Мкртич Армен

Վեց հիվանդության տեր մարդը

1

Կան կալանավորներ, որոնք այնքան կալանավոր են, որ չես պատկերացնում, թե երբեւէ եղել են դրանից բացի մի ուրիշ բան։ Ձերբակալվելուց եւ աքսորվելուց մի քանի տարի հետո նրանց միջից սրբվում է ամբողջ անցյալը, մնում է ներկան, որն ընդհանուր է բոլորի համար։ Նայելով ցրտից սրթսրթացող կամ հաց ստանալիս հացակողի համար վիճող այդ համանման արարածներից որեւէ մեկին, անհնար է ասել՝ բանվո՞ր է եղել նա անցյալում, գիտնակա՞ն, գյուղացի՞, թե՞ պետական պաշտոնյա։ Նա կալանավոր է։ Նա կարող է լինել բարձրահասակ կամ ցածրահասակ, նիհար կամ գեր, մազակալված կամ ածիլված՝ եթե արդեն անցել է մի կամ երկու շաբաթը եւ հասել է նրա ածիլվելու հերթը։ Դրանք անկարեւոր մանրամասնություններ են, որոնք չեն փոխում ընդհանուր տեսքը։ Նա կալանավոր է՝ եւ դրանով ասված է ամեն ինչ։

Այդպիսի իսկական կալանավոր էր նաեւ «վեց հիվանդության տեր մարդը»։

Մյուս բոլորի հետ միասին չորս֊հինգ տարի «ընդհանուր»՝ այսինքն՝ ֆիզիկական աշխատանքների գնալուց հետո նա դարձել էր անպետք։ Տարին մի կամ երկու անգամ կատարվող բուժքննություններից մեկի ժամանակ կենտրոնական ճամբարից եկած հանձնաժողովը նրա մեջ գտել էր, ինչպես ասում էին՝ վեց հիվանդություն, եւ «ակտավորել» էր նրան, այսինքն՝ գտել էր հաշմանդամ։

«Ակտավորումը» կալանավորին ազատում էր ընդհանրապես որեւէ աշխատանքից, տալիս էր չնչին օրապահիկ ստանալու իրավունք եւ քաղցից դանդաղորեն մահանալու լայն հնարավորություններ։ Ուստի եւ, նրանք բոլորը, հոժարությամբ հանձն էին առնում որեւէ աշխատանք, թեկուզեւ իրենց ուժերից վեր, որպեսզի ստանային եւս մի կամ երկու հարյուր գրամ լրացուցիչ հաց։

«Վեց հիվանդության տեր մարդը» քառասունն անց էր։ Միջահասակ, ճաղատ, նա ամբողջովին ուռած էր։ Ուռած էր նրա դեմքը, մանավանդ՝ կուրծքն ու փորը, որոնք միաձուլվել էին իրար՝ կազմելով մի ընդհանուր կորագիծ։

«Վեց հիվանդության տեր մարդն» աշխատում էր բուժակի մոտ։ Վերջինս նրան վերցրել էր ժամանակավորապես, բայց պարզել էր, որ հաշմանդամը մի կատարյալ գյուտ էր նրա համար։ Չնայած իր «վեց հիվանդություններին», այդ մարդը կատարում էր բուժկայանի ամբողջ սեւ աշխատանքը՝ հատակները լվանալուց սկսած մինչեւ հիվանդներին վիրակապելը։ Եվ քանի որ բուժկայանում եղած աշխատանքը միայն «սեւ» էր, «սպիտակը» չկար, ուստի եւ բուժակն ինքը ոչինչ չէր անում՝ բացի մի երկու ժամ հիվանդներին ընդունելուց, մի֊մի դեղափոշի տալուց կամ հայհոյելուց ու վռնդելուց։

Մնացյալ ժամանակը նա նվիրում էր ժամանցի կամ օրինավոր հանգստի։

Նույնպես միջահասակ, բայց ոչ թե ուռած, այլ գեր, արդեն տարիքոտ, նա բուժակ էր եղել նաեւ ազատության մեջ եւ ձերբակալվել էր իր այցելու կանանց բռնաբարելու համար։ Այդ քաջագործությունների պատմությունները, որոնք նա մի ժամանակ արել էր քրեականներին, շատ էր դուր եկել նրանց, եւ վերջիններս նրան ընդունել էին որպես իրենց մարդուն։ Ժամանակի ընթացքում նրա պատմություններն սպառվել էին, բայց նա, չթուլացնելու համար հետաքրքրությունն իր նկատմամբ, հնարում էր նորանոր պատմություններ եւ պատմում։

Իհարկե, միայն այդպիսի անմեղ եւ անշահ բաների վրա չէր հիմնված բուժակի եւ քրեականների մտերմությունը։ Բուժակը նրանց միջոցով վաճառելու էր ուղարկում կալանավորների համար ստացված առանց այն էլ սակավաթիվ դեղորայքն ու վիրակապերը, աշխատանքի դուրս չգալու թույլտվություն էր տալիս առողջ քրեականներին եւ այլն։ Իսկ քաղաքականներին, համարյա միշտ, բուժում էր այսպես ասած «աշխատանքային տերապիայով», այսինքն՝ որքան շատ ծառ կտրես՝ այնքան շուտ կառողջանաս…

«Վեց հիվանդության տեր մարդն» ապրում էր բուժկայանում, բուժակի հետ միասին։ Այսինքն՝ ոչ թե միասին, այլ բուժակը՝ սենյակում, իսկ նա՝ նախասենյակում։

Աշխատանքից ազատ հազվադեպ րոպեներին նա նստում էր իր մահճակալի ծայրին, բութ հայացքով նայում էր իր լվացած հատակին եւ, վայելելով հանգստի երանավետությունը, մտածում էր այն երջանիկ օրվա մասին, երբ նա, ավարտելով տասը տարվա ժամկետը, պիտի վերադառնար հարազատների մոտ…

Բայց որպեսզի ապրեր ու վերադառնար, հարկավոր էր ամուր կառչել այն աշխատանքին, որը նա ուներ։ Իսկ որպեսզի ամուր կառչեր, հարկավոր էր աշխատել անխնա, անել ամեն բան…

Նրա «վեց հիվանդություններից» մերթ մեկը, մերթ մյուսը, երբեմն֊երբեմն զգացնել էին տալիս իրենց։ Այդ ժամանակ բուժակը հանդես էր բերում իսկական հոգատարություն։ Նրան տալիս էր սրտի դեղ՝ երբ տնքում էր փայծաղը, մարսողությունը կարգավորող հաբեր՝ երբ նվաղում էր սիրտը։ Եվ ամեն անգամ «վեց հիվանդության տեր մարդը» համառ պայքարից հետո հաղթահարում էր հիվանդությունը։ Դա հաջողվում էր ոչ այնքան բուժակի հմտության, որքան որ հաշմանդամի ապրելու բուռն տենչի շնորհիվ։

Երեկոները, երբ բուժակը գնում էր քրեականների բարաքը՝ ժամանակ անցկացնելու, «վեց հիվանդության տեր մարդը», եթե, իհարկե, ավարտած էր լինում իր անվերջանելի աշխատանքները, փակում էր բուժկայանի դուռը եւ գնում քաղաքականների բարաքը՝ յուրայիններին հանդիպելու։

Սակայն, մի անգամ, բուժակը թեկուզեւ ոչ այնքան լրջորեն, ասել էր նրան․

Չլինի՞ դու մեկ֊մեկ դեղեր ես տանում էդ ֆաշիստներին…

Խիստ անհանգստացած, «վեց հիվանդության տեր մարդն» իսկույն դադարեցրել էր իր այցելությունները քաղաքականներին։ Իհարկե, նա չէր տարել նրանց ոչ մի դեղ եւ չէր էլ կարող, քանի որ բուժակը դեղորայքը պահում էր կողպեքի տակ, բայց եւ այնպես ինչո՞ւ տեղիք տալ ավելորդ կասկածների…

Շատ չանցած, նրա եւ քաղաքականների բարաքում ապրողների խորթացումը դարձել էր երկուստեք։ Գալով բուժակի մոտ, նրանք այլեւս չէին հարցնում «վեց հիվանդության տեր մարդու» առողջությունը եւ մինչեւ անգամ չէին էլ բարեւում նրան։ Ճնշվո՞ւմ էր հաշմանդամը դրանից, թե ոչ՝ ինքն էլ չգիտեր։ Բութ նվիրվածությամբ ու սարսափով նա կառչել էր իր տեղին, որպեսզի ապրեր, արժանանար տուն գնալու երջանկությանը։ Այդ էր գլխավորը…

2

Գարնան մի օր, երեկոյան կողմ, քաղաքականների բրիգադը վերադառնում էր անտառային աշխատանքից։ Բրիգադիրը, որ քայլում էր առջեւում, ճանապարհի վրա տեսավ մի փոքրիկ, սեւ փոս, որն առավոտյան չկար։ Ցատկեց վրայով։ Ապա, համարյա իսկույն, նկատեց մի ուրիշ փոս, այժմ արդեն ոչ թե լոկ փոս, այլ լայն ջրհոր, եւ շրջանցեց։ Եվ քանի որ այդտեղ չէր կարող լինել եւ ոչ մի ջրհոր, նա հասկացավ, որ դա ցեխաջուր էր կամ թափված ինչ֊որ սեւ հեղուկ․ աղջամուղջի մեջ չէր կարելի որոշել ավելի ճշտորեն։

Հետո նա նկատեց սպիտակ շրջանակ Այս անգամ, թեկուզ վախով, բայց ոտք դրեց վրան։ Ոչինչ, կարելի էր անցնել։

Քիչ հետո նա միանգամից նկատեց սեւ ու սպիտակ շատ շրջանակներ՝ տարբեր մեծության։

Նա կանգ առավ զարմացած։ Սպասելով՝ մինչեւ բոլորն անցնեն, դիմեց բրիգադի ետեւից եկող պահակին․

Այսօր ուշ ենք վերադառնում աշխատանքից։

Ուշ չէ, ուշ չէ, գնա, բարկացավ պահակը, ես նայել եմ ժամացույցին։

Աչքերիս առջեւ սեւ ու սպիտակ բծեր են երեւում, մութն է արդեն։

Մութը չէ, մի հնարիր։

Ճամբարի անցատնակին մոտենալով բրիգադիրը զարմանքով նկատեց, որ կալանավորներին խուզարկեցին առանց լապտերների։ Դա եւս տարօրինակ էր։ Ուրիշ անգամներ, երբ բրիգադներն ուշ էին վերադառնում, պահակները նրանց դիմավորում էին վառած «չղջիկներով»։

Մտնելով ճամբար, կալանավորները գնացին իրենց բարաքը եւ իսկույն նետվելով քնելու տախտակների վրա, սկսեցին սպասել այսպես կոչված ընթրիքին։

Քիչ հետո, երբ լսվեց՝ «բրիգադ, ընթրիքի», կալանավորները ոտքի ցատկեցին եւ խլելով մեկն իր պահածոյի ժանգոտ տուփը, մյուսն ալյումինե ծռմռված թասը, երրորդը՝ փայտե փոքրիկ դույլիկը՝ փտած երկաթակապերով, շտապեց դեպի խոհանոց։

Բրիգադիրը, որը պետք է կանգներ խոհանոցի լուսամուտի մոտ եւ հետեւեր, որ ոչ ոք ընթրիք չստանար երկրորդ անգամ, մի կերպ հասավ տեղ եւ տրտունջով հարցրեց ընթրիք բաժանողին․

Ինչո՞ւ եք այսօր այսքան ուշ կանչում ընթրելու։

Սովորական ժամանակն է։

Բա ինչո՞ւ է այսքան մութ։

Մութ չէ, լավ նայիր…

Կալանավորներն ստացան իրենց մի֊մի շերեփ ընթրիքը։ Ով որ անհամբեր էր՝ հենց տեղնուտեղը խմեց իր այսպես կոչված ուտելիքը, իսկ ով կամքի ուժ ուներ, քայլերն զգույշ փոխելով տարավ բարաք՝ այնտեղ վայելելու համար ուտելու բավականությունը։

Այդպես վարվեց նաեւ բրիգադիրը։ Բայց փոխանակ բավականություն ստանալու, նա զրկվեց իր տաք ուտելիքից։ Սայթաքելով հարթ տեղում, նա թափեց ամանի ամբողջ պարունակությունը։

Այս ի՞նչ բան է, բարկացավ նա։ Գարնանը այսպիսի մութ երեկո։

Այնքան էլ մութ չէ, փորձեցին հակաճառել մի քանիսը։

Երբ հնչեց ստուգման զանգը, եւ կալանավորները դուրս ելան բարաքից, նա այլեւս անկարող էր անել ոչ մի քայլ։

Իսկապե՞ս դու ոչինչ չես տեսնում, զարմացան մի քանիսը։ Ախր այնքան էլ մութ չէ։ Ավելի ճիշտ՝ լույս է…

Եվ որովհետեւ նա խարխափում էր՝ ինչպես մթության մեջ, մեկն օգնեց նրան՝ քայլելու։

Չլինի։ կուրանում եմ, վախեցած մտածեց նա։

Ստուգումից հետո նա ուզեց գնալ բուժակի մոտ, բայց այդպիսի օրենք չկար, որ բուժակը հիվանդներ ընդուներ այդքան ուշ։ Վերադարձավ։

Մտնելով բարաք, նա համոզվեց, որ տեսնում է առաջվա պես։ Ահա թույլ լույս արձակող էլեկտրական լամպը, ահա իր քնելու տախտակը…

Ուրմեն մթությունը դրսումն էր եւ ոչ թե իր աչքերում՝ ոպքեն էլ հակառակը պնդեին բրիգադի անդամները։

Նա քնեց, իսկ առավոտյան ամեն ինչ չքացավ։

Սակայն, չքացավ միայն մինչեւ երեկոյան կողմ։ Ճամբար վերադառնալիս նա նորից ցատկոտում էր կամ շրջանցում ինչ֊որ արգելքներ։ Երբ նայեց ետ՝ բրիգադին, դրա անդամներից շատերը նույնպես քայլում էին տարօրինակ ցատկոտումներով եւ ոլորապտույտներով…

Այդտեղ արդեն, նա հասկացավ․ սկսվում էր հավկուրը…

Կարճ ժամանակամիջոցում հիվանդությունը տիրեց համարյա բոլորին։ Ընթրիքի կամ ստուգման գնալիս այժմ նրանք բռնում էին իրար պոչից, եւ նրանց առաջնորդում էր այն սակավաթիվներից որեւէ մեկը, որոնք դեռ տեսնում էին։ Բայց նրանք էլ, օրեցօր, սակավանում էին…

Գնացին բուժակի մոտ։ Նա բացատրեց․ հավկուրը լինում է վիտամինների եւ ճարպանյութերի բացակայության հետեւանքով։ Բուժել կարելի է ձկան յուղով։ Իսկ ձկան յուղ չկա։ Գնացեք։ Գուցե ստանան։ Իսկ եթե չստանան՝ ոչինչ, երեկոն քնելու համար է, ձեր ինչի՞ն է պետք տեսողությունը…

Ձեռնունայն վերադարձան ետ։

3

Կարելի էր զարմանալ, թե ինչպես էր կարողանում «վեց հիվանդության տեր մարդն» իր ուռած կրծքով ու փորով այդքան անգամ կռանալ֊վեր կենալ… Ավարտելով հատակի մաքրելը եւ իսկույն զբաղվելով լվացված հին վիրակապերը նոր գործածության համար փաթաթելով, նա բուժակի սենյակից առավ ինչ֊որ անծանոթ հոտ։ Վախենալով, թե բուժակը քնել է եւ բան է այրվում այնտեղ, նա մտավ սենյակ։

Բուժակը հոտ արձակող ինչ֊որ բան էր տաքացնում սկուտեղի վրա։

Այդ ի՞նչ է, հետաքրքրվեց «վեց հիվանդության տեր մարդը»։

Ձկան յուղ։

Ի՞նչ եք անում։

Բուժակը չուզեց պատասխանել, ապա նայելով նրա խեղճ կերպարանքին, բացատրեց․

Գիտական փորձ, թե կարելի՞ է դրա մեջ կարտոֆիլ տապակել։

«Վեց հիվանդության տեր մարդը» հարգանքով նայեց գիտության ծառային եւ ելավ իր գործերին։

Երբ նա հինգ րոպե հետո նորից մտավ ներս՝ ջնջոցը ձեռքին, բուժակը, սեղանի մոտ նստած, տապակաթ կարտոֆիլ էր ուտում։

Փորձը հաջողվեց, հաղորդեց գիտության ծառան։

Բայց «վեց հիվանդության տեր մարդն» այս անգամ նայեց ոչ թե հարգանքով, այլ սարսափով։ Չէ՞ որ ձկան յուղի ամենաչնչին մի քանակ, ուղղակի մի մատնոցաչափ, բավական էր՝ վերադարձնելու համար մի կալանավորի տեսողությունը։ Իսկ բուժակը նստել եւ հանգիստ ուտում էր հինգ֊տասը կալանավորի տեսողություն…

Հնչեց երեկոյան ստուգման զանգը։ Եվ քանի որ հաշմանդամն իր գործերն ավարտել էր արդեն, ուստի նստեց միջանցքում, լուսամուտի մոտ, եւ սկսեց նայել դեպի բակ։

Քաղաքական կալանավորների բարաքում չէր մնացել այլեւս ոչ մի տեսնող մարդ։ Այժմ, ստուգման դուրս բերելու համար, նրանց մոտ գնաց քրեականներից մեկը։ Գուցե նա գնաց՝ բարաքից որեւէ բան թռցնելու հույսով։ Բայց դա հնարավոր չէր երկու պատճառով։ Առաջին՝ հավկուրները ներսում, էլեկտրական լուսավորության տակ, որքան էլ դա թույլ լիներ, տեսնում էին։ Եվ, երկրորդ՝ ոչինչ չկար թռցնելու։

Բռնելով քրեականի պոչից եւ իրար պոչից, կալանավորները դուրս ելան եւ իսկույն հայտնվեցին անթափանց մթության մեջ։

Ամենազարմանալին այն էր, որ քրեականներից ոչ մեկը չէր հիվանդացել հավկուրով։ Նրանք քայլում եւ նույնիսկ վազում էին քաղաքականների մոտով, կարծես մթությունը նրանց համար չէր։

Սա ի՞նչ բան է, չար կատակեց հիվանդներից մեկը։ Չլինի՞ հավկուրը քաղաքական կուրություն է…

Համոզվելով, որ քաղաքականների մեջ չի մնացել ոչ մի առողջ մարդ, քրեականներն այդ օրը որոշել էին վրեժ լուծել նրանցից։ Վրեժ՝ նրա համար, որ իրենք այդ ճամբարում կազմում էին փոքրամասնություն եւ ստիպված էին չափավորել ու զսպել իրենց վարքը։ Վրեժ, մանավանդ, նրա համար, որ չէին կարող, ինչպես մյուս ճամբարներում, կազմել խառը բրիգադներ, քնել անտառում ամբողջ օրը եւ ապրել քաղաքականների աշխատանքի հաշվին…

Երբ առաջին կալանավորն ուզեց երկարել իր ճաշամանը խոհանոցի լուսամուտից ներս, պարզվեց, որ նրանք կանգնած էին արտաքնոցի դռանը…

Լսվեց քրեականների խելահեղ քրքիջը։

Քաղաքականները, զայրացած, բայց երեխայի պես անօգնական, խարխափելով ու սխալվելով մի կերպ վերադարձան խոհանոցի մոտ։

Եվ այդտեղ սկսվեց…

Հազիվ էր առաջին կալանավորն ստացել իր ընթրիքը եւ մի կողմ քաշվել, երբ ինչ֊որ մեկի հարվածից նրա ամանն ընկավ վար եւ ուտելիքը թափվեց։

Ի՞նչ եք անում, սրիկաներ, բղավեց նա եւ ապա բղավեցին բոլորը։

Թափեցին նաեւ երկրորդի ընթրիքը։ Մյուսները, կույրերի նման հավաքվելով խոհանոցի լուսամուտի շուրջը, կամեցին մի խիտ շրջանակ։ Ով որ ստանում էր իր ընթրիքը՝ այլեւս դուրս չէր տանում այդտեից, այլ խմում էր տեղնուտեղը։

Շրջանակը կազմածների մեջքերի վրա, մերթ մեկի, մերթ մյուսի, հասնում էին հարվածներ։ Նա կտրուկ շուռ էր գալիս, կույրի պես տարածում ձեռքերն օդի մեջ, փնտրում։ Բայց այս անգամ հարվածները հասնում էին նրա ձեռքերի եւ նույնիսկ դեմքի վրա։

Իսկ շուրջը չէր լռում լկտի ծիծաղը։

Սրիկաներ, դիմեց դեպի մթությունը բրիգադիրը, չէ՞ որ դուք ասում եք՝ «կալանավորի օրապահիկը սրբազան է, դրան չի կարելի ձեռք տալ, ծանրոցը կարելի է խլել, հագուստը կարելի է խլել, իսկ օրապահիկը՝ ոչ»։ Ա՞յս է օրենքը…

Բայց շուրջը չկար ոչ մի ձայն, չէր արձագանքում ոչ ոք։ Միայն տեղում էին հարվածները…

Երբ քաղաքականները մի կերպ հասան բարաք, նրանք իրենց ճաշամաններում տեսան փայտի կտորտանք եւ այլ աղբ։ Բարաքում նրանք նորից տեսողության տեր մարդիկ էին։ Ապա, թող այդտեղ համարձակվեին քրեականները հարձակվել նրանց վրա… Բայց նրանք դրսումն էին, որտեղ անթափանց խավարն էր…

4

«Վեց հիվանդության տեր մարդն» իր լուսամոտից տեսնում էր այդ ամենը։ Առաջին արձագանքը, որ գտավ այդ տեսարանն իր հոգում, այն էր, թե որքան լավ է, որ բժիշկը նրան տվել է խմելու ձկան յուղ եւ որ նա այնտեղ չէ, նրանց հետ, եւ չի ենթարկվում քրեականների ծաղր ու ծանակին։

Եվ միայն այդ առաջին արձագանքից հետո, զգալի ուշացումով, նա ցավ զգաց տանջվողների համար։ Չէ՞ որ նրանք էլ ունեին տուն ու ընտանիք, ուզում էին երբեւէ տեսնել նրանց…

Մտնելով սենյակ, նա անուն֊հայրանունով դիմեց բուժակին եւ հարցրեց․

Տեսա՞ք…

Ոչ, ի՞նչը, հարցրեց բուժակը՝ հացով սրբելով սկավառակի վրա մնացած յուղը եւ ուտելով։

Ձեզ մոտ ձկան յուղ չի՞ մնացել…

Իսկ ինչի՞ համար, հետաքրքրվեց բուժակը՝ ձկան յուղի շիշը դնելով սնդուկը եւ փակելով այն։

Գուցե նրանց էլ տայիք խմելու, հարցրեց հաշմանդամը՝ հեւալով հուզմունքից եւ հիվանդությունից։

Լեզվի ծայրով մաքրելով լնդերը, բուժակը մոտեցավ հաշմանդամին, բռնեց նրա ձեռքը, բարձրացրեց։

«Փրկվիր՝ ով կարող է եւ ինչպես կարող է», արտասանեց նա մարդկային դեմքը կորցրած կալանավորի առաջին լոզունգը եւ ծալեց «վեց հիվանդության տեր մարդու» մի մատը։

«Այսօր դու մեռիր, իսկ վաղը՝ ես», ծալեց նա երկկրորդ մատը։

«Կյանքը գոյության կռիվ է», ծալեց երրորդ մատը։

«Դու ոչինչ չես լսել ու ոչինչ չես տեսել», ծալեց չորրորդը։

«Մատնիչներին դատում է ժուլյոն», ծալեց հինգերորդը։

Հինգ մատները ծալած նրա բռունցքով խփելով տիրոջ դեմքին, բուժակն ասաց խրատական․

Զգույշ կաց, որ այսպես ինքդ չխփես քեզ… Հասկացա՞ր…

Եվ հրեց դեպի նախասենյակ։

«Վեց հիվանդության տեր մարդը» հասկացավ։ Մահվան դողը բռնեց նրան, սիրտն սկսեց խփել։ Նա արագ պառկեց իր մահճակալի վրա եւ քիչ մնաց մեռներ այն մտքից, ր նրան կարող են վռնդել այս տաք տեղից, հանգցնել կյանքի վերջին մնացորդները նրա մեջ, զրկել նրան երբեւէ իր հարազատներին տեսնելու հույսից…

Նա որոշեց լռել եւ նույնիսկ չմտածել։ Իր ի՞նչ գործն է…

Եվ այդ պահին, երբ ամենահարմար բանը կլիներ քնել, հանկարծ հիշեց, որ նա երբեւէ, վաղուց, շատ վաղուց, եղել է ոչ թե կալանավոր, այլ մարդ… Ի՞նչպես կարող է այժմ լինել այսքան ստոր…

Բայց ինչո՞ւ ստոր։ Ինչո՞վ կարող է նա օգնել հիվանդներին։ Եթե մատնի բուժակին, միեւնույնն է, դա չի օգնի։ Բուժակը կթաքցնի կամ կոչնչացնի ձկան յուղը եւ կապացուցի, որ չունի։ Իսկ նրան, հաշմանդամին, կվռնդեն… Նրան, «վեց հիվանդության տեր մարդուն»։ Ասենք, այժմ արդեն ոչ թե վեց, այլ յոթ։ Յոթերորդը նրա մոտ՝ մորթապաշտությունն է…

5

Դժվար չէր հասկանալ, թե ինչու քրեականները չէին հիվանդանում հավկուրով։ Քաղաքականների ամբողջ բրիգադը հետեւյալ առավոտյան գնաց բուժակի մոտ՝ ձկան յուղ պահանջելու։

Բուժակն զբաղված էր ուրիշ հիվանդներով։ Իսկ ժամանակ չկար, շուտով խփելու էր աշխատանքի դուրս գալու զանգը։

Էյ, «վեր հիվանդության տեր մարդ», դիմեց բրիգադիրը նրան, մտիր ներս ու ասա, որ մենք պահանջում ենք ձկան յուղ…

Ասա, «յոթ հիվանդության տեր մարդ», ավելացրեց մի ուրիշը, որր պահանջում է ամբողջ բրիգադը։

Հաշմանդամը մի պահ քարացավ֊մնաց։ Յոթ… Մի՞թե ուրիշներն էլ գիտեն իր յոթերորդ հիվանդության մասին…

Ի՞նչ ես կանգնել մնացել, գոռացին նրա վրա։

Բուժակի մոտ մտնելուց եւ դուրս գալուց հետո «վեց հիվանդության տեր մարդը» չհամարձակվեց բարձրացնել աչքերը։

Ասում է՝ ձկան յուղ չկա։

Կբողոքենք պետին, բղավեցին բոլորը։

Ասում է՝ թող բողոքեն պետին…

Ճամբարի պետն ուշադիր լսեց նրանց, գլխով արեց եւ վճռական քայլերով եկավ բուժակի մոտ։

Բարի լույս։ Կալանավորները հավկուրով հիվանդ են, ձկան յուղ են ուզում, ինչո՞ւ չես տալիս։

Ի՞նչպես թե չեմ տալիս, անկեղծ զարմացավ բուժակը։ Տալիս եմ։ Քրեականների ամբողջ բրիգադը խմել է, իսկ քաղաքականներին չհասավ։ Հարկավոր է նորից ստանալ։

Որպես ապացույց, բուժակը վերցրեց մի դատարկ շիշ, ցույց տվեց։

Թե՞ գուցե սխալվել եմ, որ առաջին հերթին քաղաքականներին չեմ խմեցրել, նայելով պետի աչքերին, հարցրեց նա։

Ոչ, ինչո՞ւ, շփոթվեց պետը։

Եվ հետո, քաղաքացի պետ, դուք մի հավատաք դրանց։ Բրիգադի կեսից ավելին հիվանդ չէ, այլ ձեւացնում է, որպեսզի ձկան յուղ ստանա։

Դա իր հերթին, համաձանվեց պետը։

Վճռական քայլերով դուրս գալով բուժակի մոտից, նա հայտարարեց․

Ձկան յուղ չկա։ Պետք է սպասել՝ մինչեւ որ ստանանք…

6

Քաղաքական կալանավորների բրիգադը որոշեց ծեծել բուժակին։

Հազվագյուտ բան էր, որ քաղաքական կալանավորը մարդ ծեծեր։ Իսկ որ ամբողջ բրիգադն աներ նույնը՝ դա արդեն չլսված բան էր։ Բայց դանակը ոսկորին էր հասել, այլեւս անկարելի էր համբերել։

Պետք էր ծեծել խոր մթության մեջ, ուշ երեկոյան, որպեսզի բուժակը չճանաչեր նրանց։ Եվ ծեծելիս պետք էր փսփսալ նրա ականջին․ «Եթե ձկան յուղ չտաս՝ նորից կծեծենք»…

Վերադառնալով ճամբար այդ որոշումով, քաղաքականները մի կերպ ընթրեցին, մի կերպ անցան ստուգումը, մտան բարաք, սկսեցին սպասել։ Տախտակների վրա պառկած, նրանք այդ երեկո չէին խոսում իրար հետ, այլ ունկնդրում էին դրսից եկող ձայները։ Շուտով դրանք լռեցին, քրեականները մտան բարաք։ Ցուրտ երեկո էր։

Սպասեցին մինչեւ որ մութը լրիվ իջնի։ Բուժակին նրանք կբռնեն բուժկայանից դուրս գալիս, երբ նա գնա քրեականների բարաքը։ Իսկ եթե արդեն գնացել է՝ ապա վերադառնալիս։ Կսպասեն՝ ինչքան որ հարկ լինի։

Իսկ նա չի՞ նկատի մեզ, լուսին չկա՞, անհանգստացավ մեկը։

Ի՞նչ լուսին, երկինքն ամպամած է՝ ահա քանի օր է։

Ինչ էլ լինի՝ պիտի սպասել, որ լավ մթնի, նախազգուշացրեց բրիգադիրը։ Ի միջի այլոց, չմոռանամ նախազգուշացնել․ շատ ուժեղ չխփեք, որ հանկարծ փորձանք չպատահի…

Էդ խոզին թեկուզ ոտքերով թակիր մինչեւ առավոտ, ի՞նչ փորձանք կարող է պատահել, հակաճառեց մի ուրիշը, որին ահա երեք օր էր, ինչ չէր հաջողվում պաշտպանել իր ընթրիքը քրեականներից։

Եվ ահա, տեղի ունեցավ խնամքով ու զգուշությամբ նախապատրաստված այն ծեծը, որն ունեցավ այնպիսի ողբերգական հետեւանք…

Առաջին մարդը, որը նկատեց քաղաքական կալանավորների կասկածելի անցուդարձը՝ դա բուժակն ինքն էր։

Ավարտելով իր աշխատանքը շատ վաղ, նա դուրս ելավ եւ գնաց քրեականների բարաքը, որը գտնվում էր բուժկայանի դիմաց, արձակ տարածությունից այն կողմ։ Նախքան ներս մտնելը նա պատահաբար նայեց ձախ եւ կանգ առավ զարմացած։

Արեւը մայր էր մտել, բայց դեռ լրիվ լույս էր։ Քաղաքական կալանավորների բարաքի դուռը կիսաբաց եղավ, այնտեղից դուրս սողոսկեց մեկը, նայեց երկնքին, նայեց շուրջը, ապա ձեռքը դիպցրեց ներսում գտնվողներին․ «Դուրս եկեք, լիակատար մթություն է»…

Խարխափելով ու իրար խփվելով, դուրս ելան բոլոր կալանավորները։ Քայլեցին խմբով՝ մի քանի քայլ, կանգ առան։ Ականջները խլշկոտեցին աջ ու ձախ ու չլսելով ոչ մի կասկածելի հնչյուն, շարունակեցին քայլել։

Մեկը վար ընկավ։ Երկրորդն ընկավ նրա վրա։ Երրորդը զույգ ձեռքով շոշափեց ընկածներին, բարձրացրեց։ Բոլորն սկսեցին գնալ ավելի զգույշ՝ ոտքերի ծայրերով նախապես ստուգելով քայլափոխի տեղը։

Բուժակը, առանց աչքը կտրելու նրանցից, մեջքը քսելով քրեականների բարաքի պատին, սահեց֊մոտեցավ լուսամուտին եւ կամացուկ թխթխկացրեց։ Շուռ չեկավ, այլ ձեռքով կատարեց դուրս կանչելու արագ֊արագ շաարժումներ։

Ի՞նչ կա, բարձրաձայն հարցրին քրեականները՝ սկսելով դուրս գալ։

Սսս… սաստեց բուժակը եւ ցույց տվեց ժպիտով։

Քաղաքականները ոչինչ չլսեցին։ Մոտենալով բուժկայանի դռանը, բրիգադիրը դեմ առավ փայտե ցածրիկ սանդուղքին, ընկավ։ Քրեականներից մեկը կամացուկ ծիծաղեց։ Բուժակը եւ մի այլ քրեական ֆշշացին վրան։

Քաղաքական կալանավորները շրջապատեցին բուժկայանի մուտքը, քարացան։ Բրիգադիրը հանկարծ ցնցվեց, պոկեց մեկի բերանից ծխախոտը, որի կայծը նկատելի էր հավկուր աչքերով։ Նետեց վար եւ սկսեց տրորել, սակայն ոչ թե ծխախոտը, որն այլեւս չէր տեսնում, այլ դատարկ գետինը։

Այս անգամ քրեականները հռհռացին խմբովին՝ բերանները ձեռքերով սեղմած։

Ինձ են ուզում ծեծել… հասկանալով, ոխակալ ժպիտով շշնջաց բուժակը։

Ինչքա՞ն պիտի սպասեն, որ դու դուրս գաս այնտեղից։

Ծիծաղեցին Սկսեցին սպասել։ Բայց ինչի՞։ Ոչինչ չէր կարող տեղի ունենալ՝ քանի որ բուժակն այդտեղ էր։

Բավական է… շշնջաց բուժակը՝ դիետլուց բավարարված։ Իսկ հիմա ինքներս կամացուկ մոտենանք եւ ցույց տանք դրանց, թե ինչպես պետք է ծեծել…

Նրանք դեռ նոր էին կատարել մի քանի քայլ, երբ բուժկայանի դուռը բացվեց եւ այնտեղից զգուշությամբ դուրս ելավ «վեց հիվանդության տեր մարդը»։

Ստոպ… կամացուկ հրահանգեց բուժակը։

Քրեականները կանգ առան։

Բուժկայանի մոտ հավաքվածները հարձակվեցին դուրս եկածի վրա, մեկը փակեց նրա բերանը, մյուսները սկսեցին բռունցքի հարվածներ տեղալ նրա վրա՝ մեկ֊մեկ էլ վրիպելով ու խփելով միմյանց։

Երկար չտեւեց այդ տեսարանը, հազիվ երկու րոպե, երբ «վեց հիվանդության տեր մարդը» հանկարծ կախ ընկավ թուլացաթ։ Նրա բերանը փակող մարդն արագ թողեց նրան եւ հաշմանդամը շրմփաց գետին։

Հասկացա՞ն քաղաքականները սխալը, թե ոչ, բայց նրանք խիստ վախեցան, շփոթվեցին։

Ետ դարձեք… խեղդուկ ձայնով ասաց բրիգադիրը։

Խփելով իրար, ցած ընկնելով ու կոխոտելով մեկմեկու, նրանք շտապեցին դեպի իրենց բարաքը։

Սրիկաներ, հանկարծ որոտաց բուժակի ձայնը՝ հավկուրների մթության մեջ, վաղը բոլորդ կգնաք դատի տակ…

Քրեականները բարձրացրին դժոխային սուլոց, շվող, բղավոց։ Քաղաքական կալանավորների մոտ ստսվեց խուճապը։ Նետվելով ամեն մեկն այն կողմ, որտեղ, նրա կարծիքով, պիտի լիներ իրենց բարաքը, սկսեց փնտրել դուռը։ Բայց նախքան նրանք կգտնեին այն, վրա հասան քրեականները եւ սկսեցին ծեծել նրանց։ Այ, դա էր ծեծը եւ ոչ թե այն երկչոտ հարվածները, որ նրանք հասցնում էին կարծեցյալ բուժակին։

Քաղաքականներն սկսեցին պաշտպանվել, ետ մղել հարվածները, բայց նրանց խանգարում էր այն անթափանց մթությունը, որն այդ վաղ ու լուսավոր երեկոյին պատել էր նրանց տեսողությունը։ Անպաշտպան ու անզոր՝ այդ մթության մեջ, նրանք կատարում էին անիմաստ եւ աննպատակ շարժումներ։ Իսկ հարվածները տեղում էին նրանց վրա։ Նրանք մի կերպ հասնում էին ինչ֊որ շենքերի անկյունների, շտապ թեքվում էին այն կողմ կամ պարզապես պառկում էին գետնին՝ ձուլվելու համար դրա մթության հետ։ Իսկ հարվածները, միեւնույնն է, տեղում էին նրանց վրա։

Եվ ոչ ոք չէր արձակում ոչ մի ձայն․ ոչ ծեծողները, ոչ ծեծվողները։ Առաջինները՝ որպեսզի չհրավիրեն պահակների ուշադրությունը։ Երկրորդները՝ որովհետեւ զգում էին, որ իրենց ծեծում են տեղին, բուժակին ծեծելու համար։

Վերջապես, քաղաքականներից մեկին հաջողվեց բաց անել իրենց բարաքի դուռը։ Էլեկտրական թույլ լույսով լոսավորված դրա քառանկյունին դարձավ այն փարոսը, դեպի որն շտապեցին նրանք բոլոր կողմերից։

Քրեականները, ծեծից հագեցած, մոտեցան բուժկայանի մոտ ընկաթին։

«Վեց հիվանդության տեր մարդն» անզգա պառկած էր։ Մեռա՞ծ էր, թե ուշագնաց։ Նրա աջ կողի ներքեւի մասից ծորում էրինչ֊որ հեղուկ։ Բայց դա արյուն չէր։ Ջարդվել էր յուրայինների համար գողացած ձկան յուղի շիշը…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ноктюрн
Арно Бабаджанян

Ноктюрн

Портрет старика, 1883 г.
Портрет старика, 1883 г.
Играть онлайн