքա,
(Այդ մեռելային էր մի ճիշտ հանդես)
Նոցա երեսին բնավ կյանք չըկա:

Իսկ բռնակալի մահացու ձեռքը
Դրոշմել էր նոցա դժբախտ ճակատին՝
Դառն ստրկության խորին կընիքը,
Քամե՛լ էր արյունը վշտահար սրտին...

Բ

Գիշեր էր լռին: Տվնջյան լապտերը
Վաղուց ծածկված էր թուխ ամպերու տակ,
Իսկ կիսալուսնի գունատ պատկերը
Մինակ լողում էր երկնքում հստակ:

Կախարդվա՛ծ քաղաք... մեծ, լայնատարած,
Ավերակ էր նա և անմարդաբնակ.
Կարծես վրեժխնդիր բարկացավ աստված
Եվ թափեց այնտեղ կայծակ և կրակ:

Փլատակաների մեջ՝ սփռված անհուն՝
Թափառում էի տխուր, միայնակ,
Խոր գիշերային լռության պահուն,
Հին-հին դարերի հիշեի ժամանակ:

Մի ընկած ազգի հզոր գավազան
Իշխում էր այնտեղ: Բայց ո՞ւր է այժմ:
Փըշրե՛ց նորան թշնամին գազան,
Մնացին բեկորքն այն հին փառքերի...

Յուր բնակիչները գնացին գերի,
Դեպի հեռավոր երկրներ անցան,
Կորցրին ազգային բոլոր սրբությունք,
Օտարներու մեջ եղան ցիրուցան:

Ուր որ աստուծո կանգնած էր սրբարան,
Ուր բնակվում էին երկնքի որդիք,
Ուր կարդացվում էր սուրբ Ավետարան,
Վերհնչում էին քաղցրիկ մեղեդիք:

Այժմ չէր լսվում էլ շունչ մարդկային,
Յուր խռպոտ ձայնով կռնչում էր բուն,
Կամ մռնչելով` սոված բորենին
Քարշում էր որսը, բերում դեպ յուր բույն:

Ուր որ հոյակապ էին արքունիք,
Երգում էր գուսան, փրփրեին գինիք,
Ուր ասպետները քաղեին համբույր,
Եվ պարում էին սիրուն կնանիք:

Այժմ օձերը, կրիան, մողես,
Փորել են այնտեղ յուրյանց խոր որջեր,
Կամ թռչկոտելով կայտռում է աղվես,
Կամ մռչնում են գայլեր և արջեր:

Ուր որ կանգնած էր տաճար սրբազան,
Նոր սյուները, շինված գեղեցիկ,
Միշտ տոն օրերին ծաղկովք զանազան
Զարդարում էին հարսն ու աղջիկ:

Այժմ մամռապատ ընկած են գետին,
Փուշն ու տատասկը նորանց խեղդեցին,
Վայրի բաղեղը գերության շղթան
Փաթըթել է նոցա վեհ պարանոցին:

Գ

Տխո՜ւր, մտախոհ, թիկն էի տված
Մի ընկած սյունի թեքված խոյակին,
Ա՛խ, որքա՜ն ցավեր տանջեին, աստված,
Այն րոպեում իմ սիրտն ու հոգին...

Եվ արտասուքը հեղեղի նման՝
Տաք կաթիլներով թափվո՛ւմ էր գետին,
Հինավուրց փառքի թրջում էր փոշին,
Մարում էր բոցը բորբոքված սրտին:

Մութ, կիսակործան տաճարի հետքից
Շարժվեց մի ստվեր, որպես ուրվական,
Սարսափի նման ինձ սոսկում ազդեց.
Այն երևույթն էր խիստ գերբնական:

Նա մոտեցավ ինձ մեղմիկ քայլերով,
Ձեռին բռնած էր փոքրիկ մի լապտեր,
Եվ լապտերիկի մռայլոտ լուսով
Փայլում էր նորա գունաթափ պատկեր:

Տխուր էր դեմքը, նիհար, վշտահար,
Շիջած էր բոցը պայծառ աչքերուն,
Բայց դարձյալ քանի՛ վսեմ գեղեցկություն
Կար այն դեմքի մեջ՝ այնպես մեղմ, սիրուն:

Ավերակների էր նա միակ Ոգին,
Եվ սևազգեստն, որ ուներ հագին,
Հուր ալիքավոր թուխ-թուխ ծալքերով,
Թափվում էր շիտակ, բարձր հասակին:

«Հերի՜ք, այցելու, ասաց այն ոգին,
Ինչո՞ւ լացում ես այդպես վշտագին,
Իմ էլ արտասվաց առատ կաթիլներ
Ծծեցին բեկորքն այդ մեծ քաղաքին:

Բայց հանգստացի՜ր, իմ խոսքը լսե՜,
Կորուստը մի՞թե լացով հետ կըգա,
Շենքը կըքանդվի, կարգն այդպես է,
Աշխարհս ավերման է միշտ ենթակա:

Տե՜ս, այդ քաղաքն է՝ գեղեցիկ Անի,
Թագն ու պսակը սուրբ Հայաստանի.
Դորանով մի օր կըպարծենար Շիրակ,
Բայց այժմ նա լացում է նորա ավերակ:

Կար մի ժամանակ հզոր Բագրատունիք
Ունեին այստեղ շըքեղ արքունիք,
Ուր Աշոտ, Սմբատ, արքայն Շահնշահ
Տարածում էին միշտ սարսափ և ահ:

Եվ յուր կենսատու ստինքեն Ախուրյան
Ոռոգում էր դաշտեր անհուն, անսահման,
Գո՜հ էր մշակն աստծո բարիքներով,
Առատ ու լի էր նորա ճոխ սեղան:

Զվարճանում էր Անին, որպես թագուհի,
Յուր հարյուրավոր հարուստ գյուղերով,
Որպես լուսինը՝ զարդն աշխարհի,
Վառվում է, պատած փայլուն աստղերով:

Երբ Բագրատունյան վեհ թագի լույսը
Սակավ առ սակավ մարեց, նսեմացավ,
Հայնժամ և Անին՝ ողջախոհ կույսը՝
Բյուր գազանների նախատինք դարձավ

Երկպառակությունքը՝ մի կողմից ներքին,
Բարբարոսությունքը՝ թշնամյաց արտաքին,
Թունդ, մրրկածուփ փոթորկի նըման`
Ցրվեցին շենքը սիրուն քաղաքին:

Էլ չըկար Վահրամ՝ քաջ Պահլավունին,
Որ պաշտպաներ յուր սիրելի Անին.
Եվ հզոր Առյուծը՝ մեջ Հունաց վանդակին
Մռնչում էր, լսելով վտանգ հայրենիքին8:

Եվ ամեն կողմից անգութ թշնամիք՝
Թուրք, պարսիկ, թաթար և արաբացիք,
Մինը մյուսի հետքից, միշտ հաջորդաբար
Հարձակվում էին նոքա անդադար:

Եվ հազարավոր նորահաս տղամարդ,
Առույգ պատանի, քաջ երիտասարդ,
Անմեղ-մատղերամ խումբը կույսերին`
Զոհ եղան նոցա անողորմ սըրին:

Նոքա չըխնայեցին ծերի ալիքին,
Ոչ որդեկորույս մորը լալիքին,
Մորթեցին տղան դայակի գրկում,
Չը խղճացին նորա դառն արտասուքին:

Դեռ չէր կշտացել այն անգութ գազան,
Նա շինել տվեց մի մեծ ավազան,
Հայ մանուկների լեցրուց արյունով,
Մտավ նորա մեջ, լեղցավ նորանով...9:

Ա՛խ, քանի՜ անգամ անողորմ ձեռքը
Արնով ողողեց անդ անբախտ քաղաքը,
Նորա հարստությունք եղան կողոպուտ,
Թալանեց բոլորը թշնամին անգութ,

Նորա բնակիչքն եղան ցիրուցան,
Կորան ազգովին և ոչնչացան,
Ոմանք գերի գնացին դեպի Խուժաստան,
Ոմանք գաղթեցին դեպի Լեհաստան:

Նորա ժողովուրդն, արտորայք և գյուղ,
Անգթության զոհ եղան, փըչացան,
Եվ ճարտարության, արհեստի պտուղ՝
Տաճարք՝ արքունիք՝ ողջ մոխիր դարձան:

Ի՞նչ էր պատճառը: Թող պատմաբանը՝
Կրոնքի մոլեռանդ և կույր պաշտպանը,
Թո՜ղ կարծի բնակչաց մեղքի պատճառավ
Բարկացավ աստված, վրեժխնդիր եղավ:

Եվ թո ՜ղ ռամիկն ասե տակավին՝
Թե մենք ատեցինք սուրբերն ազգովին,
Չըհարգեցինք մեր մայր եկեղեցին,
Մեզի անիծեց սուրբ Երզնկացին10:

Ցնո ՛րք են դոքա, Հայր բարեպաշտ
Միշտ եղել է և է` երկնքի հետ հաշտ:
Նա պատվել է յուր տերտեր, տիրացուն,
Հավատարիմ էր յուր եկեղեցուն:

Անին հազար ու մեկ ուներ ժամատուն,
Եթե ունենար՝ քանի մի վարժատուն,
Նա չէր կործանվի, նորա հին փառքը
Գուցե կը մնար մինչ այժմ հաստատուն:

Պակաս էր նորան՝ ուսում, գիտություն,
Տուր ժողովուրդը չուներ ազատություն,
Ճնշում էր նորանց արքայի շղթան,
Չըկար իրավունք, օրենք, արդարություն:

Զո՛ւր ես լաց լինում, վերջացուց Ոգին,
Դու այդ հողաբլուր և տխուր ավերակը,
Գնա՜, լաց եղի ՜ր, ավերակն ազգին,
Եվ նորոգեցե ՜ք նորա վիճակը:

Մարդկային ազատ գարգացման վերա
Հաստատուն հիմքը դրեցե՜ք նորա,
Տվեք նոր կյանք նորա գոյության,
Թոթափեք խեղդող փոշին հնության»:

Լուսինը մտավ թուխ ամպերի տակ,
Խավարը պատեց երկինքը հստակ.
Եվ Ոգին դարձյալ ուշիկ քայլերով
Գնաց, հեռացավ, արտսուքը ծածկելով...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Редкий Замечательный
Георгий Гурджиев

Редкий Замечательный

Ани: Женщины выходят из церкви, 1905 год.
Ани: Женщины выходят из церкви, 1905 год.
Играть онлайн