Лер Камсар

Նամակ Աշոտ Հովհաննիսյանին

Անսկիզբ և անավարտ

Անցյալներ, երբ եղա ձեզ մոտ եւ ի միջի այլոց պաշտոն խնդրեցի ապրելու համար, դուք ի միջի այլոց խորհուրդ տվիք ինձ` կամ դաշնակցական տեսակետի վրա կանգնել ու քննադատել կոմունիստներին, կամ կոմունիստական տեսակետի վրա կենալ ու հարվածել դաշնակցությանը։

Երբ 5-6 քայլ հեռացեր էի ձեր դռնից, կամեցա ետ դառնալ ու հարցնել.

- Եթե կոմունիստ դառնամ ի՞նչ պաշտոն կստանամ, եթե դաշնակցական դառնամ` ի՞նչ պաշտոն։

Որովհետեւ այն մարդը, որ պաշտոնի համար պիտի որեւէ կուսակցության պատկանի` բնական է, որ ընտրե այն կուսակցությունը, որն ավելի ձեռնտու է իրեն…

Իսկ երբ 100 քայլ էի հեռացեր ձեր դռնից` կամեցա վերադառնալ եւ հետեւյալը հարցնել.

- Մի՞թե ձեզ հայտնի չէ, որ այս երկրում դաշնակցական լինելը անկարելի է. մի՞թե չգիտեք, որ ով դաշնակցական տեսակետի վրա կանգնի, նա Չեկայում պիտի նստի…

...Անցյալ օր, երբ կնոջս հետ մի ծանոթ թուրքի այգի գնացինք մեկ փութ սերկեւիլ առնելու, իմ հարցին, թե` «մեզ մի փութ սերկեւիլ կտա՞ս», թուրքը պատասխանեց.

- Ողջ բաղս քեզ փեշքեշ։

Այս հայտարարությունը, սակայն, բնավ չխանգարեց, որ կշռելիս մի մեծ սերկեւիլ վերցներ ու փոքրը դներ տեղը, որ կշեռքի թաթերը ուղիղ նայեին։

Աշխարհայացքիս մասին

Մենք ընդամենը երեք անգամ իրար ենք հանդիպած, եւ այդ բոլոր երեք անգամներն էլ, դուք դաստիարակի մը հոգատարությամբ, ցանկացել եք, որ ես աշխարհայացք ունենամ։ Մի անգամ նույնիսկ, ինքնասիրությունս խթանելու համար, անաշխարհայացք մարդը կապիկի հետ համեմատեցիք։ Խորհուրդ կուտաք քաղգրագիտություն սովորելու։

Քաղգրագիտությունը այնքան, ինչքան հարկավոր է սոցիալիստ հետեւաբար եւ կոմունիստ չլինելու համար` գիտեմ։

Գալով դավանանքիս, ընթացիկները երկուսն են` քրիստոնեություն եւ սոցիալիզմ, դավանանքներ, որք հավասար չափով հավատք են պահանջում իրենց հետեւողներից. մի բան որ իմ մեջ իսպառ բացակայում է։

Քրիստոնեությունը եւ մարքսիզմը, որպես միտք, որպես իդեա որին չպետք է հասնել պատիվ է բերում իր հանճարեղ հեղինակներին միայն` Քրիստոսին եւ Մարքսին։ Իսկ երբ այդ առօրյա գործածության համար չստեղծված թեորեաները մարդիկ ուզենան կիրառել, կստեղծվեն այն անհեթեթությունները, ինչ որ ականատես ենք ներկայիս։ Միլիոնավոր քրիստոնյաներ կան այսօր, որք երկու շապիկ ունեն եւ մեկը չունեցողին չեն տար, մեկ միլիոն կոմունիստ կա, որք հանդուրժում են վարձատրություն 1։

Քրիստոնեությունն ու սոցիալիզմը ինչպես եւ բոլոր կրոնները իրենց սկզբնական շրջանում, տարակույս չկա, որ եղել են մաքուր եւ իդեալական։ Այդ այն շրջանն է, երբ իդեաները չեն ունեցել նյութական համապատասխանություններ հանձինս եկեղեցու եւ ծեսերի, երբ «ապարատ» գոյություն չի ունեցել տակավին։ Իսկ այն րոպեին, երբ հանդես եկավ «զոհը» իբրեւ անհրաժեշտ հետեւանք, առաջացավ քահանայական դաս, ու իդեան դարձավ գործ։

Տերմինները զանազան կրոններու մեջ զանազան են։ Մի տեղ կկոչվի, մյուս տեղ` «բյուջե»։ Մի տեղ «դասք քահանեից», այլ տեղ «աշխատավորներու կադր»։ Տեղ մը քահանաները երկար միրուք կթողնին ու փարաջա կհագնին, մյուս տեղ պեխն էլ կածիլեն ու գալիֆե շալվարով կպպտին։

Բայց այս բոլոր առերեւույթ զանազանությանց հիմքը այն հիմնական նմանությունը կկազմե, որ երկու կրոնների մեջ էլ կան մարդիկ, որք այդ կրոնները դավանելով կապրեն։

Կսիրեմ քրիստոնեությունը նախնական դարերի, երբ հետեւողները այրերի մեջ կապրեին, երբ կհալածվեին ու կխաչվեին իրենց գաղափարների համար։ Այսինքն այն շրջանը կսիրեմ, երբ հավատը իրենց վնաս էր բերում։ Ու կատեմ քրիստոնեությունը այն շրջանից սկսած, երբ սկսեց շահաբեր դառնալ իր հետեւողներուն։

Ինչպես թուրքի կանայք գեղեցիկ են, որովհետեւ փակված են, այնպես էլ կուսակցությունը գրավիչ է` երբ անլեգալ է։ Եթե մի հինգ տարի դաշնակցությունը շարունակեր երկիր կառավարել, պիտի դադարեր այլեւս կուսակցություն լինելուց։

...Ես չեմ հասկանում ինչո՞ւ կոմունիստները իրենց «կուսակցություն» են համարում։ «Կույս» գրաբար կնշանակե «կողմ»։ Եթե մի «կողմում» կոմունիստներն են, մյուս «կողմերում» ովքե՞ր են հապա։ Եթե կոմունիստական կուսակցությունը ինքզինքը հակադրում է «անկուսակցականությանը»` այդ սխալ է անում, ինչու որ այդ պարագային կնշանակե «անկուսակցականությունը» ոչ այլ ինչ է` քան մի «կուսակցություն»։ Մի կուսակցություն, որ ունի համոզմունք եւ ոչ մի հնարավորություն չի գտնում մտնել կոմունիստական կուսակցության մեջ։

Որովհետեւ, եթե համոզմունքը բացակայեր, էն ո՞վ էր, որ չպիտի մտներ կոմկուսի շարքերը, ուր մարդիկ ունեն դիրք, լավ ռոճիկ, պատրաստի օթոմոբիլներ, ձայնավոր ու անձայն հեռախոսներ ու կուլտուրայի բոլոր բարիքները։

Ընկե՛ր Աշոտ, եթե ես զուրկ լինեի աշխարհայացքից, ինչպես դուք եք կարծում, 21 թվին, երբ Թավրիզից վերադարձա, շատերի նման կուս. շարքերը կմտնեի ու ես էլ Չարենցի նման խորհրդային փողերով Եվրոպա կերթայի ու այնտեղի կաֆե-շանտանների կույսերուն ավետիք կուտայի, եւ ոչ թե սիոնի աղքատների նման մայթերի վրա այս ու այն «պատասխանատու ընկերոջից» պաշտոն կմուրայի ամբողջ վեց տարի։

Մի քանի բան կյանքի ու գրականության մասին

Եթե ընդունենք, որ «գրականությունը կյանքի հայելին է»` անմիջապես պիտի ընդունենք, որ խորհրդային երկրում կյանք չկա, որովհետեւ գրականություն գոյություն չունի։

Արտասահմանից բերված գրագետներով չի, որ գրականություն պիտի ստեղծվի։ Իմ կարծիքով պետք է Շիրվանզադեին պետական 2-րդ հյուրանոցից հանել եւ դնել թանգարանը։ Մի մարդ, որ ընդամենը երկու տարի առաջ բոլշեւիկներին «կարմիր բեշեննի» էր անվանում եւ երկու տարի հետո Լենինի փառքն է ճռվողում Լենինականի ավերակների վրա։

Գրականությունը ստեղծվում է ազատության մեջ։ Այսօր, եթե Շեքսպիրը հարություն առնե եւ մի գիրք գրե. Հայաստանի ցենզոր Մելիքսեթյանը պիտի ասի նրան.

- Ընկե՛ր Շեքսպիր, դեռ շուտ է ձեզ գրիչ վերցնել, դեռ գացեք «Քիթ Մաթո» կարդացեք…

Ասում են ազատ է գրում` գեթ Ռուսաստանի ազատությունը տվեք մեզ։

Ես ձեզ հավատացնում եմ, որ միջնադարյան կաթոլիկ հոգեւորականությունը եթե այնքան խիստ լիներ հանդեպ Գալիլեյի ու Կոպեռնիկոսի, ինչքան այսօր Հայաստանի ցենզորն է հանդեպ հեթանոս գրողների, մինչեւ այսօր արեւը պիտի շարունակեր պտտվել երկրիս շուրջը ու երկրագունդը պիտի նստած մնար մի եզան եղջյուրի վրա…

Դուք ոչ թե նոր կյանք եք ստեղծել, ոչ թե կյանքի հունը փոխել եք, այլ կյանքի դիմաց խոշոր քարեր եք գլորել ու կյանքը ։

Ո՞րն է դեպի սոցիալիզմ տանող ձեր ճամփան` կոոպերացիա՞ն։ Այո՛, ձեզ համար կոոպերացիան շարունակում է դեպի սոցիալիզմ տանել, որովհետեւ երբեք անձամբ չեք մտնում այդ Դանթեի դժոխքները։ Սա մի ամիս է կինս աշխատում է մի քանի արշին շապկացու առնել, շաբաթը մի քանի անգամ գնում, ճմլվում, կսմթվում, տրորվում ու ձեռնունայն գալիս է տուն։ Իսկ մի օր էլ, երբ առաջարկեցի նորից փորձել, նստեց ու երեխայի նման լաց էր լինում։

...Ու քանի որ դուք ձեր կանանց չեք ուղարկի կոոպերատիվ սպիտակեղեն գնելու, միշտ պիտի այն սխալին մնաք, որ կոոպերատիվը դեպի սոցիալիզմն է տանում…

Շինարարությո՞ւնը…

Եթե Հայաստանը վեց տարվա մեջ քսան տուն է շիներ, Ամերիկան օրական հարյուր տուն է շինում։ Եթե Հայաստանը Շիրակի ջրանցքը շինեց, Անգլիան Սուեզի ջրանցքը բացավ։

Տարբերությունը սա զույգ շինարարությանց այն է, որ նրանց շինածը մասնավոր է ու իրենց աչքի լույսի պես կպահեն, իսկ ձեր շինածը համայնական է ու ոչ ոք անձամբ պատասխանատու չէ։

Կհիշե՞ք ինչպես Նալբանդյան փողոցի համար 3 տունը երկուշաբթի շինեցին լմնցուն, երեքշաբթի ջուրը կապեցին վրան ու ծեփերը փրթավ։ Դուք կարծում եք պիտի չի գա՞ մի օր որ պետությունը ձանձրացած այդ բոլորից մասնավորներին վաճառքի հանի այն բոլոր տները, որք այսօր դեպի սոցիալիզմ տանող ճամփաներ կնկատվեն։

...Անցյալ օր ա. տպարանի խոշոր դռան ապակին քամին զարկավ փշրեց, ու բոլոր բանվորները հռհռոցով ու գոհունակությամբ ընդունեցին այդ փաստը1...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Колыбельная для мамы
Элен Йолчян

Колыбельная для мамы

Фресно, вторник, 3 октября 1972 г., 23:00, № 1
Фресно, вторник, 3 октября 1972 г., 23:00, № 1
Играть онлайн