Маро Маргарян
Ամեն, ամեն ինչ կրակով միայն ու սիրանյութով
Եվ այս աշխարհում
Այսքան անեզերք, այսքան բազմազան
Թղթերը պիտի իրենց մեջ պահեն
Կրակն իմ հոգու...
Եվ օդի մեջ փայլփլեցին
Դեռ չպաղած
Սերերի տաք հիշատակներ...
Ու շատ հեռվում
Լաց եղավ մի
Փոքրիկ աղջիկ,
Եվ ծառերը առավոտյան
Ծաղկեցին մի ակնթարթում:
Սիրանյութից շաղախեցիր
Ինձ, աստված,
Եվ դրեցիր
Տարածության մեջ անսեր:
Հրդեհից, սիրուց
Ու տառապանքից
Ձուլեցիր դու ինձ,
Թռչող կրակի
Խուլ խենթությունից,
Անհայտից ընկնող
Աստղակաթիլից,
Եղյամից բարակ,
Ձյունի փաթիլից
Ձուլեցիր դու ինձ:
Եվ ամուր, ամուր,
Հին-հին դարերում
Ձույլ կաղապարված
Կարծրություններից
Քերծերից խոտոր,
Խարակ ու խութից,
Մշուշից մորմոք
Ու հոգու մութից՝
Ինչո՞ւ այսպիսի
Անհարմար նյութից
Չուլեցիր դու ինձ:
Ինչ-որ մի արդար բան կա աշխարհում.
Լույս հաղորդումով ու հատուցումով,
Բայց գալիս է նա ժամանակն անցած՝
Միշտ սիրավրեպ, ծայր ուշացումով,
Չհասած նրան, ում պիտի հասներ,
Եվ ավելի է սրտերը վառում:
Ինչ-որ մի արդար
Ու շատ անարդար բան կա աշխարհում:
Ճերմա՜կ, ճերմա՜կ
Ծաղկաթերթեր,
Պտույտ-պտույտ քամիներում,
Որ փչում է տանում երկինք,
Ու վար բերում,
Փռում է հողին,
Տանիքների քիվին շարում,
Աղջիկների թուխ մազերին,
Փոքրիկների դեմքին փարում,
Նետում ժայռին,
Վազող գետին,
Ու մի քանի ճերմակ թերթիկ
Հեռվում կորած արահետին:
Հալվել է ցուրտը
Մի մեղմ ու բարի շնչառությունից,
Մի անհնարին թանկ ներկայությամբ,
Մի չերևացող
Լուռ գորովանքով.
Այս ո՞վ է անցնում ճառագայթի պես
Իմ տխուր կյանքով:
Կարմիր ու կապույտ
Իրարու փարած
Հորիզոնների հեռավոր ծիրում՝
Ահա իմ տունս:
Ծաղկաթերթիկներ ժպտալով վազող
Ջրերի վրա՝
Հարստությունս:
Ներքևից անդունդ
Ու վերից ավազ՝
Հիմքերս, հունս:
Մի քանի խառնակ տողեր
Հալհլած,
Ու հոգիս անափ կարոտից փլած՝
Մի քանի տերև
Հողմերից խլած՝
Ուրախությունս...
Եվ ամպերի մութ փեշերին
Շուլալվեցին
Կայծակների թելեր ճերմակ.
Ու ոչ մի շուք,
Ոչ մի շշուկ,
Հեռվում կորած սերերի պես,
Խորքում լռած սերերի պես,
Արեգակներ պահած հոգում,
Անհուր մարած սերերի պես:
Լույսի գծեր լոկ մնացին.
Հողմահալած
Ու հողմածին,
Մեկ էլ հեռվում մի ծուխ մնաց,
Ու կապույտին մի թուխ մնաց
Հեռվում մարած,
Խորքում լռած,
Անսեր կորած սերերի պես:
Ճառագայթն անշեղ բեկվելիս անգամ,
Ուղիղ գծով է կոտրվում, սահում.
Որքան էլ լինի կարոտը հանգած,
Եվ ոլոր մոլոր գնացողները
Ծովեն ու ծալվեն բյուր հազար անգամ,
Ուղիղ լույսն է այդ աշխարհը պահում:
Ճառագայթն անշեղ բեկվելիս անգամ
Ուղիղ գծով է կոտրվում, սահում:
Եվ տխրությունը,
Որ երջանկության կարոտն է անքուն
Ու ծուխն անամոք
Սպասումների,
Հավատն անզիջող
Արդեն ուշացած հիացումների,
Ինչպե՞ս պահեմ ես
Ավերումներից ժամանակների:
Ներիր, իմ փակված ալեկոծություն,
Ինքդ քեզ ներիր.
Հանդարտեք լռին, ծվարեք թաքուն,
Իմ երբեք, երբեք չասվելիք բառեր,
Եվ մի տուր ոչինչ անհասկացողին,
Իմ կարոտներով լցված լռություն,
Իմ լուսաթաթախ՝ տխրության արև:
Այսքան անթիվ հոգսերի մեջ,
Այսքան տուրք ու տառապանքում,
Ո՞րն էր կյանքը
Քո մեծ կյանքում.
Այն մի փշուր կարոտն անանց,
Որ չթողեց աչքդ փակես,
Ցերեկն արավ հարբածի պես,
Եվ գիշերը պահեց անքուն,
Այսքան տուրք ու տառապանքում
Այն մի փշուր կարոտն անանց:
Քեզ համար չկան անհաղորդ բառեր,
Անհոգի քարեր
Քեզ համար չկան:
Ամեն ինչ դեպի լույսն ու դեպի վեր,
Հարթությունները
Թեք են քեզ համար:
Հորիզոններին՝ հայացքդ հառած
Հոգուդ մեջ վառած
Աստղեր ու արև,
Քեզ համար չկան օրեր ու դարեր
Ժամանակները
Մեկ են քեզ համար:
Ամեն, ամեն ինչ
Կրակով միայն
Քեզ մոտ սկսվեց,
Ու կրակով էլ
Գնաց անզիջում:
Քո ծնված օրից
Սկիզբ առավ մի
Տևական հրդեհ,
Ու չեղավ երբեք,
Չեղավ ընդմիջում:
Ինչ որ մի լույս կա անամոք անվերջ
Անամոք անվերջ ու սրտակեղեք
Ինչ որ մի թանկ բան փշրվել անօգ
Անհայտ մի կարոտ մորմոքել խորունկ
Ու հաղորդումի գծերն է շեղել:
Մի հեռու-հեռու հալոցքի հեղեղ,
Որ քո էության իմաստն է եղել՝
Թևածումներիդ ընթացքը վերին
Կա անդարձ անդարձ ակունք մի կորած.
Մի երջանկություն այնքան սպասած,
Եկած հասած քեզ
Ու քեզ չհասած:
Եվ աչքդ անթարթ մնացած հավետ
Անհայտ, անանուն ճանապարհներին:
Քո բերած լույսն է
Ինձ երկինք հանում
Մառախուղներից խորունկ ու խավար.
Քո պատկերով է օրը լուսանում
Մնացածը ողջ օրերի ավար։
Մնացածը ողջ ծանոթ բոլորիս,
Մեզ մեր սերերից
Խլելու համար,
Ծալելու համար,
Ծռելու համար՝
Մեր կարոտալի մեղմություններից
Կույր կարծրություններ
Կռելու համար:
Օրերի այս պաղ պղպջակներում,
Դատարկության մեջ այս ծովածավալ
Քո պատկերով է օրը լուսանում.
Մնացածը ողջ օրերի ավար:
Հազիվ, հազիվ երևացիր
Ու գնում ես դեռ չեկած:
Թե գնում ես, անդարձ գնա,
Անտես գնա ու կամաց...
Սայթաքող են ճամփաները՝
Կարոտներով միգամած:
Դու ինձ վերցրիր,
Վերցրիր ինձնից,
Ու քեզ էլ չառար.
Եվ ես մնացի
Առանց ինձ ու քեզ.
Եվ ես չգիտեմ,
Ու չեմ հասկանում
Ով եմ հիմա ես...
Իսկ դու այդպես խուլ ձևացիր
Ու տուր քամուն...
Ինչի համար արեգակն է
Ելնում շքեղ օվկիանոսից,
Ինչի համար գարուններն են
Շաղում շռայլ,
Ինչի համար ոսկե գամերն
Անծայրածիր կապույտների
Հրկիզվում են ու աստղանում
Եվ պտտվում շուրջը իրենց,
Ու աստղային միջուկներն են
Պայթում հեռու անհուններում
Ու տարածվում մշուշ-մշուշ,
Ինչի համար տաճարներ են
Երկնասարսուռ
Մարդիկ ձոնել,
Ինչի համար աստվածներ ենք
Մենք հորինել...
Ինչի համար ոչինչ կյանքում
Չի կարող քեզ փոխարինել:
Այսօր լույսը բացվեց
Քո մարմանդ, բարի ձայնով,
Կապույտ վաղորդայնով
Այսօր լույսը բացվեց:
Ու թավիշներ իջան աշխարհների վրա,
Սահմաններին բոլոր,
Վար ու վերին...
Ու մանուշակներ թափվեցին առատ
Կատարներին սառած
Քար ու լեռին:
Այսօր լույսը բացվեց՝
Հալչող սերեր փռած
Անհայտներում կորած ճամփաներին:
Եվ հաղորդության միջոցներ անհայտ,
Եվ երջանկության կորած բառեր...
Խենթանալու չափ խտացած դու կյանք,
Վայրկյանների մեջ սեղմած դարեր...
Որտե՞ղ եք հատված,
Եվ ո՞ւր ընդհատված,
Եվ ի՞նչ անթափանց
Նյութով եք պատված,
Հաղորդումների միջոցներ անհայտ,
Եվ երջանկության կորած բառեր:
Մի խոսք, մի բառ,
Կես մի ժպիտ,
Եվ օվկիանոս մի խնդություն.
Որքա՞ն քիչ է հարկավոր քեզ,
Անհուններով լեցուն հոգի.
Եվ ո՞վ է որ
Այդ մի քիչը քեզ չի տալիս.
Ձյուն է գալիս,
Ծաղիկներիս վրա ճերմակ,
Ձյուն է գալիս:
Ու մի թերթիկ
Մանուշակի,
Սպակուն մի բյուրեղ սառած,
Ու հեռավոր կապույտներում
Կանաչավուն մի կայծ վառած...
Ո՞րքան քիչ է հարկավոր քեզ,
Մարդ արարած։
Եվ ո՞ւր է այդ փշուր քիչը,
Ո՞ր հեռավոր
Ափերին է լույսը մարած,
Հետքը կորած՝
Ո՞ր անդունդի անհայտ խորշում
Լուռ ծվարած,
Ո՞ր հեռավոր աստղափոշու
Թևին թառած:
Այս ինչ ուժ է թանկն ամենից
Նետում անվերջ անհայտներին՝
Կորցնելով
Իրար տալիս...
Եվ ո՞վ է իր չգտնված
Լույսի համար լռիկ լալիս...
Ձյուն է գալիս,
Ծաղիկներիս վրա ճերմակ
Ձյուն է գալիս...
Չափարի տակ եղինջի մեջ
Մանուշակն է գլուխ հանել.
Շուրջը փշեր, շուրջը խիճեր,
Կառ ու կոթուկ դառն ու լեղի,
Ու մացառներ չոր ու դեղին
Եվ փշերին թվում է թե
Ճիշտ է ողջը բնության մեջ
Լոկ մանուշակն է անտեղի:
Խշխշում է ականջիս տակ,
Մորմոքում է պաղ մի կարոտ.
Ո՞վ է այսպես անհիշատակ,
Անդարձ գնում այս առավոտ:
Վիշտն ինչ-որ տեղ սիրտ է փլում,
Կյանքն ինչ-որ տեղ կամք է ծալում,
Ով է այս խուլ բառերն հալում
Ու տալիս իմ զարկերակին
Ալեկոծում նոր մղումով
Անհանգիստը իմ եռակի.
Ո՞վ է այս խուլ բառերն հալում,
Ո՞րտեղից է երգն այս հուշած՝
Նյարդերս են նախագուշակ
Ուրիշի ցավն են ընկալում:
Մ Տ Ա Հ Ո Գ
Դ Ե Մ Ք Ե
Հանկարծ զգացի,
Որ կորցրել եմ
Ես համը հացի,
Որ էլ չեմ առնում ես բույրը հողի
Ու չեմ հասկանում
Տարբերությունը
Մեղմի, միրաժի
Ու ապառաժի,
Հաճույքն անքննին ամպերը ճեղքած
Տրաք տրաքով փախչող որոտի,
Ու էլ չեմ զգում
Զովությունն օդի,
Անգամ ծայրեծայր ինձ կալած խորունկ
Ցավն այս կարոտի:
Ու չեմ տարբերում երանգներն արդար
Լույսի ու բարու,
Որ ես շատ վաղուց,
Շատ վաղուց արդեն չկամ աշխարհում։
Հանկարծ զգացի,
Որ կորցրել եմ ես համը հացի:
Ամեն պահդ հիմա
Հրաժեշտ է արդեն,
Ամեն քայլդ հիմա՝
Մեկնումի կետ:
Ցավերն անգամ տանելն
Այնքան հեշտ է արդեն,
Ու դու հաշտ ես անգամ
Ինքդ քեզ հետ:
Բռնում ես հաճախ
Ինչ-որ ճանապարհ,
Ու շրջանցում ես
Ծանոթ ուղին...
Սուրբ է ամեն ինչ՝
Ամեն թուփ ու քար,
Պատմությունն է քո
Գրած հողին:
Ցավում է սիրտս անզորությունից,
Եվ անզորների հզորությունից,
Անկարողների հույժ կարենալուց
Եվ անգործների գործելուց անվերջ:
Էլ չեք տանում դուք,
Նյարդեր իմ հոգնած,
Էլ չեք տանում դուք.
Ոչ կարոտների մեջ ու մառախուղ,
Ոչ փառքի փոշի,
Ոչ խոսքերի ծուխ:
Ու ծանրանում եք դուք էլ ինձ նման,
Երգեր իմ թեթև,
Խոսքեր սրտաբուխ:
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Арно Бабаджанян
Элегия
Обнаженная
Играть онлайн