Мкртич Армен

Ազատուկ

Արհամարհո՞ւմ էին ազատ մարդիկ կալանավորներին, թե ոչ, միեւնույնն էր, կալանավորներն իրենք արհամարհում էին նրանց եւ անվանում «վոլնյաշկաներ», այսինքն՝ «ազատուկներ»։

«Աատուկ» էին նրանք, որովհետեւ չունեին կալանավորների ողբերգությունը, թեթեւսոլիկ էին եւ ծիծաղում էին ամեն մի դատարկ առիթով։ Լուրջ մարդիկ չէին։ Ուտելիս հաց էին ավելացնում, թողնում սեղանի վրա, գիշերները կարողանում էին հանգիստ քնել՝ երբ պահարանում կամ նկուղում ունեին այնքան ուտելիք։ Հիմար մարդիկ էին։ Եվ, վերջապես, փոխանակ գիշեր֊ցերեկ ուտելու, ուտելու, ուտելու, զբաղվում էին կանանցով, համբուրում էին նրանց եւ դռե ով գիտե… Թյո՛ւ… Հղփացած մարդիկ էին։

Կալանավորներից միայն հատուկենտ մարդիկ էին զբաղվում կանանցով՝ գրասենյակում աշխատող այսպես կոչված «հիմարկոտները», հաց կտրողը, խոհարարը, բաղնիսպանը, վարսավիրը, այսինքն՝ նրանք, ովքեր «կատաղում էին կշտտությունից»։

Եֆիմ Լոշչանինը մեկն էր մեծամասնություն կազմող այն կալանավորներից, որոնց հոգեւոր կյանքն ամբողջովին պտտվում էր միայն մի առանցքի շուրջը։ Արթնանալուց հետո լիներ, թե քնելուց առաջ, աշխատելիս լիներ, թե հանգստանալիս, նրանք խոսում էին միայն ուտելիքի մասին։

Մեկը հառաչում էր հանկարծ․

Լիներ տապակած միս՝ սպիտակ սոուսով…

Տապակած միսն ուտում են կարմիր սոուսով, ներողամտորեն ուղղում էր երկրորդը։

Վա՜յ… Սա ի՞նչ է ասում… Լսո՞ւմ եք, ընկերներ…

Ճիշտ է ասում։

Սխալ է ասում։

Տապակած միսը, մեջ էր խառնվում Լոշչանինը հեղինակավոր դանդաղախոսությամբ, լավ կարմրացնում են սեփական ճարպի մեջ։ Առանձին պատրաստում են կամ կարմիր կամ սպիտակ սոուս՝ նայած ճաշակին։ Սեղանի վրա դնում են սպիտակ հաց՝ հացամանի մեջ բարձր կույտ արած։ Աջ կողմում դնում են օղին, ձախում՝ բողկը։ Հացը դնում են… Հա, հացի մասին արդեն ասացի։ Վերցնում են դանակն ու պատառաքաղը…

Եվ սկսվում էր ստամոքսների կոլեկտիվ խաբկանքը։

Երբ նա ավարտում էր իր մանրամասն պատմությունը, կլանված ունկնդիրներից մեկն սթափվում էր եւ ասում․

Իսկ մեզ մոտ դա անում են այսպես… Վերցնում են թարմ ձուկը, մաքրում, աղ են ցանում, դնում կաթսայի մեջ, վարն ավելացնում կանայի ու պոմիդոր…

Ջուր են լցնում…

Ոչ մի կաթիլ։ Փակում են ամանի բերանը, դնում են թեթեւ կրակի վրա եւ…

Դա ի՞նչ ուտելիք է որ… արհամարհաբար փնչացնում էր մի երրորդը։ Այսինքն՝ վատը չէ, իհարկե, բայց երբ սագն են խորովում՝ փորի մեջ բրինձ լցրած…

Հա, հանկարծ բացականչում էր չորրորդը, եւս մի բան հարցնեմ ձեզ։ Երշիկ պատրաստելիս խոզը կարո՞ղ է տեղավորվել իր աղիքների մեջ…

Աղիքները կավելանան, ասում էր մեկն անվստահ։

Ոչ, կավելանա միսը, պնդում էր մյուսը՝ ոչ ավելի վճռական։

Եվ սկսվում էր մի այնպիսի եռանդուն վեճ, լսվում էին հետզհետե այնպիսի կտրուկ ու վճռական պնդումներ, հնչում էին այնպիսի տարաձայնություններ ու իրար հասցեի շպրտված վիրավորական խոսքեր, որ կարծես հավաքվել էր մասնագետների մի խորհրդակցություն, իսկ միսը կուտակվել եւ նեխվում էր՝ սպասելով նրանց որոշմանը։

Մի անգամ, մի այդպիսի վեճի ժամանակ, երբ կալանավորներն իրենց տախտակների վրա պառկած, իսկ երբեմն էլ վեր ցատկելով ու նստելով, վիճում էին ձվածեղի զանազան տեսակները պատրաստելու անհետաձգելի հարցերի մասին, բարաք մտավ վերակարգիչը եւ ձայն տվեց․

Լոշչանին…

Ի՞նչ կա։

Հերդ անիծեմ, Եֆիմ, իջիր վար։ Կինդ եկել է քեզ տեսության…

Մի պահ դեռ ոչ ոքի գիտակցությանը չհասավ, թե ինչ էին նշանակում այդ խոսքերը։ Տայգան գտնվում էր բնակելի վայրերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, իսկ կալանավորների կանայք ու երեխաները, մայրերն ու եղբայրները՝ է՛լ ավելի հեռու, հազարավոր կիլոմետրեր։ Բոլորը վաղուց ի վեր մոռացել էին նրանց իրական գոյությունը, իսկ նրանցից երբեմնակի ստացվող նամակները նման էին ինչ֊որ անիրական աշխարհից հասած անմարմին պատկերների։ Իրականն ու անմիջականն այն էր, ինչ տիրում էր նրանց շուրջը, կար, եւ թվում էր, թե եղել է միշտ ու լինելու է միշտ։ Կյանքը նրանց համար ճամբարն էր, որից դուրս ոչ թե ուրիշները խորթ էին նրանց, այլ պարզապես գոյություն չունեին…

Եֆիմը ցատկեց նստեց, վար կախեց ոտքերն իր վերին քնելատեղից, ապա, առանց դնելու ներքեւակողմի տակդիրի վրա, ցատկեց հատակին։ Բոլոր կալանավորները, թե՛ վերին եւ թե՛ ներքին քնելատեղերի վրա, նույնպես նստեցին։

Եֆիմ, բախտավոր մարդ, բացականչեց վերջապես մեկը, ապրեցիր…

Թե ծխախոտ բերած կլինի՝ մենակ չծխես, պատվիրեց երկրորդը։

Ուրեմն այսօր քու ճաշը կարող ես զիջել ինձ, խնդրեց Եֆիմի հարեւանը։

Վերցրո՛ւ… ասաց Եֆիմը հապճեմ եւ դուրս վազեց բարաքից։

Այո, հազվադեպ երջանկություն էր բաժին ընկել Եֆիմ Լոշչանինին։

Հարցն այստեղ այն չէր, որ նրա կինն ապրում էր հազարավոր կիլոմետրեր այն կողմ։ Դա դժվարություններից ամենափոքրն էր։ Տեսակցություն ստանալու համար հարկավոր էր դիմել ճամբարների կենտրոնական վարչությանը, սպասել պատասխանի։ Պատասխանը պիտի լիներ այն մասին, որ նրանք հարցապնդելու են կալանավորի գտնված վայրի ճամբարների վարչությանը՝ տվյալ մարդու վարքի եւ նրա կատարած պլանների տոկոսների մասին։ Այդ վարչությունը նույնպես, իր հերթին, հարցումը պիտի ուղղեր անմիջականորեն կալանավորի ճամբարի պետին։ Բնութագիրը պիտի գար ինստանցիայից ինստանցիա եւ հասներ վերջին ինստանցիային։ Եվ միայն դրանից հետո կարելի կլիներ… Ի՞նչ կլիներ կարելի՝ ստանալ տեսակցությո՞ւն։ Դեռ ոչ։ Կարելի կլիներ ստանալ հարցապնդում ճամբարների կենտրոնական վարչությունից այն մասին, թե ո՞վ է տեսակցության գնալ ցանկացող մարդը, կալանավորի ի՞նչն է նա։ Նշվում էր, թե ինչպիսի տեղեկանքներ էր հարկավոր ուղարկել այդ մասին։ Եվ միայն դրանից հետո, եթե բոլոր պայմանները համապատասխանում էին, եւ եթե այդ գրագրության ընթացքում կալանավորը չէր դադարում իր պլանները լրիվ կատարելուց եւ կամ չէր մահանում, տեղի էր ունենում տեսակցությունը նրա հետ։

Ոչ, ոչ, դա բյուրոկրատիզմ չէր, բոլորովին։ Դա միանգամայն օպերատիվ միջոց էր՝ տեսակցությունների թիվը ծայրաստիճան սակավ դարձնելու համար։

Եվ ահա, Ելենա Լոշչանինան, հերոսաբար հաղթահարելով բոլոր արգելքները, ձեռք էր բերել տեսակցության իրավունք եւ եկել՝ իր ետեւում թողնելով երեք եւ կես օրվա հսկայական ճանապարհը…

Ճամբարի պետը Ելենա Լոշչանինային ընդունեց քաղաքավարի եւ հարգանքով՝ ինչպես ազատ մարդն ազատ մարդուն։ Բայց ճիշտ է նաեւ այն, որ նրա վերաբերմունքի մեջ կար տարակուսանք եւ վերապահության խորհրդային ոչ֊լիարժեք քաղաքացուհու հանդեպ, որը ոչ միայն ապահարզան չէր տվել ժողովրդի թշնամի իր ամուսնուն, այլեւ եկել էր նրան տեսության։ Բայց եւ այնպես այդ տարակուսանքն ու վերապահությունը համարյա չէին արտահայտվում ոչնչով։

Դուք գիտե՞ք տեսակցությունների կարգը, հարցրեց նա։ Չգիտե՞ք։ Տեսակցությունը տրվում է երեքից հինգ օր՝ իմ հայեցողությամբ։ Ես տալիս եմ հինգ օր։

Շնորհակալություն։

Չարժե։ Տեսակցությունը տրվում է՝ կալանավորին աշխատանքից չազատելով կամ ազատելով։ Ես տալիս եմ ազատելով։

Շատ, շատ շնորհակալություն։

Չարժե, չարժե, դա մեր պարտականությունն է, եւ ես չեմ կատարում ոչ մի օրինազանցություն։ Ճամբարից դուրս մենք ունենք մի հատուկ սենյակ, որտեղ դուք կապրեք այդ հինգ օրը՝ ձեր ամուսնու հետ։

Ելենա Լոշչանինան, երիտասարդ եւ բավական գեղացիկ կին, որն ահա չորս տարի էր, ինչ ապրել էր ամուսնուց հեռու եւ համեստ կյանքով, շիկնեց։

Ես ձեզ պետք է նախազգուշացնեմ, ընկեր Լոշչանինա, մի քիչ ավելի խիստ տոնով ասաց ճամբարի պետը, որ այդ հինգ օրվա ընթացքում դուք եք պատասխանատու ձեր ամուսնու համար։ Ինքներդ գիտեք, որ նա ժողովրդի թշնամի է եւ, ինչքան չլինի, դեռ ունի վեց տարի ժամկետ։ Իհարկե, ոչ ոքի դեռ չի հաջողվել դուրս պրծնել տայգայից եւ մեր ձեռքից, բայց եւ այնպես, գիտե՞ք, լինում են փորձողներ։ Կամ մենք ենք գտնում նրանց ու վերադարձնում, կամ իրենք են դեմառդեմ դուրս գալիս որեւէ ճամբարի։ Ի միջի այլոց, ես ինքս կխոսեմ նրա հետ այդ մասին…

Եբր Եֆի Լոշչանինը մտավ ներս, կինն ուշադրություն չդարձրեց նրա վրա՝ համարելով, թե դա պետի ծառան է, որ ներս է մտել ինչ֊որ գործով։ Նայեց անցողակի եւ նորից շուռ եկավ դեպի պետը։ Բայց եւ իսկույն հասկացավ, ճչաց եւ վեր ցատկելով, փաթաթվեց համարյա անճանաչելի դարձած իր ամուսնուն։

Եֆիմը հապճեպ ավարտեց գրկախառնությունը եւ մեղմությամբ մի կողմ հրելով կնոջը, մոտեցավ սեղանին․

Լսում եմ ձեզ, քաղաքացի պետ…

Ու թեեւ ազատ կնոջ ներկայությունն զգալի չափով կաշկանդել էր զինվորականին, բայց եւ այնպես Լոշչանինան տեսավ մարդկային ուրիշ, իրեն անծանոթ փոխհարաբերություններ՝ իշխանավորի եւ նրա իրավասության տակ պահվող կալանավորի… Եֆիմը, նրա Եֆիմը, որն այնտեղ, աշխարհում, հպարտ արժանապատվությամբ էր պահում իրեն բոլոր մարդկանց հետ, այժմ կանգնել էր՝ ինչպես զինվորը հրամանատարի առջեւ… ոչ, ոչ, զինվորն ու հրամանատարն այդպես չեն լինում, նա կանգնել էր ինչպես ոչ֊մարդը մարդու առջեւ…

Ընդամենը հինգ օր էր Եֆիմը պատկանելու իր կնոջը, բայց նա կազմում էր սրանց սեփականությունը…

Կինը գնաց իրենց հատկացված սենյակը կարգի բերելու, իսկ պետը երես առ երես խոսեց կալանավորի հետ՝ ինչպես հարկն էր, արեց բոլոր զգուշացումները եւ բաց թողեց։

Եֆիմը մտավ կալանավոր սափրիչի մոտ՝ ածիլվելու։ Բացատրեց, թե ինչի համար է եկել հերթից դուրս։ Սափրիչը, վրացի գեր երիտասարդ, աչքով արեց նրան․

Գոնե մի քանի օր կապրես մարդու նման, կացո։

Եֆիմին տհաճ էր այդ ակնարկը։ Ինչի համար են որոշ մարդիկ շարունակ խոսում նույն բանի մասին, կարծես ուրիշ գործ չունեն…

Երբ Եֆիմը, վերջապես, մտավ իրեն հատկացված սենյակը, կինն ընդհատեց իր գործն անկողնի հետ եւ նորից փաթաթվեց ամուսնուն․

Այ հիմա դու նման ես այն Եֆիմին…

Նրանք նստեցին զրույց անելու։ Եֆիմն աչք ածեց սենյակը՝ ի միջի այլոց նաեւ փնտրելով, թե ո՞րտեղ է դրել կինն իր բերած ուտելիքները։

Լուսամուտի մոտ, հատակին, դրված էր մի փոքրիկ ճամպրուկ։ Կախարանից կախված էին կնոջ վերարկուն ու գլխարկը։

Երկար զրուցեցին նրանք, շատ երկար։ Ավելի ճիշտ՝ ոչ թե զրուցեցին, այլ կինը պատմում էր, իսկ ամուսինը՝ լսում։ Նրանց աչքերը մի քանի անգամ լցվեցին արցունքով, դատարկվեցին, նորից լցվեցին։

Եֆիմը եւ լսում էր կնոջը, եւ նայում նրան, զննում։ Մտերմությունը նրանց միջեւ աղոտ հուշ էր միայն, իսկ ներկան՝ օտարոտիության զգացումն էր։ Ու թեեւ Ելենան նրա կինն էր, նրա մտերիմը, բայց նրանց միջեւ գոյացել էր մեծ տարբերություն։ Նա քաղաքական կալանավոր էր, իսկ կինը՝ լիակատար իրավազոր քաղաքացի… Եվ այժմ նրանք նստած էին որպես ստորին արարած եւ գերազանց էակ…

Եվ, կարծես այդ տարբերությունն արտաքնապես եւս ցայտուն դարձնելու համար, նրանք հագնված էին այնքան տարբեր, որքան որ, երեւի, Երկրի եւ Մարսի բնակիչները… Լայն կեղեւատրեխներով, ոտից գլուխ բամբակած գորշ հագուստներով, Եֆիմը նման էր կեղտից գոյացած չաղ ու կակուղ թրթուրի, իսկ կինը, ջահել ու պիրկ, հագել էր ամառավարի թեթեւ զգեստ՝ ինչ֊որ մոռացված ու քնքուշ ծաղիկներով, ոտքերին ուներ տարօրինակ մանր ոտնամաններ, որոնք կոչվում են տուֆլիներ։ երկու,երեք զույգ այդպիսիք կտեղավորվեին Եֆիմի ամեն մի կեղեւատրեխի մեջ…

Ի՞նչպես կարող էր կալանավորն ամուսին լինել մի այդպիսի բարձրագույն էակի…

Իսկ հիմա ինքդ պատմիր քո մասին, սիրելի Եֆիմ, խնդրեց կինը։ Այս ի՞նչ վիճակ է ձեր շուրջը… Այս ի՞նչ հագուստով ես… Ես այդպես չէի պատկերացնում ճամբարը…

Բայց Եֆիմը, նախքան որեւէ բան պատմելը, հարցրեց․

Սոված չե՞ս, Լենա…

Կինն ամուր բռնեց ամուսնու ձեռքերը եւ ասաց ներողություն հայցողի պես․

Ես այսպես չէի պատկերացնում ճամբարը, Եֆիմ… Ինձ թվում էր, թե դա մի մեծ տեղ է՝ քաղաքի պես, խանութներով, ճաշարաններով… Դրա համար էլ, երեւակայո՞ւմ ես, ես ուտելու ոչ մի բան չեմ բերել քեզ։ Միայն փող…

Կինը նկատեց ամուսնու այլայլվելը, շփոթվեց․

Ներիր, Եֆիմ, սիրելիս… Ես այսպես չէի պատկերացնում… Երեւի լավ չե՞ն կերակրում ձեզ…

Ոչ, ինչո՞ւ… արտասանեց Եֆիմը՝ ոչ այնքան իրականությունը թաքցնելու համար, որքան որ չխորացնելու կնոջ ցավը՝ նրա թերացումի համար։ Բայց դո՞ւ, դո՞ւ որտեղ պիտի ճաշես…

Ես սոված չեմ մնա, Եֆիմ, սիրելիս, մի անհանգստանա։ Կպայմանավորվեմ պահակների կանանցից մեկի հետ, դրամ կտամ, կճաշեմ նրա մոտ։

Եֆիմը բոլորովին մոռացել էր… Չէ՞ որ կինն ազատ, բարփրագույն էակ էր… Այդ՝ Եֆիմն է, որ իրավունք չունի երեք մետրից ավելի մոտենալու պահակին։ Իսկ կինը կարող է սեղան նստել նրա հետ…

Եֆիմն ուզեց որեւէ պատրվակով գնալ կնոջ մոտից, մտնել ճամբար, ճաշել։ Բայց հիշեց, որ իր ճաշը զիջել է հարեւանին…

Կինը մոտեցավ լուսամուտին, վերցրեց ճամպրուկը, բաց արեց․

Առայժմ, այսօր, կարող ենք յոլա գնալ ճանապարհից մնացած ուտելիքով։ Մի առանձնապես համով բան չկա այստեղ, բայց ոչինչ՛ կոտլետ, մի քանի ձու, ձուկ… Թե՞ դու արդեն ձանձրացել ես ձկնից։ Ասում են՝ ձեր կողմերում ձուկն առատ է…

«Հիմար»՝ ակամա մտածեց Եֆիմը եւ ասաց բարձրաձայն․

Ոչ, չեմ ձանձրացել…

Կիըն, ճամպրուկի վրա խոնարհված, շարունակեց թվարկել․

Մի քիչ կոնֆետ… Մայրիկն էր դրել ինձ հետ, որ ճանապարհին ուտեմ, բայց ես ձեռք չեմ տվել, ախորժակ չունեի, քո մասին էի մտածում շարունակ։ Կուտե՞ս։

Մեծ ուրախությամբ։

Ախ, Եֆիմ… Եթե այսպես էր վիճակը ձեզ մոտ, ինչո՞ւ չէիր գրում, որ ծանրոցներ ուղարկեի քեզ…

Եվ չուղարկես էլ։ Դուք ինքներդ հազիվ եք ծայրը ծայրին հասցնում։ Եվ ընդհանրապես, ինձ ոչինչ պետք չէ…

Կինը շարունակ խոսում էր եւ չէր շտապում ոչ ինքն ուտել, ոչ ամուսնուն հյուրասիրել։ Հանեց ճամպրուկից մի զույս նոր կիսակոշիկ, բռնեց մի ձեռքով, շուռումուռ տվեց, ժպտաց․

Քեզ համար եմ բերել, սիրելիս։ Փորձիր, հո չե՞ն սեղմում։

Այստեղ Եֆիմն այլեւս չկարողացավ զսպել իրեն եւ բարկացավ․

Դու, ի՞նչ է, Լենա, բոլորովի՞ն ես հիմարացել։ Գոնե շուրջդ նայիր, ի՞նչ կիսակոշիկներ… Ահա մեր կիսակոշիկները…

Նա ցույց տվեց իր կեղեւատրեխները։

Վերջապես նրանք նստեցին ուտելու։ Եֆիմն աշխատում էր չշտապել, իր սովը չարտահայտել։ Ճամբարների պատվի մասին չէ, որ մտածում էր նա, այլ վար չէր ուզում նետել կալանավորի իր արժանապատվությունն ազատ մարդու մոտ։ Ամաններ լիզել, փշրանքներ հավաքել՝ այդ ամենն իր ու յուրայինների գործն է, նրանք դա չեն թաքցնում իրարից։ Բայց ինչո՞ւ իմանան ուրիշները…

Եֆիմը մինչեւ իսկ կամքի ուժ ունեցավ ետ հրել իր առաջից երրորդ կոտլետը․

Հերիք է…

Կինը չպնդեց, չստիպեց նրան՝ ուտել, փաթաթեց լրագիրը։

Որովհետեւ նրանք կերել էին բավական ուշ, երեկոյան կինը գլխի չընկավ ուտելիք առաջարկել ամուսնուն, մանավան որ նա հիշում էր․ Եֆիմը երեկոները ոչինչ չէր ուտում։ Միայն թեյ դրեց՝ թեյամանն ու կերոսինկան խնդրելով պահակապետի կնոջից։ Հանեց կոնֆետներ։

Շաքար պետք է ճարել, ասաց նա։ Մի՞թե դուք այստեղ խանութ չունեք։

Ազատուկներն իրենց մթերքները գնում են կենտրոնական ճամբարի ազատուկների խանութից։

Ովքե՞ր են «ազատուկները»։

Ազատ մարդիկ։

Բա ինչո՞ւ ես այդպես անվանում։

Դա մեր խոսքն է։

Ձե՞ր, ո՞ւմ, անկեղծորեն չհասկացավ կինը։

Մեր՝ կալանավորներիս։

Վաղը ես խանութից մթերք բերել կտամ ինձ ու քեզ համար։

Սայլակը գնալու է միայն տասը օր հետո, գրգռված հաղորդեց Եֆիմը։

Քանի մոթն ընկնում էր, այնքան փոխվում էր Ելենան, դառնում մի տեսակ, անհասկանալի։ Ժպտում էր կամ շփոթված շիկնում, ապա հորանջեց մի քանի անգամ, թեեւ աչքերը քնկոտ չէին։

Քունդ չի՞ տանում, հարցրեց նա ամուսնուն՝ հոգատար կերպով։

Պառկենք, ասաց Եֆիմը՝ նայելով անկողնուն։ Չորս տարվա ընթացքում նա միշտ քնել էր մերկ տախտակների վրա՝ բացառությամբ մի բարեկարգ ճամբարի, որտեղ նա երեք ամիս ունեցել էր խոտե ներքնակ, եւ հիվանդանոցների, ուր ընկել էր մի քանի անգամ, մի քանիական օրով։ Այժմ նա նորից պառկելու էր փափուկ անկողնում, ինչպիսիս՜ երջանկություն…

Անկողնում կինն ամուր, ամուր փաթաթվեց ամուսնուն եւ ասաց խոր հառաչանքով․

Ախ, Եֆիմ, Եֆիմ… Ի՞նչ փորձանք բերեցիր մեր բոլորի գլխին… Մենք մինչեւ հիմա կլինեինք, միասին, ահա այսպես՝ եթե չխառնվեիր հակահեղափոխական այդ գործերի մեջ…

Կարծես կացնով խփեցին Եֆիմի գլխին։ Նա ուզեց բղավել, որ մեղավոր չէ ոչ մի բանում, բայց… Ի՞նչպես կարելի էր այդպիսի հայտարարություն անել ազատ մարդու մոտ…

Եֆիմը սոված էր։ Նա զղջում էր, որ նախքան անկողին մտնելը չէր ասել կնոջն այդ մասին։ Նա հիշում է՝ ճամպրուկում մնացել է մեկ եւ կես կոտլես եւ բավական քանակությամբ սպիտակ հաց…

Կինն ավելի եւ ավելի էր սեղմվում ամուսնուն, կպչում նրան։

Եֆիմը նեղվում էր օտար մարմնի այդպիսի մոտիկությունից, չէր կարողանում ազատ շարժվել։

Հանկարծ կինը վեր բարձրացավ եւ համբուրեց ամուսնու շրթունքները։

Բավական է, ազատո՛ւկ, բղավեց Եֆիմը՝ ետ շպրտելով նրան։

Կինը, ոչինչ չհասկանալով, չռված աչքերով նայեց նրան։

Եֆիմն արագ վեր կացավ անկողնից, մի րոպեում հագավ հագուստները։ Կինը, կարկամած, մինչեւ իսկ փորձ չարեց խանգարելու նրան։

Այստեղ մարդիկ կոտորվում են սովից, իսկ դուք ձեր հիմար զվարճությունների հետ եք, առանց ձայնը ցածրացնելու, բղավեց Եֆիմը եւ դիմեց դեպի դուռը։

Եֆի՛մ, ճչաց կինը։

Վերադարձիր քո տունը, ազատո՛ւկ, դու հարկավոր չես ինձ, նետեց Եֆիմը դռան մոտից եւ ելավ դուրս։

Կինը չկարողացավ վազել նրա ետեւից, նա հանված էր։

Անցատնակի մոտ Եֆիմը տեսավ պահակապետին։

Քաղաքացի պետ, ես ձեզ խնդրում եմ ճանապարհ դնեք այդ ազատուկին։ Նա ինձ հարկավոր չէ։

Ո՞ւմ մասին ես ասում, զարմացավ պահակապետը։ Կնո՞ջդ…

Հարկավոր չէ։ Ես գնում եմ ճամբար։ Խուզարկեցեք ինձ, քաղաքացի պահակ…

Երբ նա մտավ բարաք, քնած կալանավորներից մի քանիսն արթնացան, նայեցին։ Բայց, տեսնելով Եֆիմի դեմքի զայրացած արտահայտությունը, ոչինչ չհարցրին։ Միայն երբ նա արդեն պառկեց, նկատեց կողքի հարեւանի հարցական հայացքը։

Դե թող կորչի այդ ազատուկը, ասաց նա։

Ուտելիքն է՞լ չվերցրիր, հիմար։

Իսկապսե որ հիմար։ Չվերցրի… Կոնֆետ կար… Համարյա երկու բուռ… Դաղձի կոնֆետներ… Իսկ գիտե՞ս ինչպես են պատրաստում դաղձի կոնֆետները։ Վերցնում են շաքարը, լցնում ջրի մեջ, դնում կրակի վրա…

Հարեւանը տրորեց աչքերը եւ սկսեց ուշադրությամբ լսել։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Гаяне - Колыбельная
Арам Хачатрян

Гаяне - Колыбельная

Обнаженная
Обнаженная
Играть онлайн