Левон Хечоян

Պաղ քամի

Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն ամուսնացավ: Հորեղբորս տղան մեր գյուղի անտառում գառ մորթեց, Ախալքալաքի զինկոմի սարիատից ու կայազորից պաշտոնավոր մարդկանց հրավիրեց, կերան, խմեցին: Սպայի կոչում ստացավ, կամավոր գնաց Աֆղանստան` կռվե լու: Այդ օրերին պրոպագանդայի բոլոր միջոցները զօր ու գիշեր խոսում էին այնտեղ ինտերնացիոնալ պարտքը կատարող մեր զորքերի մասին: Հորեղբորս, հաստ նոսր բեղերով կինը գնացել էր գյուղխորհուրդ, որպես պատերազմի մասնակցի ընտանիք, լրացուցիչ` քսանհինգ հար հողաբաժին էր պահանջել: Գյուղխորհրդի նախագահը նրան մերժել էր: Ու երբ բացատրել էր, որ նրան ոչ թե զորակոչել են, այլ նա ինքն է կամավոր, իր կամքով գնացել, մեր ընտանիքին նոր ահ հասավ, նոր սուգ սկսվեց, նոր հորեղբորս կինը ամբողջ գյուղով ողբը գցեց: Նոր հասկացանք, որ նա այլեւս հետ չի գա: Երկու տարվա ծառայության ընթացքում նամակներ էր գրում: Ուղտերի մեջքին նստած, ուռած փորերով մանչուկներին գրկած, անապատներում` չալմայված դեմքերով մուսուլմանների հետ, սեւ ակնոցներն աչքերին` տարբեր զենքերով զինված, նեգատիվներ էր ուղարկում, գյուղում լուսատպում էինք ու հիանում նրանով: Մի օր էլ արձակուրդ եկավ: Մոսկվայից` կտրոնների հատուկ խանութից «Շարպ» մակնիշի մագնիտոֆոն էր առել եւ տատիս համար նիկելապատ, կուրացուցիչ շողշողացող մի խոշոր գիշերանոթ էր բերել: Տատիս ասավ․ «Աբա, էլ զուգարան չես գնա, արտասահմանյան է»: Տատս զարմացած ասավ․ «Քա, ի՞նչ կըսես, մանչ, ամոթ է, ի՞նչ է, արտասահմաններում ժողովուրդը տների մե՞ջ է անում»: Երբ մերոնք գնում էին դաշտային աշխատանքների` տնից մինչեւ բանջարանոցի ծայրամասում գտնվող զուգարանը մի երկար պարան էին կապում, տատս պարանը բռնած, զուգարան էր գնում֊գալիս, ու նրա կուրությունը ոչ մեկին նեղություն չէր տալիս: Երբեմն պատահում էր` պարանը մեջտեղից այծերն էին կրծելով կտրում կամ մենք էինք արձակում զուգարանից ու մեկ ուրիշ բանից կապում: Մոլորված կանգնում֊մնում էր ճանապարհի մեջտեղը ու շփոթելով մեր բոլորի անուններն իր հանգուցյալ ծնողների անվան հետ` օգնություն էր կանչում: Նրանից կինո գնալու համար փող էինք պահանջում ու նոր տեղ հասցնում: Տանեցիները դաշտ էին գնացել` խոտ հավաքելու: Երվանդը, թախտին պառկած, առաստաղին էր նայում ու մագնիտոֆոն լսելով անցկացնում արձակուրդի առաջին օրերը: Տատս ծալապատիկ նստած տերողորմյան էր քաշում: Մենք դռանը խաղում էինք, փոստատար Գաբոն եկավ, մենք նրա հետեւից մտանք օդան: Երվանդին նամակ տվեց: Տատիս ասավ․ «Մամ, մի պապիլոզ տուր, իմը վերջացել է»: Տատս մի հատ էլ ինքը վառեց, նրանք զրուցում էին: Տատս հարցրեց․ «Գաբո ջան, էդ ի՞նչ նամակ էր»: Գաբոն ասավ․ «Չգիտեմ, էնտեղից էր, Աֆղանստանից»: Հետո Երվանդին մոտեցավ․ «Երվանդ ջան, մեզ ներող եղեք, քանի՞ մեդալ ունես»: Երվանդը նամակը ձեռքին նստել, լռում էր: Գաբոն ասավ․ «Երվանդ ջան, մենք օբսալյուտնո…»: Նա ասավ․ «Որ ելա տեղիցս, եկած ճամփադ չես գտնի»: Գաբոն ասավ․ «Մենք ներողություն», ու տատիս հարցրեց․ «Մամ, դու չգիտե՞ս, մեր տղան քանի՞ մեդալ կունենա: Ասում են` վերին գեղերից էնտեղից մի ոտքով եկած մեկն էլ կա, յոթ֊ութ հատ ունի, չիդեմ, ընչի սիրտս վկայում է, որ մեր Երվանդը ավելի շատ կունենա»: Տատս ասավ․ «Չգիտեմ, Գաբո ջան, տեսա՞ր խոսելու ձեւը: Էս մեր ծռվածը մեզ էդպես բան ասող, ուրախացնողը չէ»: Տատիս խնդրեց, որ թող մի բան անի, իմանա ու ինքը գնաց: Երվանդը նամակը ձեռքին դեռ նստած էր, հետո մագնիտոֆոնը անջատեց, տատս դեռ ծխում էր, արոտից հետ պահած հիվանդ այծը թափառում էր օդայի մեջ, նա դարձյալ նամակը ձեռքին նստել, մնացել էր: Տատս հարցրեց․ «Մանչ, մեջքիս սառը, պաղ քամի է փչում, դուռը խոմ բաց չի՞ մնացել: Խաղ աստղը ինչի՞ լռեց, էդ ի՞նչ նամակ էր, չլինի՞ քեզ հետ են կանչում»: Ասավ` չէ: Հինգ օր անց փոստատար Գաբոն դարձյալ նամակ բերեց: Հետո` էլի: Տատս ասավ․ «Ինչ֊որ տեղից մեջքիս սառը քամի է փչում»: Ու այդ օրը հաստատապես հայտարարեց, որ մեր տան մեջ մեզանից բացի էլի մեկը կա: Ասինք․ «Սխալվում ես, արոտից հետ պահած այծն է տան շվաքներում թափառում»: Ասավ․ «Այծը չի թափառում, այծը խրտնած է ինչ֊որ բանից»: Ասավ․ «Գոմում մալը ամբողջ գիշեր չորոճաց»: Մնաց հորեղբայրս ասաց․ «Մալ է, էլի, վաղը գիշեր կորոճա»: Տատս ասավ․ «Մանչը հետս որ խոսում է, ոնց որ անցյալի միջից խոսա, մի բանըմ կա»: Նրան ասին․ «Տեսողությունդ կորցրել ես, մտքով քեզնեն դուրս բաներ ես տեսնում»: «Աստված տա այդպես լինի, բայց տան մեջ թափառողը կին է, փեշերի շրշյունն եմ առնում»: Ասինք․ «Կնի՞կ, կարո՞ղ է ջրահարս է մտել տունը…», ծիծաղեցինք: Ասինք․ «Ծերացել ես, աբա»: «Կատուն խելռած` հինգ օր է տուն չի գալիս, ծիծաղում եք, թե ծերացել եմ: Արդեն տասներորդ գիշերն է գյուղի բոլորը բուն չի կանչում»: Մնաց հորեղբայրս ասավ․ «Տարիքին նայե, խոսացածին նայե, ի՞նչ անենք, որ բուն չի կանչում, սուգ մտնե՞նք: Աբա, ախր հասկացիր, քոռ բու է, կպել է քարին, ծառին սատկել է, չկա»: Տատս ասավ․ «Ուր է, թե ձեր ասածը լինի, ախր օդում չղջիկն էլ չի պտտվում…»: Մի օր Երվանդը ձուկ բռնելու էր գնացել, էլի նամակ եկավ: Տատս ասավ․ «Մանչը դադարը կորցրել է, մի բացեք, տեսնենք էդ ի՞նչ նամակներ են»: Բացեցինք` փոքրիկ սպիտակ թուղթ էր: Տատս զարմացավ․ «Գիր չկա՞, առանց գրի ի՞նչ նամակ»: Ասավ․ «Մեկը նստեց անկյունում, էդ ո՞վ էր»: Ասինք․ «Մարդ չկա, բարձն էր ծալքից ընկավ»: Ասավ․ «Ինչ֊որ տեղից սառը, պաղ քամի է փչում»: Ասինք․ «Դուռը գոց է»: Թոշակառու Մարկոսը Ախալքալաքի շրջանային թերթի երբեմնի խմբագիրն էր: Մորս հետ գնացինք նրա մոտ: Ասինք․ «Մեր աբան ասում է, չգիտենք ու չենք հասկանում, էս ի՞նչ բան է, տղան ամեն հինգ օրը մեկ էս նամակներից է ստանում»: Խմբագիր Մարկոսը թղթին նայեց, հետո` մեզ․ «Էդ երկիրը մտնելուց առաջ, մի հատ թող ուսումնասիրեիք էդ ժողովրդի պատմությունը, տեսնեիք` երբեւէ դրանք հնազանդվե՞լ են որեւէ մեկին, հետո թող նոր ավիրեիք»: Նա մեզ հետ այնպես էր խոսում, կարծես ես ու մայրս էինք մտել այդ անհնազադ երկիրը ավիրելու: Մինչ նրա կինը` Շուշանը, ակնոցները կբերեր, ականջներս պինդ ձգեց անցյալ օրը իրենց հանդից գազար գողանալու համար: Հետո երկար թղթին նայեց․ «Ինչքան իմ գիտելիքները հուշում են, այսպես ասած` սա նամակ է, կսկծից տառապող մոր նամակ: Մուսուլմանների մոտ նամակագրության այս ձեւը հետապնդելու միջոց է: Այս սպիտակ թուղթը նշանակում է, թե մայրը իր ուրվական֊ինքնանմանակին ուղարկում է մեր մոտ` Երվանդին հանգիստ չտալու»: Տատիս պատմեցինք: Ասավ․ «Ինչ֊որ տեղից մեջքիս սառը, պաղ քամի է փչում»: Երեսին խաչ հանեց․ «Իսոս Քրիստոս, էս ի՞նչ մեծ մեղք է գործվել…»: Հորեղբորս ասավ․ «Առավոտյան մի որձ գառ հետ առեք հոտից»: Նա Սուրբ Հովհաննեսի պատվանդանին ուրվական մորից թողություն խնդրեց: Գառը մատղեցինք, բաժանեցինք գյուղին: Գյուղը չէր հանգստանում: Նա խիր գնացած կովերը հորթ էին գցում, իսկ ցուլը նախիրի մեջ չէր մտնում, ինչ֊որ բանից սարսափած` բառաչելով գյուղ էր փախչում: Հետո Քոռ կամրջի մոտ գայլերը Երանոսի երկու ոչխարներին էլ կերել էին: Սատանա Մուկուչը դաշտից տուն գալիս, հին գերեզմանոցից իրեն կանչող օտար կնոջ ձայն էր լսել: Գյուղացիներն ուրվականի իրենց հետապնդելը կապում էին Երվանդի արձակուրդ գալու հետ ու դժգոհում էին:

Երվանդը մնաց հորեղբորս հետ, տան բոլոր անկյուններում ուռկանով թակարդներ էին դնում եւ կացինն ու գերանդին առած` մարագի գոմի շվաքների մութ տարածություններից ուրվականին քշում էին դեպի ցանցերը: Ու այնքան էին թռչկոտում վեր ու վար, որ հորեղբայրս ասում էր․ «Քիչ է մնում միզափամփուշտս կտրվի, ընկնի»: Հետո հարբում էին, համարյա հարբում էին: Մի անգամ խմած ժամանակ, շալվարի փողքը վերեւ քաշեց, ազդրին ձգած փոկ երը արձակեց ու դնովի ոտքը շպրտեց մսուրների ետեւը` այն հավանական տեղը, որտեղ կլիներ ուրվականը ու գոռաց․ «Առ, շան քած, տես, բա ինչո՞ւ 41 թվականին իմ մայրը ոչ մեկի հետեւից չգնաց»:

Հորեղբորս կինը ասավ․ «Լենինգրադից էդ անտերը ինը հարյուր ռուբլով բերել տվեցինք, ինչի՞ ես ջարդում, տեսնեմ առավոտ առանց ոտքի ոնց ես քաղի գնալու», եւ սկսեց լացել:

Տատս ասավ․ «Մանչը դողում է, էդ ո՞վ էր Երվանդիս մոտեցավ…»: Երվանդը ասավ․ «Շվաքի դուռը բաց է, քամին է պտտվում»: «Ինձ մի խաբեք, տաք գոմի միջով քամին որ անցներ, մալը կմնչար»: Երվանդը ասավ․ «Կյանքներս կերար, աբա, բան չեղած տեղը վախեցնում ես բոլորիս, էդ ինչի՞ միայն դու ես տեսնում»: «Քա, բալա ջան, բուղան չառած կովը հուզմունքից արդեն երկու օր է ցամաքել է, կովին էլ խոմ ես չե՞մ վախեցրել»: Առավոտյան տատս սնդուկից հինգ հարյուր ռուբլի հանեց, հորեղբորս ուղարկեց Ախալքալաք: Զինկոմիսարը նրան ասել էր․ «Չէ, չեմ կարող: Հասարակ զինվոր լիներ, էլի կարելի էր մի բան հնարել, մի ամիս էլ պահել: Նա սպա է, այն էլ հերոս: Երկու կարմիր աստղ ունի, էնա համարյա հերոս է, էլի, նրա նման սպան այնտեղ պետք է, համ էլ կարող է ինձ էլ ստուգեն…»: Մերոնք չէին իմանում` ինչ անեին: Տատս ասավ․ «Ախր մանչուն կրնկակոխ հետեւում է, մանչը օտարության մեջ չի կարող գլուխը պրծացնել»: Երվանդին ասին․ «Մի գնա, թող դատեն: Մի երկու տարի էլ կնստես»: Ասին․ «Մի գնա եւ վերջ»: Ասավ․ «Չեմ վախենում: Այնքան էլ վախենալու բան չէ, կգնամ: Զենքը որ վրաս եղավ, կվախենա, չի մոտենա»: Հետո ուրվականը սկսեց շրջել գյուղում: Նրա մասին սկսեցին խոսել այստեղ ու այնտեղ: Նրա ներկայությունը զգում էին բոլորը: Խուճապահար հավերը սկսեցին ձվերը կորցնել` դնում էին որտեղ պատահեր: Կանայք տների շուրջբոլորը թաց ծղոտ ու աթար էին ծխացնում, որպեսզի նա բնակարանները չմտնի ու դժգոհում էին Երվանդի արձակուրդ գալուց: Մի օր, երբ Երվանդը տանը չէր, տատս հորեղբորս կնոջը կանչեց ու ասավ․ «Դու մայր ես, պիտի կարողանաս անել…»: Տատս նրա հետ շշուկով խոսեց: Հորեղբորս կինը շշմել, նայում էր նրան: Տատս ծխում էր, ասավ․ «Պիտի կարողանաս անել: Դա միայն դու կարող ես անել…»: Հորեղբորս կինը, երեկոյան թեյի ժամանակ, եռացած թեյնիկը «պատահաբար» ձեռքից գցեց: Բժիշկը Երվանդի գնալը մի ամսով հետաձգեց: Ուսից մինչեւ ձեռնաթաթը առաջին աստիճանի այրվածք էր ստացել: Նա ոչ մեկին չլսեց, հրաժարվեց հիվանդության թերթիկից, վերցրեց ճամպրուկը ու համբուրվեց բոլորիս հետ: Տատս ասավ․ «Ինչ֊որ տեղից մեջքիս սառը, պաղ քամի է փչում»: Չպատասխանեցինք, համարյա չպատասխանեցինք: Ասին․ «Աբա, տաք, պայծառ արեւ է»: Ասավ․ «Մեղվի ձայն չեմ առնե, մեղուն փեթակից դուրս չի գա, օդի մեջ կտրող պաղություն կա»: Ասին․ «Բացատրություններ տալու տեղ մեջքիդ շալ կապե»: Ասավ․ «Մեկը դուրս եկավ մանչուն կրնկակոխ»: Ասինք․ «Կա տուն էր ոտնատակ ընկնում»: Ասավ․ «Կատուն չէ, կատվի քայլվածքը էդքան թեթեւ ու պաղ չէ»: Հորեղբայր Մնացս բղավեց․ «Կրակ խոմ չես, այ կնիկ, խելքդ գլուխդ ժողվե»: Տատս ասավ․ «Էն կինն է, տանից դուրս եկավ, գնաց մանչու հետեւից»:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт для скрипки ре минор
Арам Хачатрян

Концерт для скрипки ре минор

Канун осени, 1972 г.
Канун осени, 1972 г.
Играть онлайн