Петрос Дурян
Նվեր հիշատակի առ Պ․ Հ․ Ճանֆեսճյան հո՜ւշք
Սա խաղաղ Մայր Օվկեանին,
Ուր փողփողեն ավազք ոսկի՝
Մեր երազոց վառարանին՝
Թ՚եղրեն՝ վարդից մեջ աճյունի
Երբ արևը շողշողե,
Դու իմ սերը միշտ հիշե՛:
Թավուտքե մը կանաչ ու մորչ,
Որոց շուքը սիրեինք միշտ
Նստիլ, խոսիլ շրթամբք դողդոջ,
Ծըծել անհագ իրարու սիրտ,
Երբ տերև մը խարշափե,
Դու իմ մրմունջքը հիշե՛:
Առավոտներն գարնանային,
Ո՜հ, հորիզոնն ալ վարդավառ՝
Յ՚այց ելնելուդ ծաղկած մարգին,
Ուր կը գտնես մորչ չոր մացառ՝
Երբ թռչնիկ մը ճըռվողե,
Դու իմ իղձերը հիշե՛:
Պաղլար-պաշի ելած ատեն՝
Եվ կամ սա՛րը Չամլըճային՝
Սիրո՜ւն վայրեր ուր միշտ արդեն
Ճեմել հոգիք մեր սիրեին՝
Երբոր զեփյուռ մը փըչե,
Դու իմ հոգին միշտ հիշե՛:
Եվ առօրյա աշխատանքե
Վաստակաբեկ վերադարձիդ՝
Եվ կամ սիրո արշավանքե
Դարձած ատեն տըրոփ ի սիրտ՝
Երբ հորիզոնն հրդեհե,
Դու իմ կրակները հիշե՛:
Ամրան գիշեր մ՚երբոր գտնես
Աստղերն առատ գլխուդ վըրա՝
Եվ լուսինը լապտեր ընես
Դողդոջ քայլից դեպ ՚ի Մոտա,
Երբ շրջազգեստ մը շրշե,
Իմ մաշած սիրտը հիշե՛:
Տրտում նստած դու պատուհան՝
Հառած երկնից այն սևերես՝
Սև մըտածմանց լոկ վառարան
Տժգույն ճակատդ և աչերդ վես՝
Տըխուր կոչնակ մ՚երբ հնչե,
Մըտերմիդ մա՜հը հիշե՛:
Հոկտեմբերի 6, 1871