Лазарос Агаян

Այծատուր

1

Էլել է, չի էլել մի հարուստ սովդաքար։ Այս սովդաքարը իր քարվանով իջնում է մեկ գիշեր մի գյուղի մոտ։ Կեսգիշերին վեր է կենում, որ պտտի քարվանի չորս կողմով և պատվեր տա պահապաններին, որ արթուն մնան, մեկ էլ տեսնում է՝ երկու մարդ դուրս եկան գյուղից, նրանց առաջը եկավ մի ուրիշ մարդ և հարցրեց.

- Ի՞նչ բախտ գրեցիք նորածին մանուկի համար։

Մարդիկը պատասխանեցին.

- Այստեղ իջած սովդաքարի բախտը նրա՛ն տվինք։

Այս ասացին մարդիկը և իսկույն աներևույթ եղան։

Սովդաքարն իսկույն իմացավ, որ նրանք երեխանց ճակատի վրա նրանց բախտը գրող հրեշտակներ էին. շատ տխրեց, որ իր բախտը տվել են մի նորածին մանուկի. էլ նրա քունը չտարավ այն գիշերը։ Լուսացավ թե չէ՝ սովդաքարը գնաց գյուղը և հարցուփորձ անելով իմացավ, թե ո՛ւմ տանն է երեխա ծնվել այն գիշերը։ Գնաց տեսավ բարուրի մեջ մի սիրուն փափլիկ տղա, և առաջարկեց նրա հորն ու մորը, որ երեխան իրան տան։

- Ես մեծ կարողության տեր եմ,- ասաց,– բայց որդի չունեմ։ Ես դրան կորդեգրեմ, բոլոր ունեցած-չունեցածս դրան կտամ, ձեր ապրուստն էլ կհոգամ։

Ծնողաց համար շատ դժվար էր համաձայնվել մի այսպիսի առաջարկության, մանավանդ՝ ծննդկան մոր համար, բայց որովհետև իրանք աղքատ էին, չգիտեին՝ ինչ անեն, տան թե չտան։ Հավաքվեցին դրացիները և ամեն կողմից սկսեցին համոզել ծնողացը, որ իրանց որդու բախտավորությանը արգելք չլինեն։

- Առանց դրան էլ զավակներ շատ ունիք,– ասացին նրանք,– և էլի կունենաք. դուք հազիվ նրա՛նց կարող եք պահել. այդ մեկն էլ տվեք այս պարոնին, թող գնա. հարուստ մարդ կդառնա, ձեզ էլ կհարստացնե։

Սրա վրա ծնողքը հոժարեցան և երեխային մի քանի ոսկով տվին սովդաքարին։

Սովդաքարը տարավ երեխային իր քարվանը և ճանապարհ ընկավ դեպի իր գնալու աշխարհը։ Շատ գնաց թե քիչ՝ Աստված գիտե, երբ որ հասան մի ջրառատ և գեղեցիկ հովիտ՝ այդտեղ իջան հանգստանալու։

- Սրանից էլ թաքուն տեղ չի լինիլ,- մտածեց սովդաքարը.– հիմա ես սրան թաղել կտամ այս հովտումը, տեսնեմ՝ այնուհետև էլ ինչպե՞ս պետք է խլե ինձանից իմ բախտը։

Կանչեց իր հավատարիմ ծառային և ասաց.

- Ա՛ռ այս երեխային և տա՛ր մատաղ արա ինձ համար. միայն սիրտն ու թոքը բեր ինձ։ Սովդաքարը կարծում էր, որ երեխայի սիրտն ու թոքը կվերադարձնեն իր բախտը։

2

Եղանակը ամառային էր, և տարին՝ երաշտ։ Բայց ջրարբի և դալարագեղ հովիտը մի լեռնային տեղ էր և շատ գեղեցիկ ամարանոց խաշնարած ժողովրդի համար։

Սովդաքարի ծառան, երբ որ երեխային բոլորովին հեռացրեց քարվանից և անցավ մի բլրակի քամակ, այստեղ տեսավ հոտերով ոչխարներ և սկսեց մտածել ինքն իրան.

- Ո՛չ, անիրա՛վ աղաս, ես քո անգութ հաճույքը կատարել չեմ կարող։

Այսպես մտածեց ծառան, և երեխային մի թփի տակ դնելով՝ նրա պահպանությունը հանձնեց Վերին Նախախնամության։

Ոչխարի հոտը հեռու չէր։ Ծառան դիմեց հովիվներին, գնեց մի փոքրիկ ուլ, մորթեց և սիրտն ու թոքը հանելով՝ տարավ իր աղային։ Սովդաքարը խորովեց, կերավ և միամտվելով՝ շարունակեց ճանապարհը։

3

Ոչխարի հոտը, կամաց-կամաց սփռվելով հովտի մեջ՝ հասավ այն թփին, ուր դրված էր երեխան։ Մի կթի այծի ծծեր այնքան լցվել էին, որ քիչ էր մնում տրաքվեին, մի ծծկեր կենդանի էր փնտրում, որ թեթևացնել տար իր ծանրությունը։ Նա որ տեսավ երեխային թփի տակ, ուլի պես հեկեկալիս՝ իսկույն մոտեցավ և ծիծը դրավ բերանին։ Քաջառողջ և ուժեղ մանուկը սկսեց ծծել այնքան, որ բոլորովին դատարկեց այծի ծծերը։ Թե՛ այծը և թե՛ մանուկը հավասարապես գոհ մնացին այս անակնկալ դեպքից։ Այս բանը սովորություն դարձավ այծի համար. ամենայն օր միևնույն ժամին, ուր էլ որ լիներ հոտը, նա ջոկվում էր և վազում դեպի մանուկը, որ ծիծ տա նրան։

Այս կթի այծը պատկանում էր մի պառավի։ Պառավը մի քանի օր վրա-վրա զրկվեց կաթից. այծը գնում էր տուն դատարկ կրծքով։ Շատ նեղացավ պառավը և գնաց հովիվների հետ կռվեց։

- Դո՛ւք եք կթում իմ այծը,- ասում է պառավը և մեղադրում հովիվներին։

Իսկ հովիվները պատասխանում են.

- Երկի՛նք, գետի՛նք, մենք տեղեկություն չունինք։ Մենք որ կթելու լինինք, քո միակ այծը չենք կթիլ, այլ՝ նրանցը կկթենք, որոնք մեկի տեղ մի քանիսն ունին։ Բայց քո այծը սովորություն է արել հանկարծ անհայտանալու։ Մեկ էլ նայում ենք, որ՝ չկա. ուր է գնում՝ չգիտենք։ Կուզես՝ մեկ օր ե՛կ, դու ինքդ տես աչքովդ, որ հավատաս։

Պառավը մեկ օր այծի հետ գնաց ոչխարը և աչքը չհեռացրեց նրանից։ Կեսօրի մոտ ժամանակը, երբ այծի կուրծքն արդեն լցվել էր, նա սուս ու փուս քաշվեց դեպի մանուկը։ Պառավն սկսեց հետևել նրան։ Այծը կանգ առավ մի թփի տակ և երկար մնալուց հետո վերադարձավ դատարկ կրծքով։ Պառավը մոտեցավ թփին և տեսավ մի հրաշագեղ երեխա։ Պառավի ուրախությանն է՛լ չափ չկար։

- Այս լավ դառավ,– ասաց նա,– եթե մի քանի օր կաթից զրկվեցա, դրա փոխարեն Աստված ինձ մի որդի տվավ. կտանեմ, կպահեմ, կմեծանա, ինքն էլ ինձ կպահի։

Գրկեց երեխային, տարավ մոտիկ վտակում խշխշալի լողացրեց, փաթաթեց իր չարսավում և, ստեպ-ստեպ համբուրելով՝ տարավ տուն։

Տղան մեծացավ և իրավի՛, դառավ պառավի ծերության նեցուկը, նրա պահապանը։ Եվ որովհետև սկզբում այծն էր պահպանել նրան, այդ պատճառով նրա անունը դրին Այծատուր, ասում էին և «Այծի տղա» մականունով։

4

Այծատուրը դառել էր արդեն տասնըվեց-տասնըյոթ տարեկան և մի հրաշագեղ, խելոք, ժրաջան և ամենքին սիրելի երիտասարդ էր։ Այս միջոցներին սովդաքարը մեծ քարվանով եկավ իջավ այս գյուղումը։ Հյուրասեր գյուղացիք շրջապատեցին սովդաքարին և մեծ պատվով ընդունեցին։ Ամենից առաջ նրա ձիու կապը բռնեց Այծատուրը, օգնեց նրան իջնել ձիուց և ինքն սկսեց ձին ման ածել, որ հանգստացնե հոգնածությունից։ Երբ որ ձին կապեց և խոտ տվավ, սկսեց իրան՝ սովդաքարին ծառայել և կերակուր պատրաստել։ Սովդաքարին շատ դուր եկավ Այծատուրը. նրա քաղաքավարի խոսք ու զրույցը, շարժմունքը, ճարպիկությունը սովդաքարի ուշադրությունն այնպես գրավեցին, որ ուզեց նրան իր մոտ վերցնել։ Սկսեց հարցուփորձ անել, և տղան պարզամտությամբ պատմեց իր ծագումը, ինչպես որ լսել էր, և իբրև ապացույց իր ասածի ճշմարտության՝ վկա բերավ իր Այծատուր անունը։

Սովդաքարն իսկույն մատը կծեց։

- Հը՜մ,– ասաց իր մտքումը,– սա իմ վերցրած մանուկը պետք է լինի, և հենց այստեղ էլ հրամայեցի, որ սպանեն նրան, բայց բանից դուրս է գալիս, որ ծառաս չի կատարել իմ հրամանը, և հենց տարիքն էլ համապատասխանում է նույն տարվան։

- Այծատո՛ւր որդի,– ասաց սովդաքարը,– կուզե՞ս ինձ մոտ մնալ. ես քեզ կնշանակեմ գլխավոր վերակացու իմ բոլոր ունեցած-չունեցածի վրա. դու խելոք տղա ես երևում, լավ ապագա կունենաս։

- Ես այդպիսի բախտից փախչող չեմ,– ասաց Այծատուրը,– երբ որ դուք այդչափ ողորմած և բարի կլինեք դեպի ինձ, ես էլ կաշխատեմ երախտահատույց լինել և հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալ ձեզ մոտ։

Ինչ ասել կուզի, որ սովդաքարի նպատակը չար էր։ Նա ոչ թե Այծատուրի բախտը, այլ նրա անբախտությունն ու մահն էր ուզում։

Այծատուրը, հուսադրելով իր խնամակալ պառավին, որ շուտով ետ կդառնա և նրան մենակ չի թողնիլ, մնաս բարև արավ, գնաց սովդաքարի հետ։

5

Մեծ հարստության տեր էր սովդաքարը։ Երբ որ նրա քարվանի ծայրը բացվում էր, էլ վերջը չէր կտրվում։ Հազարավոր ուղտեր, ձիանք և ջորիք միայն նրա՛ վաճառքն էին մի քաղաքից մյուս քաղաք տեղափոխում։ Ի՜նչ ճոթեղեն, ի՜նչ ակնեղեն, ի՜նչ մրգեղեն ու համեմունք ասես, որ նա չուներ։ Ով ինչ ուներ ծախելու՝ նրա առնելուն էր սպասում, ով ինչ գնելու ուներ՝ նրա ապրանքի գալուն էր սպասում։ Երբ որ տանից դուրս էր գալիս, էլ տարիներով չէր վերադառնում. պատահում էր, որ ամիսներով ճանապարհ էր գնում, օրինակ՝ Հնդստանից մինչև Խորասան, Խորասանից մինչև Թիֆլիս, Թիֆլիսից մինչև Հաշտարխան։ Տուն ուներ՝ ինչպես թագավորական պալատ. շահերն ու սուլթանները նրանից էին փող պարտք անում, նրա թանկագին ընծաներին սպասում։

Նա կին ուներ, բայց արու զավակ չուներ, այլ՝ մի աղջիկ միայն, որ ինչքան գեղեցիկ էր, նույնքան և բարի ու խելոք։ Գոհարիկ էր անունը, և արդեն տասնըհինգ տարի լրացրած մի նախանձելի հարսնացու էր։

Սովդաքարն այժմ իր քարվանով դեպի տուն էր վերադառնում և հինգ օրից հետո պիտի հասներ։ Մի նամակ գրեց, տվավ Այծատուրին և, մի լավ ձի տալով, ասաց.

- Այս նամակը կհասցնես մեր տուն և քո ձեռքով կտաս իմ կնոջը։

Այծատուրը, որ մի առիթ էր որոնում իր պարոնի հրամանը մտերմությամբ և անհապաղ կատարելու, նամակը ծոցումը դրավ և ձին նստեց թե չէ՝ թև առավ թռավ դեպի սովդաքարի տունը։

Մյուս օրը ճաշի ժամանակ հասավ սովդաքարի տունը։ Ամառն էր. բավական շոգ օր էր։ Իջավ ձիուցը, ձին կապեց մի ծառի ստվերում, իսկ ինքը մոտեցավ տան դռանը։ Տեսավ՝ դուռը կողպած է, էլ չուզեցավ անհանգստացնել ներսը եղողներին. թեք ընկավ պատի տակին, և սաստիկ հոգնածությունից ու անքնությունից իսկույն քունը տարավ։

Մեր Այծատուրը այսպես քնի մեջ ով գիտե ինչ էր տեսնում երազումը, բայց արեգակի այրող ճառագայթների տակ կարմրել էր և քրտնել այնպես, ինչպես մայիսի կարմիր վարդը մարգարտյա ցողի կաթիլներով։ Իր այս պատկերով նա ուղիղ Գոհարիկի սենյակի պատուհանի դիմացն էր։ Ով գիտե, ի՛նչ անհայտ դրդումից ստիպված Գոհարիկը բաց արավ սենյակի պատուհանը և հանկարծ որ չտեսավ Այծատուրի ցողաթաթախ վարդագեղ դեմքը, մնաց տեղնուտեղը մեխված. իր կյանքումը տեսած չէր մի այսպիսի հրաշագեղ պատկեր։ Է՛լ աչքը չհեռացրեց. հանգամանքը հաջող էր, որովհետև իրան գրավող երիտասարդը քնած էր և կարող չէր տեսնել նրան։ Այսպես որ շատ նայեց Գոհարիկը՝ մի նամակի ծայր նշմարեց տղայի ծոցից դուրս եկած, հետո էլ տեսավ ձին և ճանաչեց։

- Սրան անպատճառ իմ հայրս կլինի ուղարկած իր գալուստն իմաց տալու,– ասաց աղջիկն իր մտքումը և, առանց երկար մտածելու՝ իջավ վերևից և Այծատուրի ծոցից նամակը կամացուկ դուրս քաշեց ու կրկին թռավ դեպի վեր՝ իր սենյակը։

Գոհարիկը բաց արավ նամակը և կարդաց հետևյալը.

«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՄՈՒՍԻՆ

Այս գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ՝ սիրով կընդունես, որ ոչ մի կասկած չտանե, և սրով կլինի թե հրով, թույնով կլինի թե պարանով՝ անհապաղ վերջ կտաս դրա կյանքին։ Ես հինգ օրից այդտեղ կլինեմ և դրան չպիտի տեսնեմ կենդանի։

Քո ամուսին»։

Գոհարիկը կարդաց այս նամակը և իր ո՛չ աչքերին և ո՛չ ականջին չհավատաց։ Ո՛չ, երևի հայրս ուզեցել է գրել ահա՛ ինչ՝ և սկսեց գրել հետևյալը.

«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՄՈՒՄԻՆ

Այս գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ՝ իսկույն իմ Գոհարիկս դրան կտաս և կպսակես, այնպես որ մինչև իմ գալս՝ ամեն ինչ վերջացած լինի։

Քո ամուսին»։

Գոհարիկն այս նամակը գրեց կարծես անգիտակցաբար, առանց իրան որևէ հաշիվ տալու և տարավ դրավ Այծատուրի ծոցումը։ Այս գործողությունը կատարելուց հետո Գոհարիկը սուս ու փուս վեր բարձրացավ, այրեց իր հոր նամակը և, որպեսզի Այծատուրին երկար չթողնե արևի տակ, ուրախ-ուրախ ներս մտնելով մոր սենյակը՝ ասաց.

- Մայրիկ, նայի՛ր, մեր դռանը մի անծանոթ երիտասարդ կա քնած։ Նա ձիով է եկել, իսկ ձին հայրիկինն է. ուրեմն՝ նա մի լրաբեր պետք է լինի։ Հարկավոր է նրան զարթեցնել և վեր կանչել։

Ծառաները ուրիշ տեղ էին գնացել, տանը ոչ ոք չկար, բացի մորից ու աղջկանից։ Մայրը իջավ ներքև և Այծատուրին զարթեցրեց։

Այծատուրը ներողություն խնդրեց տիրուհուց և, ծոցիցը նամակը հանելով՝ տվավ իրան։ Տիրուհին նամակը կարդաց և, տղայի երեսին նայելով, մի առանձին ուրախություն և հաճույք զգաց։

- Դու գիտե՞ս՝ այս նամակումն ի՛նչ է գրած,- հարցրեց տիրուհին։

- Ո՛չ, ինձ հայտնի չէ, տիրուհի՛։

- Երևում է, որ հայտնի չէ, եթե ոչ՝ էլ ի՞նչ կտաներ քունդ։ Գնանք վերև, ես այնտեղ քեզ կհայտնեմ, թե ինչ է գրած։

Տիրուհու նպատակն էր տեսնել, թե ի՛նչ ներգործություն կանե աղջկա վրա հոր կամքը։

Տիրուհու սիրալիր ընդունելությունը բավական քաջություն տվավ Այծատուրին, թեև նա առանց այս էլ իր հոգեկան անմեղ վիճակից դուրս չէր կարող գալ. նա ո՛չ ամոթխած էր և ո՛չ հանդուգն. ազատ էր երկու ծայրերից էլ՝ իբրև բնության անարատ զավակ։

Երբ որ վերև բարձրացան, նրանց դիմավորեց Գոհարիկը և սկսեց հարցուփորձ անել հոր մասին, նրա առողջության, իսկ մորից հարցրեց, թե ի՛նչ է գրել հայրը։

Այծատուրը միայն հեքիաթներումն էր լսած Գոհարիկի նման գեղեցկուհիների մասին, և ինքն իրան շատ երջանիկ զգաց, որ այնպիսի մի դիցուհու նվաստ ծառան պիտի լինի։ Նա չէր կարող մտքովն անգամ անցկացնել, որ կարող է ծառայից է՛լ ավելի բարձր լինել և նրան իրան կողակից և լծակից համարել։

- Անունդ ի՞նչ է, որդի՛,– հարցրեց տիրուհին։

- Աստվածատուր է,– պատասխանեց տղան՝ Այծատուր անունից ամաչելով։

- Աստվածատո՜ւր… Գիտե՞ս, Աստվածատո՛ւր, իմ ամուսինս գրել է, որ դու գաս թե չէ՝ իմ աղջիկը քեզ տամ. սա՛ է ահա իմ աղջիկը։ Ես չեմ կարող ընդդեմ կենալ նրա կամքին, և իմ կողմից արգելք չկա. բայց եթե դու կամ սա հոժար չեք լինիլ, այդ բանումը ես մեղավոր չեմ լինի, պատասխանատուն դո՛ւք կլինեք։

Այս ասելով տիրուհին նամակը տվավ աղջկանը։

Այծատուրը այնպես կարծեց, թե՝ երազումն է տեսնում այս անցքը, մնաց լուռ և վեր քաշված, ոչինչ չկարաց խոսել։ Իսկ Գոհարիկն ասաց.

- Ես հնազանդ եմ իմ հոր կամքին, բայց չեմ կարող բռնությամբ տիրել մի երիտասարդի սրտի վրա. գուցե նա համաձայն չէ։

Այծատուրը տեսավ, որ իր տեսածը երազ չէ, և ո՛չ հանաք են անում իր հետ, բոլոր ուժը մի տեղ հավաքելով՝ ասաց.

- Ես ոչ պակաս հնազանդ եմ իմ տիրոջ կամքին. նա որ ինձ հրամայե, թե՝ գնա՛ ջուրն ընկիր, կընկնիմ, ուր մնաց, որ նա ինձ ջուրը չի ձգում, այլ հանում է ջրից։

- Ուրեմն, ամեն ինչ վերջացած է,- ասաց տիրուհին և կանչեց ծխատեր հոգևորականին, որին ցույց տալով իր ամուսնու նամակը խնդրեց, որ շուտով պսակի ծեսը կատարե։

6

Հինգ օրից հետո սովդաքարը եկավ։ Հենց որ տան գավիթը մտավ՝ տեսավ Այծատուրին իր աղջկա հետ ուրախ-զվարթ ճեմելիս իր հոյակապ տան պատշգամբի վրա։

- Այս ի՞նչ խաղ է,– մտածեց նա.- երևում է, որ իմ գրածի հակառակ սա ամուսնացել է իմ աղջկա վրա։ Ուրեմն, ես էլ ինձ այնպես ցույց կտամ, որ իբր թե իմ կամքն էլ այդպես է եղել։

Ներս մտավ ուրախ-զվարթ, բարևեց ամենքին և, դառնալով տղային ու աղջկան, հարցրեց կնոջը.

- Արդյոք կարո՞ղ եմ շնորհավորել։

- Այո՛, այո՛,– ասաց կինը.– ինչպես որ գրել էիր, թե՝ մինչև իմ գալս պսակված պրծած լինին, ես էլ անհապաղ կատարեցի քո կամքը։

Այստեղ մարդը գլխի ընկավ, որ իր նամակի բովանդակությունը փոխված է, և կասկած տարավ Այծատուրի վրա, թե նա ի՛նքը կլիներ փոխած, և մտածեց վրեժխնդիր լինել։

Մյուս օրը գնաց իր այգին, այգեպանին պատվիրեց մի խոր հոր փորել և ամբողջ գիշեր կրակ վառել նրանում. իսկ վաղը առավոտյան,– ասաց,– մի մարդ կուղարկեմ այստեղ. հենց մտնի թե չէ՝ բռնեցեք և ձգեցեք նույն հորի մեջ և վրան նոր ցախ ածեցեք և այրեցեք։

Սովդաքարն ինչպես ասաց, այգեպաններն էլ այնպես պատրաստեցին։ Երեկոյան ընթրիքի ժամանակ սովդաքարը, դառնալով Այծատուրին, ասաց.

- Ես թեպետ գրեցի, որ պսակն առանց ինձ կատարվի, բայց հիմա տեսնում եմ, որ շատ եմ շտապել։ Այդ նրա համար արի, որ ինձ շատ դուր եկար։ Ի՞նչ կասեն քաղաքացիք. չե՞ն ասիլ, թե՝ ինչո՞ւ ժլատություն արավ և պսակն առանց հրավերքի կատարեց։ Վաղը պետք է մեծ հրավերք սարքեմ, և ես ինքս կտեսնեմ բոլոր պատրաստությունը։ Քեզ կխնդրեմ միայն, որ գնաս այգին և այնտեղ թարմ մրգեղենի պատրաստությունը ի՛նքդ տեսնես, չմոռանաս նաև՝ թարմ ծաղիկներից բազմաթիվ փունջեր շինել տալ։

Մյուս օրը Այծատուրը վեր կացավ, պատրաստվեց, որ գնա այգի։ Ճանապարհին, աղոթատան մոտովն անցնելիս, միտն ընկավ, որ օրը կյուրակե է, և ամբողջ ժողովուրդը աղոթքի է կանգնած։ «Գնամ, ես էլ կատարեմ իմ աղոթքը, Աստծուն փառաբանություն տամ. դեռ վաղ է, չեմ ուշանալ ճաշվա համար հարկավոր եղածը պատրաստել»։

Այծատուրը մտավ աղոթատուն և երկար մնաց այնտեղ։

Սովդաքարի սիրտը տրըփում էր անհանգստությունից. նրա համար մի ժամը տարու չափ երկարանում էր։ Մի երկու ժամից հետո շտապեց դեպի այգին, որ տեսնե՝ իր հրամանը կատարվա՞ծ է արդյոք։ Այգին մտավ թե չէ՝ նրան ցիմ-ցիմ վերցրին այգեպանները և ձգեցին հրաբորբոք հորի մեջ և իսկույն նորանոր ցախ ու փայտ թափեցին մեջը։ Դեռ հորը չընկած՝ շատ աղաղակեց, թե՝ ես ձեր տերն եմ, ձեր աղան եմ, բայց ոչ ոք չլսեց, կարծես ամենքն էլ խլացել ու կուրացել էին։

Այս դեպքից երկու ժամ անցած՝ Այծատուրը գնաց։ Նրան ընդունեցին իբրև իրանց տիրոջը և հայտնեցին, որ իր հրամանը կատարված է։

- Ի՞նչ հրաման,– հարցրեց Այծատուրը և իմացավ, որ սովդաքարն ընկել է ուրիշի համար փորել տված հորը։

Այստեղ հեքիաթաբաններն ասում են, թե՝ այգեպանների աչքումը Այծատուրն իրանց տիրոջ նման էր երևացել, իսկ սովդաքարը՝ մի ուրիշի։ Ասում էլ են, թե՝ ճակտի գրածը չի ջնջվիլ, և ուրիշի համար հոր փորողը ի՛նքը կընկնի նրա մեջ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Гаяне - Колыбельная
Арам Хачатрян

Гаяне - Колыбельная

Ожидающий
Ожидающий
Играть онлайн