Лазарос Агаян

Արեգնազան կամ Կախարդական աշխարհ

(Հայկական հին զրույցներից առած մի վեպիկ)
1

Շատ հին ժամանակ, երբ աշխարհքս լիքն էր հրաշքներով, և երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա՛ այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով։

Արմանն ուներ երեք զավակ՝ մորից որբ մնացած։ Նրանցից երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը՝ ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ, միայն բարի ոգիները նրա ինչ լինելը թաքցրել էին հողեղեններից։ Այդպես էին կամեցել բարի ոգիները իրանց համար հայտնի նպատակով, և մի ուրիշ ժամանակով, երբ որ ժամանակը լրանար, այնուհետև նա կա՛մ աղջիկ և կա՛մ տղա պիտի դառնար։ Բայց Արմանը նրան չէր որոշում աղջիկներից, և երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։ «Թող սա էլ աղջիկ համարվի, ասաց նա, մինչև բարի ոգիների կամքը կատարվի», և անունն էլ դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։

Արեգնազանը մեծացավ աղջկա պես. և թեպետ հավատացած էր, որ ինքն աղջիկ է և աղջիկներից էլ՝ ամենից գեղեցիկը, բայց ատելով ատում էր աղջկան վայել բաները։ Նա չէր սիրում բուրդ գզել, թել մանել, կար ու գործ անել և, դրա հակառակ, երբ մի լավ ձի կամ մի զենք էր տեսնում՝ խելքը գնում էր։ Մայր չուներ, որ նրան ստիպեր, տնարարություն սովորեցներ, իսկ հայրը, կարծես գիտությամբ, ոչ միայն այդ մասին ոչինչ հոգս չէր անում, այլև նրան իր հետ որսի էր տանում և ձի հեծնել ու զենք գործածել էր սովորեցնում։

Այսպես անցավ մի ժամանակ. մեկ օր Արմանը կանչեց իր զավակներին և ասաց.

Ես ծառայում էի մեր բարի թագավորին, և նա ինձ շատ սիրում էր։ Ահա՛ այս դաշտերն ու անտառները, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին են, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայությանս համար։ Երբ որ ձեր մայրը վախճանվեց՝ սաստիկ տխրություն եկավ վրաս։ Վեր առա ձեզ, քաշվեցի այս խաղաղ վայրերը և, տխրությունս փարատելու համար, գլուխս որսորդության տվի։ Դուք հիմա մեծացել եք, իսկ ես՝ ծերացել։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ի՞նչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք. իհա՛րկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար ես մտածել եմ, որ ձեզանից մեկին, տղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու։ Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա։ Այդպիսով, ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ։ Հիմա ո՞րդ կուզենաք գնալ։

Ե՛ս կերթամ, հայրի՛կ, ասաց մեծ աղջիկը։

Ես էլ, հայրի՛կ, ես էլ, մեջ ընկավ միջնակը։

Արեգնազանը լուռ էր։

Իսկ դու, Նազանի՛կ, դու չե՞ս կամենալ, հարցրեց հայրը Արեգնազանին. կարծես ուզում էր, որ գնացողը նա՛ լիներ անպատճառ։

Ինչո՞ւ չէ, հայրի՛կ. բայց երբ որ իմ մեծ քույրն ուզում է, ես ինչո՞ւ արգելք լինիմ նրան։

Այստեղ արգելքի բան չկա, հոգի՛ս. ինձ համար դուք երեքդ էլ մեկ եք, միայն՝ դեռ չգիտեմ, թե՝ ձեզանից ո՞րն ավելի հարմար կլինի։

Ես ամենից հարմարն եմ, հայրի՛կ, ասաց մեծը, որովհետև ես ամենից մեծն եմ։

Շա՛տ լավ, բայց ես առանց պայմանի ոչ մեկիդ չեմ ուղարկելու։ Եթե դու կամենում ես՝ կերթաս, ուրեմն, կփոխես հագուստդ, կընտրես զենք ու զրահ, և առավոտը շատ վաղ քո ձին կհեծնես, կերթաս որսորդության. եթե դատարկ չվերադառնաս, քեզ կուղարկեմ թագավորի մոտ։

Մյուս առավոտուն մեծ աղջիկը, ինչպես պատվիրել էր հայրը, ճանապարհ ընկավ դեպի դաշտ՝ մի բան որսալու համար։ Երբ որ մտավ մի խոր ձորի մեջ և ուզում էր անցնել մյուս կողմը, նրա առաջը կտրեց մի դիմակավորված ձիավոր՝ ոտից մինչև գլուխ զինավորված։ Աղջիկը նրան որ տեսավ՝ այնպես վախեցավ, որ քիչ մնաց լեզուն կապվի. սաստիկ երկյուղից մնաց կաշկանդված, փախչիլ անգամ չկարողացավ։ Ձիավորը մոտեցավ նրան ու ասաց.

Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ.
Ինչո՞ւ փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։


Աղջիկը պատասխանեց կմկմալով.

Ես… ես… գնում եմ…
Ոչ… ոչ… չեմ գնում…
Հա… հա… պիտի գնամ…
Ի՞նչ երեսով ետ դառնամ…


Ձիավորն ասաց սպառնալով.

Դու գնո՞ւմ ես, ո՞ւր ես գնում,
Ո՞ւր ես փախչում դու ձեր գեղից.
Ե՛տ դառ իսկույն, թե չես ուզում,
Որ գլուխդ թռչի տեղից…


Այս ասելով ձիավորը հանեց թուրը և բարձրացրեց, որ զարկե աղջկանը, բայց նա բղավեց.

Վա՜յ, վա՜յ, մի՛ զարկիր, մի՛ զարկիր, ես աղջիկ եմ, ես աղջիկ եմ, ահա՛, ահա՛, ետ եմ դառնում։

Որ աղջիկ ես, ուրեմն՝ գնա ձեր տուն, ձեր հավերին կուտ տուր։ Տղամարդի հագուստ ունենալը բավական չէ, պետք է տղամարդի սիրտ էլ ունենալ։ Էլի լավ էր, որ ինձ պատահեցար և ո՛չ մի ուրիշին, ասաց ձիավորը և անհայտացավ։

Աղջիկը դողդողալով վերադարձավ տուն։

Է՜… ո՞ւր է բերած որսդ, հարցրեց հայրը, ինչո՞ւ այդպես շուտ վերադարձար։

Ճանապարհին ջերմս բռնեց, հայրի՛կ, գլուխս ցավում է, պատասխանեց աղջիկը։

Մյուս օրը միջնակին ուղարկեց։ Նա էլ մեծին պատահած փորձանքին հանդիպեց. նրա պես վախեցած վերադարձավ տուն։

Երրորդ օրը Արեգնազանին ուղարկեց։ Նրան ևս հանդիպեց միևնույն ձիավորը և ասաց.

Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ.
Ինչո՞ւ փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։


Արեգնազանը պատասխանեց բարկանալով.

Քեզ ի՞նչ, թե ես ո՛ւր եմ գնում.
Ուր գնում եմ, այդ ե՛ս գիտեմ.
Ես չեմ գնում, որ քեզ նման՝
Խաղաղ մարդոց ճամփեն կտրեմ։

Ուրեմն, ես ավազա՞կ եմ.
Դո՞ւ ես ասում ինձ այդ բանը.
Այս րոպեիս դու կստանաս
Քո այդ խոսքիդ պատասխանը։

Այո՛, թե դու ավազակ ես,
Ցույց է տալիս քո դիմակը.
Բայց թե՝ ինչպե՛ս տղամարդ ես,
Այդ թող տեսնե իմ նիզակը…


Այս ասելով Արեգնազանը հարձակվեց նրա վրա, ասելով.

Դե՛ն ձգիր դիմակդ, տեսնեմ՝ դու ի՞նչ մարդ ես, եթե ոչ՝ այս րոպեիս կթռցնեմ գլուխդ։

Ձիավորն ընդդիմացավ, վահանով պաշտպանվեց և թրով հարձակվեց Արեգնազանի վրա։ Արեգնազանը նույնպես պաշտպանվում էր վահանով և հարձակվում թրով։ Մի ժամ շարունակ տևեց նրանց կռիվը, և ոչ մեկը չկարողացավ զարկել մյուսին. զարկերը վահաններին էին դիպչում։ Միայն Արեգնազանը հետզհետե զորանում էր, իսկ նրա հակառակորդը՝ թուլանում։ Վերջը Արեգնազանը մի ճարպիկ ոստյունով թռավ իր ձիուցը, հակառակորդի փողպատից բռնելով վայր գլորեց ձիուց և հենց այն է՝ ուզում էր, որ մի հարվածով գլուխը թռցներ, նա իսկույն վեր առավ դիմակը…

Ա՜խ, հայրի՛կ, հայրի՛կ, բացականչեց Արեգնազանը. այս ի՞նչ փորձանքի մեջ էիր գցում դու ինձ… եթե մի փոքր ուշ վեր առնեիր դիմակդ՝ ինձ հայրասպան պիտի շինեիր։

Հայրը մոտը նստեցրեց Արեգնազանին և նրա վրան նայելուց չէր կշտանում։ Մի փոքր շունչ առնելուց հետո ասաց.

Ապրի՛ս, ապրի՛ս, Արեգնազան,
Ծլիս, ծաղկիս, զորանաս,
Հիմա գիտեմ, որ իմ տեղը
Դո՛ւ անպատճառ կստանաս։

Իզուր չեմ քեզ սովորեցրել
Զենք ու զրահ գործածել.
Ի՛նքըդ գիտես, որ ամենքից
Քե՛զ եմ սիրել առավել։

Թող սա՛ լինի, ասացի ես,
Արու զավակ ինձ համար,
Սրա անվախ, անահ սիրտը
Քաջ տղամարդի է հարմար։

Էլ աղջիկ չես այսուհետև,
Չմոռանա՛ս այդ բնավ.
Դու աշխատիր, որ ստանաս
Բարի անուն, մեծ համբավ։

Արքայական ապարանքը
Մի մեծ բույն է փորձության.
Եթե սխալ մի քայլ անես՝
Դու կորած ես հավիտյան։

Այժմ գնա՛, դու իմ հոգյա՛կ,
Օրհնությունս քեզ հետ տար,
Եղի՛ր բարի, մեծահոգի,
Եղի՛ր անմեղ ու արդար…

2

Երբ որ Արեգնազանը ներկայացավ թագավորին և հայտնեց, որ ինքը Արմանի որդին է, թագավորը շատ ուրախացավ։

Ես այնպես էի կարծում, ասաց թագավորը, որ մեր Արմանը հասած տղա չունի։ Անունդ ի՞նչ է, տղա՛ս։

Տերությանդ ծառա՝ Արեգ։

Արե՜գ… շա՛տ լավ անուն է և քեզ բոլորովին հարմար։ Ուրա՛խ կաց, տղա՜ս, քեզ այստեղ լավ կպահեն։ Եթե մի նեղություն, մի կարիք ունենաս՝ ինձ հայտնիր։ Վաղը պիտի որսի երթանք, դու էլ կգաս ինձ հետ։

Թագավորը մինուճար մի աղջիկ ուներ, Նունուֆար անունով։ Այնքան գեղեցիկ էր Նունուֆարը, որ արեգակին ասում էր՝ «Դու մի՛ դուրս գա, ե՛ս եմ դուրս գալու»։

Երբ որ թագավորը խոսում էր Արեգնազանի հետ՝ Նունուֆարը վարագույրի հետևից թաքուն նայում էր նրա վրա և զմայլում։

«Սա իսկ և իսկ այն պատկերն է, որին քանի անգամ տեսել եմ ես երազումս», ասում էր Նունուֆարն ինքն իրան…

Մյուս առավոտը որսական փողերը հնչեցին։

Հազարից ավելի ձիավոր դուրս եկան, բոլորն էլ զինավորված լայնակամար նետաղեղներով, երկայնակոթ նիզակներով և այլ զենքերով։ Իրանց հետ ունեին բազմաթիվ գամփռներ, բարակներ, բազեներ… Մի խոսքով՝ որսի ամեն պատրաստությունով։

Անցան գնացին, հասան մի լայնատարած դաշտ, չորս կողմից ահագին անտառներով շրջապատված։ Որսական շներով անտառներից դուրս փախցրին բոլոր էրեներին դեպի դաշտ, շղթայաձև շրջապատեցին ամբողջ դաշտը և, բոլոր որսերին կալմեջ արած, սկսեցին անխնա կոտորել։

Արեգնազանը թագավորի մոտից չէր հեռանում և նրանից էլ քիչ չէր կոտորում։ Որսասպանության այս թունդ միջոցին թագավորը մի եղջերվի հետևից ձին չափ գցելիս, ինչպես պատահեց, վայր ընկավ ձիուցը, թեև անվնաս, միայն ձին խրտնեց, փախավ, թագավորը մնաց հետիոտն և իսկույն ընկավ մի արջի առաջ։ Արջը հետևի ոտների վրա կանգնեց, բերանը բաց արավ և հենց որ ուզում էր թագավորին իր գիրկն առնել, ջարդել՝ Արեգնազանը մի ակնթարթի մեջ նետի պես սլացավ իր ձիով և թրի մի հարվածով կես արավ արջի գլուխը և վայր գլորեց ամեհի գազանին։ Թագավորն ազատվեցավ, և Արեգը դարձավ նույն օրվա հերոսը։

Ա՜յ քեզ բախտ… ինչո՞ւ ե՛ս չէի մոտիկ թագավորին… ասում էին որսորդներից շատերը…

Թագավորին սույն օրվա պատահած դեպքի լուրը շուտով քաղաք հասավ, և պատանի որսորդի արած քաջության համբավը մի րոպեում տարածվեց ամբողջ քաղաքի մեջ։

Տեսնելու բան էր, թե ինչպիսի՛ աղաղակ էին բարձրացնում քաղաքացիք որսորդների վերադարձին։

Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ քաջ Արեգը, գոռում էին միաբերան և երգում.

Ո՞վ է ազատել մեր թագավորին
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…
Մեր քաջ Արեգը, սիրուն պատանին.
Նա՛ է ազատել արջի ճանկերից,
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…

Երկայն նիզակը բերանն է կոխել,
Գլուխը թրով մեջտեղից կիսել,
Ամեհի գազանին գետին կործանել,
Մեր թագավորին անվնաս պահել
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից։

Արեգն է սիրուն արեգակի պես,
Նոր է դուրս եկել որսական հանդես,
Արջի գլուխը արավ երկու կես,
Մեր թագավորին ազատեց այսպես
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…

Արեգն է դյուցազն, քաջ ու անվեհեր,
Կեցցե՜ հավիտյան, կեցցե՜ շատ օրեր.

Եթե նա այսօր այնտեղ չլիներ՝
Մեր թագավորին էլ ո՞վ կազատեր
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից։


Արեգնազանը, այս ցույցերը տեսնելով, ասում էր ինքն իրան.

Ա՜խ, ի՜նչ լավ բան է տղա լինելը. երանի՛ ես ճշմարիտ տղա լինեի։ Աղջիկը որտեղի՞ց կարող էր այս պատվին արժանանալ…

Դու այսօր ցույց տվիր ինձ քո շնորհքդ, Արե՛գ, ասաց թագավորը, այսուհետև դու ինձնից անբաժան կմնաս։ Ապրի՛ս, տղա՛ս, ապրի՛ս։ Դու մի հազվագյուտ էակ ես. գեղեցկության և ջահելության հետ շատ հաշտ չէ քաջությունը, բայց Երկինքն ուզեցել է քեզ մի բացառություն համարել։ Վաղը դու մեր ձիաներից կընտրես քեզ համար ամենալավը, իմ զենք ու զրահներից՝ ամենից ընտիրները։ Դու ժամանակով դյուցազանց կարգը կընկնիս, և հենց այժմ էլ մի փոքրիկ դյուցազն ես…

Թագավորը շատ ուրախ էր, որ մի փոքրիկ դյուցազն է գտել, բայց Նունուֆարի ուրախությունը սահմանից անց էր կացել։

Սրան Երկինքն է ուղարկել ինձ համար, ասում էր Նունուֆարը ինքն իրան, բանն այնպես է գնում, ինչպես որ պետք էր ցանկանալ։ Բայց ես ե՞րբ պիտի տեսնեմ նրան երես առ երես, կամ նա ինձ ե՞րբ պիտի տեսնի։ Ա՜խ, ինչքա՜ն ցանկանում եմ, որ հենց ա՛յս րոպեիս նա իմ մոտս լինի, մենք միասին կխոսինք, ես նրան կասեմ… նա ինձ կասե… Եվ ինչո՞ւ չկանչել, ինչո՞ւ չխոսել։ Հայրս նրան որդու պես է սիրում, որովհետև իր բարեկամի որդին է. նա ազատ ել ու մուտ ունի բոլոր պալատում։ Այո՛, այո՛, պետք է կանչել։ Է՜յ, ո՜վ կաք այդտեղ, կանչեց Նունուֆարը, և ներս մտավ մի աղախին։

Այս րոպեիս կերթաս Արեգի մոտ և կասես, որ գա ինձ մոտ. ասա՝ «Ե՛կ, ինձ տես»…

Աղախինը գնաց և կանչեց Արեգին։

Չեմ կարող գալ, պատասխանեց Արեգը։

Ինչո՞ւ չեք կարող, պարո՛ն. նա հրամայել է, պնդեց աղախինը։

Ես նրա մոտ գործ չունիմ, հասկանո՞ւմ ես…

Պարո՛ն, նա ասում է. «Ե՛կ, ինձ տես»… հասկանո՞ւմ ես…

Գնա՛ ասա. «Ո՛չ կգամ և ո՛չ կտեսնեմ քեզ»…

Աղախինը գնաց։

Նունուֆարը, Արեգի մերժումը լսելով՝ այնպես սառավ ու տաքացավ, այնպես կարմրեց ու սփրթնեց փոփոխակի, որ աղախինը, այդ տեսնելով՝ սարսափի մեջ ընկավ։

Նունուֆարի սիրտն ուզում էր տրաքիլ, գլխի սկավառակն ուզում էր բարձրանալ։ Նա անդադար այս ու այն կողմն էր ընկնում, մե՛րթ դուռն էր բաց անում, մե՛րթ պատուհանը. նրա սենյակը դարձավ մի հնոց և նրան այրում, խորովում էր։

Մերժո՜ւմ… արհամարհա՜նք… ի՜նձ, ի՜նձ, ո՜հ, գլուխս, գլուխս տրաքում է, տրաքում…

Աղախինը, տեսնելով իր տիրուհու անսահման սրտնեղությունը, վստահացավ ասել.

Տիրուհի՛, ես զարմանում եմ, որ դու մի այդպիսի դատարկ բանի համար սիրտդ շուռ ես բերում։ Նա գուցե սաստիկ ամաչում է, և դրա համար է, որ չեկավ։ Երբ որ լսեց, որ դու կանչում ես իրան, ամոթից կարմրեց, վարդ կտրեց և ինչքա՜ն գեղեցիկ էր…

Ասա՛, ասա՛, խոսիր, շարունակիր… ես չլսեցի քո բոլոր ասածները… Ո՜հ, որքա՜ն ստոր եմ ես հիմա նրա աչքումը, որքա՜ն ստոր… Բայց նա սխալվում է, այնպես չէ՞. նա սխալվում է…

Նունուֆարը, երկար ժամանակ հոգեպես տանջվելով, թուլացավ և ընկավ անկողին։ Թագավորին իմաց տվին. նա գնաց տեսավ, բժիշկներ կանչեց. հավաքվեցան բոլոր բժիշկները, հույս տվին թագավորին, թե՝ հիվանդությունը վտանգավոր չէ և շուտով կբժշկեն, բայց դրա հակառակ, քանի գնաց՝ Նունուֆարի տկարությունը վտանգավոր դարձավ. բժիշկները հուսահատվեցան և ուղղակի հայտնեցին, որ չեն կարողանում իմանալ ոչ ցավի պատճառը և ո՛չ նրա բժշկելու հնարը։

Շատ տխրեց թագավորը։ Նունուֆարը նրա միակ զավակն էր, միակ մխիթարությունը, իր թագավորության միակ ժառանգուհին։ Ամբողջ պալատը և համարյա ամբողջ քաղաքը տխրության մեջ ընկավ։ Արեգնազանն էր միայն անտարբեր մնացողը։ Նրա հոգը չէր ամենևին, և չէր էլ երևակայում, որ ի՛նքն է նրա տխրության միակ պատճառը:

Նունուֆարին փոքրիշատե սփոփողը և ուրախ տրամադրություն տվողը թագավորի ծաղրածուն էր, իսկ նրա վրա հսկողն ու խնամք տանողը վեզիրի կինն էր:

Վեզիրի այրի կինը մի հասած տղա ուներ։ Նա կարծում էր, որ թագավորին արժանավոր փեսացու միայն իր տղան կարող է լինել և ոչ մի ուրիշը։ Այս պատճառով նա գիշեր-ցերեկ չէր հեռանում Նունուֆարի մոտից. աշխատում էր նրան առողջացնել և միևնույն ժամանակ նրա սերը գրավել։

Տիրուհի՛, ի՞նչ կտաս, որ ես քեզ բժշկեմ, ասաց մեկ երեկո ծաղրածուն։

Ի՞նչ պիտի տամ, հիմա՛ր, եթե մի հնար գիտես՝ էլ ո՞ր օրվան համար ես պահում։

Այդ լավ ասացիր. ինձ պես հիմարին ո՞վ բան կտա. ուրիշ բան է, եթե ես մի հիմար բժիշկ լինեի։ Սպասի՛ր, ես պիտի տեսնեմ՝ քո խելքդ գլխո՞ւմդ է, թե՞ քեզանից խռովել է, գնացել է ուրիշի գլուխ մտել։

Այդ ինչպե՞ս պիտի իմանաս։

Ա՛յ ինչպես։ Եթե տասնից երկու պակսեցնես՝ կարո՞ղ ես էլի նորմեկանց տասը շինել։

Ինչո՞ւ չէ. տասնից կպակսեցնենք երկու, կդառնա ութ. ութի վրա երկու կավելացնենք, կդառնա էլի տասը։

Այդ ինչպե՞ս կարելի է. տասնից որ երկու գջլես, էլ ինչպե՞ս կարող ես կպցնել նրան։ Հիմա որ քո մի կուռը կտրենք, մեկ էլ նորմեկանց տեղը դնենք, կկպչի՞…

Այդպես չէ, հիմա՛ր։ Եթե դու ունենաս տասը խնձոր, նրանցից երկուսն ուտես՝ տեղը չի՞ մնալ ութ։ Հիմա այս տիկինը, որ քեզ երկու խնձոր տա, կավելցնես մնացած ութի վրա, էլի կունենաս տասը խնձոր։

Հա՜, հիմա հասկացա։ Ուրեմն՝ դու այնպես ես հաշվում, որ կերած խնձորների տեղը կարելի է ուրիշ խնձորներ դնել։

Իհա՛րկե, կարելի է։

Իսկ ես այնպես էի կարծում, թե՝ կերածը կերած է, կորածը՝ կորած, մեռածը՝ մեռած. էլ դրանք ետ չեն դառնալ։ Ուրեմն, այս տիկինն ինչո՞ւ է մեկ մնացել։ Սա մեկ մարդ ուներ, մեռավ. առաջ սա և իր մարդը երկու էին. հիմա եթե սրա վրա ուրիշ մեկ մարդ ավելացնենք՝ խոմ էլի կդառնա՞ երկու։ Բայց առաջվան մեկը վեզիր էր, ողորմի՛ իրան, խելոք մարդ էր կարծվում, երկրորդ մեկը թող լինի մեկ հիմար կարծվող ծաղրածու։ Այս հանգամանքը խոմ մեր հաշվին չի՞ դիպչիլ. տիկինը, որ հիմա մեկով պակաս է՝ առաջվա պես կդառնա երկու…

Դու իմ հոգսը մի՛ քաշիր, հիմա՛ր, ասաց տիկինը. դեղ գիտես՝ քո տիրուհուդ համար արա. թող ես մեկ մնամ…

Տիկի՛ն, իմ տիրուհին մեկ է, սրան ուրիշ մեկ չի պակսիլ, բայց ուզում է երկու դառնա։ Ես հիմա մտածում եմ, որ սրա համար մի այնպիսի «մեկ» գտնեմ, որ եթե սրա վրա ավելացնենք՝ դառնա էլի մեր առաջվան Նունուֆարը։

Ծաղրածուն մատը ճակատին դրավ և մի փոքր մտածելուց հետո բացականչեց. Գտա՜, գտա՜… Եվ սկսեց երգել.

Մե՛կ րե՛գ, մեր Արեգ,
Չո՛րս մո՛րս, գնաց որս.
Վե՛ց նե՛ց, ըսպանեց
Մի արջիկ, մի աղջիկ…

Ես հաշվեցի և գտա
Մեր պալատում մի տղա,
Նրան տեսնող աղջիկը
Խելքը հացով կուլ կըտա։

Ես հիմար եմ, միշտ հիմար,
Ինձ ո՞վ կասի, թե՝ գտար
Իմ սիրելի տիրուհու
Ցավի համար դեղ ու ճար։
Յարալլալի, շարալլալի,
Հայդե՛, հիմա՛ր, դո՛ւրս արի…


Երգեց հիմարը և, մի քանի ոստյուններ անելով, դուրս փախավ…

Վեզիրի կինը «մատը կծեց» և ընկավ մտատանջության մեջ։ «Ես հիմա հասկացա ամեն բան, ասաց իր մտքումը։ Հիմարն իմ հաշիվը տակնուվրա արավ։ Շա՜տ լավ. քո Արեգին մի այնպիսի տեղ ուղարկեմ, որ գնալն ըլի, գալը չըլի»…

Մեր հիմարն այնքան հիմար չէ, ինչքան կարծվում է, ասաց տիկինը Նունուֆարին։

Այո՛, բայց այս անգամ շատ հիմարացավ, պատասխանեց Նունուֆարը։

Մյուս առավոտը ամենից կանուխ վեզիրի կինը գնաց թագավորի մոտ։

Ի՞նչ կա, ինչպե՞ս է աղջկանս առողջությունը, հարցրեց թագավորը։

Էլի այնպես է, տե՛ր թագավոր, ինչպես տեսել ես. բայց ես եկել եմ քեզ մի ուրախառիթ լուր հաղորդելու։

Ի՞նչ լուր, ասա՛ շուտով, գուցե իմ աղջկանն է վերաբերում. ուրիշ ո՛չ մի լուր ինձ չի կարող ուրախացնել։

Այո՛, այո՛։ Այս գիշեր երազումս երևաց մեր թագուհին և ասաց ինձ, որ Նունուֆարի միակ դեղը «անմահական ջուրն է»։

Ան-մա-հա-կան ջո՜ւր… բացականչեց թագավորը, բայց ո՞վ կարող է բերել այդ անմահական ջուրը, որի միայն անունն ենք լսած, իսկ իրան չենք տեսած։

Ես հարցրի այդ մասին թագուհուն, և նա ասաց, որ միայն Արե՛գը կարող է բերել…

Արեգը… լա՛վ, ես կուղարկեմ Արեգին, թող երթա իր բախտը փորձե…

Թագավորը կանչեց Արեգին և առաջարկեց նրան գնալ անմահական ջրի։

Գնա՜, տղա՛ս, եթե կարողանաս այդ ջրից բերել և իմ աղջկանս առողջացնել՝ ես նրան քեզ կտամ և նրա հետ իմ թագավորությունը։

Այդ խոստումն էլ որ չլինի, տե՛ր արքա, ես պատրաստ եմ հնազանդիլ քո հրամանին, ասաց Արեգը, դու ինձ ասա միայն՝ որտե՞ղ է գտնվում այդ անմահական ջուրը։

Նրա տեղն ո՞վ կիմանա, որդի՛։ Նա մի առանձին պարգև է, մի առանձին ողորմություն և շնորհք, որ բարի ոգիները միայն իրանց ընտրածին են տալիս։ Թեպետ լսած ենք, թե՝ նա մի աղբյուր է, թե՝ նրա վրա հսկում են աներևույթ ոգիները, որ նա երբեմն բխում և երբեմն անհայտանում է, բայց այդ ո՞վ գիտե։ Դու երեսդ կդարձնես դեպի արևելք, կընկնես երկրե երկիր, աշխարհքե աշխարհք, ամեն տեղ հարցուփորձ կանես, կա՛մ կգտնես, կա՛մ չես գտնիլ. այդ քո ճակատագրից, քո բախտիցն է կախված. բայց ինչ էլ որ լինի՝ հաջողություն թե անհաջողություն, դու շատ բան կտեսնես և շատ բան կսովորես։ Իմ գանձարանը բաց է քեզ համար. որքան կարող ես՝ հետդ ոսկի և ակնեղեն վերցրու. շատ տեղ հարկավոր կգա…

3

Արեգնազանը գնաց։

Զարմանալի մի էակ էր Արեգնազանը. միշտ աշխույժ ու զվարթ, միշտ անահ ու անհոգ. նեղության մեջ ընկած ժամանակ ևս իր ուրախ տրամադրությունը չէր փոխում։ Նա գնաց իր Բազիկ ձիով, որ երեք-չորս օրվան ճանապարհը մեկ օրումն էր անցնում։ Նա պտտեց մի քանի թագավորություն, շատ տեղ հարցուփորձ արավ, շատ բան տեսավ, շատ նեղություններից ազատվեցավ, մինչև հասավ կախարդական աշխարհը, ուր ամեն մի քայլափոխում մի նոր հրաշք էր տեսնում, մի նոր զարմանալիք։

Մեկ օր սաստիկ արև էր։ Շոգը որ շատ նեղեց Բազիկին՝ Արեգնազանը իջավ մի լճի մոտ, Բազիկին քաշեց կապեց մի խիտ ստվերի մեջ, ինքն էլ մոտը նստեց, հանեց իր ճամփի պաշարը և սկսեց ճաշել։ Հենց այդ միջոցին մեկ էլ տեսավ, որ ահա՛ մի խումբ աղավնիներ թռած եկան և իջան լճի ափին՝ իրանից շատ մոտիկ։ Նետաղեղը լարեց, որ մի որս անե, մեկ էլ տեսավ, որ բոլոր աղավնիները հանեցին փետուրները և, աղջկերք դառնալով, թափվեցան ջուրը լողանալու։

Արեգնազանը մնաց ապշած մի րոպե. հետո մտածեց նրանց հետ մի խաղ խաղալ և տեսնել՝ ի՞նչ կլինի հետևանքը։ Կուզեկուզ մոտեցավ ափին՝ այնպես, որ իրան չտեսան, վերցրեց նրանցից մեկի փետուրները։ Երկու մեծ թև էր աղավնու, մնացած փետուրներն էլ վրան։

Չանցավ մի քանի րոպե, բոլոր աղջկերքը դուրս եկան, հագան իրանց թևերն ու թռան, բայց մեկը, որ իր թևերը չգտավ, ամաչեց մերկ կանգնել ջրի ափին, իսկույն իրան գցեց ջուրը։ Արեգնազանը, այդ նկատելով, թևերը ձեռին մոտեցավ աղջկանը։ Աղջիկը, ջրումն ընկղմված, միայն գլուխը դուրս հանած, մոտեցավ Արեգնազանին և սկսեց երգել.

Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։

Իմ օրումս չեմ տեսած
Քեզ պես սիրուն մի տղա,
Այդքան գեղեցկության մեջ
Սիրտ չի լինիլ անզգա։

Խնայի՛ր ինձ, աղաչո՛ւմ եմ,
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։

Եթե իրավ տղա ես՝
Կուզեմ դառնաս դու աղջիկ,
Որ քո սեռում չլինի
Քեզ հավասար գեղեցիկ։

Տե՛ս, ահա ես քեզ օրհնում եմ.
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։


Աղավնի աղջիկը լռեց և, վիզը ծռած, մի ամենաքնքուշ ժպիտ բերանին՝ նայում էր Արեգնազանին և սպասում, որ իր թևերն ստանա։

Արեգնազանին այնքան դուր եկավ Աղավնի աղջկա երգի եղանակը, որ ասում էր. «Ո՛չ ուտեմ, ո՛չ խմեմ, սա երգի, ես լսեմ»…

Շարունակի՛ր, շարունակի՛ր, մի քիչ էլ երգիր, խնդրեց Արեգնազանը։ Քո երգը ինձ շատ է դուր գալիս, դեռ այդպես բան լսած չկամ կյանքումս։ Միայն մի բան ես չհասկացա, սիրո՛ւն աղջիկ։ Դու ասում ես. «Եթե տղա ես, աղջիկ դառնաս». այդ ինչպե՞ս կարելի է։

Աղջիկը շարունակեց երգել.

Ամենայն ինչ կարելի է,
Ո՛չ մի դժվար բան չկա.
Եթե իրավ աղջիկ դառար՝
Հիմա դարձի՛ր քաջ տղա։

Թող երեսիդ մորուք բըսնի
Թուխ ու երկայն բեղերով,
Թող կոշտանա սիրուն դեմքըդ
Հաստ ջիղերի գծերով։

Ո՜հ, տեսնում եմ, դու փոխվում ես…
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։


Մի վայրկենական ուշաթափություն եկավ Արեգնազանի վրա, և նա զգաց մի անսովոր բան, բայց շատ հաճոյական։ Նայեց ջրի երեսին, ուր, ինչպես հայելու մեջ, պատկերացավ մի դեմք, բոլորովին Արեգնազանին նման, միայն՝ նորածիլ բեղերով ու մորուքով։ Այդ պատկերն առաջ մի քիչ խորթ թվաց Արեգնազանին, բայց հետո այնքան զմայլելի եղավ, որ վրան նայելուց չէր կշտանում։ Այս ե՛ս կլինիմ անպատճառ, ասաց ինքն իրան։ Ես հիմա ճշմարիտ որ Արեգ եմ։

Սիրո՛ւն աղջիկ, դու տվիր ինձ այն, ինչ որ իմ միակ ցանկությունս էր. այժմ դու ազատ ես, ես չէի սպասում քեզանից այսպես բան. ուրեմն, դու ինձ կասես, դու անպատճառ կիմանաս, թե՝ որտե՛ղ է գտնվում անմահական ջուրը, որի համար ես ահա քանի ժամանակ է թափառում եմ։

Աղջիկն սկսեց երգել.

Թող Նունուֆարդ ուրախանա,
Որ ճանկ գցեց քեզ պես փեսա,
Հիմա հասար քո մուրազին՝
Եկար աղջիկ, կերթաս տղա։

Անմահական ջո՞ւր ես ուզում…
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ
Եվ իմ կտցով բերեմ տամ։

Գնա՛ օգնիր տկարներին,
Հոգի ու շունչ տուր քարերին.
Թե որ կուզես, ինչպես հիմա,
Մնալ փոխված այդպես տղա,

Իսկ եթե ոչ՝ լա՛վ գիտենաս,
Որ տղայից քար կըդառնաս,
Երբ քարացած քաղաքի մեջ
Կախարդ կընկան կըմոտենաս։

Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, շուտ հագնեմ,
Թռչիմ գնամ և քեզ համար
Անմահական ջուր բերեմ…

Աղջկա վերջին խոսքերից շատ բան չհասկացավ Արեգը, բայց, չուզենալով այլևս ուշացնել նրան, թևերը տվավ իրան։ Աղջիկը թևերը հագնելուն պես դարձավ աղունակ և թռավ գնաց։ Մի քանի րոպե չանցած՝ մի փոքրիկ շիշ կտցին, անմահական ջրով լիքը, բերավ Արեգին տվավ և ինքը կրկին թռավ գնաց։

Արեգը ձին հեծավ և ճանապարհ ընկավ՝ ձիու հետ խոսելով.

Բազի՛կ, ես հիմա տղա եմ, գիտե՞ս, էլ աղջիկ չեմ։ Առաջ աղջիկ էի. այդ ոչ ոք չգիտեր, գուցե դու էլ չգիտեիր. հայրս պատվիրել էր, որ ոչ ոքի չասեմ, թե՝ ես աղջիկ եմ. բայց հիմա տղա դառա։ Օ՜, որ գիտենաս, Բազի՛կ, ինչքա՜ն ուրախ եմ հիմա։ Դու չես իմանում. թեպետ աղջիկն էլ լավ է, բայց տղային որտե՞ղ կհասնի։ Ես հիմա չգիտեմ՝ ո՛ւր եմ գնում։ Բազի՛կ, դու ի՛նքդ գնա՝ որ կողմ կուզես. այսուհետև ինձ համար միևնույն է… Բայց սպասի՛ր, ես մի աշտարակի ծայր եմ նշմարում, նա անպատճառ մի քաղաք կլինի, գնանք դեպի այն կողմը։ Զարմանալի անհոգ եմ ես, Բազի՛կ. մեկ չես ասում, թե ինչո՞ւ այդ իմաստուն աղջկանը չհարցրիր, թե՝ ո՛վ դու գեղեցիկ և իմաստուն աղջիկ, ո՞ր կողմով պիտի ետ դառնամ ես իմ աշխարհը։ Դեռ լավ էր, նա առանց իմ ասելուն՝ ինձ տղա դարձրեց. որ բանն ինձ մնար՝ ես դեռ էլի աղջիկ կլինեի։ Ի՞նչ կարող էի մտածել, որ այդպես բան կարող է պատահել։ Բայց երբ որ տեսա, թե այդպես բան լինում է, ինչո՞ւ չասացի՝ սիրո՛ւն աղջիկ, ինձ որ տղա դարձրիր՝ մեր Բազիկին էլ մարդ դարձրու, կամ եթե ոչ՝ գոնե խոսելու ձիրք տուր. հը՞, ի՞նչ կասես, Բազի՛կ։ Ոչի՛նչ, դու տղա դառար, ես էլի մնացի ձի։ Իրա՛վ, իրա՛վ, այդ լավ չեղավ։ Մի բան տեսնելիս այնպես հափշտակվում եմ, որ բոլոր մնացած բաները մոռանում եմ. հետո միտս է գալիս, բայց ուշ է լինում…

Այսպես ձիու հետ խոսելով և նրա փոխանակ ինքը պատասխանելով՝ մեր վերանորոգված Արեգը դիմեց դեպի երևացող աշտարակը։

4

Երբ որ Արեգը մոտեցավ բարձր աշտարակին՝ հետզհետե երևացին և ուրիշ շատ տներ, և նրա առջև բացվեց մի մեծ քաղաք։ Մոտեցավ քաղաքադռանը, տեսավ մի քանի մարդիկ կանգնած, հարցրեց նրանց.

Տղե՛րք, ի՞նչ քաղաք է սա, և որտե՞ղ են իջնում օտարականները։

Մարդիկը ձայն չհանեցին։

Ձե՛զ եմ ասում, տղե՛րք, չե՞ք հասկանում։

Ձայն չկա։

«Երևի խուլ են», մտածեց Արեգը և գնաց ձեռը դիպցրեց նրանց։

Ո՜վ երկինք, բացականչեց Արեգը, այս ի՞նչ եմ տեսնում. այս ի՜նչ հիանալի արձաններ են, իսկ ես կարծեցի, թե ուղիղ մարդիկ են։ Այս ինչքա՜ն ճարտար քանդակագործ է եղել սրանց շինողը…

Արեգը, կարծելով, թե իր տեսածներն ուղիղ շինովի արձաններ են, ներս մտավ քաղաքը, և նրա առջևը բացվեցին նորանոր տեսարաններ, բոլորն էլ քարեղեն։

Ահագին շուկա, կարգին խանութներ, թե՛ կրպակ, թե՛ տուն, թե՛ կատու, թե՛ շուն, ուտելիք ու հագնելիք, գեղեցիկ գորգեր և ուրիշ զարդեր… բոլորը, բոլորը քարացած։ Ո՛չ ծուխ, ո՛չ կրակ, ո՛չ ձայն, ո՛չ շունչ… կյանքի հետք ու նշույլ չկա…

Ես հիմա՜ հասկացա. սա՛ է Աղավնի աղջկա ասած քարե քաղաքը, ասաց Արեգը և սկսեց շրջել քաղաքի մեջ, ուր ամեն մի քայլափոխում մի նոր տեսարանի էր հանդիպում։

Մի տեղ մի խումբ մարդիկ կանգնած՝ որպես թե իրար հետ խոսում են. մեկի դեմքը բարկացած է և բերանը բաց, կարծես մյուսին հայհոյում լինի. մեկը ծիծաղում է, մյուսը լաց է լինում. մի կին, երեխան գրկած, ողորմություն է ուզում. մի տեղ հարսանիքի հանդես է իր ամեն սարք ու կարգով. հարսին տանում են փեսայի տուն։ Մեկ խոսքով՝ եթե շարժման մեջ եղած մի քաղաք մի վայրկյանում տեղնուտեղը քարանա, ինչ պատկեր կստանա, ահա՛ այդպիսի մի պատկեր էր ներկայացնում քարացած քաղաքը։ Մրգավաճառը միրգը քաշել է և կիսով չափ ածել առնողի զամբյուղը, մինչև մյուս կեսն ածելը քարացել են՝ ինքն էլ, կշեռքն էլ, առնողն էլ, միրգն էլ. ահա՛ այսչափ արագ էր եղել քարանալը։

Խե՜ղճ մարդիկ, ասաց Արեգը, հող դառնալու էլ չեք արժանացել, այլ՝ դառել եք ծախու ապրանք։ Ճշմարիտ, եթե մեկը այս անթիվ արձանները կարողանար տանել հեռու աշխարհքներ վաճառելու՝ անչափ հարստություն կդիզեր։ Ահա՛ այն նորապսակ աղջկա արձանին, ով գիտե, իր քաշովը մեկ ոսկի կտային։ Բայց ի՜նչ եմ մտածում ես էլ. այս թշվառությունն աշկարա տեսնողն էլ ի՜նչ կարող է հարստության վրա մտածել։ Ահա՛ հարստություն՝ մեր առջև պատկերացած իր իսկական կերպարանքով… Ա՜խ, երանի՛ թե՝ սրանցից մեկը լեզվավորվեր և ինձ պատմեր իրանց գլխի անցքը։ Արի՛ մեկ բղավեմ, ինչ կլինի՝ կլինի։

Ո՛վ քաղաքացի՜ք… ինչո՞ւ եք քարացե՜լ… կանչեց Արեգը։

Քարացե՜լ… արձագանք տվին բոլոր քարերը։

Ք…ա՜…ր, հանկարծ մի նոր ձայն լսվեցավ։

Ահա ձայն լսեցի, ասաց Արեգը և մեկ էլ բղավեց. Ո՞վ կաք կենդանի՜…

Ե…ե՜…ս, պատասխանեց ձայնը։

Արեգը որոշ կերպով լսեց, թե որտեղի՛ց է գալիս ձայնը, գնաց դեպի այն կողմը։ Մի գեղեցիկ ապարանք էր, առջևն ընդարձակ պարտեզ, բոլորն էլ քարացած։ Մի փոքրիկ ծաղկոցում նա գտավ մի քարացած մարդու կենդանի գլուխ։

Ո՞վ ես դու, ո՛վ մարդ, հարցրեց Արեգը։

Ջո՜ւր… ջո՜ւր… պատասխանեց գլուխը, հազիվ կարողանալով խոսել։

Ջո՞ւր ես ուզում։

Ջո՜ւր… ջո՜ւր… տո՜ւր… տո՜ւր…

Հայրի՛կ, ձեր քաղաքի ջուրն էլ է քարացել, ջուր չկա։

Մի՜… մի՜… կա՜թ… կա՜թ…

Մի կաթիլ ջուրը քեզ ի՞նչ կօգնե. քո ծարավը մի կարաս ջրով չի հագենալ։ Ես ունիմ ինձ մոտ մի քանի կաթիլ ջուր, եթե կբավականանաս՝ չեմ խնայիլ քեզանից։

Հա՜… հա՜… հա՜…

Արեգը հանեց անմահական ջրի շիշը և նրանից մի քանի կաթիլ կաթեցրեց կիսարձանի բերանը։ Կենդանի գլուխը ոչ միայն կատարելապես զովացավ, այլև զգաց մի վերակենդանության ցնցում իր բոլոր մարմնի մեջ և սկսեց պարզապես ասել.

Դու բարի՛ հրեշտակ,
Որտեղի՞ց եկար,
Փախի՛ր, հեռացի՛ր
Մի առ ժամանակ.

Բայց ո՛չ, սպասի՛ր,
Ես էլ եմ գալիս…
Այո՛, գալիս եմ,
Նայի՛ր, մեկ նայի՛ր…


Կիսարձանը կենդանացավ և սկսեց քայլել, առաջ մի փոքր դանդաղ, հետո ավելի շուտ-շուտ, և սկսեց փախչիլ՝ իր հետևից կանչելով Արեգին.

Փախի՛ր, փախի՛ր, որդիս, ե՛կ իմ հետևիցս, մեզ հարկավոր է թաքչիլ. հիմա ուր որ է՝ պիտի գա քարացնող պառավ հրեշը։ Արի՛, արի՛, մտնենք իմ ապարանքը, գոնե քեզ չգտնե։

Արեգը մնացել էր շփոթված, չէր իմանում, թե ի՛նչ աներ, բայց վերջը հետևեց փախչող մարդուն։ Ձին քաշեց ներս, վարի հարկումը մի մութ անկյունում կապեց, իսկ ինքը վերև բարձրացավ այն մարդու մոտ։

Ես չեմ հասկանում, թե՝ այդ ի՛նչ հրեշ է, որից այդքան վախենում ես դու, ասաց Արեգը։

Այդ հրեշը մի պառավ է, որդի՛, նա՛ է քարացրել մեր քաղաքը. ամեն օր այս ժամանակին գալիս է նայում և զվարճանում իր չարության վրա. հիմա ուր որ է` պիտի գա, և եթե մեզ տեսնի կենդանի՝ իսկույն կքարացնե։

Հիմա հասկացա։ Բայց ինչպե՞ս է եղել, որ քեզ բոլորովին չէր քարացրել։

Ավելի տանջելու համար։ Ես այս քաղաքի թագավորն եմ. ինձ կասեն Անդաս թագավոր։ Քավթառ հրեշը գլուխս կենդանի թողեց, ասելով. Աչքերդ բաց եմ թողնում, Անդա՛ս, որ տեսնես քո թագավորության ոչնչությունը իմ զորության, իմ ուժի առջև։

Ինչո՞ւմն է նրա զորությունը, կամ ինչո՞վ է նա ուժեղ, չգիտե՞ք։

Նրա զորությունը իր գավազանների մեջն է։ Նրա գավազանները մահ են սփռում ամեն տեղ։ Նա մի գործիք է չար ոգիների ձեռքում և նրանցով է անում, ինչ որ անում է։ Կամ, ո՞վ գիտե, գուցե հենց ինքը մի չար ոգի է՝ պառավի կերպարանք առած։

Ի՞նչ ես կարծում, եթե դրա ձեռքից խլենք իր գավազանները…

Բայց ինչպե՞ս կարելի է մոտենալ նրան. միայն բարի ոգիքը կարող են այդպիսի բան անել կամ այնպիսի մի մարդ, որ բարի ոգիների պաշտպանությունը իր կողմն ունի։

Ինձ թվում է, որ բարի ոգիները կպաշտպանեն մեզ, ասաց Արեգը և պատմեց Աղավնի աղջկա հետ հանդիպելը, նրա արածն ու ասածը…

Օ՜… եթե այդպես է, ապա ուրեմն՝ դու մի բարի ոգի ես, երկնքից ուղարկված, բացականչեց թագավորը։ Ես կարող եմ այժմ համարձակ դուրս գալ նրա առաջը, իսկ դու ինձ մոտ թաք կկենաս, և երբ հարձակվի ինձ վրա՝ դու իսկույն կբռնես նրան և զինաթափ կանես։ Ահա՛, ահա՛ երևում է նա. տե՛ս, ամպերի մեջ, խնոցու վրա հեծած, օձե մտրակը ձեռին գալիս է։

Տեսնում եմ, տեսնում… դու սիրտդ պի՛նդ պահիր, չվախենա՛ս, ես նրա հոգին կհանեմ։

Այս ասելով իջան պարտեզ։ Արեգը թաք կացավ մի քարացած ծերունու քամակում։

Պառավը վայր իջավ թագավորի դիմացը, ձեռքն առավ իր երեք գավազաններից մեկը և սպառնալով ասաց.

Այս ի՞նչ եմ տեսնո՜ւմ,
Այստեղ ո՞վ եկա՜վ,
Այս կյանքն, այս հոգին
Սորան ո՞վ տվավ։

Հասե՛ք, ոգինե՜ր,
Հասե՛ք, շո՛ւտ հասեք,
Ձեր խեղճ պառավին
Եկե՛ք, օգնեցե՛ք։

Իսկ դու, գավազա՜ն,
Ինչպե՜ս ես զարկել,
Որ սա նորմեկանց
Ոտքի է կանգնել։

Հապա՜, գավազա՛ն,
Հապա՜ մեկ տեսնենք,
Քո զորությունը
Մեկ այժմ էլ փորձենք։


Գավազանը ձեռին հարձակվում էր պառավը, որ զարկեր թագավորին, ասելով՝

Քա՜ր էիր, Անդա՜ս,
Էլի քար դառնա՜ս.


այս միջոցին Արեգը բռնեց նրա մազերից և այնպես գետին փռեց, որ պառավը կիսաշունչ եղավ։ Թագավորը, որ առանց ուղիղ քարանալու, այլ միայն երկյուղից մնացել էր քարացած, նոր սրտապնդվեց և մոտեցավ պառավին։ Գավազանները խլեցին և պառավի ձեռք ու ոտքը կապեցին։

Հիմա ի՞նչ պատժով պատժենք քեզ, գարշելի՛ պառավ, ասաց թագավորը։

Պառավը պատասխանեց.

Ինչ պատիժ կուզեք, մե՜կ է ինձ համար,
Թող ձեր պատիժը ձե՜զ լինի հարմար։
Բայց այդ դու չէիր, Անդա՛ս թագավոր,
Այլ՝ տղայացած աղջի՜կ զորավոր…

Գրվա՜ծ է արդեն իմ ճակատագրում
Եվ ոգիների մատենագրում,
Թե՝ երբ մի աղջիկ կըդառնա տղա՜,
Քո թշվառ կյանքին նա՛ վախճան կըտա։


Օ՜… եթե այդպես է՝ ես պատրաստ եմ, ասաց Արեգը, միայն՝ դու պետք է առաջ կենդանացնես այս քաղաքը։

Թող այդպե՛ս լինի, թող կենդանանա՛,
Թող ամեն մեկը իր գործի՛ն կենա.
Ուրիշ չարություն շատ ունիմ արած,
Թող Բելիարը նրանցով շատանա…

Ամպե՛ր, գոռացե՛ք,
Կայծակնե՛ր, զարկե՛ք,
Աղբյո՛ւրք, բխեցե՛ք,
Գետե՛ր, վազեցե՛ք։

Մարդ և անասուն,
Գազան և թռչուն,
Հասա՛վ ձեր ժամը,
Հիմա վե՛ր կացեք…


Պառավն իր խոսքը ավարտած-չավարտած՝ խորին լռությունը հանկարծ դղրդաց. քաղաքը մտքի արագությամբ կենդանացավ։ Ամենքն էլ այնպես շարունակեցին իրանց կիսատ թողած գործերը, որ կարծես ո՛չ քարացած են եղել երբևիցե, ո՛չ բան։ Աքաղաղը, որ իր կանչի կիսումն էր քարացել՝ մյուս կեսը հիմա ավարտեց. զուռնաչին, որ զուռնան բերանումն էր քարացել՝ շարունակեց ածելը. պար եկողն էլ, որ ձեռքերը բարձրացրած էր մնացել՝ շարունակեց իր պարը. խոհարարը շարունակեց մսի քափը քաշելը, և բոլորն այսպես… Ոչ մի մարդ, բացի թագավորից, չիմացավ, որ ինքը երբևիցե քարացած է եղել։

Հիմա ի՞նչ անենք այս չար պառավին, ասաց թագավորը։

Գավազանները ձգենք ծովը, պատասխանեց Արեգը, իսկ պառավին թողնենք երթա, սրա զորությունը վերացած է այսուհետև։

Պառավը չուզեց կենդանի մնալ և ասաց նրանց.

Ինձ է՜լ, ինձ է՜լ ծովը ձգեցեք,
Այնտեղից մոտ է Սանդարամետը,
Մահացու կյանքից ինձ ազատեցե՛ք,
Թող ինձ ընդունի Սատանապետը։

Լրացավ արդեն մի հազար տարին,
Որ ես գործիք եմ մեծ Բելիարի,
Միշտ չա՜ր գործեցի, չիմացա բարին,
Թող այժմ նորա կամքը կատարի։


Դեռ պառավն իր խոսքը չէր ավարտել, որ թագավորի մեծ վեզիրն ու սպարապետը եկան և, խոր գլուխ տալով թագավորին, ասացին.

Տե՛ր արքա, բոլոր զորքը պատրաստ է, քո մեծության հրամանին ենք սպասում։

Ինչո՞ւ համար եք պատրաստել զորքը, հարցրեց թագավորը զարմանալով։

Մենք կատարեցինք քո հրամանը. թշնամու զորքը մոտենում է, պետք է նրա առաջքն առնել։

Սպասեցե՛ք, սպասեցե՛ք… այո՛, այո՛, ես հիմա հիշում եմ… այդ մեզանից ուղի՜ղ քառասուն տարի առաջ էր, ինչ որ ասում եք. մեր քարանալու օրն էր… թշնամու զորքերը եկան և, մեզ քարացած գտնելով, սարսափած փախան…

Վեզիրն ու սպարապետը իրար երես նայեցին և շշնջացին միմյանց.

Թագավորը խելագարվել է… Այո՛, այո՛, զարմանալի՜ փոփոխություն, երեկ չէ՞ր, որ մոտն էինք. մեկ օրվա մեջ ծերացել է…

Տեսնո՞ւմ եք դուք այս պառավին, ասաց թագավորը, սա՛ է մեր քաղաքի քարացնողը։ Քառասո՜ւն տարի շարունակ սա մեր քաղաքը քարացրած պահեց…

Վեզիրն ու սպարապետը, թագավորին գլուխ տալով, համաձայնություն ցույց տվին, որ իբր թե հավատում են նրա ասածին, բայց իրար հետ շշնջալով՝ «հաստա՛տ խելագարված է սա», ասացին։

Եթե սա չլիներ, շարունակեց թագավորը, ցույց տալով Արեգին, եթե սա չլիներ՝ մենք հավիտյան քարացած կմնայինք։ Սա որ մի հրաշքով աղջկանից տղա էր դառել, և աղավնի դարձող աղջկանից անմահական ջուր էր ձեռք բերել, պատահմամբ ասեմ, թե Երկնքի տնօրենությունով, եկավ և ինձ կենդանություն տվավ իր ջրով, այս չար պառավին էլ բռնեց ու զինաթափ արավ։ Այժմ այս պառավին ձե՛զ եմ հանձնում. տարե՛ք սրան ծովը ձգեցեք… ահա՛ այս գավազանները ևս ծովը ձգեցեք…

Վեզիրն ու սպարապետը դարձյալ սկսեցին շշնջալ՝ դեպի մի կողմ քաշվելով։

Հաստա՛տ, հաստա՛տ խելագարվել է, պնդեց վեզիրը։

Դրան ի՜նչ կասկած, կրկնեց սպարապետը։ «Սա՛, ասում է, աղջիկ է եղել, տղա է դառել, մի աղջիկ էլ աղավնի է դառել, ինքն էլ անմահական ջուր է խմել, իսկ մենք՝ որպես թե քառասուն տարի է, որ քարացած ենք եղել…»։ Խելքը գլխին մարդը մի՞թե այդպիսի բաներ կխոսի։

Այս մարդոց կասկածը շատ բնական էր։ Վեզիրը քարանալուց առաջ ճաշի էր նստած և գդալը ձեռին բերանը տանելիս քարացել էր, իսկ այսօր գդալը տարել էր բերանը և իր ճաշը վերջացրել, եկել։ Սպարապետը, ոտքի մեկը ձիու ասպանդակումը դրած՝ հեծնել ուզելիս էր քարացել, և այսօր էր ոտը մյուս կողմն անց կացրել և հեծնել ձին ու եկել. էլ ուրեմն, ինչպե՞ս կարող էին երևակայել, որ երբևիցե քարացած են եղել։

Գիտես ինչ կա, թագավո՛ր, ասաց Արեգը ծածուկ։ Այս մարդիկը քո խոսքերին չեն հավատում և քեզ խելագար են համարում։ Այս շատ վտանգավոր բան է. կարող են քեզ ճշմարիտ խելագար համարել և թագավորությունից զրկել։ Հիմա դու սպասիր, տես՝ ես ինչ եմ անում, և ի՛նձ հետևիր։ Հետո, դառնալով վեզիրին ու սպարապետին, ասաց.

Եկե՜ք, պարոններ, եկե՜ք,
Մի՛ կասկածեք բնավին,
Տեսե՛ք՝ ինչպե՜ս եմ պատժում
Այս անըզգամ պառավին։


Այս ասելուց հետո, կախարդական գավազաններից մեկը ձեռին, մոտեցավ պառավին և ասաց.

Հրամանով
Բելիարի,
Ուրիելի,
Սադայելի՝
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՛ր…


Ասաց ու զարկեց գավազանը։ Պառավը դառավ մի քած էշ և սկսեց խառանչել

Ա՜յ քեզ բան, բացականչեց Արեգը, երևի այս գավազաններից ամեն մեկը մի ջոկ զորություն ունի, կամ գուցե իմ անեծքս էր իշավարի, և պառավն իր խառանչյունով ծիծաղում է ինձ վրա։ Փորձենք երկրորդ գավազանը։

Սադայելի ահեղ սրով,
Տարտարոսի մեծ զնդանով,
Քեզ զարկում եմ, անիծում եմ,
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՜ր…


Պառավը դարձավ մի սև ագռավ և ուզեց թռչիլ, բայց ոտները կապած էին, չկարողացավ…

Սպասեցե՛ք, երրորդ գավազանը փորձենք։

Առավ երրորդ գավազանը և սկսեց ավելի թունդ անիծել՝ կարծելով, թե իր անեծքի թուլությունիցն է, որ պառավը քար չի դառնում։

Քարեկարկո՜ւտ,
Արյունանձրև՜,
Մե՜գ, մառախո՜ւղ,
Թանձր մռա՜յլ,
Խիտ աղջամո՜ւղջ,
Թունդ երկրաշա՜րժ,
Մահտարաժա՜մ,
Որո՜տ, կայծա՜կ,

Հրդե՜հ, կրա՜կ,
Նավթահեղե՛ղ
Դժոխային
Թափվի գլխիդ,
Ո՛վ սև ագռավ,
Դահի՛ճ պառավ…
Քեզ զարկում եմ
Չա՛ր մահակով,
Դագանակո՜վ,
Որոտմունքի
Թո՛ւնդ մտրակով,
Կայծակների
Ահե՛ղ զարկով,
Անեծքս ա՛ռ,
Դարձի՜ր լեռ քար…


Ասաց ու զարկեց գավազանը, և պառավը դարձավ մի դաժանատեսիլ քարե արձան։ Հետո, դառնալով վեզիրին ու սպարապետին, ասաց Արեգը.

Հիմա ամառն է, բայց դուք չըգիտեք.
Այս շոգ կրակին մուշտակ եք հագել.
Ձմեռն է եղել, երբ քարացել եք,
Էնդուր եք հիմա այդ ձևով եկել։

Մա՛րդ ուղարկեցեք մի ուրիշ քաղաք,
Որ գնա բերե ձեր տարեթիվը,
Նրանով կիմանաք ձեր գլխի անցքը,
Կուղղեք ձեր այժմյան սխալ հաշիվը։

Եթե ոչ՝ ես ձեզ էշեր կըշինեմ,
Կամ սև ագռավներ՝ երթաք կռկռաք,
Որ այնուհետև ձեր թագավորը
Ինչ որ ձեզ ասե՝ իսկույն հավատաք…


Օ՜… ես հիմա հավատո՛ւմ եմ, հավատո՛ւմ, ասաց վեզիրը, այս բոլորը աչքովս տեսնելուց հետո՝ էլ չե՛մ կարող չհավատալ… Ճշմարիտ որ ձմեռն է եղել, իսկ հիմա… ամառն է… այո՛, ամառն է…

Ես էլ եմ հավատում, ես էլ… ես չեմ ուզում ո՛չ էշ և ո՛չ ագռավ դառնալ, իսկ քարանալու ախորժակ բնավ չունիմ… իրա՛վ, ի՜նչ շոգ է այսօր, քիչ է մնում, որ այրվիմ…

Տե՛ր արքա, ճաշը պատրաստ է, թագուհին ձեզ է սպասում, ասաց մի պալատական՝ խոր գլուխ տալով թագավորին։

Երթա՛նք, երթա՛նք, մի կտոր հաց ուտենք, ասաց թագավորը։ Ահա՛ քառասուն տարի է, որ պատառ չեմ դրել բերանս, բայց, ուղիղն ասեմ, չեմ էլ քաղցել։ Միայն ծարավս շատ էր տանջում ինձ երբեմն, և ավելի ևս սաստկացավ, երբ լսեցի Արեգի ձայնը։ Երևի իմ ծարավիլն էլ Երկնքի կամքովն էր, նրանով պիտի գտնեի իմ փրկությունը… Երթա՛նք, երթա՛նք, մի կտոր հաց ուտենք…

Անդաս թագավորը լավ կշտացրեց թե՛ Արեգին և թե՛ նրա Բազիկին։ Արեգին պահեց թագավորը մինչև քսան օր. այդ քսան օրվան մեջ շատ թագավորներից դեսպաններ եկան և շնորհավորեցին Անդասի և նրա քաղաքի վերակենդանությունը։ Նույն քաղաքից հազարավոր մարդիկ կային հեռավոր երկիրներ գնացած, որոնք իրանց քաղաքին պատահած պատուհասից վախենալով՝ չէին վերադառնում. այժմ եկան ավելի բազմացած թվով, որդոց և թոռանց տերեր դարձած, մինչդեռ քաղաքի աճելությունը, քարանալու պատճառով, դադարել էր։

Նորեկները, իմանալով, որ Արեգն է այն բարի հրեշտակը, որ հաղթել է չարին և կյանք տարածել չարի մահ սփռած տեղը՝ նրան աստվածավայել պատիվներ տվին ճոխ խնջույքներով։ Թագավորն ինքը մի մեծ խնջույք տվավ, ուր ներկա էին հազարավոր անձինք։ Ինքն էր բոլոր զվարճություններին ընթացք տվողը, ինքն էր առաջարկում կենաց թասերը։ Երբ Արեգի կենաց բաժակը ձեռքն առավ, սկսեց խոսիլ թագավորը և ասաց.

Ի՜նչ էինք երեկ և ի՜նչ ենք այսօր.
Դո՛ւ պատասխանիր, Անդա՛ս թագավոր.
Քա՜ր էինք երեկ, քա՜ր անշունչ, կանգուն,
Իսկ այսօր՝ մարդիկ, կենդանի, շարժուն…

Ի՜նչ հեշտ պատասխան… բայց ո՞վ կըմբռնե,
Ո՞վ կըզգա, թե ի՜նչ սոսկալի բան է
Շարունակ տանջվիլ քա՜-ռա՜-սո՜ւն տարի,
Փշալի՜ց ձեռքում մի անգութ չարի…

Եվ ահա այդ խիստ, չա՜ր կապանքներից,
Անխորտակելի այդ շղթաներից
Մեզ ազատում է մի չքնաղ ոգի,
Ամեն տեղ սփռում և՛ կյանք, և՛ հոգի…

Ո՞վ էր այդ Քաջը, այդ Առաքինին.
Ահավասիկ Նա՝ Արեգ պատանին.
Սա՛ է, որ սրբեց իմ սուգն ու լացը.
Խմե՜նք Արեգի անգին կենացը…


Թագավորի այս առաջարկության վրա հազարավոր ձայներ, միասին «կեցցե՜ Արեգը» գոչելով, թնդացրին ամբողջ ապարանքը։ Աշըղներն էլ, որ թագավորի ակնարկելուն էին սպասում, խմբովին հնչեցրին հիսնաղի քնարները և երգեցին միաձայն.

Արի՛, բյուլբյո՛ւլ, ուրախացի՛ր,
Քո վարդն ահա՛ բացվել է.
Վերադարձի՛ր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է։

Արեգն իջավ Երկնքիցը,
Ամենայն տեղ կյանք սփռեց,
Քարերն ամեն հոգի առան,
Քո կարմիր վարդն էլ բացվեց։

Արի՛, բյուլբյո՛ւլ, ուրախացի՛ր,
Քո վարդուհին բացվել է.
Արի երգի՛ր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է…

Արեգը մեկ Արեգակ է,
Քաջ պատանու կերպ առած,
Սա բարի է, առաքինի,
Արևի պես ողորմած։

Արի՛, բյուլբյո՛ւլ, ուրախացի՛ր,
Քո վարդուհին բացվել է.
Արի երգի՛ր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է…


Աշըղները դեռ երկար կշարունակեին Արեգին գովասանել, եթե Արեգը, համեստությունից ստիպված, չընդհատեր նրանց իր հետևյալ պատասխանական ճառով.

Ես մի թույլ էակ, չնչին արարած,
Չգիտեմ արդյոք ի՞նչ ունիմ արած,
Որ ինձ տալիս եք այսքան փառք, պատիվ,
Այսքան գորովանք, մաղթանք անհաշիվ.

Ի՞նչ գտավ արդյոք Երկինքն ինձանում,
Ես այդ չգիտեմ և չեմ իմանում,
Որ ցույց է տալիս այսչափ սեր և գութ,
Հարթում է առջևս ամեն խոչ ու խութ.

Առյուծն իմ առջև քծնում է շան պես,
Վիշապը դառնում մի վախկոտ մողես,
Աղբյուր է բխում ապառաժ տեղում,
Դարավոր ճահիճն առաջիս ցամքում…

Եթե բոլորը, ինչ որ տեսել եմ,
Այժմ մի առ մի ձեր առջև պատմեմ,
Կըտեսնեք, որ սա մի բախտ է միայն
Եվ շնորհք Երկնի միջամտության…

Ուստի մենք Նրա՛ն և միայն Նրա՛ն
Պիտի համարենք պաշտելու արժան.
Նա՛ վերացրեց չարի զորություն,
Նորա՛ն պիտի տանք փառք և գոհություն…

* * *

Չնայած Արեգի համեստությանը՝ քաղաքացիք նրան դյուցազանց կարգը ձգեցին, որ երախտապարտ չմնան Երկնքի առջև։ Եվ ահա՛ ինչպես։ Տեսան, որ պառավի սոսկալի արձանից վախենում են բոլոր երեխաները և շատ մեծեր էլ՝ նրան տարան ծովը նետեցին։ Նա ընկավ ուղղակի դժոխքի վրա և իր ուժգին զարկովը ամբողջ դժոխքը իր միջի չար ոգիների անթիվ լեգեոններովը մի հազար մղոն էլ ցած գլորեց… Դրանից հետո հավաքվեցան քաղաքի բոլոր ճարտարապետներն ու նկարիչները, քաշեցին Արեգի պատկերը՝ Բազիկի վրա հենած. նրա ձևով շինեցին մի ոսկեձույլ արձան։ Այդ արձանը կանգնեցրին քաղաքի կենտրոնում եղած մեծ պարտեզումը, որ զբոսավայր էր ամենի համար, մանավանդ՝ երեխայոց, որոնք այնուհետև միշտ նրա չորս կողմումն էին խաղում և վրան նայելով՝ զմայլում։ Արեգը չտեսավ իր արձանը. նա այդ ժամանակ արդեն գնացել էր։ Նա երազումը տեսավ, որ Նունուֆարը վերջին շնչումն է, շտապեց վերադառնալ, որ գուցե կարողանա օգնություն հասցնել։

5

Նունուֆարը վերջին շնչումն է։

Էլ ո՛չ ծաղրածվի կատակները, ո՛չ վեզիրի կնոջ հոգատարությունը, ո՛չ հոր աղաչանքն ու հառաչանքը չեն ազդում նրա վրա։

Լեզու չունի, որ խոսի, ուժ չունի, որ ձեռքը շարժե։

Ակնապիշ նայում է դեպի վեր, կարծես Երկնքիցը լինի սպասում իր փրկությունը կամ ուզում լինի շուտով թռչիլ դեպի Երկինք։

Թագավորը և բոլոր պալատականները, ձեռքները խաչ արած, վիզները ծռած նայում էին Նունուֆարի երեսին և ախ ու վախ քաշելով՝ խոստովանում իրանց անզորությունը Ամենակարողի կամքի առջև։

Այս աղեկտուր րոպեին մեկ էլ լսվեցավ, որ Արեգը եկել է։

Նունուֆարի աղախինը ամենից շուտ վազեց Արեգի մոտ և շտապեցրեց նրան, ասելով.

Շո՛ւտ արա, եկ տե՛ս, վերջին շնչումն է, աչքը քեզ է մնում…

Ահա՛ գալիս եմ, պատասխանեց Արեգը, հիմա կգամ և կտեսնեմ քո Նունուֆարին…

Լուռ հանդիսականների միջով լուռ ու մունջ անցավ Արեգը, մոտեցավ Նունուֆարի մահճին, հանեց անմահական ջրի շիշը, մի կաթիլ կաթեցրեց բամբակի վրա և քսեց Նունուֆարի մեռելատիպ շրթունքներին։

Նունուֆարի աչքերը պարզվեցան։

Արեգն այդ նկատեց և մի քանի կաթիլ կաթեցրեց ուղղակի բերանի մեջ։

Նունուֆարը երկու ձեռքով ծածկեց երեսը…

Նա տեսավ Արեգին և… ճանաչեց։

Նա մի նոր կյանք զգաց, կյանք՝ աշխուժով լի, երևակայությամբ ճոխացած…

Ձեռներով ծածկեց երեսը, որ երևակայությունն ամփոփե։ Ամփոփե երևակայությունը, որ այդ րոպեի երկնային զվարճությունն ու զմայլմունքը լիուլի վայելե։

Արեգը եկել է, ասում է նա ինքն իրան՝ երեսը ծածկած երկու ձեռքով, իբրև երկու վահանով, որ ուրիշ տպավորությունների տեղի չտան. Արեգը եկել է, կրկնում է Նունուֆարը, և ես առողջ եմ, բոլորովին առողջ, շատ առողջ։ Ես զգում եմ, զգում եմ, որ շատ առողջ եմ, և… Արեգն էլ եկել է… Ես տեսա. նա ինձ մոտ կանգնած է այս րոպեիս։ Ես զգում եմ նրա ներկայության անմահական հոտը։ Անմահական էր նրա տված դեղը։ Հենց ինքն էլ մի անմահ Ոգի է։ Ինչպե՜ս մեծացել է, ինչպե՜ս առույգացել, ի՜նչ նորածիլ բեղեր ունի, ի՜նչ գանգուր մորուք… Բանամ երեսս, մեկ էլ նայեմ…

Նունուֆարը բաց արավ երեսը և նայեց Արեգի երեսին այնպիսի հայացքով, որ միայն մոր հայացքն է լինում իր երեխին՝ «հագա՜» կամ «ճիտա՜» ասելիս… և կրկին փակեց երեսը։

Այդ հայացքը, որի մեջ ամփոփված էր կենդանության հրափայլ ոգին, ամենքը տեսան, և ամենքն էլ, կարծես խոսք մեկ արած, միաձայն քրքիջ բարձրացրին՝ փա՜ռ-փա՜ռ ծիծաղելով։ Այդ ծիծաղից անմասն չմնաց և ինքը՝ Նունուֆարը։ Նա էլ ծիծաղեց. կարծես ուրիշների տեղիք տալուն էր սպասում, որ մի կուշտ ծիծաղի։ Այս էլ որ տեսան մի վայրկյան առաջ սգավոր հանդիսականները՝ բոլորովին միամտվեցան. էլ ուշադրություն չդարձրին Նունուֆարի վրա, և սկսեցին փոխ առ փոխ գգվել ու համբուրել Արեգին։ Թագավորը իր գիրկն առավ Արեգին և սկսեց երեխայի նման հեկեկալ։ Թագավորի ուրախության զգացումն անսահման էր։ Նա մի վայրկյանում երկու որդի էր գտել, մինը՝ կորած տեղից, մյուսը՝ մեռած տեղից։ Ամենքի աչքերից ուրախության և զմայլմունքի արտասուք հոսեց։

Հանդիսականների այս տեսակ իրարանցումից օգուտ քաղելով՝ Նունուֆարը ծտի պես վեր թռավ տեղիցը, փախավ մտավ մի այլ սենյակ, այնտեղ շուտով հագնվեցավ, զուգվեցավ թագուհու վայել զարդարանքներով և դուրս եկավ հանդիսականների մեջ այնպես ուրախ ու զվարթ և այնպես առողջ, որ հիացան ամենքը, բայց մանավանդ Արեգը, որի համար մի բոլորովին նոր արև ծագեցավ։

Եթե Արեգը մի վայրկյանում վերակենդանացրեց Նունուֆարին՝ հիմա էլ Նունուֆարը, իր գեղեցկության ազդեցությամբ՝ Արեգի այնպիսի երակները շարժեց, որոնց միջով կարծես մինչև նույն րոպեն դեռ արյուն չէր խաղացած։ Արեգը մի նոր կյանք զգաց իր մեջ, մի նոր զգացմունք՝ անսահման հաճոյական, բայց ինքն իրան հաշիվ տալ չկարողանալով և միևնույն ժամանակ այդ իրան համար տարօրինակ զգացմունքը զսպել ուզենալով՝ սկսեց խոսիլ խելքը թռցրածի պես.

Հիմա՜ եմ զգում, որ ես՝ էլ ես չեմ…
Բայց թե ես ո՞վ եմ՝ այդ էլ չգիտեմ.
Ինձ հափշտակեց Աղջիկ Աղավնին,
Եվ տեղս դրավ այժմյան Արեգին.
Անիրավ աղջիկն իմ ուշքս տարավ,
Արեգնազանիս լճի մեջ առավ,
Իր քաղցր երգով ինձ քնացրեց,
Եվ իմ տեղս նա մի ուրիշ դրեց…


Հանդիսականները բերանաբաց նայում էին և ոչ մի բան չէին հասկանում Արեգի ասածներից։

Ափսո՜ս տղա, երևի խելքը կորցրեց, ասում էին շատերը։

Վերջը Նունուֆարը մոտեցավ Արեգին և խղճալի կերպով ասաց.

Արե՛գ, իմ հոգյա՜կ, ի՞նչ է այդ, ի՞նչ կա,
Գուցե իմ տեսքով քեզ դուր չի եկա.
Դու հանգիստ եղիր. ես կերթա՛մ, կերթա՛մ,
Որ ինձ չտեսնես էլ ո՛չ մի անգամ…
Ես սիրում եմ քեզ, գիտե Երկինքը.
Բայց այդ չի ուզում գուցե Նա Ինքը,
Որ չի թույլ տալիս քեզ՝ ինձ ճանաչել
Եվ, ինչպես որ կամ, ինձ այնպես տեսնել.
Երթամ, ուրեմն, իմ սև օրս լամ,
Քանի որ էլ քեզ՝ պիտի չերևամ։

Ո՞ւր, ո՞ւր, սպասի՛ր, ես քեզ չե՛մ թողնիլ.
Առանց քեզ մի օր՝ էլ ես չե՛մ ապրիլ.
Թող երկինք, գետինք իրար խառնըվին,
Դու կըպատկանիս միայն Արեգին.
Թող ամբողջ աշխարհք տակնուվրա ըլի,
Էլ քեզ ինձանից ոչ ոք չի՛ խլի.
Արարած աշխարհ ես պտըտվեցա,
Գեղեցիկ, սիրուն շատերին տեսա,
Բայց քեզ պես չքնաղ, անհատ, աննման,
Քե՜զ է ստեղծել Երկինքը միայն.
Դու ի՛մն ես, ի՛մն ես, սիրո՛ւն Նունուֆար,
Իմ բոլոր կյանքս կըտամ քեզ համար.
Ինչ սիրտըդ ուզի, ինչ որ կամենաս՝
Հրամայի՛ր ինձ, իսկույն կստանաս։
Իմ ասածներս դու չհասկացար,
Էնդուր ես կարծում, թե՝ ինձ դուր չեկար.
Ես այն չե՜մ, այն չե՜մ, ում որ տեսել ես,
Նա գնա՜ց, կորա՜վ երևույթի պես.
Ես է՛լ եմ Արեգ, բայց ո՛չ առաջին,
Նրան գողացավ Աղջիկ աղավնին…

Եթե այդպես է՝ ինձնից հեռացի՜ր,
Դու ինձ կյանք տվիր, վարձըդ ստացի՛ր։

Ես չեմ կյանք տվել, ի՜նչ վարձ կամ ի՜նչ գին.
Դու ի՛նքդ ես իմ կյանքն, իմ սիրտն, իմ հոգին…

Էլ ես կյանք չունիմ և պիտի մեռնիմ,
Երբ չկա Արեգ՝ էլ ինչո՞ւ ապրիմ…

Իզուր մի՛ մեռնիլ, ես է՛լ եմ Արեգ,
Մի՞թե ես չունիմ նորա չափ արժեք…

Բայց դու ուրիշ ես, ի՛նքըդ ես ասում…

Այդ ես ինքս էլ լավ չեմ հասկանում…


Սպասեցե՛ք, սպասեցեք, ես վերջ կտամ ձեր վեճին, ասաց թագավորը։ Արեգ, ասա՛ ինձ, հոգիս, դու ո՞ւմ որդին ես։

Արման իշխանի որդին էի մի ժամանակ, բայց հիմա չգիտեմ՝ էլի նրա՞ որդին եմ, թե՞ մի ուրիշի։

Քո այդ պատասխանն է ահա, որ մենք չենք հասկանում, բայց քեզ լավ ենք ճանաչում։ Դու մեր Արեգն ես, միևնույն գեղեցիկ Արեգը, միայն մորուքդ է ավելացել ու բեղերդ… Սպասի՛ր, սպասի՛ր, խնամի՛ թագավոր, մեջ ընկավ ծաղրածուն։ Աչքդ լո՛ւյս, փեսադ եկել է, բայց ուրախությունից ինքն իրան կորցրել է, հիմա ման է գալիս՝ չի գտնում։ Արե՛գ եղբայր, ե՛կ՝ ես ու դու մի պայման անենք. ես դառնամ «դու», իսկ դու դառ «ես». այնուհետև Նունուֆարը կդառնա «իմ», իսկ հիմարը՝ «քեզ». համաձա՜յն ես… ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

Ա՜խ, ես հիմար եմ անչափ,
Բայց ո՛չ այս տղայի չափ,
Ես որ մի աղջիկ գտնեմ՝
Էլ չեմ ասիլ. «Ես՝ ես չեմ…».
Յարալլալի, շարալլալի,
Հայդե՛, հիմար, պա՛ր արի…


Մինչդեռ ծաղրածուն այսպես երգով ու պարով զվարճացնում էր հանդիսականներին, ներս մտավ Արմանը։

Արեգն իր հորը տեսնելուն պես վազեց գիրկն ընկավ և մի քանի ուրախության բացականչությունից հետո փսփսաց ականջումը.

Գիտե՞ս, հայրի՛կ, ես հիմա տղա՜ եմ, տղա՜, իսկ և իսկ տղա, ճշմարիտ տղա. կարո՞ղ ես երևակայել…

Իհա՛րկե, տղա ես, հոգի՛ս, հապա ի՞նչ պետք է լինեիր…

Բայց չէ՞ որ, հայրի՛կ, բայց չէ՞ որ… ախը՜ր…

Դու առաջ էլ էիր տղա, հոգի՛ս, բայց այդ չգիտեիր դու, նոր ես սկսել ճանաչել քեզ. առաջ անմեղ էիր ինչպես հրեղեն, հիմա մարդ ես դառել հողեղեն, բայց այդ վնաս չունի, հոգի՛ս…

Օ՜… եթե այդպես է, ուրեմն ես՝ ե՛ս եմ եղել. վազեմ Նունուֆարին ասեմ…

Արմանը մոտեցավ թագավորին և սկսեց շշնջալ նրա ականջին բանի էությունը, իսկ Արեգը վազեց Նունուֆարի մոտ։

Երբ որ Արեգը նորից մոտեցավ Նունուֆարին՝ ավելի ուրախ ու զվարթ դեմքով, Նունուֆարը բռնեց Արեգի ձեռքից մի այնպիսի քնքուշ ժպիտով, որ Արեգը քիչ մնաց նորից թռցներ խելքը։

Դու մեր Արեգն ես, այնպես չէ՞, ասաց Նունուֆարը։

Իհարկե, հոգի՛ս, հապա ո՞վ պետք է լինիմ, պատասխանեց Արեգը։

Ուրեմն, մենք է՛լ չենք բաժանվիլ միմյանցից։ Եթե գիտենաս ինչքա՜ն մաշվել եմ քո կարոտով… Հիմա եկել ես և հանկարծ ասում ես՝ «Ես՝ ես չեմ». հապա ո՞վ ես, որ դու չես։

Ո՛չ, ո՛չ, հիմա ես՝ ե՛ս եմ. հիմարն ինձանից խելոք է… Արի՛ չոքենք թագավորի առջև, և նա օրհնե մեզ… Բայց, սպասի՛ր, հայրիկիս չհարցրի, թե՝ ո՞ւր են իմ քույրերը։

Նրանք այստեղ են։ Քո գնալուց հետո ես ձերոնց բերել տվի, որ քո կարոտը նրանցից առնեմ։ Ես արդեն ուղարկեցի իմաց տալու, հիմա կգան ուր որ է…

Ինչքա՜ն բախտավոր եմ ես, ուրեմն, որ այդքան բարի ես եղել դու… Ուրեմն, դեռ չշտապենք. գնանք մեր հագուստը փոխենք. հիմա՛ միտս ընկավ։ Անդաս թագավորից ես քեզ համար էլ, ինձ համար էլ հարսանեկան հագուստ եմ բերել։ Նա ընծայեց այդ հագուստները և խնդրեց, որ անպատճառ այդ ունենանք հագներիս մեր հարսանիքին, որին, իր ասելով, ինքը հոգվով ներկա կլինի։ Ես չէի ընդունում, որովհետև այս րոպեի քաղցրությունն այն ժամանակ երևակայել չէի կարող։ Շատ բաներ եմ տեսել, հետո կպատմեմ քեզ։ Չեմ տեսել միայն քեզ պես մի չքնաղ էակ… Ինչքա՜ն գեղեցիկ ես դու, Նունի՜կ…

Այսպես խոսելով, ձեռք ձեռքի տված՝ դուրս եկան Արեգն ու Նունուֆարը, բայց երկար սպասեցնել չտվին։

Մի քանի րոպեից հետո տեսարանը՝ մի կախարդական ասեմ, թե երկնային, կերպարանք ստացավ։

Պալատի ընդարձակ դահլիճը լցվեցան թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք՝ շքեղ հագուստներով զարդարված։ Այստեղ էին և Արեգի քույրերը։

Երբ որ Արեգն ու Նունուֆարը ներս մտան Անդասի ընծայած հագուստովը զարդարված՝ անթիվ անգին քարերի ճառագայթները, ծիրանի ծովից ծագող արեգակի պես, գույնզգույն լուսով լուսավորեցին ամբողջ դահլիճը։ Չոքեցին թագավորի առջև, որ օրհնե իրանց։

Թագավորը մի քանի րոպե չկարաց խոսիլ, հազիվ էր կարողանում բռնել ուրախության արտասուքը։ Վերջապես սկսեց օրհնել մեր նորապսակներին՝ ասելով.

Ո՜վ Երկինք,
Ես մի հողեղեն,
Մի թույլ արարած,
Որ չարն ու բարին
Դեռ լավ չգիտե,
Իմ սրտի՛ն նայիր,
Եվ ո՛չ իմ լեզվին.
Եվ քո՛ իսկ ձեռքով,
Ինչ որ բարի է՝
Դու այն տո՛ւր սրանց։

Ի՞նչ ունիս բարի,
Քո ծոցում պահած,
Որ մինչև այսօր
Ոչ մի հողեղեն
Դեռ չի ստացած,
Դու այն տո՛ւր սրանց։

Դու մինչ այսօր էլ
Շատ բան ես տվել.
Արև վառվռուն,
Աստղեր շողշողուն,
Զեփյուռ անշըշունջ,

Այեր քաղցրաշունչ,
Անձրև հորդառատ,
Ցող մարգարտահատ.
Աղբյուրք զովարար,
Վտակներ վարար,
Գույն-գույն ծաղիկներ,
Ծառեր մրգաբեր,
Անտառներ մարմանդ,
Դաշտեր արգավանդ,
Լեռներ հովասուն,
Գետեր գալարուն,
Լճակներ վճիտ,
Սար, ձոր և հովիտ…
Այս ամեն բարիք,
Ո՛վ պայծառ Երկինք,
Թույլ տուր վայելեն,
Քեզ փառաբանեն…


Թագավորի օրհնությունն ավարտած-չավարտած՝ մի նոր լուսով լուսավորվեց դահլիճը։ Մի ծիածան կապվեց, ծիածան անտես, աննման, հրաշալի՜ այնքան, որ ամպերում կապվող աղեղը նրա մոտ մի մռայլ ամպ կարելի էր համարել… Ի՜նչ լեզու կարող է պատմել, ի՜նչ գրիչ կարող է գրել, կամ ի՜նչ վրձին կարող է նկարել…

Ամենքն էլ նրան էին նայում և տեսնում էին, թե ինչպե՛ս էին կազմվում նրա գույները հետզհետե. կարծես աներևույթ ոգիք, արագ-արագ վազելով, երկնային մատներով մի նոր ծիածան լինեին հինում, և երկնքումը լինին կապելիս Արեգի ու Նունուֆարի հարսանեկան Կանաչ-Կարմիրը։ Հիրավի՛, այդ Կանաչ-Կարմիրը, թվում էր, թե՝ դահլիճի առաստաղից շատ ու շատ բարձր է և շատ հեռու։

Եվ ահա՛, երբ ծիածանն ամբողջապես պատրաստ էր, նրա վրայով, իբրև մի լուսեղեն սանդուղքով, ցած իջան մի խումբ երկնային թագուհիք՝ աստղերի ճառագայթներից և ձյունափայլ ամպերից գործած հագուստով մի-մի արեգակ… Բայց ի՜նչ արեգակ… եթե ցերեկ լիներ, և արեգակը նրանց տեսներ՝ ամպեղեն մի քող կքաշեր երեսին, որ տեղի տար նրանց լույսին…

Բոլոր երկնային օրիորդները, որոնք թվով մինչև ինը հոգի էին, երկ-երկու պսակաձև փունջեր ունեին ձեռներին՝ ո՛րը ցողից քաղած, ո՛րը ծաղիկների գույնից ու հոտից փնջած, ո՛րը վճիտ աղբյուրների բյուրեղացած գոհարներից հավաքած, ո՛րը քաղցրաշունչ զեփյուռից ու զովարար հովերից հյուսած, ո՛րն արևի շամանդաղի մեջ եղած գույնզգույն հյուլեներից կազմած… մի խոսքով՝ լուսեղեն մատներով բնության բոլոր զարդերի ոգին էին քաղել ու փնջել։ Այդ փունջերի անմահական բուրմունքովը լցվեցավ բոլոր դահլիճը։

Ամենից առաջ մոտեցան Աղբյուրիկը, Ցողիկը ու Ծաղիկը և, իրանց պսակները տալով Արեգին ու Նունուֆարին, ասացին.

ԱՂԲՅՈՒՐԻԿ

Ես կարկաչյունն եմ Աղբյուրիկ,
Եկել եմ ձեզ աչքալուսիկ,
Բերել եմ ձեզ բյուրեղահյուս
Ականակիտ, վճիտ փնջիկ։

ՑՈՂԻԿ

Ես գոհարիկն եմ բույսերի,
Ես մարգրիտն եմ հովիտների,
Ահա՛ մի փունջ՝ ցողից քաղած
Հազարավոր կանաչների։

ԾԱՂԻԿ

Ես Ծաղիկն եմ մշտադալար,
Ես անթառամն եմ բեղմնարար,
Բոլոր ծաղկանց գույնն ու հոտը
Ահա՛ բերել եմ ձեզ համար…

Այսպես մոտեցան և մյուսները և, մի-մի բան ասելով, իրանց պսակները նվիրեցին Արեգին ու Նունուֆարին…

Այս տեսարանը մի տխրություն և թմրություն բերավ հանդիսականների վրա։ Շատերը բոլորովին վերացան ապշությունից։ Ամենից շատ տխրեցան աղջկերքը։ Նրանց գեղեցկությունն աղոտացավ, թխացավ ու մգացավ հրեղենների գեղեցկության մոտ։ Երիտասարդները դարձան մի տեսակ ապուշ վայրենիք, նրանց վստահությունը բոլորովին անհետացավ…

Միայն Արեգն էր ուրախ, միայն նա էր ազատ այդ ընդհանուր ապշությունից։ Այդ հոգեկան թմրությունից հանդիսականներին սթափելու համար Արեգը դարձավ լուսեղեն հյուրերին և ասաց.

Ո՛վ երկնային թագուհիք, դուք ձեր շնորհաբեր այցելությունովը ինձ չափազանց ուրախացրիք։ Բայց, նայեցե՛ք, այս ի՜նչ ապշություն է, այս ի՜նչ տխրություն, որի մեջ ընկղմվել են ամենքը։ Մի՛ զարմանաք։ Այսպե՜ս ենք մենք՝ տկար հողեղեններս. ի՛նչ որ չափազանց բարի է, չափազանց գեղեցիկ, նույնը վայելելու կարողությունը չունինք մենք՝ մահկանացուներս։ Ճշմարի՛տ բարվո և գեղեցկի ճաշակից զուրկ արարածներ ենք մենք։ Ներշնչեցե՛ք մեր սրտերի մեջ վսեմ զգացմունք և բարձրագույն կարողություն, որ ձեր երկնային շնորհաբերությունը լիապես վայելել կարողանանք։ Խնդրում եմ՝ ուրախանաք, խնդաք և զվարճանաք իմ հարսանյաց հանդեսին և ուրախացնեք ամենքին երկնային ուրախությունով…

Բանից երևաց, որ մեր լուսեղեն օրիորդները, թեև մարմնացած, բայց չափազանց համեստ, չափազանց ամոթխած և երկյուղած են եղել. պետք է եղել, որ նրանց ստիպեն։ Արեգի խոսքերից խրախուսվելով՝ առաջ անցավ Ծաղիկը և, իբրև կարգադրիչ, մի պար սարքեց։ Ծիածանի կամարը, իբրև մի երկնային բյուրաղի քնար, թրթռացրեց իր հազարերանգ թելերը և այնպիսի եղանակներ հնչեց, որ թե՛ հողեղենների և թե՛ նույնիսկ հրեղենների մեջ ձգեց հրաբորբոք մի աշխույժ։ Ամեն ոք սկսավ թև առնել թռչիլ չափազանց ուրախությունից։ Ծերերն անգամ թռչկոտում էին ու ջահիլների դանդաղկոտության վրա ծիծաղում։ Հետզհետե այնքան տաքացան, որ է՛լ զվարճություն չմնաց, որ չանեն։ Ցողիկն ու Աղբյուրիկը այնքան զվարճացրին, որ էլ ոչ ոքի մեջ ուժ չմնաց շատ ծիծաղելուց։ Մե՛րթ Արեգի մորուքիցն էին բռնում, մե՛րթ Նունուֆարի թշերը կսմթում և զանազան հաճոյական բաներ փսփսում նրանց ականջին…

Արեգը, Ցողիկի հետ պարելիս, մի խոր հայացք ձգեց նրա երեսին և փսփսաց ականջին.

Ո՛վ համեստափայլ օրիորդ, ես կարծեմ ճանաչում եմ քեզ… Այո՛, ճանաչս գալիս ես, բայց չեմ վստահանում ասել. վախենում եմ, թե՝ միգուցե սխալված լինիմ։

Սխալված չես, Արե՛գ, պատասխանեց Ցողիկը, ես նա ինքն եմ։

Աղավնի աղջի՞կը։

Այո՛։ Սրանք էլ բոլորը իմ քույրերս են…

Օ՜… դու իմ աստվածուհի՛ն ես… դու ինձ նորից ստեղծեցիր…

Ո՛չ, Արեգ։ Ես գիտեի միայն, որ դու ոչինչ չգիտես քո մասին։ Այդ իմ մորս՝ Բարենանի կամքովն էր եղած։ Նա ուրիշ հնար չուներ այն չար պառավին վերացնել աշխարհից։ Պետք էր քեզ պես մի անմեղ և արդար անձն, որ մինչև անգամ չիմանար իր ինչ լինելը և ավելի աղջիկ, քան տղա համարվեր։ Դու երբ որ ինձ մոտ տեսար քո կերպարանքը, տեսար, որ տղա ես, այսուամենայնիվ, դա քեզ համար մի խաղ էր, որ ես խաղացի, ինչպես որ դու, իմ թևերս վերցնելով, ուզեցար մի խաղ խաղալ։ Միայն այս երեկոյին զգացիր, որ դու տղամարդ ես։ Դու մեղադրում էիր ինձ, մենք թաքուն նայում էինք քեզ վրա և ծիծաղում…

Ցողիկի այս ակնարկությունից ամոթի զգացմունքը առաջին անգամ զգաց Արեգը, բայց այնքան սաստիկ էր, որ նա կարմրեց վարդի պես և ուզեց խոսակցության առարկան ուրիշ բանի վրա դարձնել. հանկարծ մյուս կողմից մի այնպիսի ծիծաղ բարձրացավ, որ ամենքն էլ այն կողմը դարձրին իրանց ուշադրությունը։

Զանազանը և Զարմանազանը պարապում էին՝ մեկը վեզիրի տղայի հետ, մյուսը՝ սպարապետի։ Ծաղիկը լսել էր նրանց փսփսոցը, նկատել էր, որ նրանք վաղուց աչքադրել են միմյանց, և այժմ էլ պսակվելու ցանկություն ունին, բայց ամաչում են ասելու։

Նոր սե՜ր, նոր ուրախությո՜ւն, գոչեց Ծաղիկը մի բարձրաձայն ծիծաղով և նորահարսներին քարշ տալով՝ տարավ թագավորի մոտ և ասաց.

Մի պսակով ի՞նչ պետք է լինի, երեքը միասին կատարեցե՛ք։

Թագավորն ու Արմանը նրանց էլ օրհնեցին, և սկսվեց պսակների հանդեսը։ Ցողիկը դարձավ իբր պսակադիր Նունուֆարի, Ծաղիկը՝ Զանազանի, իսկ Աղբյուրիկը՝ Զարմանազանի։ Պսակի օրհնությունը կատարեց թագավորը Ծիածանի կամարի տակ, որ այդ փառավոր հանդեսին ավելի ևս շքեղություն էր տալիս։ Թագավորն իր թագն էլ դրավ Արեգի գլխին, որով պսակեց նրան և՛ թագավոր միանգամայն։

Դրանից հետո հրեղեն օրիորդները շնորհավորեցին նորապսակներին և պատրաստվեցան երթալու։ Հազար տեսակ քաղցրեղեններ և մեղրաջրեր մոտ բերին, բայց հրեղենք նրանց համը չառան։ Նրանք ուրիշ խմելիքներ ունեին իրանց հետ բերած, նրանից խմեցին և խմեցրին նաև նորապսակներին, որոնք ակամա խմեցին, առանց նրա համն զգալու, բացի Արեգից, որին միայն էր տրված նրա երկնային ճաշակն առնելու շնորհքը։ Վերջը մի շրջան կազմեցին երկրայինք, և մինչդեռ հրեղենք վերանում էին ծիածանի սանդուղքով, ասելով՝ մնացեք բարյա՜վ, բարյա՜վ… հողեղենք էլ նրանց բարի ճանապարհ էին մաղթում, երգելով.

Գնացե՛ք բարյավ, սիրո՛ւն աղջիկներ,
Դուք մեր Դաշտերի Անմահ Ոգիներ…
Այս ի՜նչ շնորհք էր, ինչքա՜ն մեծ բարիք,
Որ դուք մարմնացած մեզ երևացիք…
Ա՜խ, երանի՜ թե՝ միշտ մեզ մոտ մնաք,
Որ ձեր տեսության կարոտը չզգանք…
Գնացեք բարյա՜վ, բարյա՜վ, բարյա՜վ…

* * *

Հրեղեն աղջկերքը վերացան թե չէ՝ մեջտեղ եկավ ծաղրածուն, և սկսվեցավ մի նոր զվարճություն։

Խնամի՛ թագավոր, շե՛ն կենա քո հոր օջախը… կերանք, խմեցինք, լիացանք… ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

Ա՜խ, թագավոր, թագավոր,
Ինչո՞վ ասեմ շնորհավոր…
Ո՛չ հաց ունիս, ո՛չ գինի,
Այսպես հարսնիք կըլինի՞…
Յարալլալի, շարալլալի,
Այսպես հարսնիք կըլինի՜…


Իրա՜վ, մի՞թե հաց չպիտի ուտենք, ասաց թագավորը։ Մենք ամենքս էլ ամեն բան մոռացել ենք, որովհետև խելքներս կորցրել ենք, բացի հիմարից, որ խելք չի ունեցել կորցնելու…

Դու սխալվում ես, թագավո՛ր, պատասխանեց հիմարը, ես տեսա, որ դուք ամենքդ էլ իմ հացը կտրել եք, գնացի մի ճոխ սեղան պատրաստել տվի, որ քաղցած չմնամ։ Այս ասելով՝ ծաղրածուն վազեց բաց արավ սեղանատան դռները, ուր, հիրավի՛, ճոխ ընթրիք կար պատրաստված։ Հյուրերն սկսեցին թագավորի հետևից ջուխտ-ջուխտ մտնել սեղանատուն։ Ծաղրածուն՝ տեսնելով, որ ինքը մենակ պիտի մնա, վազեց մեզ ծանոթ վեզիրի կնոջ մոտ և, գլուխը վեր բերելով՝ երգեց.

Ով խելք ունի՝ սեր չունի,
Ով սեր ունի՝ տեր չունի.
Խեղճն ամենից հիմարն է,
Որ ոչ մի ընկեր չունի։
Արի՛, տիկին, ես ու դու
Շիտակ խոսք տանք մեկմեկու,
Թե՝ «դու իմն ես, ես՝ քոնը».
Համաձա՞յն ես, ձե՛ռքըդ տու…


Ասաց ծաղրածուն և, տիկնոջ ձեռքից բռնելով, մյուսների հետ մտավ սեղանատուն…

* * *

Մյուս առավոտուն սկսվեցավ հարսանիքի տոնախմբությունը քաղաքացոց ու գյուղացոց համար և տևեց մինչև քառասուն օր և քառասուն գիշեր։ Ամեն մեկ օրը մի րոպեի պես էր անցնում. այնքա՜ն զվարճալի էին։ Ի՜նչ խաղեր, ի՜նչ պարեր, ի՜նչ ծաղրածություններ, մրցություններ և հազար ու մի տեսակ օյիններ…

Կեր ու խումին բնավ հաշիվ չկար։ Տասը հազար միայն եզ ու կով մորթեցին, քսան հազար ոչխար, թո՛ղ վայրի կենդանիները՝ եղջերուները, եղնիկները, վարազները, թո՛ղ և թռչունները՝ թե՛ տանու և թե՛ վայրենի։ Քառասուն հազար սոմար միայն բրինձ գնաց փլավի համար, ինչքա՜ն եղ կերթար նրան, ինչքա՜ն չամիչ… հիսուն հազար կարաս միայն գինի խմվեցավ՝ չհաշված մյուս քաղցրահամ և դառնահյութ խմիչքները…

Քառասուն օրից հետո Արեգը մի թեթև ճանապարհորդություն արավ Նունուֆարի հետ Վանա ծովի վրա։ Երբ որ ծովի ամենախոր տեղն էին հասել, Արեգը հանեց չար պառավի կախարդական գավազանները, որոնք անհայտ մետաղից էին, դժոխքի կրակով մխված, և ասաց.

Ո՛վ գավազաններ, գնացե՜ք անդունդ,
Որ էլ չերևաք աշխարհիս վրա.
Իշխանությունը չար ոգիների
Թողե՛ք մեզանից իսպառ վերանա։

Ո՛վ գավազաններ, գնացե՜ք անդունդ,
Որ ոչ մի մարդու էլ չը իշացնեք.
Կորե՛ք հավիտյան, որ էլ ոչ ոքի
Ագռավ չշինեք և կամ քարացնեք։

Թող թագավորե բնության կարգը,
Էլ այսուհետև նա չխանգարվի.
Թող միայն Երկինքն իշխե ամեն տեղ,
Ամեն արարած Նորան խոնարհի…


Այս ասելուց հետո գավազանները նետեց ծովի խորքը և չար ոգիների ու նրանց արբանյակների իշխանությունն ու զորությունը վերացրեց աշխարհից։

Ահա՛ այս ժամանակն էր, որ Երկնքից իջավ՝

ԵՐԵՔ ԽՆՁՈՐ

Արեգի ձայնը Երկինքը լսեց
Եվ իսկույն երեք խնձոր վայր գցեց.
Մեկը կանաչ էր այդ խնձորներից,
Կարծես նոր քաղած գարնան ոստերից.
Երկրորդը կարմիր վարդի հանգունակ,
Երրորդն սպիտակ՝ ձյունի նմանակ։
Նունուֆարն ասաց. Արե՛գ, ի՞նչ կասես,
Այս խնձորները ինչո՞ւ են պեսպես.
Չգիտեմ, հոգի՛ս, ճշմարիտն ասած.
Գուցե մեր կյանքն է ճիշտ օրինակված,
Տե՛ս, սա կանաչ է, իբր խակ մանուկ,
Իսկ այս՝ սպիտակ, ինչպես մի ծերուկ.
Ամենից սիրուն կարմիրն է միայն,
Դա՛ է նշանը մեր հասունության։
Բե՛ր այդ կարմիրը հենց հիմա կտրենք,
Եվ այստեղ ևեթ միասին ուտենք…

Նունուֆարն ուզեց,
Արեգն էլ՝ կտրեց.

Կարմիր խնձորը միասին կերան,
Եվ իրանց սրտի փափագին հասան։
Ձեզ էլ կցանկամ, սիրո՛ւն պատանիք,
Որ մուրազներիդ նրանց պես հասնիք.
Կըխնդրեմ միայն, որ ինձ էլ ներեք,
Եթե պատմածս ձանձրալի գտնեք.
Ձեր սիրո համար ես աշխատեցի,
Պատմեցի այնքան, ինչքան կարացի.
Կարծելով, որ դուք սիրով կըկարդաք,
Եվ խեղճ շայիրիս ողորմի կըտաք…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Сирень
Тигран Амасян

Сирень

Девушки с цветами, 1964 год.
Девушки с цветами, 1964 год.
Играть онлайн