Маро Маргарян
Մտահոգ դեմքեր
Մտահոգ դեմքեր,
Հայացքներ պատած
Հոգսի մշուշով,
Խորշոմների մեջ
Գծեր կիսավեր,
Ինչ-որ անանուն
Կսկիծներ հուշող.
Սեղմված ու ձիգ
Կերպարանքներ զուսպ,
Իր բաժին բեռը
Վայելուչ տանող.
Սեփական ուսով
Կյանքի տիղմերից
Անիվն իր հանող.
Սրտի խոր ցավից
Հայացքներ փակած.
Ցավեր դրժումի,
Դավերի բերած,
Ազնիվ խոհերով
Գլուխներ հակած,
Վաստակած անվերջ
Ու չվայելած,
Դժվար օրի հետ
Լուռ լեզու գտած
Մարդիկ համր ու հեզ,
Ասես բոլորիդ,
Բոլորիդ առաջ,
Ինչ-որ մի բանով
Մեղավոր եմ ես:
Կայծակներով խփած կաղնի,
Ճղակոտոր ու հողմահար
Հեղեղների բերած քարեր՝
Կատարների ձյունից պոկած,
Կոթողների փլատակներ
Անխոս, անբառ,
Ժամանակի ծանրության տակ
Արդեն չոքած.
Մեծություններ դուք տապալված,
Դարերի մեջ խրված լռին,
Որտեղ էլ դուք ընկած լինեք,
Զարդարում եք կանգնածներին:
Հրդեհից են հերոսները
Ծնունդ առնում.
Խաղաղ կյանքում
Սասնա ծուռ են նրանք ասես
Ու գիժ մանուկ.
Խաղաղ կյանքում
Ո՞վ է նրանց ուժն իմանում:
Հրաբխած կսկիծն է երբ
Երկինք հառնում,
Երբ կայծեր են ելնում ծխից
Ու սավառնում,
Հրդեհից են հերոսները
Ծնունդ առնում,
Հետո դառնում են առասպել,
Հետո սիրո երգ են դառնում:
Վեր կաց, իմ անգին,
Եվ լուսաբացի կապույտ կոհակով
Երեսդ լվա:
Ափ-ափ հավաքիր
Շողերն առաջին,
Շաղախիր նրան մշուշը հոգուդ՝
Հավերժ անհանգիստ և ստեղծարար,
Առ կարոտների մի անհուն ծարավ
Ու դիր երգիդ մեջ...
Իմաստավորիր քո հաղորդումով
Այս մեծ պարգևը
Բնության տված:
Վեր կաց, իմ անգին,
Եվ լուսաբացի կապույտ կոհակով
Երեսդ լվա:
Հոգիս լռել է, լռել է հոգիս,
Ճրագն հանգցրած ավեր հյուղի պես.
Թախիծն իջնում է, իջնում է դանդաղ,
Ամեն ինչ բռնած մառախուղի պես:
Ո՞վ է ինձ այսպես կորցրել անհետ,
Ո՞վ է ինձ այսպես մոռացել անդարձ.
Ի՞նչ եմ անում ես հեղեղների մեջ,
Քարին դեմ ընկած
Կոտրած ճյուղի պես,
Կոտրած ճյուղի պես...
Ցոլանք-ցոլանք
Ու կայծ առ կայծ,
Եվ ճառագայթ առ ճառագայթ
Կարոտներ են գնում անդարձ,
Ուլունք-ուլունք
Ելնում են վեր,
Ալիք-ալիք շոգիանում.
Իղձեր անգին ու երազներ
Հալչում են ու
Հոգիանում
Օդի մեջ պաղ,
Պարզ ու պարապ...
Ու հանգչում է
Ավազների վրա շիկնած
Ձյունափետուր մի լույս կարապ:
Ծարավ-ծարավ,
Ծարավ-ծարավ,
Վերջին անգին կաթիլների
Տաք ջուրթերին շոգիացող,
Հալվող,
Հատնող,
Հոգիացող,
Ծարավ-ծարավ...
Ի՞նչ ուզեցիր դու աշխարհից,
Ի՞նչ տվեցիր
Եվ ի՞նչ առար,
Ծնված օրից այդպես անմիտ,
Այդպես հորդուն,
Այդպես վարար,
Հիմարացող ու հիացող,
Ծարավ ծարավ...
Գուցե վաղուց շաղված եմ ես
Ու ոչ մի կերպ չեմ հասկանում,
Եվ էլ ինչպե՞ս ես հասկանամ,
Եթե իրավ շաղված եմ ես:
Թե ինքս իմ մեջ
Անդարձ, անդուռ,
Անհիշատակ թաղված եմ ես...
Չեմ էլ կարող գլխի ընկնել,
Թե որտեղի՞ց, ինչպե՞ս, ինչո՞ւ,
Այնպես խորունկ, այնպես դաժան,
Այնպես դժվար դաղված եմ ես:
Լարված է օդը
Մի անմեկնելի անհանգստությամբ.
Շաղված է օդը
Գունեղ կետերով ծաղկաթերթերի՝
Վարդագույն, ճերմակ,
Դեղին, կարմրավուն
Ու ճերմակ նորից...
Պարսերով շքեղ,
Կետկետիկներով,
Փայլփլին տվող
Լուռ հատիկներով
Իջնում են թափով, թռչում են վերից:
Տանում է քամին,
Տանում է, տանում,
Պտույտներ անում,
Երկինք է հանում,
Բայց ո՞ւր է տանում և ի՞նչ է անում...
Ո՞ր ցավի համար,
Ո՞ր սիրո հանուն:
...Մի երգ է հալչում հորիզոններում
Հեռու հեռավոր,
Ու հանգչում է մի սիրելի անուն:
Ես խենթանում եմ
Անհայտ մի ցավով,
Եվ պահել ես ինձ
Չեմ կարողանում:
Ծաղկեց հանկարծ
Շուրջդ բոլոր
Եվ ծառերի ծաղիկներից
Թերթիկներ են թափվում հողին
Ճերմակ-ճերմակ
Ու վարդագույն.
Եվ չգիտես թե որտեղից
Գունեղ գունեղ լույս են ցայում.
Ո՞մ հոգին են
Այդպես թեթև
Թավիշներով խոր հմայում:
Եվ ծառերի ծաղիկներից
Մանուկների լույսով շաղված
Աչքերն են խաժ
Հոգուդ նայում:
Եվ ի՞նչն է այդ սրտիդ ծովում
Ծփանք տալիս,
Հորդում վարար
Ո՞վ է այսքան գեղեցկությամբ
Շաղել անափ աշխարհն արար
Եվ ո՞վ է քեզ
Ամենաթանկը խնայում:
Ո՞վ է թափանցիկ,
Բաց մանուշակի
Թերթիկներն այնքան
Երկնքում փռել,
Ո՞վ է քո կապույտ
Տխրություններում
Սիրո տառերով
Քեզ նոտագրել:
Եվ այս լուսահորդ,
Եվ այս լուսանցիկ,
Այս հոգեշաղախ
Մշուշը ցրել:
Ո՞ւր եք դուք անհայտ
Երջանկություններ,
Որտե՞ղ եք լռել:
Ո՞վ տվեց այդպես
Խոր մխալու ձիրք,
Հիացումի լույս,
Եվ սուրբ խենթության ցոլքեր
Երկնային.
Փակիր աչքերդ,
Փակիր, ախ, փակիր
Ու խորքիդ նայիր.
Եվ մի դատիր քեզ,
Որ թույլ ես այդպես
Քո տաք բարությամբ
Անափ սերերի
Քո տկարությամբ,
Անզոր ու անել:
Որ չես դիմանում չար խուժումներին
Չես էլ կարենում
Սրտիցդ հանել
Որ չեն դիմանում պատերը սրտիդ
Իրենց խոլ բեռին
Կրակը ընկած ինքդ քո ձեռին,
Քո խղճի գերին
Խենթանալու չափ
Սիրող ու ներող
Որ նայում ես դու
Բոլոր մութերին
Քո հոգու շռայլ արշալույսներով
Որ հազար տեսակ
Սերերով լեցուն
Մի սիրափշուր անոթ ես կավե
Որ չես դիմանում
Քո սեր աստծուն
Որ չես տանում էլ ցրտեր ու ցավեր
Որ ինքդ ես քո
Միակ թշնամին
Եվ դու քեզանով պարտված ես հավետ:
ԾՈՎԵՐԻ ՀԵՏ
Շառաչում են ալիքները
Խոր դարերից
Բերած մի վեճ.
Եվ հոգնաբեկ աստղեր դեղին
Կաթկթում են ծովերի մեջ...
Արեգակն իր
Կանաչ, կարմիր
Խարիսխներն է վերից կախում,
Ճայը լույսն է
Ճերմակ թևի
Կապույտների մեջ թաթախում։
Ի՜նչ է եղել հեռուներին,
Ի՜նչ է եղել,
Ո՞վ է այնտեղ
Երջանկության դուռը բախում:
Այդ ինչ ես հալչող մեղմություններով
Մշուշվել նորից...
Ասես թե մեկը քեզ բարի բարի
Մի խոսք է ասել,
Ասես թե մեկը իր դռան շեմին
Մայրամուտի մեջ
Քեզ է սպասել:
Լցվել ես անափ խնդություններով,
Մի պայծառ–պայծառ հավատավորի
Մի խոսքով բարի...
Մի՞թե այդքան հաշտ ու հեշտ է եղել
Դժվարն աշխարհի:
Շողը ընկել է քարին,
Ուրախանամ
Ես, ինչո՞ւ,
Ի՞նչ եմ տվել աշխարհին,
Ուրախանամ
Ես, ինչո՞ւ:
Ձմռան օրը լուսացավ,
Ո՛չ կսկիծ կա,
Ո՛չ էլ ցավ,
Ո՞վ իմ սիրուց տաքացավ,
Ուրախանամ
Ես, ինչո՞ւ։
Տխրություններ մարմանդ,
Մեղմություններ մշուշ,
Խնդություններ դալար
Ու կարոտներ բարի,
Վերադարձե՛ք նորից,
Վերադարձե՛ք։
Օդը պաղ է ու սուր,
Հապաղում է տարին,
Ձյուն ու ծաղիկ շաղված
Մնացել են քարին:
Եկեք հանդարտ-հանդարտ,
Եկեք ալիք-ալիք,
Ու ձեզանով մեղմեք
Խստությունը դարի,
Վերադարձե՛ք նորից,
Վերադարձե՛ք:
Այսքան հարուստ, այսքան շռայլ
Աշխարհից դու չառար ոչինչ,
Ողջը տվիր ինչ ունեիր,
Ու դու քեզ հետ տարար ոչինչ:
Եվ ճիշտ էր կյանքն, իրավացի,
Արդար, անհուն ու խելացի...
Քեզ ի՞նչ էր պետք
Աշխարհում այս,
Մի քանի տող երգից բացի:
ԻՄ ԵՐԳԵՐՍ
Աստղերի ակունք,
Աստվածներ կերտող,
Տիեզերք թերթող
Իմ երգերս
Հալչում են ինձ հետ,
Կորչում են ինձ հետ,
Մեռնում են հերթով
Իմ երգերս...
Ախ, այնպես հաղթող,
Ախ, այնպես հզոր,
Մեկ-մեկ թվացող
Իմ երգերս...
Անհուն ու անափ,
Անսահման ու խոր,
Իզուր ձևացող
Իմ երգերս...
Երկինքներ շրջող,
Ծովեր կամրջող,
Կանգնեցնող գետեր
Իմ երգերս...
Ախ, որքան-որքան
Հավատում եմ ձեզ,
Տերևից թեթև
Իմ երգերս...
Կենսագրությունն իմ
Սկսվեց վերջից
Եվ որովհետև
Ոչ ժամանակ կար,
Ոչ տարածություն
Մնաց նա հավետ
Մի անհնարին
Փակուղում անել։
Եվ բոլոր-բոլոր
Փակուղիներում
Աչքերիդ լույսն է
Ինձ միշտ պահպանել
Եվ իմ սեփական
Խորքերից մթին
Ներսից ինձ տանող
Անդունդից հանել
Եվ հիմա փակված
Պատերին իմ լուռ
Քո ցոլանքներն են
Շաղում ու շողում
Եվ գծերն են քո
Իմ լուսակամար,
Իմ արևավոր,
Երգերս տողում:
Ամեն ինչ թողի, թողի ես վաղվան,
Բայց ետևից էլ վաղ չի մնացել.
Միշտ կարծում էի, թե սկիզբն է դեռ
Ու նոր պիտի գան երգերն իսկական
Նայում եմ հոգուս հոգնած ու անսեր
Էլ թեթև տող ու տաղ չի մնացել.
Ամեն ինչ թողի, թողի ես վաղվան,
Բայց ետևից էլ վաղ չի մնացել։
Կարմիր, դեղին կերպասներ ես թափել, աշուն,
Եվ ջրերին բարակ-բարակ
Արծաթներ ես կապել, աշուն,
Թեև շատ է կյանքս նման քո պատկերին
Անհնար է սիրտս քեզ հետ չափել, աշուն:
Ու քեզ նման շռայլվում եմ ահա ես էլ
Գունեղ գունեղ ու գեղեցիկ անկումներով,
Ու ոչ ոք դեռ չի կռահել, չի կռահի
Ում ես այդպես շքեղ շքեղ
Անխղճորեն խաբել աշուն:
Քամին, քամին ծառերի
Հալչող ոսկին է տանում,
Որոնց գինը աշխարհում
Մանուկները գիտեն լոկ:
Մանուկներն են հասկանում,
Եվ նրանք, որ կրծքի տակ
Մանկան սիրտ են պահել դեռ...
Քամին, քամին ծառերի
Հալչող ոսկին է տանում,
Հրաշք-հրաշք ձևերով,
Թեթև, թափուր ու բարակ,
Եվ այնքան թանկ, հասարակ,
Եվ նրանց լուռ ափերին,
Դալուկ, տխուր ափերին,
Կնիքներ կան աստղերի...
Աշուն, ինչո՞ւ եմ այսպես
Կրակներով անկրակ
Ու խեղդվելով քեզ տանում...
Այսպես ելած ինձանից,
Այսպես կալած ինքս ինձ,
Աշուն, ինչո՞ւ եմ այսպես
Ես քեզանով խենթանում:
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Տերյան, Տերյան,
Նորից քեզ
Ծուխս տալով հիշեցի.
Հիշեցի վաղ հասակից,
Ինչպես առա լույսդ ողջ,
Հավաքեցի հոգուս մեջ,
Եվ տող առ տո՜ղ,
Էջ առ էջ,
Ողջ վերից վար,
Ծայրեծայր,
Համակարգս քաշեցի:
Առաջին սերս եղար
Գրքերի մեջ,
Երգերի,
Ու մնաց կյանքս էլ այդպես
Գրքերի մեջ,
Երգերի,
Շռայլ եղավ նա անչափ
Նվիրումով վատնումի
Ու հալոցքով
Հատնումի,
Եվ անխոհեմ այրումով
Ես քանի դար
Մաշեցի։
Եկան սերեր ու եկա՜ն,
Եկան հախուռն
Ու հանդարտ,
Եկան լռիկ հալչելով,
Մշուշ-մշուշ կորչելով,
Եկան խենթ ու խելահեղ՝
Բոլոր
Ափերը քանդած.
Ու կսկիծներ լուսարձակ
Ու կարոտներ
Խորն ու բուխ,
Բոլորը լույս ու արև,
Հետո ծարավ,
Հետո ծուխ:
Ու մնացի ես այսպես
Հարբած, հիմար երեխա.
Եվ ուշքի չեմ եկել դեռ,
Եվ ուշքի չեմ գա երբեք...
Եվ այսօր ես
Նորից քեզ,
Մինչև հատակս վառած՝
Մխկտալով, մխալով,
Ծուխս տալով
Հիշեցի:
«Բանաստեղծություններ» ժողովածուից
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Александр Спендиарян
Enzeli
Портрет - недоумение, 2023
Играть онлайн