Лазарос Агаян

Վիշապին հաղթողը

(Դյուցազնական աշխարհից)
1

Ինչ որ ձեզ ասելու եմ, սիրելի՛ մանուկներ, պատահել է մեզանից, ո՛վ գիտե, քանի՜-քանի՜ հազար տարի առաջ…

Եվ առհասարակ բոլոր հրաշալիքները, որ ես ձեզ պատմել եմ, պատահել են շատ վաղվանից, ո՛վ գիտե՝ ո՛ր ժամանակ։

Էլլադայի հրաշալի աշխարհում մի բարձր սարի տակից բխում էր մի պատվական աղբյուր։ Որքա՜ն տարի է անցկացել, բայց այն աղբյուրը դեռ մինչև այսօր էլ կա և բխում է միևնույն տեղից։

Օրը մթնելու վրա էր, արեգակն անց էր կենում սարերի քամակը և իր վերջին ճառագայթներովը ոսկեզօծում էր մեր ասած լեռնային աղբյուրը, երբ մի երիտասարդ, Բելլերոֆոն անունով, մոտեցավ նրան։ Երիտասարդը մի սանձ ուներ ձեռքին, մի սանձ՝ անգին գոհարներ հագցրած և ոսկենկար փորագրություններով զարդարած։ Նա աղբյուրի մոտ տեսավ մի ծերունի, նրա մոտ միջահասակ մի գյուղացի, մի սիրուն գանգուրիկ տղա և մի մատաղահաս աղջիկ, որ ուզում էր ջուր տանել աղբյուրից։ Երիտասարդը կանգ առավ այդտեղ և խմելու ջուր ուզեց աղջկանից։

– Ի՜նչ հրաշալի ջուր է,– ասաց նա, երբ որ խմեց և ետ դարձրեց փարչը։

Աղջիկը փարչը ողողեց և նորից լցրեց։

– Սիրուն աղջիկ,– ասաց երիտասարդը,– խնդրում եմ, ասա՛ ինձ, այս աղբյուրը չունի՞ մի որևիցե անուն։

– Ինչպե՜ս չէ,– պատասխանեց ջահել աղջիկը,– սա Պիրենայի աղբյուրն է։ Ես իմ տատիկիցս լսել եմ, որ Պիրենան մի սիրուն կնիկ է եղել։ Երբ որ նրա որդուն նետով սպանել է որսորդուհի Արտեմիսը՝ Պիրենան այնքան է լաց եղել, այնքան ողբացել, արտասվել, որ ինքը տեղն ու տեղը աղբյուր է կտրվել։ Սրանից է, որ այսքան անուշ է այս աղբյուրը, սրա կաթիլները որդեսեր մոր սրտի կաթիլներն են։

– Ես չէի կարծիլ երբեք, որ այսպիսի մի պայծառ, ուրախ և խաղացկուն աղբյուր արտասուքի՜ց լիներ առած իր ծագումը։ Սրա կարկաչյունն այնքան ուրախ է և այնքան գեղեցիկ է փայլում արևի տակ։ Ուրեմն, սա ի՞նքն է Պիրենայի աղբյուրը։ Սիրո՛ւն աղջիկ, շատ շնորհակալ եմ տված տեղեկությանդ համար։ Ես շատ հեռու տեղից եմ գալիս, և հենց սրան էի ման գալիս, սրան էի փնտրում։

Միջահասակ գյուղացին, որ իր կովը բերել էր ջուր տալու աղբյուրից, աչքերը հառած բոլոր ժամանակ Բելլերոֆոնին էր մտիկ տալիս և նրա ձեռքում եղած հրաշալի սանձին։

– Բարեկա՛մ, երևում է, որ ձեր կողմերում լեռնային աղբյուրները մի չտեսնված հրաշալի բան են,– ասաց նա երիտասարդին,– և դրա համար է, որ ալարդ չի եկել, և այնքան հեռու տեղից եկել ես Պիրենայի աղբյուրը գտնելու։ Եվ այդ ի՞նչ է պատահել քեզ, բարեկա՛մ, երևի ձիդ կորցրել ես։ Սանձն ինչո՞ւ համար ես բռնել ձեռիդ։ Եվ ի՜նչ սիրուն զուքս ունի, ի՜նչ սիրուն զարդարանք։ Երկու շարք, բոլորն էլ անգին քարեր։ Եթե ձիդ էլ սանձիդ նման է եղել, դրան հարմար, ուրեմն՝ շա՜տ ափսոս, եթե կորել է։

– Իմ ձին չի կորել,– ասաց երիտասարդը ժպտալով։– Ես դեռ նոր պիտի գտնեմ այն երևելի ձին, որ, իմաստուն մարդկանց ասելով՝ պետք է որ ձեր կողմերումը լինի անպատճառ։ Բարեկա՛մ, դու ինքդ լսած չկա՞ս, Պեգաս անունով թևավոր ձին հիմա էլ գալի՞ս է արդյոք Պիրենայի աղբյուրից ջուր խմելու, ինչպես որ սովորություն է ունեցել այն հին ժամանակները, երբ դեռ կենդանի է եղել քո ապուպապի ապուպապը։

Գյուղացին ուրախ-ուրախ խնդխնդաց երիտասարդի այս ասածի վրա։

Իսկ դո՛ւք, իմ սիրելի ընթերցողներ, լսած կա՞ք արդյոք, որ Պեգաս անունով մի ձի է եղել, հրեղեն ձի, ձյունի նման սպիտակ, արծաթափայլ շքեղ թևերով։ Նա կենալիս է եղել Հելիկոն սարի գագաթի վրա։ Պեգասը եղել է շատ կայտառ և աշխույժ, արագընթաց և թեթևագնաց, նա բարձրանալիս է եղել մինչև ամպերը և այնքան բարձր, ուր արծիվն անգամ չէր կարող հասնիլ։ Նրա նման էլի մի ուրիշ ձի չի եղել աշխարհքում, նա չի ունեցել իրա հատը։ Ոչ ոք նրան չի թամքած, ոչ ոք չի սանձած, չի պայտած, և նա շատ տարիներ ապրել է Հելիկոն սարի գագաթին մեն-մենակ, ազատ և բախտավոր։

Եվ ինչքա՜ն ուրախ էր անցկացնում իր կյանքը թևավոր ձին։ Գիշերները քնում էր անուշ քնով, բաց-բացահար, ուրևիցե մի լեռնային հարթ տափարակի վրա, իսկ ցերեկվա մեծ մասն անց էր կացնում այս և այն կողմ թռչելով։ Պեգասը ոչ մի բանով նման չէր մեր ձիերին։ Մեկ էլ էիր տեսնում՝ անց էր կենում ահա մարդկանց գլխներով, թռած բա՜րձր, բարձր, և արևը պսպղում էր նրա արծաթափայլ թևերի վրա. այնպես էր թվում, թե՝ նա մի մեծ, սպիտակ թռչուն է, մոլորվել է ամպերի մեջ և ճանապարհ է փնտրում դեպի պարզ և կապուտակ երկինքը։ Մարդ չէր ուզում աչքերը հեռացնել, երբ մտիկ էր տալիս և տեսնում, թե ինչպես է նա սուզվում բամբակի նման բարդ-բարդ կուտակված ամպերի մեջ։ Սուզվում է, անհետանում մի երկու րոպե, մեկ էլ տեսնում ես, որ թռչում է նա ամպերի մյուս կողմով։ Հավաքվում, կուտակվում են մրրկալից ամպեր, երկինքը սևանում է. գետնքի վրա շաչում-շառաչում է փոթորիկը, բայց Պեգասն իսկի այնումը չի գցում, նրա հոգը չէ բնավ, սլանում, սավառնում է մի տեղից դեպի մյուսը, և հրաշեկ թեժ փայլակը լուսավորում էր նրան ծիրանագույն լուսով։ Թաքչում էր փայլակը, և Պեգասն անհետանում էր թանձր խավարի մեջ։ Մարդկանց մեջ այսպիսի մի հավատ կար, որ իբրև թե՝ ով որ արժանանար մեկ անգամ նայելու այս հրաշալի տեսարանին, այնուհետև նա ամբողջ օրերով կզգար մի առանձին հոգեկան ուրախ տրամադրություն։

Ամառը, լավ եղանակ ունեցող օրերին, Պեգասն իջնում էր ամուր գետնի վրա և, իր արծաթափայլ թևերը ծալելով, չափ ընկնում դես ու դեն, և սար ու ձոր ոտքի տակ տալիս, և այդ անում էր հենց այնպես, իր զվարճության համար։ Ամենից շատ տեսել են նրան Պիրենայի աղբյուրի մոտ, ուր նա անհագությամբ խմելիս է եղել նույն աղբյուրի ջրից կամ թավալելիս փափուկ կանաչկուտի վրա։ Պատահել է և այնպես, որ Պեգասը գջլում է եղել մի քանի ծաղիկ սպիտակ կամ կարմիր առվույտից, նրանցից էլ ընտրելով ավելի քաղցրերը։ (Նա շատ զգույշ է եղել արածելիս, շատ չմահավան, ամեն խոտ չէր արածիլ)։

Մեզանից մի քանի հարյուր տարի առաջ, շատ մարդիկ էին գնում Պիրենայի աղբյուրի մոտ և շատ անգամ, այն հուսով, որ ինչպես լինի՝ գոնե մեկ անգամ նայեն Պեգասի վրա։ Իսկ գնացողներն ավելի ջահիլ մարդիկ էին լինում՝ երիտասարդ և պատանի, որոնք ամենից շատ էին հավատում, թե՝ կան թևավոր և հրեղեն ձիաներ։ Բայց վերջին ժամանակները Պեգասը շատ հազիվ էր երևում։ Աղբյուրից մի կես ժամու չափ հեռու եղած գյուղացիք իրանց օրումը տեսած չէին Պեգասին և ոչ էլ հավատում էին, թե՝ կարող է լինել այնպիսի մի հրաշալի ձի։ Այժմ Բելլերոֆոնի հետ խոսող գյուղացին նույն չհավատացողներից էր. սրա համար էլ շատ խնդաց, երբ ասացին, որ իբր թե՝ Պեգասը գալիս է Պիրենայի աղբյուրից ջուր խմում։

– Այ քեզ բա՜ն… ինչե՜ր են հնարել,– բացականչեց նա, տափակ քիթը վեր ցցելով, և սկսեց քրքջալ։– Պեգա՜ս ձի, և այն էլ՝ թևավո՜ր… Բարեկա՛մ, երևում է, որ խելքդ կորցրել ես,– ասաց նա երիտասարդին։– Թևերն ի՞նչ հարկավոր են ձիուն։ Մի՞թե թևավոր ձին ավելի լավ բեռ կկրե։ Ճշմարիտ, էլ պայտելու ծախս չէր ունենալ նրա տերը, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Կերթար գոմը, որ Պեգասին դուրս քաշեր այնտեղից, բայց մեկ էլ տեսար՝ քո Պեգասդ… թը՜ռռռ… այսօր ես կորել, թե էգուց։ Դե հիմա հետևիցն ընկիր, տեսնեմ՝ որտե՞ղ պիտի գտնես նրան։ Մի օր կհեծնի, որ երթա ջաղաց, մեկ էլ տեսար՝ քո Պեգասդ թը՛ռ, թը՜ռ-թը՜ռ… դեպի երկինք, և այնտեղից իր տիրոջը թը՜րրա՜խկ… դեպի գետին, այն էլ՝ գլխիվայր, կլտիպո՜ւզ, գլըխկոնծի… Չէ, չէ, եղբա՛յր, մի՛ հավատար, պեգաս-մեգաս չկա։ Աշխարհքումս թռչնաձի չի եղել և չի էլ լինիլ երբեք։

– Ես պատճառ ունիմ բոլորովին ուրիշ կերպ մտածելու,– ասաց երիտասարդը առանց վրդովվելու, և իսկույն երեսը դարձրեց դեպի ծերունին, որ կանգնած էր նրանից երկու քայլաչափ հեռու և, իր գավազանի վրա հենված, ուշադրությամբ ականջ էր դնում նրանց ասածներին, նա մինչև անգամ դրա համար գլուխը փոքր-ինչ թեքել էր դեպի նրանց և ձեռքով ականջի մի կողմը ծածկել վահանի պես, որ լսել կարողանա։ Վերջին քսան տարին ծերունին համարյա թե խլացել էր բոլորովին։

– Դու ի՞նչ կասես, պապի՛,– հարցրեց երիտասարդը,– դու քո ջահել ժամանակդ անպատճառ տեսած կլինես թևավոր ձին, և շատ անգամ։

– Ես, հոգի՛ ջան, հիշողությունս կորցրել եմ բոլորովին։ Միտս է գալիս միայն, որ ջահել ժամանակս հավատում էի, որ կա թևավոր ձի. այսպես հավատում էին և նույն ժամանակի բոլոր ջահիլները։ Իսկ հիմա միտք է՛լ չի մնացել գլխումս, էլ իմ ի՞նչ ժամանակն է թևավոր ձիու մասին մտածելու։ Եթե պատահած էլ լինիմ Պեգասին, այդ հիմա, ով գիտե, քանի՜ ժամանակվա բան կլինի, վաղո՜ւց, շատ վաղուց կլինիմ պատահած։ Իսկ հիմա, ուղիղն ասեմ, դժվարանում եմ հավատալ, որ երբևիցե տեսած լինիմ Պեգասին։ Միտս է գալիս երազի նման, որ երեխա ժամանակս ահա այստեղ, աղբյուրի մոտ, մեկ անգամ կարծես թե նկատեցի ձիու հետք։ Կարելի է թե՝ Պեգասի հետքը լիներ կամ, ով գիտե, գուցե նրա հետքը չէր, այլ՝ մի ուրիշ ձիու։

– Իսկ դո՞ւ, սիրո՛ւն աղջիկ,– հարցրեց ջահիլ աղջկանը, որ կուժն ուսին կանգնած էր նրանց կշտին և ականջ էր դնում ծերունու ասածներին,– դու անպատճառ տեսած կլինիս, այո՛, դու այդպիսի սուր-սուր աչքեր ունիս։

– Ինձ այնպես է թվում, որ մեկ անգամ տեսած պիտի լինիմ նրան,– պատասխանեց ջահիլ աղջիկը՝ ժպտալով և կարմրելով։– Ուղիղ իմ գլխի վրայով, բա՜րձր, շատ բա՜րձր, օդի մեջ սավառնում էր մի բան. թե ասեմ Պեգասն էր՝ Պեգասը չէր. թե ասեմ մի ահագին սպիտակ թռչուն էր՝ թռչուն չէր։ Բայց մի ուրիշ անգամ էլի եկա այստեղ կուժն ուսիս և հանկարծ ձիու վրնջյուն լսեցի։ Սիրտս այնպես ուրախացավ, որ չեմ կարող ասել, այնպես մի քաղցր, այնպես մի աշխույժ վրնջյուն էր։ Բայց, այսուամենայնիվ, ես վախեցա, չգիտեմ ինչից, և վազեցի տուն՝ առանց ջրի, դատարկ կժով։

– Ափսո՜ս,– ասաց պատանին և երեսը դարձրեց դեպի փոքրիկ տղան, որ նրա մոտ կանգնած էր և նայում էր Բելլերոֆոնի վրա՝ վարդանման բերանը լայն բաց արած։ Մանուկները միշտ այսպես են նայում անծանոթ մարդկանց վրա։

– Դու ի՞նչ կասես, սիրո՛ւն մանկիկ,– հարցրեց Բելլերոֆոնը՝ ծիծաղելով և շոյելով երեխայի գանգրիկ մազերը։– Դու շատ անգամ տեսած կլինիս այստեղ թևավոր ձին։

– Շա՜տ անգամ, այո՛,– վստահաբար պատասխանեց մանուկը։– Հեռու չէ, հենց երեկ ես տեսա նրան, առաջ էլ ես միշտ տեսել եմ նրան։

– Ապրի՜ս, ապրի՜ս,– բացականչեց երիտասարդը՝ մոտ քաշելով երեխային։– Հապա՜, եղբա՛յր, մեկ լավ մոտեցիր և պատմի՛ր ինձ, տեսնեմ՝ ինչպե՞ս ես տեսել։

– Ահա՛ թե ինչպես։ Մեկ անգամ գալիս եմ այստեղ, աղբյուրը, որ նավակներ ձգեմ ջրի վրա և նախշուն քարեր հավաքեմ։ Շատ անգամ աչքս ջրի մեջն եմ գցում, մտիկ տալիս և տեսնում եմ նրանում, որ երկնքովը թռչում է մեկ սպիտակ թևավոր ձի։ Սիրտս միշտ ուզում է, որ նա իջնի երկրի վրա, ինձ վերցնի հետը և տանե լուսնի վրա դնե։ Բայց հենց որ վեր եմ կենում կանգնում, որ ուղղակի ձիուն մտիկ տամ, մեկ էլ տեսնում եմ՝ էլ ձի չկա՜, անհետանում է իսկույն ամպերի մեջ։

Բելլերոֆոնն ավելի երեխային հավատաց, որ թևավոր Պեգասի պատկերը տեսել էր աղբյուրի մեջ անդրադարձած, մեկ էլ՝ մատաղահաս աղջկանը, որ լսել էր Պեգասի քաղցր ձայնով վրնջալը, ու մեկ էլ՝ ծերունուն, բայց ոչ գյուղացուն, որ միայն լծկան ու բեռնակիր ձիաների գոյությանն էր հավատում, և ոչ թևավոր։

2

Բելլերոֆոնը մի քանի օր շարունակ թափառեց Պիրենայի աղբյուրի մոտերքում և թևավոր ձիու հետքը պահեց։ Նայում էր փոփոխակի՝ երբեմն երկնքին և երբեմն ջրին, միշտ հուսալով, որ մեկնումեկում կտեսնի կա՛մ իրան՝ Պեգասին, և կա՛մ նրա անդրադարձությունը։ Թանկագին սանձը միշտ պատրաստ ուներ ձեռին։ Մոտակա գյուղացիք շատ անգամ իրանց տավարը ջուր տալու բերելիս ծիծաղում էին երիտասարդի վրա և երբեմն նաև խրատ էին տալիս, ասելով. «Այդ ի՞նչ դատարկաշրջիկ տղա ես դու. զուր ժամանակ ես անցկացնում միայն, ավելի լավ չէ՞ր լինիլ, որ մի որևիցե գործով զբաղվեիր։ Ձի՞ ես ուզում առնել՝ ա՛ռ, մենք ծախու ձիաներ շատ ունինք»։ Երբ որ Բելլերոֆոնը չէր ընդունում նրանց ասածը՝ նրանք առաջարկում էին, որ ծախե իր սանձը։

Գյուղի մանուկները նրան խենթ էին համարում, ծաղրում էին, փեշերից ձգձգում էին, ծամածռություններ էին անում, զանազան փուտ անուններ էին կպցնում։ Երեխայքն իրանց ծաղրածությունը մինչև այնտեղ հասցրին, որ նրանցից մեկը, հինգ տարեկան մի լակոտ, ինքն իրան Պեգաս ձևացրեց, սկսեց լոք-լոք անել, ոստոստալ, վազվզել, այս ու այն կողմը չափ ընկնել, տրտինգ տալ, ծառս կենալ՝ կռները թափահարելով, իբր թե իր կռներն էլ Պեգասի թևերն են, իսկ նրանից մեծ մի ուրիշ երեխա, մի փունջ խոտ ձեռին, մոտենում էր նրան և անասնական բացականչություններով մոտ կանչում Պեգասին։ Բոլոր այս ծաղրածությունները սարքել էին, որ տնազ անեն Բելլերոֆոնին և ջգրացնեն նրան։ Բայց նրանց հակառակ՝ այն գանգուրիկ և կայտառ մանուկը, որին առաջին օրը հանդիպեց Բելլերոֆոնը, չէր հետևում նրանց օրինակին և շատ սիրում էր Բելլերոֆոնին։ Նա լուռ ու մունջ նստում էր Բելլերոֆոնի մոտ, լուռ ու մունջ նայում ջրի վրա անընդհատ՝ սրտանց հավատալով, որ իր տեսածն ուղիղ էր։ Երեխայի այս հաստատուն հավատը մեծ հույս էր տալիս և խրախուսում Բելլերոֆոնին։

Բայց դո՛ւք, սիրելի ընթերցողներս, գուցե կհարցնեք ինձ, թե՝ Բելլերոֆոնն ինչո՞ւ համար էր ման գալիս Պեգասին, ի՞նչ առիթ ուներ, ո՞վ էր ստիպում նրան։ Այս մի երկար պատմություն է, և ես կաշխատեմ պատմել ձեզ՝ մինչև Պեգասի երևալը։

Եթե Բելլերոֆոնի բոլոր արկածները պատմեմ նրա մանկությունից սկսած, այդ շատ երկար կլինի և ձեզ ձանձրալի, մեր քաջ երիտասարդի կյանքից ես կպատմեմ ձեզ միայն մի կտոր։

Աշխարհի այն մասում, որ կոչվում է Ասիա, մի զարհուրելի հրեշ էր լույս ընկել, որին ասում էին Քիմեռ կամ Խիմերա. մենք կասենք Օշափ, որ լսած կլինիք շատ անգամ։ Բայց այս հրեշը մի ուրիշ տեսակ վիշապ է լինում։ Թե որքան վնաս էր հասցնում մարդկանց Օշափը՝ անկարելի էր հաշվել։ Նա մի այնպիսի զարհուրելի բան է լինում, որ նրա նման մի ուրիշ բան չենք կարող ցույց տալ աշխարհիս երեսին։ Նա լինում է օձի մարմնով, մեծ վիշապօձի նման, ունենում է երեք գլուխ՝ մեկն առյուծի, մեկն այծի և մեկն էլ՝ օձի։ Նրա բաց ռեխներից՝ երեքիցն էլ, կրակ էր դուրս թափվում։ Այս հրեշը թեպետ թևեր չուներ, բայց վազում էր առյուծի նման, ցատկում էր այծի նման և սողում օձի նման, ուրեմն, նա շարժվում էր միանգամից երեք կենդանու արագությամբ, որ ասել է՝ ավելի արագ, քան թե թռչունը։

Թե որքան վնաս էր հասցնում այս զզվելի արարածը, ինչպես ասացի, անկարելի է հաշվել։ Երեք երախներից կրակ էր դուրս թռչում և բոլոր անտառները խանձխնձում, արտերն այրում, ամբողջ գյուղեր՝ իրանց պարտեզներով, այգիներով, ամբարներով, կալ ու մարագով, մի խոսքով՝ բոլոր ունեցած-չունեցածով մոխիր էր դարձնում։ Բաց էր անում երեք երախները և սկսում էր լափել ամեն պատահած բան՝ մարդ, կենդանի և թռչուն։ Լափելուց հետո շնթռկում, մրափում էր, մինչև ողջ-ողջ կուլ տված ողորմելի կենդանիները կմարսվեին նրա թոնրանման ստամոքսում։

Մեկ անգամ, պատահմամբ, Բելլերոֆոնը գալիս է Ասիա, այնտեղի թագավորին տեսնելու, հենց ա՛յն ժամանակ, երբ որ ամբողջ ժողովուրդը հեծում, տնքում էր Օշափի հասցրած վնասներից։ Այդ երկրի թագավորի անունը Հոբաթ էր, նա կենում էր Հայաստանին սահմանակից մի երկրռւմ, որ ասվում էր Լիկիա։ Բելլերոֆոնը մի շատ անվեհեր երիտասարդ էր։ Նա իրան անձը նվիրել էր քաջագործության և այնպիսի մեծագործությունների, որոնցով կարող էր օգուտ բերել մարդկությանը, ծառայել մարդկանց բախտավորությանը։ Այն ժամանակներում երիտասարդ մարդկանց միակ փառք ու պատիվն այն էր, որ մասնակցեն բոլոր պատերազմներին, կա՛մ կռվելով հայրենիքի թշնամու դեմ, կա՛մ չար դևերի, զարհուրելի վիշապների և վերջապես՝ վայրենի գազանների դեմ, այս էլ՝ այն ժամանակ, երբ ուրիշ ավելի չար բան չէր լինում, որի դեմ կռվեին։ Հոբաթ թագավորը երբ որ Բելլերոֆոնին տեսավ՝ իսկույն նշմարեց, որ իր հյուրն անվեհեր երիտասարդ է. սրա համար էլ ահա առաջարկեց նրան, որ գտնի չար Օշափին և սպանե։ Ոչ ոք սիրտ չէր անում ձեռք զարկել այսպիսի մի քաջագործության, որովհետև ամենքն էլ, նրա միայն անունը լսելով՝ դողում էին. իսկ եթե չսպանեին՝ նա պիտի ամբողջ Լիկիան անշեն անապատ դարձներ։ Բելլերոֆոնը թագավորի այս առաջարկության վրա մի րոպե մտածության մեջ ընկավ, բայց հետո վճռական խոսք տվավ թագավորին, որ կերթա, կսպանե Օշափին, իսկ եթե չկարողանա՝ իր ոսկորները նրա մոտ կթողնե։

Լսած լինելով, որ երեքգլխանի Օշափը շատ արագաշարժ և ճարպիկ է, այն մտքին եկավ, որ անկարելի է այնպիսի մի հրեշի դեմ հետևակ կռվել, այլ՝ դրա համար հարկավոր է անպատճառ ձեռք բերել ամենաքաջ և ամենազորեղ ձի։ Իսկ այս կողմից աշխարհիս երեսին ի՞նչ ձի կարող է հավասարվել Պեգասին, որ համ ոտքեր ուներ, հա՛մ թևեր, և օդի մեջ ավելի ևս արագ էր թռչում, քան վազում երկրի երեսին։ Ինչ ասել կուզի, որ Բելլերոֆոնին ամեն կողմից սկսեցին հավատացնել, որ թևավոր ձի չկա ոչ մի տեղ, և ինչ որ պատմում են թևավոր ձիաների մասին, բոլորն էլ դատարկ զառանցանքներ են միայն և անմիտ ցնորքներ։

Բայց, այնուամենայնիվ, Բելլերոֆոնը հաստատ համոզված էր, որ Պեգասը հնարովի բան չէ, այլ նա կա և ուշ թե վաղ՝ իր ձեռքը կընկնի, որ նրան կսանձե ինքը և, վրան հեծնելով՝ կերթա Օշափի հետ կռվելու։

Այս նպատակով ահա նա Լիկիայից ճանապարհ ընկավ դեպի Էլլադա, ուր և ձեռք բերավ իր ձեռքում եղած թանկագին սանձը։ Այդ սանձը աղոթած էր, այսինքն՝ կախարդած, դյութած էր։ Հենց որ կարողանար սանձի ոսկեզօծ երասանը Պեգասի բերանը դնել՝ թևավոր ձին իսկույն կհպատակեր նրան, նա էլ իսկույն կթռչեր, վրան կնստեր և որ կողմ ուզենար, այն կողմը կքշեր։ Ինչ ասել կուզի, որ քաջ երիտասարդը հուզված սրտով սպասում ու մնում էր, թե՝ ե՞րբ կգա արդյոք Պեգասը Պիրենայի աղբյուրից ջուր խմելու։ Նա շատ էր մտատանջվում, թե՝ միգուցե Հոբաթ թագավորը կարծիք տաներ, թե ինքը փախել է՝ վախենալով Օշափից։ Շատ էր վշտանում, երբ որ միտն էր բերում, թե՝ ի՜նչ ահագին վնասներ է հասցնում երկրին այն զազրելի հրեշը, իսկ ինքը, փոխանակ նրա դեմ պատերազմելու, ձեռները ծոցին՝ նստել է սառնորակ աղբյուրի մոտ և նայում է, թե ինչպե՛ս է բխում նա սարից, թափվում ավազանի մեջ և նրա հատակը ծածկում պսպղուն ավազի շերտով։ Լսում էր, որ իբր թե՝ վերջին տարիներում Պեգասը շատ հազիվ էր երևում աղբյուրի մոտ, և թե նա իր բոլոր կյանքում միայն մեկ անգամ է երևացել մարդու։ Նա շատ էր վախենում, թե՝ միգուցե այստեղ սպասելով մինչև ծերության հասնի, երբ այլևս չի կարողանալ տիրել թևավոր ձիուն, եթե գալու էլ լինի, որովհետև ծերությունից իր ձեռքերն արդեն թուլացած կլինին, քաջությունը կորցրած։ Ավա՜ղ, ինչքա՜ն տխուր ու դատարկ է անցնում ժամանակը, երբ որ եռանդալից երիտասարդությունը ձգտում է հասնել իր ցանկացած նպատակին, երևակայած փառք ու պատվին։ Համբերել և սպասել շա՜տ ծանր է։ Մեր կյանքը, առանց այս էլ, այնքա՜ն կարճ է, բայց էլի ինչքա՜ն դատարկ տարիներ ենք անցկացնում համբերության շնորհիվ։

Բելլերոֆոնի բախտից՝ աղբյուրի մոտ եղած գանգուրիկ երեխան այնպես կպել էր նրան, որ մոտիցը չէր հեռանում համարյա։ Ամեն բարիլուսի Բելլերոֆոնին ասում էր ուրախ-ուրախ.

- Ի՞նչ ես կարծում, Բելլերոֆո՚ն, շա՜տ կարելի է, որ այսօր մենք Պեգասին տեսնե՛նք։

Եվ այս «շատ կարելին» էր, որ հուսադրում էր Բելլերոֆոնին։ Եթե այս հույսը չլիներ՝ նա վաղուց արդեն վերադարձած կլիներ Լիկիա և գնացած կռվելու Օշափի հետ առանց թևավոր ձիու օգնության։ Ինչ ասել կուզի, որ հրեշը մի շնչով կայրեր և մի քանի վայրկյանի մեջ կլափեր նրան։

3

Մի առավոտ գանգուրիկ տղան սկսեց Պեգասի մասին խոսել սովորականից դուրս անկասկած սրտով։

– Չգիտեմ ինչու,– ասաց նա՝ ուրախությունից թռչկոտելով,– ինձ այնպես է թվում, որ այսօր մենք անպատճառ կտեսնենք Պեգասին։

Ամբողջ օրը մանուկը չհեռացավ Բելլերոֆոնից. նրանք միասին հաց կերան, միասին խմեցին աղբյուրից և կեսօրից հետո նստեցին շվաքումը, ջրի ափին։ Բելլերոֆոնը, մի ձեռքն իր փոքրիկ բարեկամի ուսին դրած, իսկ մյուսն իր ծնոտի տակ դիմհար տված, խորասուզված մտքով մտիկ էր տալիս ջրի վրա կռացած պառաված ծառերին և նրանց ճղների վրա կախոտված վայրենի խաղողի ճութերին։ Իսկ մանուկն անընդհատ նայում էր միայն ջրին, բայց շատ տխուր, որովհետև շատ էր ցավում, որ Բելլերոֆոնի՝ երկար օրերով սպասելն ապարդյուն է անցնում։ Սրա վրա շատ տխրեց երեխան, մինչև այն աստիճան, որ հանկարծ լաց եղավ հեկեկալով։ Նրա արտասուքներից մի քանի կաթիլ գլորվելով ընկան աղբյուրի մեջ և խառնվեցան Պիրենայի արտասուքների հետ։

Հանկարծ Բելլերոֆոնն զգաց, որ երեխայի թաթիկը, որ իր ձեռքումն էր, դողդողում է։ Եվ տղան շշնջաց հանկարծ մանկական շշնջյունով.

– Բելլերոֆո՛ն, Բելլերոֆո՛ն, նայի՛ր, մեկ նայիր ջրի վրա…

Բելլերոֆոնը կռացավ շուտով, նայեց հայելու նման պարզ աղբյուրի երեսին, և այնպես թվաց, որ տեսնում է նրանում պատկերացած մի ահագին, սպիտակ թռչնի կերպարանք, թռչում է բա՜րձր, շատ բարձր, և արեգակը շողշողում է նրա արծաթափայլ թևերի վրա։

– Ի՜նչ հրաշալի, ի՜նչ փառավոր թռչուն է,– բացականչեց նա։– Եվ ինչքա՜ն մեծ է։ Եվ գիտե՞ս, շատ էլ հեռու չպետք է լինի, սավառնում է ամպերից ցած։

– Ես դողում եմ ամբողջ մարմնով,– ասաց մանուկը։– Վախում եմ դեպի վեր նայել։ Ինչքա՜ն հրաշալի է։ Բայց ես չեմ վստահում ուղղակի նրա վրա նայել, այլ միայն՝ ջրի միջով։ Մի՞թե չես տեսնում, Բելլերոֆո՛ն, որ սա թռչուն չէ, այլ՝ թևավոր ձի, նույն ինքը՝ Պեգասն է սա։

Բելլերոֆոնի սիրտը գնաց։ Նայեց դեպի վեր, բայց չկարողացավ լավ նշմարել, թե՝ նա ի՞նչ էր արդյոք, թռչո՞ւն, թե՞ ձի, որովհետև նա անհայտացավ բարդ-բարդ կուտակված սպիտակ ամպերի մեջ։ Մի րոպե չանցած՝ թռչողի կերպարանքը կրկին երևաց, նա իջնում էր դեպի գետին՝ ալեծածան թռիչքով։ Այս միջոցին Բելլերոֆոնն իսկույն ճանկը ձգեց տղային և նրա հետ թաք կացավ իր խիտ թփերի մեջ, որոնցով պարսպի պես շրջապատված էր աղբյուրը։ Նա Պեգասից երկյուղ չուներ, այլ վախենում էր միայն, թե՝ միգուցե իրանց նկատե և սկսե ավելի բարձրանալ դեպի վեր։ Այս թռչողը ճշմարիտ որ թևավոր ձին էր։ Երկար սպասեցին նրան, և ահա վերջապես նա ուզեց իր ծարավը հագեցնել Պիրենայի աղբյուրից։

Օդեղեն հյուրն սկսեց իջնել ավելի ցածր և ցածր։ Թռչելիս ավելի մեծ շրջաններ և պտույտներ էր անում, ինչպես աղավնին է անում թռչելու պատրաստվելիս։ Որքան ցածրանում էր, այնքան փոքրացնում էր իր շրջանները, մինչև վերջապես շփվեց գետնին՝ փափուկ բմբլի պես։ Նա իր չորս ոտները դրավ ավազի վրա այնքան մեղմ և անզգալի կերպով, որ ոչ մի խոտ չխշխշաց։ Հրաշալի թևավոր ձին մեկնեց իր վեհապանծ գլուխը և սկսեց խմել։ Նա մեծ զմայլմունքով էր ներս ծծում բերանով պայծառ հեղուկը, ուրախ փռնչում ու զինքը թափահարում, խմում է, խմում, մեկ էլ հանկարծ՝ կանգ առնում։ Ո՛չ գետնի վրա, ո՛չ ամպերում և ո՛չ մի ուրիշ տեղ Պեգասը չէր սիրում այնպես հագեցնել իր ծարավը, ինչպես Պիրենայի աղբյուրից։ Կուշտ խմելուց հետո թևավոր ձին հոտավետ առվույտներից մի քանի ծաղիկ գջլեց, բայց միայն գջլեց ու ծամծմեց և ոչ թե արածեց կամ կերավ, նրա արածելիքը Հելիկոն սարի բուն գագաթի վրա եղած անուշահոտ խոտերն էին։

Վերջապես, երբ որ աղբյուրի պարզ ջրիցն այնքան խմեց, որ կշտացավ, մի քիչ խաղ արավ առվույտի ծաղիկների հետ, այնուհետև խայտալ սկսեց կշտացած երեխայի նման։ Սկսեց վազվզել ետ ու առաջ, տրտինգ տալ, կամացուկ վրնջալ։ Մեկ այս կողմն էր չափ ընկնում, մեկ՝ այն, մեկ էլ թռչում էր դեպի վեր, մի քիչ պտտվում և նորից իջնում ու վազվզում փափուկ կանաչկուտի վրա։ Բելլերոֆոնը, տղայի ձեռքից բռնած, թփուտի միջից նայում էր այս տեսարանի վրա, որի պես գեղեցիկ բան նա իր կյանքումը տեսած չէր։ Պեգասի ողջ կազմվածքը, նրա բարակ-բարակ ոտները, նրա բարեկազմ գլուխը, թավամազ պոչը, ալեծածան բաշը, ձյունի նման սպիտակ, արծաթի պես փայլուն, այս բոլորը հիացրել, զարմացրել էին Բելլերոֆոնին։ Իսկ նրա խելոք ու վառվռուն աչքերի նմանը ո՜չ մի ձիում տեսած չէր։ Նրան հանցանք էր թվում այսպիսի մի հիանալի ձիու վրա թամբ դնելը, և առավել ևս՝ նրա վրա ցատկել նստելը։

Մեկ թե երկու անգամ Պեգասը կարծես թե թալկացավ, թուլացավ, կանգնում էր հանկարծ, ականջները խլշում, հոտ քաշում, գլուխն այս ու այն կողմ ձգում՝ կարծես զգալով, որ իր մոտ դարանամուտ եղած մարդիկ կան։ Բայց երբ որ չտեսավ և չլսեց ոչինչ վտանգավոր բան, նորից սկսեց իր առաջվան խաղերը։

Բայց ահա որպես թե հոգնեց վերջապես, թևերը ծալեց և նստեց փափուկ կանաչկուտի վրա։ Թեթև օդի զավակ լինելով՝ նա չէր կարողանում քիչ ժամանակ հանգիստ կենալ, շրջվեց քամակի վրա և, ոտքերը վեր ցցած, սկսեց սահել մեջքի վրա։ Ինքը թևավոր, մեն-մենակ ամբողջ աշխարհում, անհիշելի ժամանակներից ի վեր ապրած, ո՛չ մի ընկեր չունեցած երբեք, այժմ զվարճանում էր՝ ինչպես բոլոր էակներից ամենաբախտավորը։ Սա մի հետաքրքրական տեսարան չէ՞ր միթե։ Բելլերոֆոնն ու մանչուկը չէին կարողանում աչքները Պեգասից հեռացնել։ Նրանք մասամբ հաճույքից և մասամբ երկյուղից շունչները պահել էին, ըստ որում՝ աննշան մի շշուկից ու շշունջից կխրտներ Պեգասը և նետի պես կսլանար դեպի երկինք։ Բավականաչափ թավալգլոր գալուց հետո վերջապես Պեգասը շտկվեց և հասարակ ձիու պես դանդաղ կերպով առաջին ոտները ձգեց, որ վեր կենա։ Բելլերոֆոնն իսկույն գլխի ընկավ, որ ձին վեր կենալուն պես պիտի ճանապարհ ընկնի, նա մի ակնթարթում դուրս ընկավ թփուտից և մի ճարպիկ ոստյունով թռավ նստեց ձիու քամակին։

Այո՛, նստեց թևավո՜ր ձիու վրա…

Երևակայել պետք է, թե ինչպե՛ս վեր թռավ Պեգասը՝ իր կյանքումն առաջին անգամն զգալով իր վրա հողեղեն մարդու ծանրություն։ Վեր թռչել եմ ասում, բայց չկարծեք, որ մի հասարակ ոստյուն էր, որ արավ Պեգասը։ Բելլերոֆոնը դեռ խելքը գլուխը չէր հավաքել, որ Պեգասի հետ արդեն գետնից բարձրացել էին մինչև հինգ հարյուր ոտնաչափ և սլանում էին նետի արագությամբ։ Թևավոր ձին նրա տակին փռնչում էր և երկյուղից ու զայրույթից դողում, սարսափում։ Թռան-գնացին միշտ բա՜րձր ու բա՜րձր, մինչև հասան ամպալից օդի ցուրտ շերտերը, որոնց վրա մի քանի րոպե առաջ Բելլերոֆոնը գետնին պառկած նայում էր և սքանչանում։ Այդ բարձրությունից ձին ուղղակի ցած նետեց ինքզինքը, որ մի ժայռի կամ ուրիշ բանի դիպչելով՝ ջարդուխուրդ անի իր հեծյալին։ Բայց այսպիսի բան չպատահեց. Բելլերոֆոնն այնպես չէր կպել նրան, որ բաց թողներ կամ վայր ընկներ, բայց սրա վրա ի՜նչ բաներ արավ չարացած թևավոր ձին, ի՜նչ ճարպիկություններ բանեցրեց, ցիրկում խաղացող ակրոբատներն այն չեն անում, ինչ որ մեր Պեգասն արավ օդի մեջ. ի՜նչ վեր-վեր թռչել, ի՜նչ օրորվել, ի՜նչ աքացիք շպռտոտել դես ու դեն, ի՜նչ տրտինգներ տալ։ Գլուխը գցում էր առաջին ոտների արանքը, թևերը վեր ցցում և սկսում մեկ թե երկու գլուխկոնծի տալ կապիկի նման։ Շուռ էր գալիս մեջքի վրա և, ոտները վեր ցցելով, թափահարում ինքզինքը, կամ գլուխը դեպի պոչն արած՝ երկուտակվում էր և սկսում պտտվել չարխի պես։ Վերջապես շատ բաներ արավ, տեսավ, որ հնար չի լինում, չի կարողանում վայր գլորել Բելլերոֆոնին, վիզը թեքեց և, կրակոտ աչքերը վրան ձգելով, դունչը մեկնեց, որ կծե։ Նա այնքան թափ տվավ իր թևերը, որ նրանցից մի արծաթագույն փետուր գջլվեց և ընկավ հենց այնտեղ, ուր կանգնած էր գանգուրիկ տղան։ Նա իսկույն վեր առավ պահեց՝ իբրև Պեգասից և Բելլերոֆոնից մնացած հիշատակ։

Երբ որ Պեգասը, ինչպես ասացինք, ատամները սրած, դունչը մեկնեց, որ մեկ լավ կծե, Բելլերոֆոնը նրա այս դրությունից օգուտ քաղեց և կախարդված սանձի երասանակը ձգեց իսկույն թևավոր ձիու բերանը։ Եվ, ո՜վ հրաշք, Պեգասն իսկույն հանդարտվեց և դարձավ բոլորովին ձեռնասովոր մի ձի։ Ուղիղն ասեմ, ես շատ կափսոսայի և կցավեի՝ տեսնելով մարդուն հպատակած այնպիսի մի ազատ թռչնաձին, ինչպիսին Պեգասն էր։ Այս հանկարծական փոփոխությունը ազատությունից դեպի ստրկություն անզգալի չէր Պեգասի համար։ Նրա՝ դեպի Բելլերոֆոնն ուղղած խելոք աչքերի մեջ արտասուքի պես բան երևացին։ Բայց երբ որ երիտասարդն սկսեց փաղաքշելով շփել նրա գլուխը և մի քանի քաղցր ու խաղաղացնող խոսքեր ասել, թեև տիրողի եղանակով, այն ժամանակ թևավոր ձին ուրախության վրնջյուն բարձրացրեց։ Նա կարծես բավական մնաց իր ներկա վիճակից, որ ինքը, այնքան դարերից հետո, վերջապես մի ընկեր ու հրամայող ունեցավ։ Երևի այսպես է որոշված բոլոր թևավոր ձիաների ճակատագիրը և առհասարակ բոլոր վայրենի կենդանիների։ Հենց որ մի անգամ նվաճեցիր նրանց և տերը դարձար՝ նրանք այնուհետև կհպատակվեն քեզ և կընտելանան քեզ հետ։

Պեգասն ու Բելլերոֆոնը, իրար հետ կռվելիս, աննկատելի կերպով շատ հեռու էին թռել, մինչև հասել էին մի բարձր սարի։ Բելլերոֆոնն առաջ էլ էր տեսել այն սարը, գիտեր, որ նրա անունը Հելիկոն էր, գիտեր նմանապես, որ Պեգասը սովորաբար նրա գագաթի վրա էր արածում։ Բայց ձեռնասովոր դարձած թևավոր ձին այժմ զրկված էր իր ազատ կամքից, նա չէր համարձակվում թռչել դեպի իր ուզած կողմերը և շարունակ ետ էր մտիկ տալիս, կարծես կանգ առնելու հրաման լիներ ուզելիս։ Վերջապես նա հանդարտ կերպով թռիչքն ուղղեց դեպի գետինը՝ անհամբեր սպասելով, թե՝ ե՞րբ կիջնի արդյոք իրանից հեծյալը։ Բելլերոֆոնը ցած թռավ նրա մեջքիցը, բայց ձեռքից չթողեց նրա սանձը, որ պինդ փաթաթել էր ձախ ձեռքի դաստակին։ Պեգասն անընդհատ նայում էր իր նոր տիրոջ վրա։ Նրա սիրուն և ազդու աչքերի մեջ երևում էր այնպիսի հեզություն, որ Բելլերոֆոնի խելքը տանում էր։ Նա սկսեց խղճալ գերի ընկած Պեգասին, որ դարերով ազատ էր ապրել, և վճռեց արձակել նրան ու ազատ թողնել։ Մեծահոգության զգացմունքով սաստիկ ոգևորված՝ նա կախարդական սանձը ձգեց նրա վզովը և բերանից հանեց երասանը։

– Գնա՜, Պեգա՛ս,– ասաց նա։– Դու ինձ հարկավոր չես, եթե ես սիրելի և հաճելի չեմ քեզ։

Թևավոր ձին մի ակնթարթում անհայտացավ նրա աչքից։ Նա Հելիկոնի գագաթից դեպի վեր սլացավ բազեի նման շեշտակի։ Արևն արդեն վաղուց էր մայր մտել, ներքևում, երկրի վրա մութն էր, իսկ սարի վրա՝ դեռ վերջալույս։ Պեգասը թռավ ամպերից էլ բարձր և կարծես դողում էր այնտեղ արևի վերջին ճառագայթներից անդրադարձած ծիրանեգույն լույսի անաղոտ ալիքների մեջ։ Դեպի վերև թռչելով՝ ներքևից երևում էր նա մի պսպղուն կետի չափ և վերջապես բոլորովին անհետացավ երկնքի անհատակ կապտության մեջ։ Բելլերոֆոնն ընկավ երկյուղի մեջ. նա շատ վախեցավ, թե՝ չլինի՞, հիրավի, թևավոր ձին այլևս չերևա ոչ մի անգամ։ Նա արդեն սկսեց զղջալ իր արարմունքի վրա. «Այս ի՜նչ խելք էր, որ ես բանեցրի»,– ասում էր նա ինքն իրան։ Բայց մեկ էլ տեսավ, որ պսպղուն կետը նորից երևաց երկնքի վրա և սկսեց կամաց-կամաց իջնել դեպի ցած և ցած, մինչև վերջապես իջավ իր տիրոջ առջև։ Այս փորձից հետո այլևս տեղիք չկար կարծելու, որ թևավոր ձին կփախչի երբևիցե։ Ձին և իր տերը մտերմացան իրար և այնուհետև հավատում էին միմյանց առանց կասկածելու։

Այս գիշեր մեր երկու բարեկամները տեղավորվեցին մի ժայռի խոռոչում և քնեցին իրար կողքի։ Բելլերոֆոնը բոլոր գիշերը ձեռքը չհեռացրեց Պեգասի վզից, ոչ թե զգուշության, այլ՝ շատ սիրելուն համար։ Վաղ առավոտվա բարիլուսին վեր կացան և միմյանց ողջունեցին՝ ամեն մեկն իր լեզվով։

4

Բելլերոֆոնը մի քանի օր կացավ Հելիկոնի վրա Պեգասի հետ. այս միջոցին նրանք ավելի մոտեցան միմյանց և ավելի մտերմացան։ Շատ անգամ միասին օդային ճանապարհորդություն էին անում և երբեմն այնքան էին բարձրանում, որ գետինը նրանց աչքում լուսնի չափ էր երևում։ Նրանք գնացին մի քանի երկրներ, ամեն տեղ նրանց տեսնող մարդիկը զարմանում էին և կարծում էին, որ թևավոր ձիով ճանապարհորդող սիրուն երիտասարդը Ոլիմպոսից կլինի իրանց մոտ հյուր եկած։ Պեգասի համար մեծ բան չէր օրական մի քանի հազար մղոն տեղ թռչելը։ Բելլերոֆոնը հափշտակվել էր այս տեսակ կյանք վարելուց, նա բոլոր կյանքն ուրախությամբ անց կկացներ մթնոլորտի վերին խավերում, ուր ամեն ժամանակ, ինչ տեսակ եղանակ էլ լիներ երկրիս վրա, միշտ պարզ էր և տաք։ Բայց նա չէր կարող մոռանալ իր տված խոստումը Հոբաթ թագավորին՝ Քիմեռ-Օշափին սպանելու մասին։ Երբ որ փոքր-ինչ ընտելացավ օդային արշավանքներին և սովորեց Պեգասի հետ վարվել այնպես, որ նա իր տիրոջ ձեռքի տակ աննշան շարժումից և հազիվ լսելի ձայնից հասկանում էր նրա միտքը, այն ժամանակ մտքում վճռեց ձեռնարկել մտադրված վտանգավոր քաջագործությանը։

Եվ ահա մի առավոտ վաղ զարթնելով՝ թեթև կերպով կսմթեց Պեգասի ականջից, որ զարթեցնի նրան։ Սրա վրա Պեգասն իսկույն վեր կացավ տեղիցը և քառորդ մղոնաչափ մի ոստյուն արավ դեպի վեր, մի ակնթարթում պտտեց Հելիկոնի ամբողջ գագաթը, որ ցույց տա տիրոջը, թե ինքը բոլորովին սթափված է, թարմ է և պատրաստ՝ ուր ուզես թռչելու։ Այսպես ահա առավել ևս թարմանալով և ուրախ-ուրախ խրխնջալով՝ եկավ իր տիրոջ մոտ, բայց այնքան թեթև, որ կարծես ճնճղուկ լինի՝ ոստից ոստ թռչկոտելիս։

– Շա՜տ լավ ես չափ ընկնում, սիրելի՛ Պեգաս, հիանալի են թռիչքներդ,– գոչեց Բելլերոֆոնը և գուրգուրելով շփեց թևավոր ձիու գեղեցիկ պարանոցը։– Ժամանակ է, կարծեմ, որ քեզ հետ գնանք մեր գործին։ Այսօրևեթ գնանք պատերազմելու Քիմեռ-Օշափի հետ։

Նախաճաշելուց և Իպոկրենայի պաղ աղբյուրի ջրից խմելուց հետո Պեգասն ի՛նքը մեկնեց իր գլուխը՝ սանձելու համար։ Մինչև Բելլերոֆոնը կզրահավորվեր, թուրը կկապեր կողքին, վահանը կկախեր, առհասարակ կզինավորվեր կռվի համար, Պեգասն անհամբերությունից ոտքով դոփում էր գետինը, խայտում, խաղում և ոստոստում։ Երբ որ ամեն ինչ պատրաստ էր՝ Բելլերոֆոնը հեծավ ձին, ըստ սովորության՝ շեշտակի դեպի վեր սլացավ մինչև հինգ մղոնաչափ, որ բարձրից մեկ լավ նայե ամեն կողմ, որոշե գնալու տեղը և դեպի նույն կողմն ուղղե իր թռիչքը։ Նա Պեգասի գլուխը թեքեց դեպի արևելք և սլացավ ուղղակի դեպի Լիկիա։ Ճանապարհին նրանք հասան մի արծվի հետևից, որ քիչ էր մնում Պեգասի ոտքի տակն ընկներ, եթե շուտով մի կողմ չքաշվեր. Բելլերոֆոնը կարող էր բռնել նրան, բայց չուզեց ժամանակ կորցնել։ Նրանք թռչում էին թունդ մրրկի արագությամբ, և հենց նույն առավոտը տեսան Լիկիայի բարձր լեռներն ու խոր-խոր ձորերը, որոնք հազիվ էին նշմարվում իրանց պատող թանձր մառախուղի միջից։ Բելլերոֆոնը լսած էր, որ զազրելի Օշափը այդ խավար ձորերից մեկումն էր բույն դրել։

Երբ որ հասան իրանց մտադրյալ տեղը՝ թևավոր ձին սկսեց իջնել դեպի ներքև, օգուտ քաղելով լեռների վրա եղած մի քանի կտոր ամպերից, որոնք, մեր ճանապարհորդներին ծածկելով, անտեսանելի էին կացուցանում նրանց գետնի երեսից։ Մի խիտ ամպի վրա կանգնած՝ Բելլերոֆոնը, քիչ առաջ թեքվելով, կարողացավ պարզ տնտղել Լիկիայի լեռնային մասը և նրա մութ հովիտները։ Առաջ առանձին մի բան չնշմարեց. նրա տակ երկարումեկ ձգված էին չոր պառակներ և փլփլված ապառաժներ, բայց ահա նրանց հետևից սևին էին տալիս նոր այրված տնատեղեր, սպիտակին էին տալիս շատ տեղեր կույտ-կույտ ոսկորներ, կարծես այս տեղերում արածող տավարների կմախքները լինեին։

«Այս ամենը Օշափի թողած հետքերը պետք է լինեն,– մտածեց Բելլերոֆոնը։– Բայց այդ զազրելին ինքը որտե՞ղ պետք է լինի թաք կացած արդյոք»։

Նա սկսեց ավելի ուշի ուշով նայել լեռների մեջ սևին տվող ծերպերը, խոռոչներն ու անտառները, բայց ուր որ նայում է՝ ամեն կողմ տեսնում է մեռելություն, չոր անապատ, միայն մի քարայրից դուրս է բխում երեք զոլ սև ծուխ և, կեռումեռ գալարվելով օձի պես, սողում է դեպի վեր, և դեռ լեռան գագաթին չհասած՝ սև ծուխի այդ երեք զոլերը միանում են և դառնում մի կենտ սյուն։ Քարայրը գտնվում էր ուղիղ իրանց ոտքի տակին՝ միայն մի հազար ոտնաչափ հեռավորության վրա։ Գարշահոտ և թանձր ծծմբային ծուխն արդեն հասնում էր մինչև Պեգասի և Բելլերոֆոնի ռունգները։ Պեգասը փռնչում էր զզվանքից և գլուխը այս ու այն կողմ թեքում, այդ օդի զավակին, որ սովոր էր ծծել միայն լեռնագագաթների մաքուր օդը, գարշելի էր թվում երկրային հոտը։ Իսկ Բելլերոֆոնը ժնգռնում էր ու փռշտում՝ խեղդվելով այդ ծանր և հեղձուցիչ ծծմբային հոտից։ Զայրացած Պեգասը սաստիկ թափ տվավ թևերը և մղոն ու կես ետ թռավ այդ գարշահոտ տեղից։

Բայց Բելլերոֆոնը հանկարծ ետ մտիկ տվավ, և այնպիսի բան ընկավ աչքովը, որ իսկույն սանձը դրդեց և ետ շրջեց ձիու գլուխը։ Պեգասն այս նշանից իսկույն իմացավ տիրոջ միտքը և սկսեց կամաց-կամաց ցած իջնել, մինչև մոտեցավ նույն քարայրին, որտեղից որ դուրս էր գալիս երեք զոլ ծուխը։ Եվ ի՞նչ տեսնի այնտեղ Բելլերոֆոնը՝ մի տարօրինակ դեզ իրար վրա կուտակված հրեշների։

Հրեշի՝ իրար վրա բսնած մարմինները միմյանցից այնքան մոտիկ էին ընկած, որ միայն գլխներիցը կարելի էր ճանաչել, թե ի՛նչ կենդանիներ են նրանք։ Թվով երեք էին նրանք՝ մի ահռելի վիշապօձ, մի ահարկու զորեղ առյուծ և մի գարշելի այծ։ Այծն ու առյուծը քնած էին, իսկ օձը՝ ո՛չ. նա իր կարմիր աչքերը չռել էր Բելլերոֆոնի վրա։ Բայց զարմանալին այս էր, որ գարշահոտ սև ծուխը ոչ մի րոպե չէր կտրվում, այլ՝ անընդհատ դուրս էր գալիս երեքի էլ ռունգներից։ Այս տեսակ մի հրեշի տեսիլն այնքան նոր և անակնկալ էր Բելլերոֆոնի համար, որ նա իսկույնևեթ գլխի ընկավ, որ նա ի՛նքն էր՝ Քիմեռ-Օշափը, և ա՛յդ էր նրա որջը։ Առյուծը, օձը և այծը միևնույն սարսափելի հրեշի լրացուցիչ մասերն էին։ Զզվելի՜ Օշափ…

Կիսամրափ Օշափը (որովհետև նրա միայն երկու գլուխներն էին մրափած) իր ճանկերից բաց չէր թողնում նոր որսած զոհի արյունոտ մնացորդները, բայց ի՞նչ բանի մնացորդներ էին, լավ չէր նշմարվում, գառա՞ն մնացորդ էին արդյոք, թե՞… ուզում էի ասել՝ մի փոքրիկ երեխայի… բայց, ո՞վ գիտե, գուցե հենց այդպես էլ լիներ, թեև այսպես մտածելը սարսափ է բերում մեզ վրա։ Երևում էր՝ նոր էր վերջացրել իր ընթրիքը։

Բելլերոֆոնը վերջապես ուշքի եկավ և գլխի ընկավ, թե ի՛նչ բան էր տեսածը։ Պեգասն ավելի շուտ իմացավ բանի էությունը, և միայն այնպիսի ահեղագոչ վրնջյուն բարձրացրեց, որ սար ու ձոր դրըմբդրըմբաց։ Սրա վրա՝ մրափած գլուխներն էլ զարթնեցին և երեքն էլ միասին կրակի ահեղ ալիքներ վիժեցին։ Բելլերոֆոնը դեռ իր պատրաստությունը չէր տեսել կռվի համար, որ հրեշը դուրս պրծավ իր որջից և, իր թանթուլների ահագին ճիրաններն արձակելով՝ վրա վազեց ուղղակի խիզախ երիտասարդի վրա, ավազ ու հող բարձրացնելով։ Եթե Պեգասը թեթևաշարժ չլիներ թռչնի պես՝ հրեշն իր այդ հանկարծական հարձակմունքով կուլ կտար երկուսին էլ, և դրանով կվերջանար կռիվը։ Բայց անկարելի էր թևավոր ձիուն անզգույշ և անպատրաստ գտնել։

Մի ակնթարթում Պեգասն ու իր հեծյալը սավառնում էին արդեն բարձր երկնքում։ Բարկությունից խռմփում էր Պեգասը և բոլոր մարմնով դողում էր, իհարկե՝ ոչ երկյուղից, այլ՝ եռագլուխ գարշելի սողունից զզվելով։

Օշափի կատաղությանն է՛լ չափ չկար։ Նա ձգվել էր իր բոլոր երկայնությամբ և, կռթնելով իր օձային պոչի վրա, ճիրանավոր թանթուլները օդի մեջ այս ու այն կողմ էր հածում և, ետ ձգելով իր երեք գլուխները, կրակի հեղեղ էր վիժում դեպի վեր, որ այրե Պեգասին և նրա հեծյալին։ Ինչպե՜ս մռնչում էր, ինչպե՜ս վսսում ու մկկում։ Մինչ այս, մինչ այն, Բելլերոֆոնը ձախ ձեռքն առավ վահանը և աջով թուրը հանեց պատյանից։

– Հապա՜, քե՜զ տեսնեմ, Պեգա՛ս ջան,– շշնջաց նա թևավոր ձիու ականջին,– ինձ չամաչեցնես. օգնի՜ր ինձ, որ չքացնենք այս երկրային հրեշը, եթե ոչ՝ դու կթռչես դեպի Հելիկոն առանց ետ նայելու և առանց քո մտերիմ բարեկամիդ։ Կա՛մ կկործանվի Օշափը, կա՛մ նրա բոլոր երեք ռեխները կլափեն ինձ մի քանի րոպեի մեջ։

Պեգասը սիրով վրնջաց և, գլուխը թեքելով, իր վարդագույն ռունգները տիրոջ թշերին քսեց։ Սրանով ուզեց ասել նա, որ թեպետ ինքը թևեր ունի և մինչև այսօր անմահ է եղել, բայց, այսուամենայնիվ, ավելի հոժար կլինի ի՛նքը մեռնել, քան թե թույլ կտա, որ Բելլերոֆոնն ընկնի հրեշի ճանկը։

– Շնորհակալ եմ քեզանից, հոգյա՛կս,– ասաց Բելլերոֆոնը՝ պարզ իմանալով իր բարեկամի համր խոսակցությունը։– Հիմա ե՛կ հարձակվինք Օշափի վրա. դու վրա՛ թռիր, ինչպես գիտես…

Այս խոսքերով նա շարժեց սանձը. Պեգասը նետի պես սլացավ ուղղակի դեպի եռագլուխ Քիմեռը, որ բոլոր ժամանակ գալարվելով՝ ձգվում էր դեպի նրանց։ Բելլերոֆոնը հասնելն ու թրով զարկելը մեկ արավ. նա միայն մեկ անգամ զարկեց ինչքան որ կռնումն ուժ ուներ, բայց Պեգասը նրան այնպես շուտ թռցրեց դեպի երկինք, որ է՛լ հնար չունեցավ նայելու, թե՝ հարվածը հաջո՞ղ էր արդյոք, թե՞ ոչ։ Պեգասի օդային արշավանքը երկար չտևեց, նա կրկնեց իր հարձակմունքը։ Այս անգամ միայն համոզվեց Բելլերոֆոնը, որ առաջին զարկով թռցրել էր հրեշի այծային գլուխը, որ արդեն մի բարակ մորթով կախված՝ ճոճվում էր հրեշի վրա։

Բայց հենց սրա համար էլ ողջ մնացած երկու գլուխները՝ օձինն ու առյուծինը, կրկնապատկեցին իրանց կատաղությունը և ճիգ էին թափում, որ իրանց երրորդ գլխի վրեժն առնեն։ Նրանց ահեղագոչ մռնչյունից և վսսոցից մարդու ականջ էր խլանում։

– Չվախենա՜ս, Պեգա՜ս,– աղաղակեց Բելլերոֆոնը,– էլի մեկ հարված, և մենք կկտրենք երկրորդ գլուխը։ Հառա՜ջ, բարեկա՛մ, սիրտդ պի՛նդ պահիր…

Նա կրկին շարժեց սանձը։ Թևավոր ձին նորից սլացավ նետի պես դեպի վայր, և Բելլերոֆոնն իր բոլոր ուժով նորից հասցրեց թուրը ողջ մնացած գլուխներին։ Բայց այս անգամ թե՛ նրան և թե՛ Պեգասին ձրի չնստեց այդ։ Օշափն իր թանթուլների ճանկերով մի քիչ չանգռեց Պեգասի ձախ թևը և բավական խոր վիրավորեց Բելլերոֆոնի ուսը։ Բայց Բելլերոֆոնն էլ փոքր հարված չէր տվել։ Այս անգամ նա կտրել էր հրեշի առյուծային գլուխը, որ արդեն կախ էր ընկել վրան և, ռեխը բաց ու խուփ անելով, թանձր ծուխ էր դուրս վիժում։ Միայն սոսկալի դարձավ այժմ Օշափի ողջ մնացած միակ օձային գլուխը։ Նա հիմա հրահեղեղ էր դուրս վիժում և մինչև հինգ հարյուր գրկաչափ հեռավորության հասցնում։ Եվ սկսեց այնքան ահեղ ոռնալ, վնգստալ, սուլել, որ Հոբաթ թագավորը լսեց այդ գոչյունը հինգ հարյուր մղոնաչափ հեռավորությունից և երկյուղից սկսեց այնպես դողդողալ, որ գահն իր տակին սկսեց երերալ ու տատանվել։

– Վայն եկել է մեզ տարել,– ասաց նա.– այս Օշափի ձայնն է. նա երևի գալիս է մեզ լափելու։

Այդ միջոցին Պեգասը, մի կողմ թռչելով, սկսեց բարկությունից վրնջալ, իսկ նրա աչքերից կայծեր էին ցայտում։

– Պեգա՜ս, վիրավորվա՞ծ ես,– բացականչեց Բելլերոֆոնը՝ նկատելով, որ իր սիրական ձիու արծաթափայլ թևից արյուն է հոսում։– Նզովյալ Օշափը իր այս չարագործության համար իր վերջին գլուխը պետք է տա ինձ. ինչպե՜ս, նա համարձակվի՜ վիրավորել անմահ և հրեղեն ձիո՜ւն…

Պեգասն էլ այդ էր ուզում, նա մի ակնթարթում շրջեց գլուխը և կայծակի արագությամբ սլացավ դեպի ցած։ Քիմեռը, կատաղությունից կաս կարմիր կտրած, մեկ՝ գալարվում, կծկվում էր քարայրի արյունաթաթախ ավազի վրա, մեկ՝ ձգվում, ցցվում էր սյունի պես և կրճտում բաց ռեխը։ Իսկ այդ գարշելու ռեխն էլ այնքան մեծ էր, որ Պեգասն իր տիրոջ հետ միասին, առանց իր երկար թևերը ծալելու, կարող էր ներս թռչել նրա միջով և անցնել կոկորդովը դեպի նրա անհագ, անհատակ որկորը։

Երբ որ նկատեց հրեշը, որ իր թշնամին հարձակվելու վրա է, սկսեց բառաչել և գետաչափ հրահեղեղ վիժել, որով խանձխնձեց Պեգասի քնքուշ թևերը և Բելլերոֆոնի բոլոր ձախ կողմի ոսկեմազ գանգուրները։ Բայց սրանով դեռ չանցավ վտանգը։

Առաջ թույլ տվավ, որ թևավոր ձին իր հեծյալով մի քիչ իրան մոտենա, ու հետո մի հանկարծական ոստյունով ընկավ Պեգասի գավակը և իր բոլոր անճոռնի կազմվածքով կպավ նրանից ու սկսեց իր ճապուկ ու ջղային պոչը չվանի պես բոլորիշուրջ փաթաթել Պեգասին։ Այս գարշելի բեռով բարձված՝ ձին և ձիավորը թռան դեպի վեր և վեր. նրանց ներքևում պսպղում էին արդեն լեռներն ու ամպերը, բայց նրանք էլի շարունակում էին իրանց թռիչքը։ Օշափը նրանցից չէր գջլվում և ավելի խոր էր ցցում իր գարշելի ճիրանները խեղճ Պեգասի մեջքին։ Այս միջոցին Բելլերոֆոնը շրջվեց և, իր կուրծքն ու երեսի կեսը վահանով պատսպարելով, աչքն անակնթարթ ձգեց հրեշի աչքը։ Մարդկային աչքի հայացքը կարող չէր տանել Օշափը. նա խփեց աչքերը և առաջի թանթուլները մեկնեց, որ վահանի վրայից բռնե Բելլերոֆոնի գլուխը, բայց բաց արավ իր կուրծքը, և Բելլերոֆոնը ներս ցցեց իր սուրը նրա կրծքի մեջ մինչև կոթը։ Հենց որ այս մահացու վերքն ստացավ Օշափը՝ նրա պոչն արձակվեցավ, և գարշելի հրեշը, իր բոլոր թեփամորթ ջանդակով վայր կործանվելով, ընկավ մի բարձր ժայռի վրա. նրա փորոտիքից մի նոր կրակ բորբոքվեց, և Քիմեռի բոլոր մարմինն սկսեց այրվիլ։ Երկրի վրայից արևի մայր մտնելուց հետո շատ մարդիկ նայեցան և տեսան, որ երկնքից գալարվելով ներքև է թռչում մի գունդուկծիկ եղած ահռելի հրեղեն բան՝ երկար պոչով, շատ վախեցան և կարծեցին, թե՝ միգուցե մի օդերևույթ կլինի կամ պոչավոր աստղ, բայց մյուս օրը վաղ առավոտյան մի քանի երկրագործ գնացին աշխատելու իրանց ագարակում և այնտեղ սարսափելով տեսան, որ իրանց բոլոր արտերը սև մոխիրով են ծածկվել, իսկ արտերի մեջտեղը ոսկորների մի կույտ կա, մեծությամբ մի ահագին դեզի չափ։ Այդ օրվանից մինչ օրս ոչ մի մարդ այլևս տեսած չէ Օշափին։

Այս փայլուն և փառավոր հաղթանակը տանելուց հետո Բելլերոֆոնը քնքուշ սիրով համբուրեց Պեգասի գլուխը։ Ուրախությունից նրա աչքերը ջրակալեցին։

– Ետ գնանք, սիրելի՛դ իմ,– ասաց,– գնանք Պիրենայի աղբյուրը։ Շնորհակալ եմ կատարած քաջագործությանդ համար։

Պեգասը, օդի մեջ ծածանելով, սկսեց թևավարել, և մի քանի րոպե հազիվ անցած՝ նա արդեն մեզ ծանոթ Պիրենայի աղբյուրի ափին էր։ Այնտեղ ամեն ինչ մնացել էր անփոփոխ, հիշողությունը կորցրած ծերունին եկավ վայրի պտուղներով, տավարած գյուղացին կովերը բերավ ջուր տալու, ջահիլ աղջիկը կուժն ուսին եկավ ջրի։

– Հիմա միտս է գալիս,– ասաց ծերունին՝ նայելով Պեգասի վրա,– որ այս թևավոր ձին ես տեսել եմ մեկ անգամ երեխա ժամանակս։ Բայց այն ժամանակները սա տասը հազար անգամ ավելի գեղեցիկ էր, քան թե հիմա։

– Սրա նման երեք հատը ուրախությամբ կփոխեի մի հատ բեռնակիր ձիու հետ,– ասաց կովարածը։– Այդ թևավոր ձին եթե իմս լիներ՝ ես նախ և առաջ արմատից կխուզեի սրա թևերը։

Իսկ ջահիլ աղջիկը ոչինչ չասաց. նա միշտ վախենում էր անտեղի, հիմա էլ նույնպես։ Նա Պեգասին տեսավ թե չէ՝ ետ փախավ դեպի տուն։ Վազելիս էլ ոտքը սահեց, կուժը վայր ձգեց կոտրեց։

– Հապա ո՞ւր է մեր գանգուրիկ տղան,– հարցրեց Բելլերոֆոնը՝ ձին մոտ քշելով դեպի գյուղացիները։– Նա իմ մշտական ընկերս էր այստեղ, նա հաստատ հավատացած էր, որ Պեգասը կգա, և միշտ նայում էր ջրին՝ սպասելով նրա գալուն։

– Ես այստեղ եմ, սիրելի՛ Բելլերոֆոն,– կամացուկ կանչեց տղան։

Այս աշխույժ և կայտառ երեխան օրերով սպասել էր Պիրենայի աղբյուրի մոտ՝ հուսալով, թե՝ ահա ուր որ է կգա իր բարեկամը, բայց հենց որ տեսավ Բելլերոֆոնին՝ Պեգասի վրա նստած ամպերից վայր է իջնում դեպի աղբյուրը, թաք կացավ թուփերի մեջ, որ ալևորն ու տավարածը չտեսնեն իրա ուրախության արտասուքը։

– Դու տարար հաղթությունը,– բացականչեց նա՝ վազելով Բելլերոֆոնի մոտ, որ դեռ նստած էր Պեգասի վրա։– Ես հավատացած էի, որ դու կհաղթես անպատճառ։

– Այո՛, մանկիկս, ես հաղթեցի՛ Քիմեռ-Օշափին,– պատասխանեց Բելլերոֆոնը։– Բայց եթե քո հավատալդ չլիներ՝ ես երբեք չէի սպասիլ Պեգասին, երբեք չէի թռչիլ ամպերում և երբեք չէի մեռցնիլ Օշափին։ Այս բոլորի համար ես միայն քե՛զ եմ պարտական։ Բա՛ց թողնենք այժմ Պեգասին և ազատություն տանք նրան, թող երթա իր համար, ինչպես եղել է միշտ։

Այս ասելով՝ Բելլերոֆոնը աղոթած սանձը վեր առավ Պեգասի գլխից։

– Գնա՛, իմ Պեգաս, դու այժմ ազատ ես միշտ և հավիտյան,– ասաց նա տխուր ձայնով։

Արծաթափայլ թևերով ձին գլուխը դրեց իր տիրոջ ուսին և չշարժվեց տեղիցը։

– Դու չե՞ս ուզում ինձանից հեռանալ,– հարցրեց Բելլերոֆոնը՝ շփելով նրա վիզը, ուրեմն, կա՛ց, որքան ժամանակ որ կամենաս։ Հիմա գնանք, ուրեմն, Հոբաթ թագավորի մոտ՝ նրան աչքալույս, որ Քիմեռ-Օշափն այլևս գոյություն չունի։

Բելլերոֆոնը համբուրեց գանգուրիկ տղային, նրան մնաս բարով ասաց, խոսք տվավ, որ էլի շուտ ետ կդառնա, և գնաց։

Անցան շատ ու շատ տարիներ, գանգուրիկ տղան մեծացավ և սկսեց թռչել ամպերից վերև, ավելի ու ավելի բարձր, քան թե Բելլերոֆոնը, և հաղթությունների համար ավելի մեծ փառքի հասավ, քան թե Օշափի հաղթողը։

Այս փոքրիկ տղան դառավ մե՜ծ բանաստեղծ…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Воскресение Христа
Георгий Гурджиев

Воскресение Христа

18 марта 1963 г., Нью-Йорк.
18 марта 1963 г., Нью-Йорк.
Играть онлайн