Лер Камсар

Պառլամենտ

Նախ անունին համար այսքանն ըսեմ‚ որ պառլամենտ կոչումը ամեն ազգ չի գործածեր. պառլամենտ կըսենք մենք‚ անգլիացիք ու ֆրանսիացիք միայն։ Մնացյալ մանր ազգերն ունին իրենց ուրույն անունները։ Օրինակ, ֆինները սեյմ կըսեն. տաճիկները՝ մեջլիսի մապուսան‚ պզտիկ ռուսները՝ ռադա և այլն։ Վրացիք‚ որք Գերմանիո նման նվաճողական քաղաքականություն են սկսեր Կովկասին մեջ‚ հավանաբար ռայխստագ անունը տան իրենց խորհրդարանին։

Պառլամենտը‚ այսինքն այն‚ որ ունինք մենք‚ ֆրանսիացիք ու անգլիացիք‚ կունենա սովորաբար չորս դուռ. երկու դռնով կմտնեն հոն խոսողները‚ մյուս երկուսով՝ լսողները։ Պզտիկ դուռ մըն ալ կըլլա բեմին վրա‚ ուրկե սպասավորը ջուր կբերե‚ որ ըստ իս այժմեական դուռներեն չէ։

Պառլամենտին մեջ շարված է երեք կարգ նստարաններ. աջ կողմին աթոռներու վրա կնստին հետադեմ-բուրժուա-կղերական տարրեր։ Ասոնք չեն ուզեր‚ որ մարդիկ աշխարհիս վրա հավասար ապրեն‚ այլ կուզեն‚ որ կես մասը անոթի ըլլա, կեսը կուշտ։

Չեմ հասկանար՝ թե ինչե՞ն է‚ որ այսպես կուզեն։ Մերթ կմտածեմ‚ թե կարելի է խիստ զբաղված ըլլալով չեն գիտեր‚ որ սոցիալիզմ կա աշխարհիս վրա՝ բայց կվարանիմ‚ վասնզի անցյալ շաբաթ օր‚ անոնցմե մեկը ներկա էր տիար Հայկ Ազատյանին ատենախոսությանը. կարելի՞ բան էր‚ որ անտեղյակ մնային...

Աջակողմյան շարքի ետևի աթոռները կծառայեն որպես պանդոկ օտարական մարդոց‚ զորօրինակ‚ հյուր մը‚ այլազգի մը‚ կամ գիշերով դավանանքը կորսնցուցած մարդ մը եթե պատահի՝ հոն կնստի։

Ձախ կողմը կնստեն հավասարասերները։ Ասոնք կուզեն‚ որ երջանկություն ու հավասարություն ըլլա ամենուրեք։ Խնդրի մը վրա երկար ու բարակ չեն խորհիր‚ անոնց ամեն բանը նախապես մտածված‚ չափված-ձևված է։

-Շովինիզմ‚ նացիոնալի՞զմ՝

-Կորչի՜։

-Կապիտալ‚ կապիտալի՞զմ՝

-Նույնպե՜ս։

-Պատերազմ ու միլիտարի՞զմ՝

-Չքվի՜‚ չերևա։

Եվ այսպես‚ ամեն երևույթի համար պատրաստի բանաձևը շրթունքներին կշրջեն. հանգամանք մը‚ որ անոնց կուտա հաստատուն անհողդողդ ու վճռական կերպարանք։ Եթե մեկը անոնցմե կփռնքտա՝ բնավ պատահական չես գտներ հոն, այլ կըսես՝ ասիկա պատմական անհրաժեշտություն մըն էր‚ ու չէր կրնար չկատարվիլ...

Կեդրոնի աթոռներու վրա նստող մարդոց դավանանքին մասին դժվար է բան մը ըսել‚ ինչու որ‚ գործով են կլանված։ Եթե ճշմարիտ է‚ որ սկզբունքը միայն պարապ մարդիկ կունենան‚ ապա ուրեմն պիտի սպասենք‚ մինչև որ պարապ մնան‚ սկզբունքի մը վրա մտածելու համար։ Ժամանակին Իսահակը Հակոբ անունով որդի մը ուներ‚ որը առտվնե մինչև իրիկուն խոհանոցը մտած՝ մորը հետ կաշխատեր։ Ես միայն Հակոբին կրնամ նմանցունել սա կեդրոնականները‚ որք կառավարության հետ առանձնացած՝ պետություն կպատրաստեն հայ ժողովրդին համար։ Իսկ նիստերու ատեն ունեն սկզբունք մը՝ աջիններեն ավելի հաստատուն‚ ձախիններեն ավելի անհողդողդ‚ այդ այն է‚ որ պետք է պաշտպանել կառավարությունը‚ ինչ ալ ընելու ըլլա։

Այս երեք շարքի մարդոցմեն առաջինը ինքզինքը ժողովրդական կուսակցություն կանվանե‚ երկրորդը՝ սոցիալիստական ֆրակցիա‚ իսկ երրորդը՝ դաշնակցական։

Պառլամենտի սա երեք հատվածները այնքան անփոփոխ նույն տեղը կնստին‚ որ սկզբները կկարծեի, թե սկզբունքները բուն իսկ տեղեն է‚ որ կբխի. ըստ այսմ‚ ով ալ որ նստի ձախակողմյան աթոռներուն վրա‚ ազատամիտ գաղափարներ պիտի հայտնե։ Սակայն սխալ էի։ Օր մը աջի մարդոցմե մեկը‚ որ պատահմամբ ձախն էր նստեր‚ կարծիք հայտնելուն դարձյալ նույն հետադեմ‚ նույն կղերա-պահպանողական մտքերը հայտնեց։ Այդ օրեն հասկացա‚ որ սկզբունքը տեղական‚ կլիմայական պայմաններե չազդվիր‚ այլ անփոփոխ կգտնվի յուրաքանչյուրին մեջ‚ ու չի ալ խառնվիր ու աղավաղվիր‚ վասնզի, եթե աջ մը մոռացած է իր լսելիքը‚ ձախին նայելով իր խոսքը կճշտե։ Եթե ձախը ճերմակի մասին կխոսի‚ բնական է‚ որ իր ըսելիքը սև ըլլա‚ եթե սևի մասին՝ ճերմակ։ Իսկ թե ինչո՞ւ համար անպատճառ ժողովրդականը աջ կողմը պիտի նստի‚ մյուսը՝ ձախ‚ մեկալը կեդրոն՝ այդ չկրցա հասկնալ‚ հավանաբար պատահական դասավորություն ըլլա։ Ես ալ‚ օրինակ‚ պզտիկ ժամանակս‚ մյուս երկու եղբայրցս հետ պառկելուս‚ միշտ եզր պառկելը կնախընտրեի...

Ետևի կողմեն եթե ընդհանուր ակնարկ մը նետելու ըլլանք սա հատվածներուն վրա‚ կպարզվի‚ որ ձախ նստողներուն մազերը սեփ սև է, կեդրոնականներուն՝ գլուխը սև ու ճերմակ մազերը հավասարաբար բաժներ են իրարու մեջ‚ իսկ աջակողմյաններու գագաթները մեծավ մասամբ մերկ-փայլուն. մազերը կգտնվին միայն լանջերուն վրա‚ կամ գլխի արևակող մասերը։

Այս երևույթը միամիտ դիտողի մը կրնա սա սխալ եզրակացությանը տանել‚ թե՝ պզտիկ ատենը մարդս առհասարակ սոցիալիստ կըլլա ու հասակն առնելուն‚ հետադեմ կդառնա։ Բայց սխալ է. վասնզի եթե ճիշտ ըլլար‚ ապաքեն ձախակողմյանները պիտի որոշեին այլևս չմեծնալ։

Պառլամենտին մեջ նիստեր կան‚ երբ կուսակցական շարքերը փետրափոխ թռչունի մը նման լերկ ու ցանցառ կըլլան‚ իսկ ատոր հակառակ նիստեր ալ կան‚ որ ձմեռվա աքիսի նման թավ կըլլան‚ այդ այն նիստերուն‚ երբ հակառակ մյուս կուսակցությանց՝ խնդիր մը պիտի անցունեն ու մատի պետք ունին։

Պառլամենտին ճակատը շինված է բեմը։ Բեմին վրա կնստի մեկը‚ որուն Հայր Աբրահամ կըսեն‚ անոր հետ կան երեք այլ մարդիկ‚ որք ոչ թե Հայր Աբրահամուն գոգը կնստին‚ այլ անոր կողքը‚ քովնտի։

Այս բոլորեն զատ՝ կա նաև խումբ մը‚ որ առանձնացած կնստի ձախակողմյան պատին տակի մեկ անկյունը՝ բեմին առջև՝ ճիշտ այն շարքով‚ ինչ շարքով որ «Յոթն եղբայրք» կոչված համաստեղությունն է երկնակամարին վրա։

Պառլամենտին լեզուն հայերեն է‚ երեք կուսակցություններն էլ կխոսեն այդ լեզվով. ունեն յոթը հոլովներն ալ. բոլորն ալ կըսեն՝ մինիստրը‚ մինիստրի, մինիստրին‚ սակայն մինիստրին կատարած գործողությունները‚ այսինքն՝ բայերը տարբեր խոնարհելուն համար‚ իրարու չեն հասկնար։

Ձախակողմը կխոնարհե այսպես.

Սահմանադրական եղանակ.

Ներկա ժամանակ՝

Մինիստրը՝

կընե‚

գեշ կընե,

շատ գեշ կընե։

Անցյալ՝

ըրավ‚

գեշ ըրավ‚

շատ գեշ ըրավ.

Ապառնի՝

պիտի ընե‚

գեշ պիտի ընե‚

շատ գեշ պիտի ընե։

Պայմանական՝

որ ընե՝ կընե‚

որ ընե՝ գեշ կընե‚

որ ընե՝ շատ գեշ կընե։

Ներկա ընդունելություն.

ընելու չէ։

Անցյալ՝

ընելու չէր։

Կեդրոնը այսպես կխոնարհե։

Մինիստրը՝

կընե‚

լավ կընե‚

շատ լավ կընե։

Անցյալ՝

ըրավ‚

լավ ըրավ‚

անթերի ըրավ։

Ապառնի՝

պիտի ընե‚

լավ պիտի ընե‚

շատ լավ պիտի ընե։

Պայմանական՝

որ ընե՝ կընե‚

որ ընե՝ լավ կընե‚

որ ընե՝ հիանալի կընե։

Ներկա ընդունելություն.

Յա՞‚ գործն ասանկ

ըլլալու է։

Անցյալ՝

Յա՞‚ գործն ասանկ

ըլլալու էր։

Աջակողմը ձախին նման

կխոնարհե‚

միայն ընդունելությանց մեջ

կշեղվի.

Ընդունելություն ներկա.

չէ‚ պրեմիերը մեզմե

ըլլալու է։

Անցյալ՝

չէ‚ պրեմիերը մեզմե

ըլլալու էր...

1919թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Hoghushogh
Элен Йолчян

Hoghushogh