Лазарос Агаян

Քյորօղլու թուրը

(Ավանդություն)

Քյորօղլին, դեռևս տասնչորս տարեկան մի պատանի՝ հորթարած է լինում։ Մի անգամ մի փախուստ տվող հորթի հետևից քար է գցում, որ ետ դարձնե, քարը դիպչում է հորթին և գնդակի պես միջովն անցնում։ Հորթը սատկում է, իսկ նրա տերը պահանջում է իր ապրանքի գինը։ Քյորօղլու հայրը, որ թեպետ կուրացած, բայց շատ փորձառու մարդ է լինում, ասում է որդուն.

Որդի՛, վնաս չունի, մենք կվճարենք հորթի գինը, եթե ինձ կհասցնես այն հորթասպան քարը։ Այն քարը մի հորթից շատ ավելի կարժե։

Որդին բերում է քարը և տալիս հորը։

Հայրը շոշափում է քարը և, ծանր ու թեթև անելով՝ նկատում է, որ քարը իր ծավալի համեմատությամբ շատ ծանր է։

Մի՞թե այս քարը չի պսպղում, հարցնում է որդուն։

Այո՛, հայր, պատասխանում է որդին։

«Սա կայծակ է», ասում է ծերունին իր մտքումը, բայց որդուց գաղտնի է պահում այդ։ (Այն ժամանակները մթնոլորտից վայր ընկած մետաղախառն քարերը համարվում էին երկնքից վայր ընկած կայծակ)։

Ծերունին վերցնում է այդ քարը և գնում է մի ուրիշ գյուղ, որտեղ թուր շինող լավ վարպետներ են լինում, որ նորագյուտ մետաղից մի թուր շինել տա։ Թուրը շինել տալուց առաջ, նույն կտորից մի բիզ է շինել տալիս և պահում մոտը։

Վարպետները շատ դժվարությամբ են կարողանում թուրը շինել, և երբ որ վերջացնում են՝ սկսում են փորձել նրա հատկությունը։ Խփում են գերանի, քարի, երկաթի, բոլորն էլ կտրատում է պանրի պես։

Այս որ տեսնում են վարպետները՝ մտածում են, որ թուրը սեփականեն և նրա տեղ մի հասարակ թուր տան։ Կույր ծերունին որ գալիս է թուրն ստանալու՝ նրան մի ուրիշ թուր են տալիս։ Ծերունին սկսում է շոշափել, փորձում է ճկունությունը, տեսնում է, որ պետք եղածի չափ չի ճկվում, գրպանից հանում է բիզը, որն այնպես է ծակում թուրը և անցնում մյուս կողմը, ինչպես ասեղը շորի միջով։

Այս իմ թուրը չէ, ասում է, տվե՛ք իմ թուրը։

Վարպետները տեսնում են, որ կույրը վաղօրոք իր զգուշությունը բանեցրել է՝ թրի կտորից բիզ շինել տալով, տալիս են իսկական թուրը։ Ծերունին փորձում է բզովը, գտնում է անմատչելի. փորձում է ճկունությունը, գտնում է այնքան ճկուն, որ կարող է կլորել և դնել ծոցումը։

Այս է ահա իմ թուրը, ասում է և շինելու վարձը վճարում։

Երբ որ թուրը իր ձեռքով դնում է պատյանի մեջ՝ նա այնպես է ամրանում, որ էլ հանել չէր կարող, եթե ուզենար, բայց այդ չի իմանում ինքը։ Այդ խորամանկությունը բանեցրել էին վարպետները, որ ճանապարհին ձեռքիցը խլեն՝ իբրև անծանոթ ավազակներ։

Ծերունին ճանապարհ է ընկնում։ Ճամփի կիսումը վարպետները հասնում են հետևիցը և ուզում են թուրը խլել։ Ծերունին ուզում է պաշտպանվել, ուզում է թուրը պատյանից հանել, դուրս չի գալիս։

Է՛հ, վնաս չունի, թող դուրս չգա, ասում է ծերունին, եթե սա իմ թուրն է՝ պատյանով էլ կկտրի։

Այս ասելով՝ վրա է բերում թուրը պատյանով, և երկուսի էլ գլուխը թռցնում է։

Այդ ժամանակները դեռ վառոդը չէր գտնված. քաջերի սահմանը իրանց թուրն էր։ Երբ որ ծերունու որդին՝ Ռուշանը, հասունացավ և հայտնի դարձավ Քյորօղլի (կույրի որդի) անունով, և հոր պատրաստած թրին տիրացավ՝ նա ոչ միայն շատ լավ հասկացավ նրա հարգը, այլ այնպես սիրահարվեց վրան, որ վերջը մի երգով գովաբանեց նրան, ինչպես և իր Ղռաթին։

Ահա՛ այդ երգը.

Իմ աչքիս լույս, իմ հոգիս, թո՛ւր,
Դու իմ անգին ալմազ մաքուր, թո՛ւր.

Չկա՛ ոչինչ աշխարհքումս,
Որ քեզ համար լինի ամուր, թուր…
Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
Իմ սիրական թո՜ւր։

Քո մեջն է իմ ուժն ու հոգին,
Դո՛ւ ես շունչ տալիս իմ կյանքին, թո՛ւր.
Առյուծը դառնում է աղվես,
Երբ շողում ես դու իմ ձեռքին, թո՛ւր։
Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
Իմ գովական թո՜ւր։

Դո՛ւ ես իմ տերն, իմ պահողը,
Իմ մուրազին հասցնողը, թո՛ւր,
Աննման Նիգյար խանումիս
Դո՛ւ եղար ինձ մոտ բերողը, թո՛ւր։
Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
Իմ պատվական թո՜ւր…

Քեզ եմ պաշտում, քեզ եմ սիրում,
Գոհարներով քեզ զարդարում, թո՜ւր.
Սրտիս բոլոր խորհուրդները
Քեզ եմ միայն հանձնարարում, թո՜ւր։
Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
Իմ աննման թո՜ւր…

Խեղճ Քյորօղլիս ի՞նչ կանեի,
Եթե քեզանից զրկվեի, թո՜ւր.
Սազը ձեռիս արտասվելով`
Քե՜զ միայն, քե՜զ կըփնտրեի, թո՜ւր։
Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
Իմ գովական թո՜ւր։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия