Маро Маргарян
Երգ սիրո մասին
ԽՈՀ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Ասում են՝ սերը՝ մասնավոր բան է,
Կարևոր չէ, թե ով ում է սիրում,
Ասում են՝ սերը թող մնա տանը,
Սիրո երգերը սրտում են գրում:
Սխալ է՝ սերն այդ առաջին չափն է
Թե քո աշխարհին ինչպես ես նայում,
Սրտի ու երկրի առաջին կապն է՝
Թե՛ աշխարհում քեզ ի՞նչն է հմայում.
Եվ իզուր են այդ խոսքն արտաբերում,
Անձնականը մեր աշխարհն է արար,
Ինչ որ սիրում ենք մենք այդ աշխարհում
Մեր նեղ սիրո մեջ հորդում է վարար:
Ասում են՝ սերը մասնավոր բան է,
Սիրո երգերը՝ սրտում են գրում,
Քո պատկերն է իմ հոգում ու տանը,
Ես քեզնով լցված աշխարհն եմ սիրում:
Աշուն է պաղ, ծաղկել ես դու,
Ինչո՞ւ համար, իմ բալենի,
Սպասեցի գարնանն այնքան,
Սպասեցի գարնանն այնքան,
Որ մի ճերմակ թերթիկ լինի.
Հիմա շռայլ բացել ես դու
Ծաղիկներդ ձյունից մաքուր,
Հիմա շռայլ փռել ես դու
Ճերմակ հրդեհ ու ճերմակ հուր:
Կանգնել ես դու ձմռան շրթին
Կարոտներով ու կյանքով լի,
Աշուն է պաղ, ծաղկել ես դու,
Ինչո՞ւ համար, իմ բալենի։
ՍԻՐՈ ՃԱՄՓԱՆ
Աղջիկ էի ես դեռահաս
Կյանքը գարուն, կյանքը երազ,
Ուզում էի, որ ընկերս
Լավ աչքերով տղա լինի։
Հետո անչափ ցանկացա ես,
Որ լավ երգի ու լավ պարի,
Հետո անչափ ցանկացա ես,
Ինստիտուտում լավ սովորի։
Վատ քննություն տալու նման
Վարկաբեկող չկա չարիք.
Ո՞նց երազես, տենչաս մեկին,
Որը երկուս է ստացել,
Որը վախով իր հոգու մեջ
Դասախոսից թաք է կացել:
Ուզում էի, ընկեր, վարիչ
Անվերջ նրան գովաբանեն,
Ուզում էի աղջիկները,
Աղջիկները մեր հավանեն.
Մեկն ու մեկը, որ նրանցից
Հանկարծ քիթը վեր չքաշի,
Հանկարծ մի օր մի չհավան,
Սիրտ պղտորող մի բառ չասի:
Հետո անշուշտ, ծնողներս,
Այդ հարցերում ամենագետ,
Հանկարծ մի բան չհնարեն,
Չասեն՝ չխաղաս էլ նրա հետ:
Հիմա չկան ծնողներս,
Ուսուցիչներս են ծերացել,
Գնացել են աղջիկները,
Իրենց բախտի դուռն են բացել:
Հիմա ուզում եմ ընկերս
Փոխարինի այն բոլորին,
Հիմա ուզում եմ նա լինի
Կյանքի նման ծանր ու խորին,
Հիմա ուզում եմ նա լինի
Աշխատասեր, ազնիվ, բարի,
Հիմա ուզում եմ նա լինի
Սիրելին իմ ողջ աշխարհի:
ԵՐԴ ԱՆՎԱՆ ՄԱՍԻՆ
1
Առաջ անուն էիր սովոր՝
Մի քանի վանկ, մի պարզ անուն.
Հիմա կյանք ես դու բարդ ու խոր
Բազմաշավիղ ու բազմահուն:
Քեզնից առաջ էլ կյանքը կար
Հմայքներով իր բազմերանդ,
Բայց քեզանով դարձել է նա
Ավելի խոր, ավելի թանկ:
Իմաստնացել է ամեն ինչ
Դարձել մոտիկ ու հարազատ.
Աշխարհն ասես տվել են ինձ
Բարիքներով բազմահազար:
Ու նստում եմ հաճախ մենակ,
Նստում եմ ու միտք եմ անում՝
Թե ինչպես է մի անունով
Կյանքը այսքան հարստանում:
2
Այնքան լավ է իմ անունը,
Երբ որ դու ես արտասանում.
Այնքան լավ է փոքր իմ տունը,
Երբ որ դու ես դուռս բանում։
Հարկավոր չեն ինձ պալատներ
Ու ներբողներ սիրածարավ,
Կոչումներ մեծ անհաս ու վեր
Ու վայելքներ հորդ ու վարար։
Փառք չեմ ուզում ես իմ դարից,
Գովքեր իմ շուրջն ու իմ մասին,
Ես կյանքս տամ իմ աշխարհին
Քեզ հետ մեկտեղ ու միասին։
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Որոնում է քամին՝ ասես ինչ-որ մեկին,
Ներս է խուժում, դուռ-պատուհան ջարդում է նա.
Բարդիները խշխշալով գլուխ թեքել,
Համոզում են, համոզում են, որ հետ գնա:
Հավաքվել են ճնճղուկները գյուղի ճամփին,
Ու շարվել են հեռագրատան թելի վրա,
Աչք են դրել վեր բարձրացող մռայլ ամպին,
Համոզում են, համոզում են, որ հետ գնա:
Կարմիր կոկոնն արթնանում է դեղձենու պաղ ճյուղի վրա,
Դեպի նա են թեքվում բարակ ճյուղերն ուրիշ,
Շշնջում են, որ ցուրտ է դեռ, որ բացվելը անօգուտ է ու անհնար
Համոզում են, համոզում են, որ հետ գնա:
Լեռան տակից աչք է բացում արևն արդեն,
Ու հազիվ է դեռ երևում շողքը նրա,
Դիզվում են ամպ ու մառախուղ մռայլադեմ
Համոզում են, համոզում են, որ հետ գնա:
Հրկիզում է սիրտս՝ անտես կարոտ մի խոր,
Բարձրանում է հոգուս խորքից մի ջերմ ու թանկ դիմանկար,
Հայտնվում են չար քամու պես սառը խոհեր
Համոզում են, համոզում են, որ հետ գնա։
Լավ են մարդիկ իմ աշխարհում,
Դու ինձ համար առաջինը,
Իմ ձյուներում ծաղկած գարուն
Գուցե միակն ու վերջինը:
Ամենուրեք սիրտ է եռում,
Շատ գանձեր կան մոտ, հեռու,
Դու ամենից նորն իմ կյանքի
Իմաստության խորն ու հինը:
Գիտես՝ որքան եմ տառապել,
Միտք ու երազ իրար կապել,
Ձևել, չափել, քրտինք թափել
Ողջը տվել ուրիշներին
Ու քեզ միայն, քեզ վաստակել,
Դու ինձ համար շռայլ պարգև,
Դու իմ դժվար կյանքի գինը:
Դու երջանիկ ապրես կյանքում
Հազար անգամ էլ ավելի,
Բարեկամներ ունենաս դու
Հազար անգամ էլ ավելի:
Կյանքդ հոսի փրփրադեզ
Հաճույքներով, հույզերով լի
Հանդիպումներ կարոտակեզ
Հազար անգամ էլ ավելի։
Բայց թե մի օր քո լույս բախտին
Քամի փչի պաղ, անսովոր.
Թեկուզ մի պահ մնաս մենակ,
Վշտերի մեջ մնաս անքուն,
Հիշիր, որ քո մեծ աշխարհի
Ծայրամասում՝ մի հեռավոր
Ինչ-որ մեկի համար դու միշտ
Անասելի թանկ ես կյանքում:
Քամին ոռնում է մոլեգնած,
Ձմեռ է, ցուրտ սառնամանիք,
Ձյունակոլոլ, սառցակալած,
Քարացել է դուռ ու տանիք.
Քայլում եմ ես ու սայթաքում
Մայթերին պաղ ու անարև
Ու զարմանում, զարմանում, թե
Ոնց է աշխարհն այդպես սառել:
Հայտնվում ես, բայց ահա դու,
Բարձրանում ես դեմից խաղաղ,
Ու հալչում է, հալչում իսկույն
Ողջ աշխարհի սառույցը պաղ.
Շուրջս այգի, ծաղկած ծառեր,
Ծաղկած աշխարհ մի անեզերք,
Շուրջս գարուն, շուրջս արև,
Թիթեռ անթիվ, թռչունի երգ.
Տրորում եմ աչքերս ես,
Երջանկության այրող փայլից,
Ու դառնում է արևը կեզ
Քո մոտեցող ամեն քայլից:
Բայց գնացիր, գնացիր դու,
Կույր էր հոգիդ, ինձ չտեսավ,
Կամ իմ սրտի կրակն էր թույլ՝
Չառավ սրտիդ, քեզ չհասավ:
Քամին ոռնում է մոլեգնած,
Ձմեռ է ցուրտ սառնամանիք
Ձյունակոլոլ սառցակալած
Քարացել է դուռ ու տանիք:
Իմ Մասիսի նման բարձր
Ու մաքուր ես դու իմ հոգում,
Իմ Մասիսի նման հավերժ
Ծանր ու լուռ ես դու իմ հոգում.
Մեկ է՝ ինձնից մոտիկ-հեռու,
Անապատում թե բևեռում,
Ամեն վայրկյան կյանքն հաստատող
Սրտի հուր ես դու իմ հոգում:
Կյանքս առնեմ տաք ձեռքիս մեջ
Շռայլ-շռայլ տամ աշխարհին.
Սրտիս գանձերն անհուն, անվերջ
Շռայլ-շռայլ տամ աշխարհին.
Միայն քեզ իմ սրտում պահեմ,
Քեզ ոչ ոքի միայն չտամ,
Այս մի հարցում ես անզիջող,
Չարալեզու ու չարակամ:
Կյանքս տաք-տաք տամ աշխարհին,
Հազար անգամ կրկնապատկեմ
Ծով դարձնեմ բերք ու բարին
Վաստակներով, բերքով, երգով.
Մի զարդ դառնա մեր մի տարին
Ողջը մերոնց, ողջ մեր մարդկանց,
Ողջը ծաղկող մեր աշխարհին,
Ողջը տանեն ծեր ու ջահել,
Մոտ, անծանոթ ու բարեկամ,
Միայն քեզ իմ սրտում պահեմ,
Քեզ ոչ ոքի միայն չտամ:
ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ
Լուսաբաց էր մարմար,
Թափվում էր թեթև առաջին ձյունը,
Հոգիս ուղղեց հանկարծ
Այդ անդորր պահին
Տեսնել քո տունը:
Եվ անցա ես խաղաղ,
Անցա ես խաղաղ ձեր փողոցով.
Նիրհում էր աշխարհը պաղած,
Լռում էր ճերմակ մի ծով.
Եվ քո տան մուտքի մոտ
Հեռվից դեռ,
Տեսա ես քո ծանոթ քայլերը,
Խառնված ուրիշի քայլի հետ.
Իսկ շուրջը
Մաքուր ու անդորր էր.
Եվ հետո աշխարհում այս,
Որ անհուն ու անծիր է,
Երբ տեսնում եմ՝ ձյունին
Քայլերի հետքեր կան,
Թվում է ամեն տեղ
Նրա հետ անցել ես
Եվ աշխարհի սրտում
Սրտիս պես վեր-վերքեր կան...
Թողած ես դրսի հոգսերն առօրյա,
Հավաքում էի մի օր իմ տունը
Ու գտա դեղնած մի թղթի վրա
Քո ձեռքով գրած իմ անունը:
Ահա մի սեղան պարզ ու հասարակ
Ամենից հեռու անկյունում դրած.
Չբացված վաղուց մի փոքրիկ դարակ
Անցած թվերից մի հին թերթ փռած,
Ու դեղնած-դեղնած մի թղթի վրա
Քո ձեռքով գրած իմ անունը:
Եվ կյանքում այս մեծ, կյանքում այս հզոր
Որտեղ փոխում են Վոլգայի հունը,
Ուր տանիքներն են դիպչում ամպերին
Գծագրելով երկրի անհունը,
Ուր մետրոներն են լուսե ճամփեքով
Փռված խլրտում աշխարհի խորքում,
Ուր փոքրիկ առուն գլորվում է ձոր,
Եվ արևներ են բարձրանում ձորից,
Երբ այս բազմահուն, երբ այս բազմերանգ
Աշխարհն է ամբողջ դարձել քո տունը:
Ինչո՞ւ է այսպես անասելի թանկ,
Ինչո՞ւ է այսպես հոգիս փոթորկում,
Այս դեղնած-դեղնած թղթի կտորից
Քո ձեռքով գրած իմ անունը։
Հոգնած եմ
Գուցե
Հոգնած ես և դու,
Այսպես,
Լուսամփոփի տակ
Նստած ես մենակ.
Եվ հիշում ես դու
Մանկան մի ժպիտ,
Մայրիկի մի դեմք
Լի գորովանքով,
Աղջկա մի ձայն
Արծաթահնչյուն
Եվ ծիծաղախիտ.
Հիշում ես մի խոր
Հայացք սրտագին,
Որ իշխում է լուռ
Հուշերիդ վրա,
Ու հայտնվում է
Կրկին ու կրկին
Մի հայացք հեռու
Ջերմ ու սրտագին.
Հոգնած եմ,
Գուցե
Հոգնած ես և դու,
Գուցե քո հեռվում
Լուսաբաց է պարզ
Իմ շուրջը հիմա
Գիշեր է խորին:
Եվ եկ մեր բոլոր
Սիրելիների
Խնդության համար
Ու երջանկության
Աշխատենք նորից.
Կյանք ու սեր բառն ինձ համար մեկ է,
Թե սեր չկա, ես չկամ աշխարհում,
Երկինքը կապույտ, արևը շեկ է,
Արև չլինի, որտեղի՞ց գարուն:
Իմ սիրո համար երկմտանք չունեմ,
Անբավ սիրուց է իմ տառապանքը,
Միայն գիտենամ, որ սիրում են ինձ,
Որ ես աշխարհին մի բանով թանկ եմ.
Որ ժպտալով են անունն իմ հիշում,
Իմ իղձերն ամեն, ճիգերն ու ջանքը,
Որ տարիներն իմ չեն անցել իզուր,
Որ ինձնով մի բան շահել է կյանքը։
Ես սիրում եմ քեզ իմ աշխարհի հետ,
Քեզ առանց նրան, նրան առանց քեզ
Ես չեմ պատկերում.
Եվ այս մեծ, այս լայն աշխարհի վրա
Ոչինչ առանց քեզ ու քո անունին
Չեմ մտաբերում.
Դու ամենուր ես,
Բոլոր խմբերում
Եվ ամեն վայրկյան ամեն մի քայլով,
Եվ ամեն խիզախ թռիչքի փայլով
Դու իմ աշխարհին,
Իմ աշխարհը քեզ բարիք է բերում.
Եվ աշխարհն այս մեծ, լայն ու ափեափ,
Որ քեզնով է լի,
Ես չեմ հասկանում ոչ նրան, ով ես,
Թե նա քեզանով այդքան սիրելի:
Եվ ձեզնից որն է ավելի հմայք
Տվել իմ կյանքին,
Եվ ձեզնից որն է ավելի անհաս,
Ավելի անգին
Ու կարող եմ ես խորհել գեթ մի պահ
Լոկ մեկի մասին.
Դուք այնքան մեկ եք, դուք այնքան նման,
Այնքան միասին.
Մի սիրտ, մի կյանքով, մի կերպարանքով,
Միևնույն դերում,
Ես քեզ սիրում եմ իմ աշխարհի հետ.
Քեզ առանց նրան, նրան առանց քեզ
Ես չեմ պատկերում:
Ասում են թե կոկոնն է լավ,
Բացված թերթը դալկանում է,
Սիրո խոսքը երբ դուրս թռավ,
Հույզի հմայքը տանում է.
Կրակի պես խոր անթեղած
Այնքան խոսք է սիրտս վառել,
Բայց երբ, ինչպես, ինչու համար,
Ո՞ւմ էին պետք չասած բառեր...
Ո՛ւմ ևս որոնում այդպես մտահույզ,
Ո՞վ է քո հոգու հանգիստը տարել,
Ո՞վ է քո հոգու կսկիծը վառել,
Ո՞ւմ ես որոնում այդպես մտահույզ:
Ասա, ես գնամ որոնեմ նրան,
Որոնեմ, գտնեմ, սիրտս տամ իրեն,
Որ սիրաշաղախ այս հողի վրա
Քեզ ինձ պես միայն, իմ սրտով սիրեն:
Հիշեցի ես մի օր քեզ
Ներած մեղքերդ բոլոր,
Ա՜խ, տարիներ, տարիներ,
Տարիներ հետո:
Անհետացել էր անտես
Հոգուս վերքը ծանր ու խոր,
Ա՜խ, տարիներ, տարիներ,
Տարիներ հետո:
Փոթորիկն այն մոլեգին
Հոգուս էլ չի սպառնում,
Ա՜խ, տարիներ, տարիներ,
Տարիներ հետո:
Տաք դառնությունն օրերի
Պաղ քաղցրություն է դառնում,
Ա՜խ, տարիներ, տարիներ,
Տարիներ հետո:
Նորից հագնեմ սիրուն շորեր,
Մայթեր չափեմ ջահելի պես,
Հագնեմ կանաչ-կարմիր օրեր,
Նվեր բերեմ գարունը քեզ:
Չհավատամ ինձ բամբասող
Արագ վազող տարիներին,
Չհավատամ սիրտ ակոսող
Վշտերին ու կյանքի բեռին.
Եվ ընդմիջեմ, և ընդմիջեմ
Մեծ ու փոքրիկ խնդիրներին,
Անհոգ սիրուն մի օր զիջեմ,
Մի օր կյանքը թող ինձ ների:
Նորից հագնեմ սիրուն շորեր,
Մայթեր չափեմ ջահելի պես,
Հագնեմ կանաչ-կարմիր օրեր,
Նվեր բերեմ գարունը քեզ:
Ասում են ինձ, որ ես շուտ եմ,
Անչափ շուտ եմ հրապուրվում,
Որ ես շուտ եմ փոքրիկ լավով
Մինչև հոգուս խորքը տարվում.
Ա՜խ, ես էլ եմ խորհելով պաղ՝
Այս անիրավ սրտին ասում,
Ա՜խ, ես էլ եմ նրան հաճախ
Թեթևների շարքը դասում.
Բայց մի օր էլ սիրտս ասաց
Խենթանում ես, երբ տեսնում ես
Մի նոր փողոց, նոր ճանապարհ,
Մի նոր կայան, մի նոր կամուրջ,
Մի նոր շենքի զարդանկար,
Փոթորկում ես հուզումներով,
Թև ես առնում, հպարտանում,
Ամեն վայրկյան ինձ էլ քեզ հետ
Առնում ես ու գալիք տանում:
Աշխարհը ողջ քո տունն արած
Հազար մի փակ ես բանում
Մի ցորենի հասկի համար
Առաջ նետած քեզ մոռանում:
Ուզում ես ողջ քեզ նվիրել
Ծաղկած այգուն ու խաղողին,
Ուզում ես ողջ քեզ նվիրել
Ելնող շենքին, քարին, հողին,
Ինչպես ապա ես չսիրեմ
Այս ամենը ստեղծողին:
Սուտ կլինի, եթե ասեմ՝
Բախտավոր եմ ես առանց քեզ.
Սուտ կլինի, եթե ասեմ՝
Մեկ է կյանքում կաս, թե չկաս.
Սուտ կլինի, եթե ասեմ
Լոկ հողն ու ծառն եմ սիրում ես,
Միևնույն է՝ թե այդ հողում
Այդ ծառի տակ ով է պակաս:
Ձեզանով է, սիրելիներ,
Երկիրն իմ լայն, երկիրն իմ մեծ,
Ձեզանով է ճամփեքը մեր
Անծայրածիր ու բարձրաբերձ,
Ձեզանով է, սիրելիներ,
Ձեզանով է մեր կյանքը կյանք,
Ձեզանով է, սիրելիներ,
Հայրենիքը հարուստ ու թանկ:
ԱՄԱՌՆԱՄՈՒՏ
Գարունն իր խաղաղ ափերից ելել
Ու դեմ է առել ամառվա շոգին.
Կպայթի սիրտս, թե երգ չգրեմ,
Թե սիրո խոսքեր չասեմ ես մեկին:
Բնից դուրս թռչող ձագերի համար
Ճնճղուկն առաջին կեռասն է տանում.
Աղջիկները չիթ դոգնոցների մեջ
Ծաղկի կոկոններ ու բախտ են բանում:
Խոսում են, վիճում, բամբասում իրար,
Սրտի գաղտնիքներ փսփսում իրար.
Էս մեկը շեկ է, էն մեկելը սև,
Հոնքերը թեք են ու խասյաթը խև...
Երբ սիրտը լիքն է, սիրտն, աղջիկներ,
Աչքը չի նայում սևին ու շեկին.
Կպայթի սիրտս, թե երգ չգրեմ,
Թե սիրո խոսքեր չասեմ ես մեկին:
Լվացք է փռում սև տանտիրուհին
Ամենասիրուն խալաթը հագին.
Երգում է սրտանց շեկ շոֆեր տղեն
Մի ձեռքն այտի տակ, մյուսը ղեկին:
Կպայթի սիրտս, թե երգ չգրեմ,
Թե սիրո խոսքեր չասեմ ես մեկին:
Դուրս է ելել մի տրակտորի շարան,
Տղերքը անծիր դաշտերն են վարում.
Որմնադիրները՝ շաղախը առած
Բնակելի տան սյուներն են շարում:
Պապիկները ծեր նստած պատի տակ
Վախճանին թեքվող կյանքն են ափսոսում.
Հազիվ թոթովող մանուկները խաժ,
Չհասկանալով գուցե ոչ մի բառ,
Երջանկության բարդ երգեր են ասում.
Եվ այս ուշ գարնան տաք-տաք ճամփեքին,
Եվ այս վաղ ամռան հանդեսին շքեղ,
Ամառնամուտի այս պայծառ ծեգին,
Մարդու բարևի ու ողջույնի տեղ
Կպայթի սիրտս, թե երգ չգրեմ,
Թե սիրո խոսքեր չասեմ ես մեկին:
Չես հասկանում, չես հասկանում,
Երբ հասկանաս, ուշ կլինի,
Կնայես դու սրտիդ խորքին՝
Ափսոսանքի փուշ կլինի:
Ինչ որ այսօր թողիր վաղվան,
Գնում է, որ կորչի անհետ
Ու չի դառնա ոչ մի գնով,
Ոչ մի գնով չի դառնա ետ:
Մի կորցնի ոչինչ այդպես
Անհոգ, անփույթ ու անտարբեր,
Ինչ որ կյանք է կոչվում այսօր
Վաղն անկրակ հուշ կլինի:
Չես հասկանում, չես հասկանում,
Երբ հասկանաս, ուշ կլինի:
ՄԵՐ ՍԵՐԸ
Թվում է՝ չենք սիրել,
Թվում է՝ չենք դրել,
Երգեր չենք գրել
մենք սիրո մասին.
Նամակ չենք այրել
Ու սիրո վայրեր
Չենք ընտրել մենակ,
թռել միասին.
Թաքուն հաճույքով
Հայելուն նայել.
Չենք հուզվել, փքված
փիլիսոփայել.
Չենք վիճել տաք-տաք
մենք սիրո մասին,
Ասես կարոտից
այրվող աչքերով
Չենք ժամադրվել
պատմության դասին:
Որքան հույզեր եմ
Տեսնում ես, որքան,
Երբ կյանքի անգիր
իմ գիրքն եմ բացում,
Բայց պայքարը թեժ
հնոցի նման
Հալել ձուլել է
ամեն զգացում:
Մանկության եթեր,
Ու պատի թերթեր,
Բարդ խնդիրներով
լցված դասարան,
Նիստեր, քաղխմբակ,
շաբաթօրյակներ,
Հետո ինստիտուտ
կամ համալսարան:
Նախ կարմիր աստղիկ
ու կարմիր փողկապ,
Հետո կիմ, սպորտ,
տոմսը կոմսոմոլի,
Անհատակ սրտեր
լցված ափեափ,
Անհատակ սրտեր
երազներով լի.
Ջահելություն մեր
կրակ ու կարոտ
Ու ոտի վրա
վազվզող սերունդ.
Հաշվետվություն
խիստ մեծերի մոտ,
Ագիտացիա՝ խուլ
թաղամասերում.
Ապա պատերազմ
տաք Արևելքում,
Դիվանագիտություն կեղծ՝
փաստերի հերքում,
Մութ արահետներ,
դիվանագետներ,
Ու նենգություններ
համաշխարհային:
Ծեր դևերի մեջ
Մի ջահել երկիր,
Մի ջահել երկիր
ջերմ մարդկային
Ու պայքար,
պայքար,
մարտնչող սուր կյանք.
Եվ զոհե՜ր,
զոհեր,
զոհեր ծանր ու թանկ.
Մարդիկ մարդուց վեր
ու անկրկնելի
Սիրո ճամփաներ
կրակներով լի.
Խասան,
Խարխինգյոլ,
մարտ ֆինների հետ:
Հետո հաղթանակ,
նորից պատերազմ
Ռումբեր ու կրակ
ու նորից աղետ
Ու նորից աղետ,
ու նորից արյուն,
Նորից աջ ու ձախ
ռազմի շարասյուն,
Հերոսություններ,
հերոսություններ,
հերոսություններ,
հաղթանակ հզոր.
Քաղաքներ,
տներ
Ու հնգամյակներ
դարերի ուժով:
Եվ երգեր,
երգեր,
երգեր տքնության.
Պայքարի երգե՜ր,
առաջընթացի:
Թվում է ամեն ինչ,
Ամեն ինչ տեսանք
մեր սրտի խորքից,
մեր սիրուց բացի:
Ինչ արած, կասենք,
ժամանակ չկար
Հոգնած, վաստակած,
երբ դառնանք մենք տուն:
Բայց չէ որ սեր է
մեր կյանքը համակ
Այրվող անափ սեր
Ու երջանկություն:
«Փշատենի» ժողովածուից
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Лазарос Сарьян
Симфонические образы
Влюбленные, 1980.
Играть онлайн
Поддержите нас! Покупайте наши товары, созданные на основе произведений искусства, в нашем онлайн-магазине.
Игра
Морской бой в стиле Айвазовского
КУПИТЕ СЕЙЧАС
Брошь
Сен-Мало
КУПИТЕ СЕЙЧАС
Магнит
Натюрморт с цветком
КУПИТЕ СЕЙЧАС
Брошь
Гора Сипан с острова Ктуц
КУПИТЕ СЕЙЧАС
Пазл
Свадьба в Муше
КУПИТЕ СЕЙЧАС
Закладка
Акоп Овнатанян
КУПИТЕ СЕЙЧАС
Открытка
Армянские миниатюры
КУПИТЕ СЕЙЧАС
Брошь
Стремление
КУПИТЕ СЕЙЧАС