Мкртич Армен

Զառանցանք

Երբ կալանավոր Նիկոլայ Միխայլովին բարձր ջերմաստիճանի մեջ բերեցին հիվանդանոց՝ պառկեցնելու, նա մտածում էր միայն մի բանի մասին, միայն եւ միայն մի բանի․ չնկնել անզգայության մեջ եւ չզառանցել…

Հիվանդասենյակում նա տենդահար հայացքով նայեց շուրջը։ Իր ամբողջ բանտարկության ընթացքում նա առաջին անգամ պիտի պառկեր ոչ թե մերկ տախտակի, այլ մահճակալի վրա, անկողնու մեջ։ Առաջին բանը, որ ընկավ նրա աչքին՝ դա սպիտակ հացի կտորներն էին՝ սեղանակների վրա։ Սպիտակ հացի… Տաք էր, մաքուր եւ լուսավոր… Բայց ոչինչ չէր ուրախացնում նրան, չէր ցրում նրա տագնապը։ Միայն թե չզառանցել… Տանջվել, եթե հարկավոր է՝ մեռնել, բայց չզառանցել…

Նրան ցույց տվեցին իր մահճակալը, նա պառկեց։ Եվ նորից նույն անհանգստությունը, վախը…


Ի՞նչպես կարելի է զառանցել… Ամեն մարդ ունի իր այնպիսի մտքերը, որոնք չի կարող ասել ոչ ծանոթների, ոչ բարեկամների, ոչ նույնիսկ իր կնոջը կամ որդուն… Մտքեր, որոնց մասին վախենում ես մինչեւ անգամ մեն֊մենակ մտածել։ Եվ եթե, այնուամենայնիվ, ունես այդպիսիք, դա ոչ թե նրա համար, որ դու ես նստել ու մտածել, այլ իրենք են անկոչ կերպով եկել մտել ուղեղդ ու դուրս չեն գալիս…

Միխայլովի սիրտը կանգ առավ։ Սպասիր… Նա մտածո՞ւմ է այդ ամենի մասին, թե՞ բարձրաձայն խոսում ինքն իր հետ…

Նա վեր բարձրացրեց գլուխը, նայեց։ Հիվանդներն անշարժ պառկած էին, գուցե նույնիսկ քնած։ Եթե Միխայլովը խոսած լիներ բարձրաձայն, ապա նրանք արթնացած պիտի լինեին։ Ոչ, իհարկե, նա չի խոսել, այլ միայն մտածել է…

Իսկ եթե, այնուամենայնիվ, խոսե՞լ է…

Քույր… բղավեց նա։

Պատասխան չեղավ։

Քույր, լսվեցին այս ու այն մահճակալներից։

Դուռը բացվեց, ներս մտավ սպիտակ խալաթ հագած մի պառավ, որին առաջին անգամն էր տեսնում Նիկոլայը։

Հիվանդը վատ է զգում, բան է ուզում, հայտնեցին հիվանդները։

Ի՞նչ ես ուզում, հարցրեց պառավը՝ մոտենալով։

Մի որեւէ դեղ… Ջերմությունս իջեցնելու համար…

Նա քիչ մնաց շարունակեր՝ «չզառանցելու համար»…

Առավոտյան ինչ որ պետքն է՝ կտան, քնիր, արդեն ուշ է, ոչ կոպիտ, ոչ քնքուշ, ասաց պառավը եւ ելավ դուրս։

Ուրեմն, դեղ չի լինելու… Ուրեմն, հույսը պետք է դնել սեփական զգաստության վրա… Բայց ի՞նչպես զգաստ լինես քառասունմեկ ու հինգ աստիճան տաքության մեջ, այն էլ՝ գիշերը, քնածդ ժամանակ… Ճիշտ է, նա երբեք չի խոսել քնի մեջ, կինը ոչինչ չի ասել նրան այդ մասին։ Բայց դա՝ երբ նա առողջ էր։ Եվ երբ նա չուներ թաքցնելու որեւէ միտք…

Սարսափելի է, երբ ունես թաքցնելու որեւէ միտք։ Դա ուռչում է, ուռչում, ուռչում, չի ուզում տեղավորվել քո մեջ։ Դա ողորկվում է, ողորկվում, ողորկվում, դառնում է նույնիսկ լպրծուն, եւ դու վախենում ես բերանդ բանալ․ իսկույն դուրս կսահի ամենայն հեշտությամբ…

Ոչ, դա բացբերանություն չէ, միտքը, այնուամենայնիվ, դուրս չի սահում, Միխայլովն ամուր պահում է նրան։ Եվ ո՞վ չի պահում։ Բոլորը…

Թե՞ գուցե ոչ ոք էլ չունի այդպիսի միտք եւ միայն Միխայլովն է նրանց մեջ ամենավատը, ամենա… ուղղակի ասած՝ հակահեղափոխականը, որ համարձակվում է այդպես մտածել մեր հոր, մեր ղեկավարի մասին, մտածել, որ նա սխալվում է՝ այսքան քանակությամբ անմեղ մարդկանց լցնելով ճամբարները…

«Սխալվում է», կարող ես հանկարծ բղավել զառանցանքի մեջ։ Կարող ես մինչեւ իսկ չշարունակել, չարտասանել նրա անունը, բայց մի՞թե հասկանալի չէ, թե ով է սխալվում…

Եվ երբ դուրս գաս հիվանդանոցից, քեզ կկանչի լիաորը, ապա նորից կլինի բանտախուց եւ ապա նորից․ «Կալանավոր Նիկոլայ Միխայլով, քննիչի մոտ»…

Երեւի բարձրաձայն ճիչ էր արձակել նա, որովհետեւ հանկարծ իր գլխավերեւում տեսավ մի քանի հիվանդների, պառավին, բժշկին…

Դա վերջին բանն էր, որ նա տեսավ։ Իսկ երբ նորից բացեց աչքերը, արդեն կեսօր էր։ Լուսամուտներից ներս էր ընկել ձմեռային հյուսիսի համար այնքան հազվագյուտ արեւի լույսը…

Առանց տեղից շարժվելու, կողքի վրա պառկած, Միխայլովն սկսեց ժպիտով նայել արեւոտ լուսամուտին։ Նայեց երկար եւ ինքն էլ չնկատեց, թե ինչպես իր մեջ ծնունդ առավ եւ սկսեց կուտակվել տագնապը։ Սպասիր… Ի՞նչպես թե կեսօր… Երբ նրան պառկեցրին՝ ուշ երեկո էր։ Հետո իր գլխավերեւում կանգնած էին մի քանի հիվանդներ, պառավը, բժիշկը։ Հետո՞… Հետո այն, որ այժմ կեսօր է։ Ուրեմն նա քնել է եւ արթնացել այսքան ուշ…

Բայց ի՞նչ կա որ։ Հիվանդը կարող է քնել եւ այդքան։ Նա քնել է եւ ոչ թե անզգայության մեջ ընկել։ Իսկ քնի մեջ նա չի խոսում, կինը նրան ոչինչ չի ասել այդ մասին…

Դուռը բացվեց, ներս մտավ հիվանդներից մեկը եւ դեռ դռան մոտից նկատելով Միխայլովի բաց աչքերը, բացականչեց․

Հարեւաններ, հորեղբայրն ուշքի է եկել…

Մի քանի մահճակալներից բարձրացան գլուխներ, նայեցին եւ նորից իջան բարձի վրա։

«Ուշքի է եկե՞լ»… Իսկ ինչո՞ւ ոչ՝ «արթնացել է»…

Ուրեմն շա՞տ եմ քնել… հարցրեց Միխայլովը նվազած ձայնով։ Ժամը քանի՞սն է…

Դու, հորեղբայր, հարցրում, թե ամսի՞ քանիսն է։ Առաջին երեք օրը բոլորս կարծում էինք, թե բանդ պրծած է, բայց հետո բժիշկն ասաց, որ վտանգն անցնում է։

Նիկոլայ Միխայլովի ճաղատը վայրկենապես քրտնեց։ Նա հասկացավ․ օրեր էին անցել, նա եղել էր անզգայության մեջ… Ուրեմն, չկարողացավ կամքի ուժով հաղթել ջերմությունը…

Իսկ… իսկ չի՞ զառանցել հանկարծ…

Ներս մտած հիվանդը հրաժեշտ տվեց եւ առողջություն ցանկացավ բոլորին․ նրան դուրս էին գրում։ Մոտենալով նաեւ Միխայլովի մահճակալին, նա ասաց․

Դե, ցանկանում եմ լրիվ առողջություն եւ ցանկանում եմ, որ այլեւս ոչ մի վատ բան չպատահի ձեզ։

Եվ գնաց։

Ի՞նչ վատ բան կարող էր պատահել Միխայլովին… Ի՞նչ էր ակնարկում այդ մարդը…

Անցավ մի ժամից ավելի։ Մյուս հիվանդները քնած չէին, բայց բոլորն էլ լուռ էին։ Գուցե չէի՞ն ուզում խոսել Միխայլովի հետ…

Եվ իսկապես, ո՞վ կուզենա խոսել արատավորված, վարկաբեկված մարդու հետ։ Այդպիսի բաներ ասել ղեկավարի հասցեին, մեր արդարադատության մասին…

Թե՞ գուցե նա ոչինչ էլ չի ասել, իսկ հիվանդները լռում են, որովհետեւ հիվանդ են…

Քույր… նվաղած ձայնով կանչեց Միխայլովը։

Այս անգամ, սակայն, հիվանդներից ոչ ոք չկրկնեց նրա կանչը…

Կես ժամ հետո ներս մտավ մի երիտասարդ աղջիկ։

Հիվանդը քեզ էր կանչում, քույր, ասաց ինչ֊որ մեկը՝ մահճակալից։

Ո՞ր հիվանդը։ Ախ, սա…

Միխայլովի կոկորդը չորացավ տագնապից։ Ի՞նչ է նշանակում՝ «ախ, սա»…

Քույրը մոտեցավ, նայեց։ Միխայլովին խիստ կասկածելի թվաց նրա հայացքը։

Շնորհավոր, ուշքի եկար։

Իսկ ինչո՞ւ այդպիսի նշանակալից տոնով… Ի՞նչ էր ակնարկում նա…

Ի՞նչ ես ուզում, հարցրեց քույրը։

Ճիշտն ասած, Միխայլովը ոչինչ չէր ուզում։ Բացի մի բանից։ Իմանալ՝ զառանցե՞լ է նա, թե ոչ…

Ոչինչ… ասաց նա նվազ ձայնով։

Քույրը գնաց։

Ոչ, բոլորի վերաբերմունքը որոշակի կերպով փոխվել է դեպի նա… Ոչ ոք չի ուզում այլեւս գործ ունենալ նրա հետ…

Քիչ հետո ներս մտավ բժիշկը նույն քրոջ հետ՝ առավոտյան շրջանցման։ Անշուշտ, քույրն արդեն ասել էր նրան Միխայլովի մասին։ Բժիշկը հեռվից, անցողակիորեն, նայեց նրան եւ մոտեցավ ավելի ծանր հիվանդներին։ Թվում է, թե դա բնական էր։ Բայց թվում է նաեւ, որ բժիշկը նույնպես, չէր ուզում ոչ մի գործ ունենալ նրա հետ…

Միխայլովի մահճակալը վերջինն էր։ Բժիշկը մոտեցավ նրան, ժպտաց, բայց շատ անտարբեր բռնեց նրա զարկերակը, սառը ձայնով ասաց՝ «լեզուդ հանիր», ապա կիսաձայն, այո, կիսաձայն, ինչ֊որ բաներ պատվիրեց քրոջը, իսկ դուրս գնալուց առաջ ասաց Միխայլովին․

Դե, առողջացիր, առողջացիր, քեզ սպասում են դրսում։

«Պարզ է», մտածեց Միխայլովը կիսամեռ։ Լիազորը… Ահա թե ով էր սպասում նրան…

Երբ նրա համար բերեցին կաթ, սպիտակաձավարի շիլա եւ սպիտակ հաց, նա չկարողացավ ոչինչ ուտել։ Գդալը նրա ձեռքում դողդողում էր, ուղղակի ցնցվում, իսկ ծնոտները չէին բացվում, եւ կոկորդը հրաժարվում էր մինչեւ իսկ թուք կուլ տալուց։

Նա թուլացած պառկեց։ Եվ նրա միտքը եկան հին պատկերներ…

Ձերբակալվելուց մի ամիս առաջ նա առավոտյան մտավ գրասենյակ, նայեց ժամացույցին եւ ասաց․

Մինչեւ որ կաթ ճարեցի, մինչեւ որ տարա տուն՝ հինգ րոպե ուշացա…

Կաթը մեր երկրում չեն ճարում, այլ ուղղակի գնում են եւ վերցնում, նշանակալից հիշեցրեց մի նիհար երիտասարդ աշխատակից՝ չարագուշակ ժպտալով։

Իհարկե, շտապեց հաստատել Միխայլովը, մթերքները մեզ մոտ միշտ էլ առատ են…

Մյուս աշխատակիցները ձայն չհանեցին։

Երկու օր հետո նրանց կանչեց հատուկ բաժնիկ աշխատակիցը՝ ինչ֊որ չնչին գործով, եւ ապա, հանկարծ, վերցնելով բաժակն ու ջուր խմելով, ասաց վրդովված․

Այս ի՞նչ երկիր է մեր երկիրը, եղբայր, կաթ չկա, որ խմենք։

Չէ, ինչո՞ւ, կմկմաց Միխայլովը, կա…

Է՜, եղբայր, քեզ համար կա, իսկ ինձ համար չկա։ Չի բավարարում բոլորիս, զոռով խո չէ՞։ Փնտրում ենք, նույնիսկ ուշանում ենք գործից։ Հեղափոխությունից քսան տարի հետո…

Հեղափոխությունն այստեղ մեղավոր չէ… սկսեց Միխայլովը՝ ցանկություն ունենալով կարդալ քաղաքագիտության մի տարրական դաս, ավելի շուտ՝ պատասխանել իր դասը։ Բայց հատուկ բաժնի վարիչը ժպտաց հասկացողաբար․

Ես ինքս հեղափոխության մասին դեռ ոչինչ չասացի, այլ միայն կաթի։ Բայց դու, եղբայրս, ճիշտ կապեցիր այդ երկուսն իրար հետ…

Տեսնելով Միխայլովի շփոթվելը, նա մի կարճ վայրկյան նայեց խորաթափանց հայացքով, ապա ծիծաղեց․

Դատարկ բաների մասին ենք խոսում։ Ավելի լավ է՝ եկ մի անեկդոտ պատմեմ քեզ։ Մի անգամ…

Վեր կենալով տեղից, նա կիսաբաց արեց դուռը, նայեց, թե ոչ ոք չի՞ լսում արդյոք նրանց, ծածկեց եւ կրկնեց․

Մի անգամ…

Երկու շաբաթ անց, երբ Միխայլովն ամեն ինչ մոռացել էր եւ հանգստացել, ընդմիջման ժամին նրան մոտեցան հիմնարկի աշխատակիցներից երկուսը, սկսեցին զվարթ զրուցել նրա հետ։ Զվարթ էր նաեւ Միխայլովը։ Հանկարծ աշխատակիցներից մեկն ասաց նրան․

Նիկոլայ, մի բան պիտի խնդրեմ քեզ, բայց չմերժես։ Օտար մարդ չկա այստեղ, եկ մեզ էլ պատմիր այն անեկդոտը, որ պատմել ես Իվան Նիկոլայեւիչին…

Նա ինքն է ինձ պատմել, արդարացավ Միխայլովը։

Ի՞նչ կարեւոր է, թե ով ում, ձեռքը փաթ տվեց աշխատակիցը։

Միխայլովը պատմեց։

Երկրորդ աշխատակիցը, որը լուռ լսում էր, հարցրեց մռայլ ու չարագուշակ․

Եվ դու ուզում ես մեզ հավատացնել, որ հատուկ բաժնի վարիչը կարող էր այդպիսի ստոր բա՞ն պատմել, այդպիսի անեկդո՞տ։ Մի արատավորիր մարդուն։ Իսկ այդ գարշելի պատմությունը, իմ խորհուրդն այն է, որ էլ չպատմես ոչ ոքի։ Բարեկամաբար եմ խորհուրդ տալիս։ Մի փորձանք կբերեբ գլխիդ…

Փորձանքը չուշացավ։ Որպես վկաներ առերեսման էին եկել հենց այդ երկու աշխատակիցները, իսկ «կաթի գործով»՝ այն նիհար ու չարադեմ երիտասարդը…

Երկրորդ անգամն եմ հարցնում, հիվանդ, լսեց նա հանկարծ քրոջ ձայնը։ Ճաշ ուզո՞ւմ ես։

Միխայլովը նայեց եւ սարսափեց։ Աղջկա աչքերը որոշակի կերպով թաքցնում էին իրենց մեջ ինչ֊որ գաղտնիք…

Ոչ… մերժեց Միխայլովը։

Քեզ հարկավոր է ուտել եւ կազգուրվել, այդպես չի կարելի։ Դու խոսել անգամ չես կարող։

Եվ գնաց՝ ճաշը թողնելով սեղանի վրա։

Խոսե՞լ… Իսկ ինչո՞ւ հատկապես խոսել… Ի՞նչ էր ուզում ասել քույրը… Խոսել եւ պատասխանել լիազորի հարցերի՞ն…

Նրա մարմինն սկսեց ցնցվել՝ այնքան ուժեղ, որ մահճակալը լխկլխկաց։ Համարյա բոլոր հիվանդները բարձրացրին գլուխները, նայեցին, նրանցից ոմանք վեր կացան։ Ներս մտավ քույրը, որին երեւի կանչեցին, ապա նաեւ բժիշկը։ Բժիշկն սկսեց հանգստացնել նրան, քույրը դեպի նա մեկնեց դեղով լի բաժակը։ Բայց Միխայլովը կատաղած մի կողմ հրեց բաժակը եւ բղավեց․

Ի՞նչ եք նայում ինձ այդպես, ի՞նչ եք ուզում ասել։ Մի՞թե դուք էլ նույն կարծիքին չեք։ Բայց դուք լռում եք։ Իսկ ես նորից կասեմ, այո, նորից…

Ցատկելով տեղից, նա նստեց եւ բղավեց․

Նա սխալվում է, սխալվում, սխալվում…

Հետեւյալ օրը Միխայլովին փոխադրեցին հոգեկան հիվանդանոց։

Ափսոս, ցավակցեցին հիվանդները։ Այդքան հանգիստ ու դիմացկուն մարդ, ամբողջ հիվանդության ժամանակ ոչ մի ծպտուն չհանեց, իսկ վերջում՝ այդպիսի դժբախտություն…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Алмаст - Персидский марш
Александр Спендиарян

Алмаст - Персидский марш

Грустное возвращение (никто не ждет)
Грустное возвращение (никто не ждет)
Играть онлайн