Лазарос Агаян

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…

* * *

Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։

* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը, ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։

* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան՝ թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու, որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դո՛ւ ես մեր տերը և թագավորը, ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ»,– և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս աշխարհք գցել կրկին՝ ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»։

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից, ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց. «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ, քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե՝ ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե՝ արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչ այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քե՛զ եմ հանձնում»…

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե՝ հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհքում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքո-ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը՝ առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և, վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված՝ պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և, Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե՝ նա՛ է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները՝ մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայի՛ր,– ասացին,– մայրի՛կ, այդ բլրի վրա և տես՝ ի՛նչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը՝ երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ զարթեցավ՝ կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց՝ կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

― Ո՛վ ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես՝ երկնքից իջած․ դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ՝ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։

Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան՝ դրա գլուխը կջախջախեի… Ո՛վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ, որքա՞ն հարստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա՛ ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։

– Ես ոչինչ չեմ ուզում,– պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…– ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն՝ Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

– Լո՜ւյս աշխարհք…– բացականչեց Զումրութը։– Ուրեմն, դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։

– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս, քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կերթաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից, և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։

Գուրգենը ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթեց և ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկերումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա, և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ՝ մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և, ամպերը ճեղքելով, բարձրացավ դեպի Լույս աշխարհք։

Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հասել։ Մսի պաշարը հատել էր։ Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ. Գուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգե՛ն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առողջացավ։

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ, թե՝ որտե՛ղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը…

Ահա՛ թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը Մութ կամ Ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին Աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին, որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը՝ կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել)։ Արևահատի տրեխները որ մաշվում են՝ նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն՝ Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։

* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…

* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

– Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Mечты
Арно Бабаджанян

Mечты

Египетские маски
Египетские маски
Играть онлайн